Հայաստանում և Արցախում հուլիսի 25-29-ը կանցկացվի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոնը,որի  մեկնարկը տրվելու է Երևանում, այն անցկացվելու է նաև Շիրակի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում, ինչպես նաև Արցախում: Փառատոնի հիմնական նպատակներից է շարունակել ապակենտրոնացնել փառատոնային ծրագիրը և միջոցառումները Երևանից դեպի ՀՀ մարզեր ու Արցախ` օգտագործելով փառատոնը որպես կայուն և վստահելի միջազգային հարթակ,  հնարավորինս շատ ներգրավվելով և մասնակից դարձնելով մարզաբնակ հանրությանը:

Փառատոնի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ֆիլմերի ցուցադրություններ, ստեղծագործական հանդիպումներ, պրեմիերաներ և հատուկ ցուցադրություններ Երևանում, ՀՀ վերոնշյալ մարզերում և Արցախում՝ առավելագույնս ներգրավելով և մասնակից դարձնելով երեխաներին ու երիտասարդներին: «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի, Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ  Նունե Մանուկյանի խոսքով՝  սպասվում է հետաքրքիր և բովանդակալից փառատոնային  ծրագիր: Փառատոնի ծրագրում ընդգրկվել է  75 ֆիլմ՝ 28 երկրից, այդ թվում 2004-2021թթ. «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնին մասնակցած լավագույն մրցանակակիր ֆիլմերը: Փառատոնի ընթացքում բացառիկ իրավունքով կկայանա բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր «Ուղղիր թևերդ» ֆիլմի ցուցադրությունը:  Փառատոնի ծրագրում նաև ընդգրկված է 2017թ. օսկարակիր` «Երգիր» ֆիլմը:

«Երևանում և մարզերում կիրականացվի «Հայկական մանկապատանեկան ֆիլմերի համայնապատկեր» հատուկ ծրագիրը՝ 8 ֆիլմով: Այս տարի ևս շարունակվում է «Ռոլան» միջազգային փառատոնի համագործակցությունը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ: Փառատոնի ծրագրում ընդգրկված են ֆրանսիական  խաղարկային և անիմացիոն ֆիլմեր երեխաների և պատանիների համար: Մեր նպատակն է որակյալ ֆիլմերը հասանելի դարձնել երեխաներին: Մեր աշխատանքներում առանցքային դեր ունի կրթական բաղադրիչը: Վերջին տարիներին մենք խնդիր ենք դրել հնարավորինս շատ մարզային քաղաքներում լինել ու մարդկանց հաղորդակից դարձնել մշակութային կյանքին»,-ասել է Նունե Մանուկյանը:

Ծրագրում նաև ընդգրկված են աշխարհահռչակ ռեժիսոր, մուլտիպլիկատոր, Կաննի «Ոսկե Արմավենի»,  «Նիկա» և մի շարք այլ հեղինակավոր մրցանակների դափնեկիր Գ. Բարդինի լավագույն ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները՝ «Բոլերո»,  «Լսելով Բեթհովենին», «Երեք մեղեդի»,  «Անճոռնի ճուտիկը», «Ադաջիո», «Կոնֆլիկտ» , «Թռչող նավը»:

Այս տարվա հատուկ ցուցադրություններից է «Երալաշ» հայտնի մանկական հումորային կինոամսագրի լավագույն ֆիլմերի հավաքածուն:Մուտքն ազատ է:


    Հայտարարվել են Մոսկվայի փառատոնի ծրագրերն ու ժյուրիի կազմը

    Մոսկվայի 44-րդ միջազգային կինոփառատոնի պատասխանատուները հայտարարել են կինոստուգատեսի ծրագրերի և ժյուրիի կազմի մասին։ Մոկովյան փառատոնը կմեկնարկի Անտոն Մեգերդիչևի «Պարմայի սիրտը»...

    |10 Օգոստոս 2022,19:55