«Ամերիկացին» հայկական ֆիլմ է՝ արտադրված Հայաստանում, որի սցենարիստը, ռեժիսորն ու գլխավոր դերակատարը Մայքլ Գուրջյանն  է: Այս տարի «Ոսկե ծիրանը» մեկնարկեց հենց  նրա «Ամերիկացի» կինոնկարով։  Ստեղծագործական ու տեխնիկական կազմում հիմնականում հայեր են։ Դերասանների մեծ մասին շատերս ճանաչում ենք թե՛ թատրոնից, թե՛ կինոյից։ Մյուսները,  անգամ ոչ հայաստանաբնակ լինելով,  ազգությամբ հայ են, օրինակ՝ Նելլի Ուվարովան՝ Ռուսաստնաից, Հովիկ Քյոշկերյանը՝ Իսպանիայից։ Մյուս դերակատարներին մենք ճանաչում ենք՝ Ժան Նշանյան, Արման Նավասարդյան, Նարինե Գրիգորյան, Գեորգի Հովակիմյան, Լեռնիկ Հարությունյան, Կարինե Ջանջուղազյան։ Գլխավոր հերոսին՝ Չարլի Բախչինյանին մարմնավորում է Մայքլ Գուրջյանը։

Մայքլը կինոյում սկսել է նկարահանվել 1991 թվականից, երբ 20 տարեկան էր։ Խաղացել է 58 ֆիլմերում, ինքն էլ նկարահանել 10-ից ավելի վավերագրական ֆիլմ։ «Ամերիկացին» նրա ամենածավալուն կինոնախագիծն է։ Առաջին անգամ 2006 թվականին է  Հայաստան եկել ու վճռել՝ այստեղ հայկական ֆիլմ է նկարելու, հայկական թեմայով, հայկական խմբով։ Երբ նկարահանումներն սկսել է, համավարակն է տարածվել, բայց անգամ այդ ընթացքում աշխատանքները կանգ չեն առել։

Հայրենադարձության սովետական ծրագրով Սովետական Հայաստան եկած  Չարլի Բախչինյանն իր արմատներն է փնտրում։ Նա 1915-ի Հայոց ցեղասպանությունից հրաշքով է փրկվել՝ թաքստոցից տեսնելով, թե ինչպես են թուրքերը սպանում վերջին պահին իրեն ժպիտով հրաժեշտ տվող տատիկին։ Տատն է պատգամել՝ ինչ էլ լինի, սիրուն ժպիտդ չկորցնես։ Այդ պատգամով ու խորհրդով Չարլին անց է կացնում ստալինյան բանտի տաժանակիր տարիները՝ ամենաողբերգական ու դժբախտ իրավիճակներում չկորցնելով ժպիտը, հումորի զգացումը, լավատեսությունը։ «Ամերիկացի լրտես» պիտակավորմամբ նա հայտնվում է բանտում, և այստեղ սկսվում է  խորհրդավոր դիպվածով պայմանավորված նրա կյանքի անսպասելի փուլը։

«Ամերիկացի» ֆիլմում Մայքլ Գուրջյանը միահյուսել է ցեղասպանության, ստալինյան ռեպրեսիաների,  Ցեղասպանությունից փրկվածների՝ Հայաստանում արմատներ գցելու և ամեն գնով հայրենիքից կառչած մնալու թեմաները։  Ծիծաղ ու հումոր՝ արցունքների միջից, լավատեսություն՝ ճաղերից այն կողմ, որովհետև այնտեղ է կյանքի ճշմարտությունը, մարդկային վեհ ու ազնիվ փոխհարաբերությունների ակունքը։ Չարլին  իր արմատները, ազգային ինքնությունը ճանաչում ու գտնում է ոչ թե ազատության մեջ, այլ ստալինյան բանտում, որտեղ փնտրելու ոչ մի հնարավորություն ու միջոց չկա։  Այստեղ է ծլարձակում կորսված հայրնիքի, հարազատ գյուղի անբացատրելի կարոտը։ 4 տարեկան մանկան հիշողության մեջ մնացել է հայերեն երգից մի փշրանք, այդ երգն է նա փնտրում, ու տասնամյակներ անց հենց գտնում է «Գորանին», գտնում է նաև իր կոչումը՝ Չարլի Բախչինյանը մնալու՛ է Հայաստանում, ապրելու՛ է Հայաստանում։

«Ամերիկացին» մաքուր  հայկական ֆիլմ է, որն առաջին իսկ կադրից ու հնչյուններից  համոզում է, որ էկրանից այն կողմ աշխատել է պրոֆեսիոնալ թիմ, և որն ունակ է մրցելու հեղինակավոր փառատոների «առաջնագծում» հաղթած ցանկացած ֆիլմի հետ։

Նաիրա Փայտյան