Լաերտ Վաղարշյան 100․Արվեստագետ քաղաքացին
Լաերտ Վաղարշյանն այսպես էր վերնագրել հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին նվիրված իր չորսմասանոց ֆիլմը, որի ստեղծման վրա աշխատել է չորս տարի, սակայն այդ կերպ կարելի կլիներ վերնագրել և հենց իր` ռեժիսորի կյանքն ու ստեղծագործությունը ներկայացնող որևէ կինոնկար կամ մենագրություն: Ծննդով շուշեցի հայրը` Վաղարշ Վաղարշյանը, լինելով հայ բեմի խոշորագույն արտիստներից մեկը, մեծ դեր է խաղացել որդու` իբրև արվեստագետ և քաղաքացի ձևավորման ճանապարհին: Նշենք, որ պատահական չէր կարող լինել և շեքսպիրյան հերոսի անունով որդուն կոչելու որոշումը: Միաժամանակ, հավելենք, որ այս դեպքն այն բացառիկներից է, երբ բնությունը բոլորովին չի հանգստացել, այլ ընդհակառակը, բավականին շռայլ է եղել:
Լաերտ Վաղարշյանը, խաղարկային և վավերագրական ֆիլմերի ռեժիսոր լինելուց զատ, նաև տիրապետում էր վրձնին ու գրչին: Դրանում համոզվելու համար բավական է տեսնել նրա նկարները, իսկ հայր և որդի Վաղարշյանների սկզբունքները, ստեղծագործական հայացքները, կենսափիլիսոփայությունը լավագույնս ներկայացված են Լաերտ Վաղարշյանի «ՈՒԶՈՒՄ ԵՄ ՊԱՏՄԵԼ ՁԵԶ» ինքնակենսագրական գրքում, որը պարունակում է շատ հետաքրքիր փաստեր և շարադրված է գրավիչ լեզվով: Նա անկեղծ էր թե՛ կտավի առաջ, և թե՛ սպիտակ թղթի: Ինքնամոռաց նվիրվելով ստեղծագործությանը` ռեժիսորը խոստովանում էր նաև, որ «ավարտելով կտավը, նկարը` տեսնում ես, թե դու ինչպիսին ես…»:
Հայ ֆիլմարվեստի պատմության մեջ Լաերտ Վաղարշյանն առանձնանում է հատկապես իր բարձր կուլտուրայով և նախընտրած ուրույն թեմաներով: Դրա վկայությունն են նրա ոչ մեծաթիվ ֆիլմերը, որոնց հիմնական մասը, անարդարացիորեն, մի տեսակ մոռացության լուսանցքում է հայտնվել, գրեթե անհայտ է ժամանակակից հանդիսատեսին: Խոսքն իհարկե հանրահայտ «Առաջին սիրո երգի» (1958) մասին չէ, որը Վաղարշյանը բեմադրել է Յուրի Երզնկյանի հետ համատեղ: Իհարկե, այս երաժշտական ֆիլմը կարելի կլիներ համարել լոկ մելոդրամա` համեմված Առնո Բաբաջանյանի և Ղազարոս Սարյանի երաժշտությամբ, եթե ֆիլմի հերոսների պատմությանը զուգահեռ, նրանում առկա չլիներ մեկ այլ կինեմատոգրաֆիկ շերտ` այն օրերի Երևանի շարժակերպարը: Ժապավենի վրա փաստացի ամրագրվել է քաղաքի կերպարանափոխումը` կինոյի օրենքներին համաձայն, ֆիլմը դարձնելով ժամանակի յուրօրինակ փաստաթուղթ: Այսպիսով, կինոնկարի դիտումը և վերլուծումը, զուտ կինոգիտականից բացի, տարիների ընթացքում հատկապես ձեռք է բերում պատմամշակութաբանական, մարդաբանական նշանակություն և այլ համատեքստեր:
«Հիմա մենք երկրի երեսից կջնջենք հնության մի ամրոց ևս». այս արտակադրային խոսքով ուղեկցվում և, որոշ ժամանակ անց, հանդիսատեսի աչքի առաջ ջանասիրությամբ քանդվում է հայ շինարարի ձեռագրին բնորոշ, նրա կնիքը հանդիսացող ժանյակավոր փայտե պատշգամբով տներից մեկը, որոնցից եզակիներն են այսօր հասել մեզ, այն դեպքում, երբ ուրիշ երկրներում մեր իսկ հայրենակիցների կառուցած նմանատիպ ոճի տները պահպանվել, վերանորոգվել են ու դարձել նրանց այցեքարտ (եթե ոմանք կառարկեն, թե դա «սովետական» մոտեցում էր, ապա ինչո՞ւ մեր հարևաններին հաջողվեց պահպանել, իսկ մենք նույն վարվելակերպը շարունակեցինք և խորհրդային կարգերի փլուզումից հետո)… Ամեն դեպքում, ֆիլմն արձանագրել է այդ տներից մեկի երբեմնի գոյությունը և նրա ավերման դրվագը:
Միևնույն ժամանակ, էկրանին տեսնում ենք, թե ինչպես է վերակառուցվում մայրաքաղաքը: Հին տներում դռներն անգամ չէին փակվում, և, երևանյան շոգից խուսափելով, մարդիկ քնում էին բաց պատշգամբներում. տիրում էր զարմանալի մթնոլորտ: Մարդիկ ասես ապրում էին առանց կողպեքների` ինչ-որ միասնական կեցությամբ, բոլորով միասին, մեկը մյուսի համար (ճիշտ է, երբեմն նաև` մեկը մյուսի կյանքով, այսինքն` ներխուժելով ուրիշի մասնավոր կյանք, ինչը նույնպես երգիծականորեն արտացոլված է ֆիլմում): Այդ միասնական ապրելակերպը իրականության մեջ առկա երևույթ էր, և նրա պատկերումը պարզապես «կոմունիստական հովվերգության» քարոզ չես անվանի: Դա մարդկային փոխհարաբերություններում եղած ջերմության դրսևորման անմիջական պատկերումն էր, այն ջերմության, որ կարծես անհետանում էր ուրբանիզացիայի ներխուժմամբ: Ահա բնակարանամուտ են տոնում «անցյալին» հրաժեշտ տվող բնակիչները, որոնք մեր աչքի առջև «փակվում» են նոր տներում, միմյանցից առանձնանում: Բայց չնայած այս ամենին, ֆիլմի կադրերը լցված են հեղինակների սիրով առ քաղաքը և նրանում ապրող մարդիկ, որոնց մարմնավորել են նշանակալի դերասաններ: Նրանցից հատկապես պետք է առանձնացնել Հրաչյա Ներսիսյանին, Վաղարշ Վաղարշյանին և Խորեն Աբրահամյանին, որին Լաերտ Վաղարշյանը այս կինոնկարի 40–ամյակի առթիվ մեզ տրված հարցազրույցում բնութագրել էր որպես իրենց «երբեմնի երիտասարդության վկայություն և խորհրդանշան»:
Խորհրդային Միությունում աննախադեպ հաջողություն ունեցած այս երաժշտական կինոնկարին հաջորդեց Վաղարշյանի «Կոչված են ապրելու» (1960) ֆիլմը, որը հայտնվելուն պես մեծ հետաքրքրություն առաջացրեց, սակայն բավական դրամատիկ ճակատագիր ունեցավ: Թեմատիկ զարգացումներով իր ժամանակից ակնհայտորեն առաջ ընկած, շատ առումներով համարձակ այս կինոնկարին մանրամասն անդրադարձել ենք սույն կայքում հրապարակված ««Կոչված են ապրելու». Լաերտ Վաղարշյանի լռելյայն արգելված, մոռացված ֆիլմը» հոդվածում: Երկու հայորդի, որ Մեծ եղեռնի հետևանքով բաժանվել են, կորցրել միմյանց` հայտնվելով տարբեր աշխարհամասերում: Եվ ահա, երկրորդ աշխարհամարտում զոհված եղբոր երեխաներին գտնելու հույսով, Միացյալ Նահանգներից Հայաստան է ժամանում մյուս եղբայրը: Նկատի ունենանք, որ իբրև ազգային գիտակցության զարթոնքի հետևանք, ցեղասպանության զոհերի հիշատակության պահանջը հինգ տարի անց էր միայն հնչելու: Ուստի, հասկանալի է, որ այս թեմայի ակնարկն անգամ ցանկալի չէր խորհրդային իշխանությունների համար: Այս կինոնկարում հմտորեն միահյուսված է չորս պատմություն, որոնք գլխավոր հերոսի որոնումների առանձին ճյուղավորում-փուլեր են և, «ֆլեշբեքերով» մեկը մյուսին շարունակելով ու լրացնելով, կազմում են պատերազմական և հետպատերազմյան ժամանակի դրամատիկ խճանկար` լի բազմաբնույթ մարդկային բնավորություններով, որոնք բացահայտվում են ամենաանսպասելի զարգացումների և հանգուցալուծումների արդյունքում:
Գործողությունները տեղի են ունենում Հյուսիսային Ուկրաինայում: Ֆիլմում կա նաև տեղացի աղջկա և նացիստական սպայի սիրո պատմություն, որը բնականաբար, ողբերգական վախճան է ունենում: Սյուժետային այս գիծը խորհրդային (և ոչ միայն խորհրդային) կինոյում այն ժամանակ չլսված-չտեսնված մի բան էր թերևս: Վերջին տարիներին հայտնվում են ֆիլմեր, որտեղ «հանցավոր սիրո» պատումներ են ներկայացված, սակայն անցյալ դարի 60-ականների սկզբին նման բան պատկերացնել անհնար էր, առավել ևս՝ խորհրդային կինեմատոգրաֆում: Միանգամայն հասկանալի է դառնում, թե ինչու է կինոնկարը հանվել վարձույթից և այլևս երբեք չի ցուցադրվել: Սակայն զարմանալի է, թե հետխորհրդային շրջանում այն ինչու չցուցադրվեց հեռուստատեսությամբ: Բարեբախտաբար, վերջին տարիներին ֆիլմը հասանելի է համացանցում: Գեղարվեստական արժանիքներից և խոր մարդկային բովանդակությունից բացի, հարկ է նշել, որ երկու եղբայրների դերերում նկարահանվել են Գուրգեն Թոնունցը և Պավել Լուսպեկաևը, որի հայկական ծագման մասին քչերը գիտեն: Հավելենք նաև, որ իտալացի զինվորականի էպիզոդիկ, բայց շատ տպավորիչ դերակատարմամբ ժապավենի վրա հավերժացել է օպերային երգիչ Սերգեյ Դավիդյանը, որի ձայնով ոչ այնքան վաղուց երգել էր Խորեն Աբրահամյանը «Առաջին սիրո երգը» կինոնկարում:
Ռեժիսորի թողած կինոժառանգության մեջ կարևոր տեղ ունեն և նրա վավերագրական աշխատանքները: 1965-ին Վաղարշյանը (Մարատ Վարժապետյանի մասնակցությամբ) ստեղծում է «Մարտիրոս Սարյան» կինոկտավը, որի հեղինակային տեքստը գրել է խորհրդային դարաշրջանի ականավոր մտավորականներից մեկը` Իլյա Էրենբուրգը: Հայ մեծ նկարչի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված այս ժապավենի վրա հավերժացել է վրձնի մեծ վարպետի արարչագործության պահերից մեկը: Դիտելով այդ հատվածը` կինոյի գիտակ հանդիսատեսն առաջին հայացքից կարող է ենթադրել, որ դա նմանակում է Անրի-Ժորժ Կլուզոյի «Պիկասոյի գաղտնիքը» (1956) ֆիլմը: Սակայն ամեն ինչին այդքան պարզ ու մակերեսային չարժե մոտենալ: Եթե Կլուզոյի հայտնի ֆիլմում Պիկասոյի արարումը «կենդանածին» անիմացիա է հիշեցնում` լուսավորված սպիտակ պաստառի հակառակ կողմում նստած նկարչի խորհրդավոր մտահղացմամբ, գծերը հայտնվում են ու շարժվում, և կերպարները ծնվում են մեր աչքի առաջ` վերաճելով ուրիշ կերպարների, ապա Վաղարշյանի ֆիլմում հանդիսատեսը ներկա է ոչ միայն սարյանական վրձնահարվածների կախարդանքին, երբ օրգանական ապակու վրա դրանց հերթագայումից ծնվում են վարպետի անիրական ծաղիկները, այլև տեսնում է արարչագործ-նկարչի դեմքը, որ նման է առասպելական իմաստունի և աստիճանաբար անհետանում է իր երկնած ծաղկաթերթիկների ու տերևների հետևում, որոնցով հետզհետե ծածկվում է ապակե էկրանը: Ֆիլմում փաստագրված բազում հիշարժան պահերից նշենք նաև այն հուզիչ տեսարանը, երբ վարպետն անցնում է մարդկային բազմության միջով ու նրա ոտքերի տակ ծաղիկներ են շաղ տրվում…
Ոչ պակաս արժեք են ներկայացնում Լաերտ Վաղարշյանի «Ռեպորտաժ Փարիզից» (1970) և «Այսօր արևոտ օր է» (1975) վավերագրական կինոնկարները: Ավելին, դրանք խիստ արդիական են այսօր, քանի որ դրանցում հայը և հայոց երկիրը ներկայացվում են համաշխարհային պատմության համատեքստում: Առաջինում ցույց է տրվում Խորհրդային Հայաստանի հիսնամյակի առթիվ Փարիզում կազմակերպված «Հայաստանի արվեստը` Ուրարտուից մինչև մեր օրերը» ցուցահանդեսը, նրա այցելուների արձագանքը և այդ օրերին տեղի ունեցած պաշտոնական միջոցառումների հատվածներ, երբ օրինակ, ասվում է, որ «այն արվեստը, որ շատ երկար տիպականորեն համարվել է ֆրանսիական, այսինքն` ռոմանական արվեստը, պարզվում է, որ այն հնարել են հայերը, մեզանից երեք հարյուր, չորս հարյուր տարի առաջ…»: Մասնավորապես, այս դրվագը և, առհասարակ, ֆիլմն ամբողջությամբ, կարևոր փաստագրություն է մեր արվեստաբանության, ինչպես նաև ազգային ինքնության գիտակցման համար:
«Այսօր արևոտ օր է» վերնագիրը Ֆրանսիայի ազգային հերոս, հակաֆաշիստ և բանաստեղծ, մեր հայրենակից Միսաք Մանուշյանի բանաստեղծության տողն է: Նա եղել է Դիմադրության շարժման ամենաակտիվ խմբի ղեկավարը, խմբի, որ կազմված էր ներգաղթյալներից: Ֆիլմում արժեքավոր մի շարք փաստերի ներկայացումից զատ, շատ կարևոր մի շեշտադրում կա. Մանուշյանը` որպես ցեղասպանությունը վերապրած հայ, առնչվել էր նացիզմի, ֆաշիզմի երևույթի հետ, նախքան դրա համատարած արշավը աշխարհում, տակավին հայոց պատմության այն ողբերգական օրերին… Հիրավի ցնցող ազդեցություն է թողնում այդ խմբի անդամների` մահապատժից առաջ հարազատներին գրած վերջին նամակների ընթերցումը: Ընդհանրապես, շատ ազդեցիկ վավերագրություն է սա: Այսպիսով, ընդամենը տասն օր գտնվելով Փարիզում, Վաղարշյանը և օպերատոր Սերգեյ Իսրայելյանը հասցրեցին բավականաչափ նյութ նկարել, չնայած բոլոր դժվարություններին ու խոչընդոտներին: Հետո արդեն ռեժիսորին Հայրենիքում էր սպասվում մեծ ու մանրակրկիտ աշխատանք:
Այս ֆիլմից առաջ, 1973-ին, Վաղարշյանը բեմադրում է Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոսը»: Ֆիլմն արժանանում է Համամիութենական կինոփառատոնի մրցանակին` լավագույն էկրանավորման համար: Այս բավականին մեծ բյուջե ունեցող ֆիլմի նկարահանման համար «Հայֆիլմում» կառուցվել է հատուկ տաղավար, որտեղ և տաղանդավոր դերասանների մի ամբողջ անսամբլի մասնակցությամբ պետք է կերտվեր հայ ունևոր խավի «ցոփ ու շվայտ» ապրելակերպը: Ֆիլմի հայեցակարգը մշակելիս Վաղարշյանը գրի էր առել հետևյալ առանցքային միտքը, որն ուզում էր անցկացնել ողջ կինոնկարի միջով. «Իդեալները և դրամը անհամատեղելի են»: Հավաստի մթնոլորտ, բազմապլան գործողություն, բազմաթիվ գործող անձինք, բարձրաշխարհիկ հասարակության նիստուկաց, կեղտոտ գործարքներ, նավթի և շամպայնի շատրվաններ, աճուրդներ, սկուտեղի վրա թղթադրամների խորհրդանշական փոքրիկ հրդեհ ռեստորանում, որ վերջում պիտի վերաճի նավթահանքերի մեծ հրդեհի` և այս ամենի միջով անցնող նուրբ, ազնիվ զգացմունքի ճանապարհ, որ տեսանելի է դարձել Վաղարշյանի բարձր կուլտուրայով բեմադրված այս դասական կինոնկարում, որ նկարահանել է Լևոն Աթոյանցը:
1978-ին առողջական լրջագույն խնդիրներ ունեցող Վաղարշյանն իր ուժերն է կենտրոնացնում, որպեսզի նկարի ևս մի կինոպատում` հիվանդ հեղափոխականի կյանքի վերջին օրվա մասին: Խոսքը «Աքսորական 011» ֆիլմի մասին է, որ նվիրված է սիբիրյան աքսորում իր մահկանացուն կնքած Սուրեն Սպանդարյանին (սց. հեղ.` Վադիմ Մելիքսեթյան): Մտավորական, ռոմանտիկ հեղափոխականի այս կերպարը մարմնավորել է վաղամեռիկ շնորհալի արտիստ Վլադիմիր Քոչարյանը: Ի դեպ, սա նրա առաջին դերն էր: Վաղարշյանը գիտեր, ինչպես դերասանից դուրս բերել նրա ներաշխարհում եղածը` հենվելով նրա կարողությունների հանդեպ վստահության վրա: Սոս Սարգսյանի վկայմամբ, նա երբեք ռեժիսորական դիկտատուրա չէր դրսևորում դերասանների նկատմամբ, այլ վստահում էր նրանց:
Այս ֆիլմը չընդունվեց այն ժամանակի գրաքննության կողմից, սակայն այսքան տարիներ անց կարող ենք հասկանալ, թե` հատկապես ինչու: Որքան էլ ինչ-ինչ պատճառաբանումներ հնչած լինեին, խնդիրը բնավ այն չէր, թե հեղափոխականի հյուծված, հիվանդ կերպարն անընդունելի էր գաղափարախոսական տեսանկյունից: Մանավանդ որ, այդ հերոսը, լինելով բազմազավակ ընտանիքի հայր, իր անձնական կյանքն էր նվիրաբերել ու դրել հեղափոխական պայքարի նժարին:
Ինչպես որ ռեժիսորն էր իր բոլոր ուժերը հավաքել, որպեսզի կարողանա աշխատել ֆիլմի վրա, այդպես էլ ֆիլմի հիվանդ հերոսն էր զարմանալի ուժ և կորով ցուցաբերում` մահվան աչքերին նայելով, որպեսզի ամեն գնով կատարի վերջին հանձնարարությունը: Այսինքն` նրա այդ վեհանձնության մեջ համակրելի, օրինակելի բան կար: Սակայն, երբ լսում ենք նրա և բժշկի երկխոսությունը, կռահում ենք, թե ինչու են խոչընդոտել ֆիլմի առաջխաղացմանը: Բժիշկի ազնվական կերպարը բոլորովին չի տեղավորվում խորհրդային գաղափարախոսության կաղապարների մեջ: Նիկոլայ Գրիցենկոյի պատկառազդու դերակատարմամբ, այս հերոսը կտրել է իր կապերը հասարակության հետ` ընտանիքով տեղափոխվելով հեռավոր, անծայր սիբիրյան երկրամաս: Նա դեմ է ցարական ռեժիմին, որն ունի բազում խոցելի տեղեր, թերություններ, բայց և չի հավատում գալիք հեղափոխության խոստումներին` «նոր բարոյական օրենսգրքերին», հասկանում է, որ այն մյուս ուժը, որ գալիս է մերժելու հին ու դաժան համակարգը, նույնպես անկարող է վերացնել մշտամնա բռնությունն ու կեղծիքը, և միաժամանակ, այն իր հայրենիքի համար կլինի պարզապես կործանարար: Հավանաբար, իմաստային այս ենթաշերտն է ընկալվել և անհանգստացրել այն ժամանակ: Իսկ այսօրվա տեսանկյունից, հենց նման ուղերձները վերարժևորում են ֆիլմը և դարձնում արդիական:
Բժիշկը զարմանում է, չի կարողանում ըմբռնել, թե ազգային մեծ ողբերգություն տեսած Սպանդարյանին, որին նա ցավակցում է նաև, ինչն է մղել, ինչն է ստիպել, որ միանա ռուսական կայսրությունում ծավալվող հեղափոխական շարժմանը: Հնչող պատասխանի մեջ երևում է իդեալիստ, ռոմանտիկ Սպանդարյանի ողջ էությունը: Նա շատ առումներով հիշեցնում է Վոյնիչի «Բոռը» վեպի հերոսին: Անմոռանալի է հատկապես այն տեսարանը, երբ փաստորեն, կյանքի վերջին ժամերն ապրող հերոսը հանկարծ շատ թեթև և արագ շարժումներով սկսում է բժշկի գեղեցկուհի դստերը (Իրինա Ալֆյորովա) ցույց տալ և սովորեցնել «քոչարի» պարել… Անկրկնելի է և այն դրվագը, երբ Սպանդարյան-Քոչարյանը, իր ազգի նկարագիրը վերջինիս ներկայացնելու համար «ի խորոց սրտի» կատարում է «Երազ» երգը. «Ես լսեցի մի անուշ ձայն…»: Այնպես որ, հեղափոխական հերոսի մասին պատմող այս մոռացված, անտեսված ֆիլմն այսօր դիտելիս կարելի է զարմանալի շերտեր հայտնաբերել, որոնք մեզ կամրջում են մեր պատմությանը, ինչպես նաև, ժամանակի կաղապարներից դուրս արժեքների հետ, այն բարձր արժեքների, որ կրել են մեր հայրենակիցները, անկախ գաղափարախոսությունից:
Հիրավի, ինչպես ասում էր Ռուբեն Մամուլյանը, լավագույն քննադատը ժամանակն է: Եվ այս իմաստով, կարիք ունենք նորից դիտելու և վերաիմաստավորելու անցյալի կինոժառանգությունը, իսկ Լաերտ Վաղարշյանի ֆիլմերն անխոս այդ ժառանգության մասն են:
Սիրանույշ Գալստյան