«Օսկար», «Ոսկե արմավենու ճյուղ», «Սեզար», «Ոսկե արջ» մրցանակակիր,  հունական արմատներով ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ Կոստա Գավրասն առաջին անգամ Հայաստանում է՝ որպես «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուր։ Երկու տասնյակից ավելի ֆիլմերի հեղինակ, համաշխարհային կինոյի վարպետ Գավրասը Հունաստանից տեղափոխվել է Ֆրանսիա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ընդունվել Սորբոնի համալսարան, բայց այն կիսատ թողնելով՝ ուղղություն վերցրել դեպի կինո։

Ինչպես եղավ, որ նկարեց առաջին ֆիլմը, ինչո՞վ գրավեց նրան կինոն, առհասարակ, ինչպես է նա 89 տարեկանում դեռ շարունակում զբաղվել կինոյով. kinoashkharh.am-ը ներկայացնում է Կոստա Գավրասի հետ զրույցը։

Ֆրանսիա, նոր միջավայր, մեծ կինոյի դասականներ

Երիտասարդ ժամանակ Ֆրանսիա գնացի, որովհետև այն միակ երկիրն էր, որտեղ կրթությունն անվճար էր, ու ես մի քիչ ֆրանսերեն գիտեի։ Ֆրանսիական գրականությունը շատ էի սիրում, դրա համար էլ Սորբոնի համալսարան ընդունվեցի։ Բացահայտեցի «Սինեմատեք» թանգարանը, ֆիլմադարանը, ֆրանսիական ֆիլմեր դիտեցի ու հափշտակվեցի կինոյով։ Ահա և ամեն ինչի սկիզբը։

Բացահայտեցի, որ կինոն զվարճանալու միջոց չէ, այլ մտորումների։ Բացահայտեցի, որ կարելի է գրել ոչ միայն տառերով՝ թղթի վրա, այլ պատկերներով՝ էկրանին։ Ընդունվեցի Կինեմատոգրաֆիայի բարձրագույն դպրոց. Սորբոնի համալսարանից երաշխավորող նամակն արդեն ունեի։ Կինոն արարողություն է, արարողություն է նաև կինո դիտելը։ Մենք էմոցիաներ ենք ստանում, իսկ այդ էմոցիաների հետ յուրաքանչյուրն անում է ինչ ուզում է։ Գուցե իմ ֆիլմերում տաբու թեմաների եմ անդրադարձել՝ տաբու եղանակներով, կինոյի դերը հենց դա է՝ յուրովի մեկնաբանել ցանկացած թեմա, հետազոտել, խորամուխ լինել այնտեղ, որտեղ ուրիշ ոչ ոք մտնել, ուսումնասիրել չի կարող։ Իսկ այդտեղ քեզ օգնում են դերասանները։

Սիմոնա Սինյորեի, Իվ Մոնտանի, Ռենե Կլերի, Ռենե Կլեմանի միջավայրում եմ եղել։ Բախտ եմ ունեցել առաջինը հանդիպելու Սիմոնա Սինյորեին. ես Ռենե Կլեմանի ասիստենտն էի այդ ժամանակ։ Նա ինձ ծանոթացրեց Իվ Մոնտանի հետ՝ ասելով՝ ահա ևս մի էմիգրանտ։ Իվ Մոնտանն էլ Իտալիայից էր արտագաղթել Ֆրանսիա։  Եկավ ժամանակը,երբ ես գրեցի իմ առաջին սցենարը։

Առաջին ֆիլմս՝ անկախ իմ կամքից 

Այն գրքից ադապտացիա էր՝ ձեռքով գրված։ Ստուդիայի տնօրենն առաջարկեց գրածիս հիման վրա ֆիլմ նկարել։ Զարմացա, բայց մերժել չէի կարող։ Պրոդյուսերը հարցրեց՝ ում կուզես նկարել։ Ասացի՝ Ժակ Պերենին, որն այդ ժամանակ իր կարիերայի վերելքն էր ապրում։ Իսկ հերուսուհին շատ երիտասարդ էր։ Ընտրեցի Սիմոնա Սինյորեի դստերը՝ Կատրինին։ Մայրը շատ խիստ էր,  ասաց՝ կկարդամ սցենարը, հետո կորոշեմ՝ թույլ տա՞մ աղջկաս նկարահանվել։ Կարդալուց հետո ասաց՝ Կատրինը թող դպրոցն ավարտի, հետո կնկարվի, բայց ավելի տարիքով հերոսուհուդ դերը կարող եմ ես խաղալ։

Ես ապշահար նրան էի նայում, որովհետև, փաստորեն, անկախ իմ կամքից՝ ֆիլմը ստեղծվում էր արդեն, դերասանները հավաքվում էին, պետք էր նկարահանումն սկսել։ Իվ Մոնտանն էլ հենց իմացավ, որ Սինյորեն ուզում է իմ ֆիլմում խաղալ, հարցրեց՝ ինձ համար դեր չկա՞։  Նրան էլ դեր հասավ։ Այդ պահից ֆիլմը դարձավ մտերիմ-ընկերական, որովհետև ինչքան ծանոթ ունեի, դերեր ստացան, անգամ հանրահայտ դերասանները փոքրիկ դերեր խաղացին իմ առաջին ֆիլմում։  Խոստովանում եմ՝ ամեն օր, նկարահանման ժամանակ, ինքս ինձ մտածում էի՝ եթե ֆիլմը ձախողեմ, ես կլինեմ մոլորակի ամենամեծ ապուշը։

Բայց, իմ սպասումներին հակառակ՝ ֆիլմը բավականին մեծ հաջողություններ ունեցավ, ԱՄՆ-ում էլ ընդունվեց ու դարձավ հաջող, արտակարգ մեկնարկ իմ հետագա ճանապարհի համար։

Վերելք և ձախողում

Դռները բացվեցին իմ առաջ, թեև հետագայում եղան թե՛ հաջողություններ, թե՛ անհաջողություններ։ Շարունակական պայքարն սկսվեց, ես անում էի այն, ինչ սիրում էի, ինչ դուր էր գալիս ինձ։ Մոնտանը նկարահանվեց «Խոստովանություն», Պերենը՝ հինգ տարբեր ֆիլմերում։ Փոխադարձ վստահության, հավատարմության ժամանակները սկսվել էին։ Նրանք իմ ֆիլմերին հմայք էին տալիս։

Առաջին հաջողված ֆիլմից հետո Ամերիկայից սկսեցին ինձ անընդհատ ֆիլմեր առաջարկել։ Իսկ ես հրաժարվում էի, բայց մի սյուժե ինձ հետաքրքրվեց, որը վերաբերում էր գերմանական օկուպացիայի ժամանակ Ֆրանսիայի դիմադրությանը։ Բավականին երիտասարդ դերասաններ էին խաղում։

Կատարյալ  ձախողում եղավ. քննադատները, հանդիսատեսը չհավանեցին այն։

Ֆիլմը 7-8 տարի առաջ վերականգնվեց, ցուցադրվեց ու տասնամյակներ անց այն, փաստորեն, մեծ հաջողություն ունեցավ։ Կան ֆիլմեր, որոնք իրենց տեղը գտնելու համար պետք է ժամանակի փորձությունն անցնեն, թեման, ասելիքը, նկարահանման ձևը պետք է գտնի իր հանդիսատեսին, դա կարող է լինել շատ ուշ։

Շառլ դը Գոլի կինոառաքելությունը

Հենց որ Ֆրանսիան ազատագրվեց նացիստների օկուպացիայից, ստեղծվեց կինոմիություն, որը տարբեր կինոդահլիճներում ցուցադրում էր նաև ամերիկյան ֆիլմեր։ Դրանք նացիստների իշխանության ժամանակ երբեք չէին  ցուցադրվել, որովեհտև այդ տարիներին բացի գերմանական կինոյից, այլ բան չէր ցուցադրվում։

Դեօկուպացիայից հետո ամերիկյան ֆիլմերի այնպիսի հեղեղ էր, որ ֆրանսիական կինոն անհետանալու սպառնալիքի տակ հայտնվեց։ Երբ Շառլ դը Գոլը իշխանության եկավ, տեսավ, որ ֆրանսիական կիոն աղետալի վիճակում է, հայտարարեց, որ Ֆրանսիան պետք է իր սեփական կինոարտադրությունն ունենա: Սկսեցին ընդունվել համապատասխան օրենքներ՝ ի պաշտպանություն կինոյի։ Եվ այսօր ունենք բացառիկ կինեմատոգրաֆիա։ Ֆրանսիայում  տարեկան 300   ֆիլմ է արտադրվում։ Երիտասարդները մեծապես ներգրավված են ֆրանսիական կինոյում։ Լինելով օտարերկրացի՝ այդ օրենքների շնորհիվ ես կարողացել եմ ֆիլմեր նկարել։ Երախտագիտության զգացումն է, որ ինձ ստիպում է միշտ պայքարել կինոյի համար ու շատ ջանքեր թափել կինոյի համար։

Կինոն՝ թիմային աշխատանք

Իմ երկրորդ ֆիլմից սկսած՝ Միշելն ինձ միշտ ուղեկցել է և ուղեկցում է մինչ օրս։  Նա լրագրող էր, հետո դարձավ իմ կինը և պրոդյուսերը։ Ոչ, ես չեմ ամուսնացել իմ պրոդյուսերի հետ, ես ամուսնացել եմ լրագրողի հետ, որը հետո դարձավ իմ պրոդյուսերը։

Երիտասարդ տարիներին, երբ ասիստենտ էի, ուշիուշով հետևում էի դերասաններին ու դեռ այդ ժամանակ եմ հասկացել, որ նրանց հետ աշխատելու լավագույն ձևը նրանց հարգելն է։ Շատ կարևոր է ունենալ ոչ միայն լավ պրոդյուսեր, այլև լավ դերասաններ, որովհետև հենց նրանք են պատմությունը փոխանցողները, առանց նրանց,  ոչ մի ռեժիսոր կամ սցենարիստ ոչինչ անել չի կարող։

Ինձ համար սցերանիստից հետո մյուս գործընկերը դերասանն է։ Վերցնենք Ստրադիվարիուս ջութակը. Թեթևակի հպում, և  հրաշալի ձայն է արձակում։ Հիմա վերցնենք թմբուկ. պիտի հարվածես, որ ձայն ստանաս, բայց  մի քիչ ուժգին հարվածես։ Այդպես էլ դերասաններն են, մեկն առաջին իսկ պահից է հասկանում, թե ինչպես է պետք խաղալ, մյուսը թմբուկի նման է…. բայց ամեն ինչ հարգանքի սահմաններում։

Ես միշտ հարգել եմ դերասաններին, կարծում եմ՝ հարգանքը փոխադարձ է։

Կարևորը սցենարն է՝  ասում ենք։  Բայց ֆիլմ նկարելը ներքին ցանկություն պետք է լինի։  Եթե ուղղակի ուզում ես փող աշխատել, դա արդեն ներքին ցանկություն չէ, ուղղակի ցանկություն է։ Աշխարհի լավագույն ռեժիսորներից շատերին ճանաչել եմ ու համոզված ասում եմ՝ կինո նկարելը նրանց ներքին ցանկությունն ու պահանջն էր։

Ազգայինը՝ վտանգված

Աուդիովիզուալ աշխարհը վերջին տասնամյակում մի իրավիճակում է հայտնվել, որը շատ վտանգավոր է՝ գլոբալիզացիա։ Հեռախոսով կարող ես ֆիլմ նկարել, հեռախոսով կարող ես  ֆիլմ նայել.  կատարյալ աբսուրդ է։ Մեծ էկրանին նայես, թե հեռախոսով, նո՞ւյնն է, իհարկե, ոչ։

Ամեն երկիր իր կինոն պետք է ունենա՝  իր հայելին։ Կինոն պետք է լինի յուրաքանչյուր երկրի առանձնահատկոությունը։ Սա պետության մակարդակով որոշում կայացնելու հարց է։ Ես Շառլ դը Գոլի օրինակն իզուր չբերեցի։ Սա ազգային մշակույթը փրկելու հարց է։ Ամենուր պատկերներ ենք տեսնում, բայց կարևորն այն է, որ պատկերների մի մասն ուղղուրդված ցուցադրվի, ծառայի ազգային մշակույթի պահպանմանն ու տարածմանը։

Նաիրա ՓԱՅՏՅԱՆ