Թեհրանում ՝ հուլիսի 11-ին, ձերբակալվել է համաշխարհային բազմաթիվ կինոմրցանակների դափնեկիր, ռեժիսոր և տեղական ընդդիմության առաջնորդ Ջաֆար Փանահին։ Իրանցի կինոռեժիսորը ձերբակալվել է Իրանի դատախազությունում, ուր գնացել էր ցուցմունք տալու՝ ավելի վաղ ձերբակալված Մուհամմադ Ռասուլոֆի և Մոսթաֆա Ալահմադի գործով։ Մոհամմադ Ռասուլոֆը և Մոսթաֆա Ալահմադը ձերբակալվել և բանտարկվել են հուլիսի 8-ին՝ Իրանում խաղաղ բնակիչների  և ընդդիմության նկատմամբ բռնությունների և ճնշումների դեմ սոցցանցերում բողոքելու համար: Կոչին աջակցել են ավելի քան 70 կինոգործիչներ, որոնց թվում է եղել նաև Ջաֆար Փանահին։

Հիշեցնենք, որ 2010 թվականին Փանահին ձերբակալվել էր հակակառավարական ցույցերին մասնակցելու համար։ Մի քանի տարի նա տնային կալանքի տակ է եղել, բայց շարունակել է ֆիլմեր նկարել։  Իսկ Մոհամմադ Ռասուլոֆը 2017 թվականից արդեն զրկված էր տեղաշարժվելու և աշխատելու ազատությունից՝  իր «Անարատ մարդ» ֆիլմի ցուցադրությունից հետո, որը Կաննի 70-րդ կինոփառատոնում արժանացավ «Un Certain Regard» մրցանակին։

Ի պաշտպանություն իրանցի ռեժիսորների բողոքի ձայն են բարձրացրել աշխարհի ամենահայտնի կինոփառատոները․հայտարարություններ են տարածել  Բեռլինի և Կաննի փառատոների պատասխանատուները․

«Կաննի փառատոնը խստորեն դատապարտում է այս ձերբակալությունները, ինչպես նաև Իրանում ակնհայտորեն ընթացող բռնաճնշումների ալիքը՝ երկրի արվեստագետների նկատմամբ: Փառատոնը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Մոհամմադ Ռասուլոֆին, Մոստաֆա Ալահմադին և Ջաֆար Փանահիին: Կաննի փառատոնը նաև ցանկանում է վերահաստատել իր աջակցությունը բոլոր նրանց, ովքեր ամբողջ աշխարհում ենթարկվում են բռնությունների և ճնշումների: Փառատոնը մնում է և միշտ կմնա ապաստարան աշխարհի տարբեր ծայրերից եկած արվեստագետների համար, և այն անխնա ծառայելու է նրանց ձայնը հստակորեն փոխանցելուն՝  ի պաշտպանություն ստեղծագործելու և խոսքի ազատության»:

«Մենք խորապես մտահոգված ենք Մոհամմադ Ռասուլոֆի և Մոսթաֆա Ալահմադի ձերբակալությամբ: Ցնցող է, որ արվեստագետները ձերբակալվում են բռնության դեմ իրենց խաղաղ պայքարի համար»,-հայտարարել են  Բեռլինալեի տնօրեններ Մարիետ Ռիզենբեկը և Կառլո Չատրյանը:

Հ․Գ․Ջաֆար Փանահին աշխարհի ամենահայտնի իրանցի կինոգործիչներից է։ 1995 թվականին նա ստացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե տեսախցիկ» մրցանակը՝ «Սպիտակ գունդ» ֆիլմի համար, երկու տարի անց՝ «Ոսկե ընձառյուծ» մրցանակը Լոկառնոյի կինոփառատոնում՝ «Հայելի» ֆիլմի համար, 2000 թվականին նա «Ոսկե առյուծ» մրցանակի է արժանացել Վենետիկում՝ «Շրջան» ֆիլմի համար, իսկ 2015 թվականին Բեռլինում արժանացել է «Ոսկե արջին»՝ «Տաքսի» ֆիլմի համար։

Հ․Գ․Մոհամմադ Ռասուլոֆը 2017 թվականից արդեն զրկված էր տեղաշարժվելու և աշխատելու ազատությունից՝ իր «Անարատ մարդ» ֆիլմի ցուցադրությունից հետո, որը Կաննի 70-րդ փառատոնում արժանացավ «Un Certain Regard» մրցանակին։ Կաննում ցուցադրվել են նաև Ռասուլոֆի «Ձեռագրերը չեն այրվում» ֆիլմը, որը 2013 թվականին արժանացել է «Ֆիպրեսի» մրցանակին։ 2011 թվականին նրա  «Ցտեսություն» ֆիլմը ստացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակը «Un Certain Regard»-ում։ Այնուհետև, նա 2020 թվականին Բեռլինի փառատոնում արժանացել է «Ոսկե արջ» մրցանակին՝  «Չարիք չկա» ֆիլմի համար: