Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի GAIFF Pro համարտադրական շուկայում կներկայացվի 12 նախագիծ և 4 աշխատանքային փուլում գտնվող ֆիլմ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց GAIFF Pro ծրագրերի ղեկավար Սոնա Կարապողոսյանը:

«Այս տարի ընդլայնել ենք աշխարհագրությունը: Կլինեն ռեժիսորներ Արևմտյան Ասիայից, կինոգործիչներ Լիբանանից, Սիրիայից, Հորդանանից, Վրաստանից, նախագծեր Հայաստանից: Բացի համարտադրական հարթակից, որի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ արտերկրից հրավիրված կինոգործիչների հետ, կլինեն աշխատարաններ կինոքննադատների համար: Աշխատարանները ևս միջազգային են: Կհյուրընկալվեն մասնակիցներ Մեքսիկայից ու Մալազիայից: Նրանց հոդվածները լույս են տեսնելու փառատոնի օրաթերթում»,-նշեց Կարապողոսյանը:

Նրա խոսքով՝ նախատեսվում են միջոցառումներ, որոնք բաց են հանրության համար: Միջոցառումները նվիրված են լինելու կինոարտադրողներին հուզող թեմաներին: Մեծ հետաքրքրություն են վայելում «Ռանդեվու» խորագրով հանդիպումները: 2022-ին կինոյի երկրպագուները հնարավորություն կունենան հանդիպելու Թերի Ջորջի, Կոստա Գավրասի, Ալբերտ Սերայի, Մայքլ Գուրջյանի, Ֆիլիպ Բոբերի հետ:

GAIFF Pro արտադրական շուկայում ընդգրկված նախագծերն են` «Սեյադա անունով կինը», ռեժ. Անաս Սալահեդին (Եգիպտոս, Գերմանիա), «Այշան չի կարող այլևս թռչել», ռեժ. Մորադ Մոստաֆա (Եգիպտոս), «Թռչող կովեր», ռեժ. Վահագն Խաչատրյան, Արեն Մալաքյան (Հայաստան), «Թույլ տուր անկեղծորեն լաց լինեմ քեզ հետ», ռեժ. Հարութ Մաքյան (Հայաստան), «Կաթ ու մեղր», ռեժ. Թոռնիկե Գոգրիչիանի (Վրաստան), «Տեղահանված», ռեժ. Մոհամեդ Ալ-Մաժդալավի (Պաղեստին, Շվեդիա), «Կյանքի համը», ռեժ. Անժելա Ֆրանգյան (Հայաստան, Ֆրանսիա), «Քարը», ռեժ. Մարիամ Խաթչվանի (Վրաստան), «Դեպի Ալենը», ռեժ. Էվելինա Բարսեղյան (Հայաստան), «Թմրաստան», ռեժ. Սաիդ Զաղա (Հորդանան), «Սիրով ու թշվառությամբ», ռեժ. Սոգոլ Ռեզվանի (Իրան), «Զաքո», ռեժ. Տիգրան Առաքելյան (Հայաստան, Ֆրանսիա): Լինելու են հայկական նախագծերի և կինոքննադատների աշխատարաններ։

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։

Փառատոնի GAIFF Pro արտադրական հարթակը կանցկացվի Հայկական բարեգործական ընդհանուր միության և «Ստեղծարար Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ։


    Հայտարարվել են Մոսկվայի փառատոնի ծրագրերն ու ժյուրիի կազմը

    Մոսկվայի 44-րդ միջազգային կինոփառատոնի պատասխանատուները հայտարարել են կինոստուգատեսի ծրագրերի և ժյուրիի կազմի մասին։ Մոկովյան փառատոնը կմեկնարկի Անտոն Մեգերդիչևի «Պարմայի սիրտը»...

    |10 Օգոստոս 2022,19:55