«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը վերադառնում է ավանդական ձևաչափին։ Նախորդ երկու տարիները խախտեցին այդ ավանդույթը՝ համավարակ, պատերազմ։ 19-րդ կինոափառատոնի մեկնարկը տրվեց կարմիր գորգով, երաժշտությամբ, օտարազգի ու տեղացի հյուրերի մասնակցությամբ, հայտնի կինոգործիչների հետ հանդիպման ծրագրերով ու ֆիլմերի էկրանային ցուցադրումով։

«Մենք վերադարձանք մշակութային կյանքին, ապացուցեցինք, որ անկախ դժվարություններից՝ կարող ենք մշակույթ ստեղծել ու մշակույթով ներկայանալ աշխարհին, որը նաև քաղաքական տարր է պարունակում։ «Ոսկե ծիրանը» նոր էջ է սկսում։ Սպասենք 20-րդ փառատոնին, որից մեծ ակնկալիքներ ունենք։ Արդեն պատրաստվում ենք հոբելյանական 20-րդին»,- տոնական տրամադրությմաբ ասաց փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը։

Այս տարի «Ոսկե ծիրանը» հյուրընկալում է իսպանացի կինոռեժիսոր Ալբերտ Սեռային, որը փառատոնի բացման ժամանակ ստացավ «Փարաջանովյան թալեր»։ Համաշխարհային կինոյում մեծ ավանդի համար «Փարաջանովյան թալերով» պարգևատրվեց նաև իռլանդացի սցենարիստ, օպերատոր Թերի Ջորջը։ «Որակյալ կինոփառատոներն ունենում են որակյալ ֆիլմեր ու որակյալ հանդիսատես, բայց նաև՝ որակյալ կոնյակ, ինչպիսին ունի և մեզ հյուրասիրում է  «Ոսկե ծիրանը»։ Իսկ եթե ավելի լուրջ՝ ես եկել եմ Հայաստան ու ճանապարհին ուսումնասիրել  եմ, թե ինչպես են հասարակ մարդիկ պայքարում հրեշների դեմ։ Ես կարծես իմ  տանը լինեմ։ Հարազատ զգացումներ ունեմ հայերի հետ, երևի պատճառն այն է, որ հայերին էլ, իռլանդացիներին էլ ցեղասպանել են»,- «Փարաջանովյան թալերը» գլխից վեր պահելով՝ ասաց անվանի կինոգործիչը։ Ալբերտ Սեռան խոստովանեց, որ Անտոնիոնի, թե Փարաջանով ճամփաբաժանին ինքն ընտրել է Անտոնիոնիին, բայց որոշել է շատ խորությամբ ուսումնասիրել Փարաջանովի արվեստը։

 Այս տարի էլ համաշխարհային կինոյի մեծերի կինոարվեստի հետահայաց ցուցադրույթուններ են լինելու։ Ավանդական մրցութային ծրագրերին զուգահեռ՝ առանձին ծրագրով ներկայացված են արտամրցութային՝ մեծ էկրանին արժանի հեղինակություն վաստակած ֆիլմեր։ Փառատոնի կազմակերպիչներն առանձնակի ոգևորությամբ են նշում, որ այս տարի հայկական ֆիլմերի ծրագիրը բավականին ներկայանալի է թե՛ որակապես, թե քանակով. 2 տասնյակ հայկական ֆիլմ է ներկայացված։ Առաջին անգամ հայկական ժամանակակից կինոն մրցելու է միջազգային մրցութային անվանակարգում՝ օտարերկրյա ֆիլմերի կողին։  Խոսքը կինոռեժիսոր, սցենարիստ  Իննա Սահակյանի  «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն լիամետրաժ ֆիլմի մասին է, որի համաշխարհային պրեմիերան մոտ մեկ ամիս  առաջ  տեղի ունեցավ Ֆրանսիայում՝  անիմացիոն ֆիլմերի հեղինակավոր ANNECY փառատոնում։ Կինոնկարը լիամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում էր:

«Ոսկե ծիրանը» բացվեց Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով։  Փառատոնը փակվելու է Գարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմով։ Երկու ֆիլմերի համաշխարհային պրեմիերաներն էլ, փաստորեն, տեղի են ունենում  «Ոսկե ծիրան» հայկական կինոփառատոնին։

Նաիրա Փայտյան