Իսպանացի կինոռեժիսոր, պրոդյուսեր Ալբերտ Սեռան  10-ից ավելի ֆիլմեր է նկարել, առաջին ֆիլմն էկրան է բարձրացել 2003-ին։ 2019-ին  ստացել Կաննի փառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ։ 2006-ին նրա «Դոն Կիխոտը» Բարսելոնայի փառատոնին  լավագույն նոր ռեժիսոր և կատալոներենով լավագույն ֆիլմ  անվանակարգերում ստացալ է մրցանակ։ Իսկ  Թուրինի փառատոնին նույն ֆիլմը միանգամից 3 մրցանակի է արժանացել։ Ալբերտ Սեռան «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հյուրերից է։ Նա հանդիպեց իր երկրպագուների, կինոմանների, կինոյով հետաքրքրված և  միգուցե կինո նկարելու երազանք ունեցող հանդիսատեսի հետ։ Kinoashkharh.am-ը ներկայացնում է Սեռայի հետ զրույցից ամենաառանցքային մտքերն ու վերլուծությունները, նրա դիտարկումները կինոաշխարհի մասին։

Ինչո՞ւ գիրք կարդալ ու կինո նայել

Գրքերը շատ կարևոր դեր ունեն հատկապես նրանց համար, ովքեր այնքնան էլ հետաքրքիր մարդիկ չեն շրջապատի համար, չունեն խոսքի, մտքի գրավչույթուն։ Այդպիսի մարդիկ պետք է գիրք շատ կարդան, որպեսզի խոսելու, շփվելու թեմա ունենան, և նրանց մտահորիզոնն ընդլայնվի։ Ընդհանրապես պետք է գիրք շատ կարդալ ու ֆիլմեր շատ դիտել։

Երբ ինձ հարցնում են՝ ո՞ր ֆիլմն է քեզ վրա  ազդել, չգիտեմ՝ ինչ պատասխանել։ Ֆիլմերն ինձ վրա չեն ազդում, զգայականիս չեն դիպչում, ֆիլմերն ինձ ստիպում են մտածել։ Իմ ընկալումն էկրանի նկատմամբ սա է։ Դե իհարկե, ոչ բոլորն են ինձ նման, բայց ես այսպիսին եմ։ Բացի այդ,  ուրիշների ֆիլմերն այլ կերպ եմ նայում ու վերլուծում, իմը՝ այլ։ Երկու դեպքում էլ ֆիլմը չեմ նայում հետաքքրության համար, ես պետք է օգտակար ինչ-որ բան քաղեմ ֆիլմից, եթե այն չկա, ուրեմն…

Ինչպես գրել սցենար 

Թե ինչ ֆիլմ եմ նկարելու, ես չեմ որոշում, այլ որոշում են իմ  շրջապատի մարդիկ։ Բոլորս նստում ենք, քննարկում, մեր կարծիքը հայտնում, ես լսում եմ բոլորին, բայց վերջում, իհարկե, իմ որոշածով եմ շարժվում։ Նախ ասեմ, որ ինչ ֆիլմ էլ նկարեմ, հատկապես քաղաքական թեմայով, դեկորացիան պետք է հրաշալի լինի, ուղղակի կատարյալ։

Կարծում եմ՝ ձեզ կհետաքրքրի, թե ինչպես եմ ֆիլմի սցենարը գրում։ Ուրեմն ի՞նչ եմ անում դրա համար։ Ես վարձում եմ շատ թանկ, սաստիկ թանկ հյուրանոցի սենյակ,  ոչ թե նրա համար, որ ուտելիքը, ծառայությունները բարձրորակ են, այլ որ դրանք լինեն հենց շատ  թանկ։ Եթե թանկ են, ուրեմն պիտի շատ վճարեմ, չէ՞։ Ինչքան շատ մնամ այդ հյուրանոցում, այնքան շատ կվճարեմ՝ ի վնաս իմ գրպանի։ Ահա և արագ ու որակյալ աշխատանքի գաղտնիքը։ Որպեսզի երկար չմնամ այդ հյուրանոցում ու շատ չվճարեմ, ստիպված եմ լինում արագ աշխատել, ու կարճ ժամանակում սցենարս պատրաստ է լինում։ Ահա և վերջ։

Մի անգամ Բոստոնում ինձ տարան մի հրաշալի վայր՝ չքնաղ բնություն, հրաշալի ուտելիքներ, զմայլելի միջավայր, բայց՝ ձրի։ Մնացի ու մնացի այնտեղ, օրերն անցնում են, իսկ ես՝ ի՞նչ սցենար, ի՞նչ բան։  Շուտ գնացի այնտեղից ու էլի մի թանկ հյուրանոց վարձեցի, որ սցենարս արագ գրեմ։

Ռեժիսորի ցինիզմը

Երբ աշխարհը քանդվում է, իսկ շուրջդ խոր բուժուազիա է, ոչինչ չի փոխվում, ուրեմն ես պետք է ցույց տամ քանդվող, կործանվող մարդուն։  Դա է հետաքրքիրը։ Իհարկե, դա ցինիզմ է՝ ցույց տալ մարդու անկումը, բայց այդպես է պետք։

Մարդն ուրիշ աշխարհում է ապրում, այս աշխարհը նա չի ճանաչում, գտնվում  է իշխանության ու հիերարխիայի միջակայքում։ Ուրեմն պետք է նրան ցույց տալ երկու աշխարհների բախումը։ Այդպես, այդ սկզբունքով եմ ստեղծում իմ ֆիլմերը և ցույց տալիս կործանվող մարդուն։

Ստիպված ես դերասանին ճնշել

Ես պիտի հավանեմ մարդուն, հետո միայն աշխատեմ նրա հետ։ Այդ է պատճառը, որ հաճախ ընտրում եմ ոչ ճանաչված մարդկանց ու նրանց նկարում ճանաչված դերասանների հետ կողք կողքի։ Ինձ համար շատ կարևոր է մարդու բնույթը, ո՞վ է նա, լա՞վ մարդ է։ Չնայած ինձ հետ բոլորն էլ լավ են, չեն կարող վատ լինել։ Ես ու դերասանը պետք է իրար հետ լավ լինենք, որ կինոն ստացվի.  եթե միմյանց տանել չկարողանանք, ինչպե՞ս կաշխատենք միասին։

Ես տեսել եմ, թե դերասանն ինչ արհամարհանքով է վերաբերվում ուրիշներին, բայց ինձ հետ չի կարող այդպես վարվել։ Եթե մեր հարաբերույթունները լավ են, ուրեմն նա լավ կխաղա իմ ֆիլմում։ Չնայած ասեմ, որ նա չի կարող վատ խաղալ։ Ինչո-ր տեղ ռեժիսորը ճնշում է դերասանին, առանց այդ ճնշման, չի կարող իր ուզածն ստանալ։

Իսկ առհասարակ, դերասաններն աշխատում են կոնֆլիկտային չլինել, որովհետև աշխարհում այնքան շատ են պարապ դերասանները, որ եթե շփման մեջ նրանք բարդ լինեն, դեր կկորցնեն։ Տեսնո՞ւմ եք, սա էլ է ինչ-որ չափով ճնշում։ Դու՝ որպես ռեժիսոր, ճնշում ես դերասանին, որպեսզի նա լինի բարյացակամ, անմիջական, հարմարվող։ Չնայած ասեմ, որ դերասաններին շատ էլ տեղն է։ Նրանք այնքա՜ն շատ փող են վերցնում, թող մի քիչ էլ անհարմարություններին դիմանան։

Առանց փորձի նկարահանումներ

Հաճախ են հարցնում՝ ֆիլմ նկարելիս փորձ չե՞ս անում։ Չէ, չեմ անում, որովհետև եթե նախապես փորձեմ, կկորցնեմ դերասանի առաջին ու իրական արձագանքն իրավիճակի նկատմամբ։ 3 կինոխցիկներն աշխատում են՝ ֆիքսելով դերասանի միմիկան, ժեստը, դեմքի, աչքերի արտահայտությունը, իսկ ես հետո վերցնում եմ այդ ամբողջից ինձ պետք եկածը։

Առաջին տպավությունը, ռեակցիան շատ կարևոր է, պետք չէ այն կորցնել՝  նախօրոք փորձեր անելով։ Այդպես իրական, բնական դրամատուրգիա է ստեղծվում, իրական խաղ, որ անգամ խաղ անվանելն է դժվար։ Ավելի շուտ՝ մարդու բնական, կենդանի արձագանք։ Լինում են դեպքեր, երբ մի կադրի վրա 3 կինոխցիկները 20 րոպե  պահում են։ Ինձ ասում են՝ մեղք չի՞ դերասանը, հոգնում է։ Ասում եմ՝ մեղք չի, չէ, նախ՝ նա բավականաչափ  վարձատրվում է իր աշխատանքի համար։ Բայցի այդ, ինձ հենց նրա դեմքի փոփոխությունն է պետք այդ 20 րոպեների ընթացքում։ Ես դրանցից ինձ պետք եկածն եմ վերցնում։

Կինոն զվարճանք է

Եթե անկեղծ՝ ես զվարճանալու համար եմ ռեժիսոր դարձել։ Ինձ դուր է գալիս իրավիճակը մատուցել իմ ձևով, դերասանին դնել այդ իրավիճակում ու տեսնել, թե նա ինչ կանի։ 20-րդ դարում դերասանները շատ լուրջ էին ընդունում իրենց խաղը։ անհասկանալի էր՝ որն է հումորը, որը՝ իրականը։ Ես ռեժիսոր դարձա, որ անընդհատ հումորի մեջ լինեմ, այնպիսի հումոր ստեղծեմ, որը համոզիչ լինի։ Էկրանին նայողը պետք է համոզվի, որ եթե անգամ իր դիտած իրավիճակն անհնար մի բան է, բայց պետք է  հավատա, որ դա իրական է։

Հավատացեք ու ստեղծեք անհնարինը, և մարդիկ կհավատան  ձեր ստեղծած անհնարինին։

Նաիրա ՓԱՅՏՅԱՆ


    Կարեն Շահնազարով. «Պետք է փոխել կինոյի համակարգը կամ վերադառնալ խորհրդայինին»

    Պատժամիջոցները կարող են խթանել հայրենական կինոյի զարգացումը՝ չէ՞ որ նախկինում շուկան զավթված էր հոլիվուդյան մեյջորներով (շուկայում տիրապետող խոշոր կինոընկերություններով), –...

    |10 Օգոստոս 2022,20:29