Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» փառատոնի մեկնարկին նվիրված առաջին մամուլի ասուլիսը, որի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը, Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը և միջազգային բաժնի ղեկավար Վառվառա Հովհաննիսյանը: Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ներկաներին շնորհավորել է մշակութային կյանքի ամենանշանակալի իրադարձություններից մեկի բացման կապակցությամբ: Նա հույս է հայտնել, որ «Ոսկե ծիրանը», անցած համավարակի և այլ սահմանափակումներն աստիճանաբար հաղթահարելով, կվերականգնի իր երբեմնի ծավալը, ինչի համար կան բոլոր նախադրյալները:

«Այս տարվա ընթացքում կարողացել ենք ապահովել մեր ներկայությունը միջազգային բարձրակարգ, ամենահեղինակավոր հարթակներում: Առհասարակ, միջազգային հարթակները, որոնք ձևավորվում են տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում, շատ կարևոր են, և պետք է ամեն ինչ անել դրանք պահպանելու համար: Դրանք մեր երկխոսության ուղիղ խողովակներն են աշխարհի և առաջատար միջազգային հանրության հետ»,- ասել է Արա Խզմալյանը: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել նաև Երևանի քաղաքապետարանի գործընկերներին՝ ռեսուրսները մեկտեղելու, այդկերպ հետագա ծրագրերի համադրման և փոխհամաձայնեցված գործունեության ճանապարհ բացելու համար:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանն առաջին անգամ է հովանավորում «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, և վստահություն է հայտնել, որ շատ լավ արդյունքներ են գրանցվելու:

Փառատոնին ընդառաջ հրավիրված առաջին մամուլի ասուլիսի ընթացքում կազմակերպչական թիմը ներկայացրել է փառատոնային ժյուրիի կազմը, բացման և փակման ֆիլմերը, պատվավոր հյուրերին և փառատոնային այլ մանրամասներ։

«Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում կցուցադրվեն շուրջ 100 ֆիլմեր ամենատարբեր ծրագրերի ընթացքում։ «Երևանյան  պրեմիերաներ» ծրագրի շրջանակում հայ հանդիսատեսին կներկայացվեն ֆիլմեր Կաննի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոններից: Փառատոնը կունենա երեք մրցութային ծրագիր։ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 19-րդ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն է իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերի Ջորջը։ Նա երկու անգամ «Լավագույն սցենար» անվանակարգում առաջադրվել է «Օսկար» մրցանակաբաշխությանը։ 2012 թվականին «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում արժանացել է «Օսկար» մրցանակի։ Նրա հայտնի աշխատանքներից են «Հյուրանոց Ռուանդա», «Բռնցքամարտիկը», «Հոր անունից», «Անհանգստություն» ֆիլմերը։ Թերի Ջորջից բացի՝ լիամետրաժ ֆիլմերի ժյուրիի կազմում ընդգրկված են Ամստերդամի վավերագրական ֆիլմերի փառատոնի (IDFA) տնօրեն Օրվա Նիրաբիան, օպերատոր, Կաննի կինոփառատոնի օպերատորական մրցանակի դափնեկիր Վլադիսլավ Օպելյանցը, իսպանացի ռեժիսոր, Սան Սեբաստիանի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակի դափնեկիր Իսակի Լակուեստան, Կաննի կինոփառատոնի մասնակից, «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանը։

Փառատոնին Հատուկ մասնակցելու համար Հայաստան կժամանեն պատվավոր հյուրեր, մասնավորապես՝ իսպանացի կինոռեժիսոր, Լոկառնոյի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր, Կաննի կինոփառատոնի մրցանակակիր Ալբերտ Սեռան, Եվրոպական կինոյի առաջատար պրոդյուսեր, 35-ից ավելի փառատոնների մրցանակակիր, Կաննի կրկնակի մրցանակակիր ֆիլմերի պրոդյուսեր Ֆիլիպ Բոբերը, DAU բազմապլատֆորմ մարդաբանական կինոնախագծի հեղինակ Իլյա Խրժանովսկին և այլք։

Փառատոնը հարգանքի տուրք կմատուցի անվանի կինոգործիչներ Յուրի Երզնկյանի, Լաերտ Վաղարշյանի, Ալեն Ռենեի, Պիեռ Պաոլո Պազոլինիի հոբելյաններին։

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը կտրվի Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով։ Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը կկայանա հուլիսի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Փառատոնը կփակվի Գարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» կինոնկարով՝ կրկին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հուլիսի 17-ին։


    «Ֆրունզիկ Մկրտչյան.Հնդկաստանը հիշում է ինձ» ֆիլմի ցուցադրություն՝ «Մոսկվա» կինոթատրոնում

    Հայաստանի և Վրաստանի,  Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանների շրջանակներում հուլիսի 4-ին՝  «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի «Ֆրունզիկ Մկրտչյան.Հնդկաստանը...

    |1 Հուլիս 2022,13:32