Թբիլիսիում բացվել է Սերգեյ Փարաջանովի անվան փողոց
Թբիլիսիի Մթածմինդա թաղամասում բացվել է Սերգո Փարաջանովի անունը կրող փողոց։ Այն բացվել է Թբիլիսիի սակրեբուլոյի Անվանումների և խորհրդանիշների հանձնաժողովի նախաձեռնությամբ և Թբիլիսիի սակրեբուլոյի որոշմամբ, գրում է Panorama-ն հղում անելով վրացական «Առաջին ալիք»-ին։ Փողոցի բացմանը ներկա են եղել Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամները, արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, Սերգո Փարաջանովի ընկերներն ու հարազատները։
«Բացեցինք հայտնի կինոռեժիսոր Սերգո Փարաջանովի անունը կրող փողոցը։ Անգնահատելի է Փարաջանովի ներդրումը մեր մշակույթի և կինոյի մեջ: Ուրախալի է, որ փողոցը, որտեղ ապրում էր Սերգո Փարաջանովը, անվանակոչվել է հայտնի ռեժիսորի անունով»,- ասել է Թբիլիսիի սակրեբուլոյի Անվանումների և խորհրդանիշների հանձնաժողովի նախագահ Նինո Վարդոսանիձեն։
Թբիլիսիի քաղաքային խորհրդի փոխնախագահ, Մթածմինդայի մեծամասնական պատգամավոր Զուրաբ Աբաշիձեի խոսքով, կարևոր է, որ յուրաքանչյուր թբիլիսցի, երիտասարդ և ապագա սերունդ միշտ հիշի հանճարեղ արվեստագետ Սերգո Փարաջանովին։