Հիշատակելով Հայաստանը Ռուսաստանին միանալու բեղմնավոր արդյունքները՝ կարելի է հաստատ ասել, որ հայկական կինեմատոգրաֆիան ծնվել է ռուսական կինոյի հետ ունեցած ստեղծագործական բարեկամությունից։ Այդ իրողության ակունքները ծագում են մեր դարի ամենասկզբին, այսինքն տասներորդ մուսայի՝ կինոյի ծննդյան ժամանակներից։ Նախահեղափոխական տարիներին հայկական կինեմատոգրաֆ գոյություն չուներ։ Պատճառները ծանրակշիռ էին․ ոչ այնքան գեղարվեստական, որքան սոցիալ-տնտեսական բնույթի։ Պարզվեց, որ կինոյի արվեստը նման չէ արվեստի հնագույն ձևերից և ոչ մեկին։ Առանց զարգացած կինոարդյունաբերության անհնար էր էկրանին մտահղացում մարմնավորել։ Նախահեղափոխական Հայաստանում այդպիսի արդյունաբերություն չկար։ Բայց կար գեղարվեստական ինտելիգենցիա, կային փայլուն դերասաններ և գրողներ, նկարիչներ, որոնք չէին կարող նորածին մուսայի կողքով անտարբեր անցնել։ Եվ նրանք հաղորդակցվում էին դրա հետ ռուսական կինեմատոգրաֆիայի միջոցով, որը և հզոր նեցուկ դարձավ հայկական ազգայի կինոարվեստի ստեղծման գործում։

Հայկական կինեմատոգրաֆիայի պատմությունը, որ սկսվել էր ռուսական կինոյի ընդերքում, թողել է հետաքրքրական փաստեր, որոնց մասին պետք է հիշել նաև այսօր։ 1903 թվականին արդեն ի հայտ եկան Թիֆլիսի հայերի կյանքը պատկերող փաստագրական կինոժապավենի առաջին մետրերը։ Իսկ 1908 թվականին մեծ Գաբրիել Սունդուկյանը, տասներորդ մուսայի հնարավորություններից ոգևորված, մտադրվեց էկրանացնել իր հանրահայտ «Օսկան Պետրովիչը էն կինքում» վոդևիլը։ Սրա մասին այն ժամանակ հաղորդում էր «Գեղարվեստ» ամսագիրը։ Հինգ տարի անց էկրանացման ևս մի փորձ արվեց, այս անգամ՝ Մ․ Մանվելյանի «Հեքիաթ» պիեսը։ Կինոլիբրետոն գրել էր Սաթենիկ Ադամյանը: Նա միաժամանակ ղեկավարում էր նաև նկարահանումները՝ Ա․ Շահխաթունու, Մ․ Մանվելյանի և Հովհ․ Զարիֆյանի հետ։ Հայկական ֆիլմի ստեղծման առաջին փորձերը չհաջողվեցին, քանի որ արտադրական և ֆինանսական պայմաններ չկային։ Եվ հայ դերասանները ներգրավվեցին ռուսական կինեմատոգրաֆիայի  մեջ։ Դրանցից առաջինը Ժասմենն էր, որը 1913 թվականին Արշավիր Շահխաթունու հետ Մոսկվայի գեղարվեստական թատրոնում իր դերասանական ստաժավորումն էր անցնում, ներկա էր լինում Ստանիսլավսկու փորձերին։ 1913 թվականի ամռանը հրավիրվում է «Երջանկության բանալիներ» (ըստ Ա․ Վերբիցկու համանուն վեպի) ֆիլմում Սոնյայի պատասխանատու դերի համար։ Այդ կինոնկարի ռեժիսորներն էին ռուսական ճանաչված կինեմատոգրաֆիստներ Յա․ Պրոտազանովը և Վ․ Գարդինը։ Այդ դերում հայ արտիստուհին մեծ հաջողություն ունեցավ։

Հայ դրամատիկական թատրոնի մյուս դերասանուհին՝ Ե․ Դուրյան-Արմենյանը հանդես եկավ լերմոնտովյան «Փախստականը» և «Իսմայիլ-Բեյ» ֆիլմերում։ Երբ կինոձեռնակատերեր Պիրոնեն սկսեց բանաստեղծ Հաֆիզի մասին պատմող «Կրակապաշտները» ֆիլմի նկարահանումները, գլխավոր դերի համար հրավիրվեց Արուս Ոսկանյանը։

Նախահեղափոխական ռուսական կինոյում առավել բեղմնավոր էր հայ մեծանուն դերասաններ Վահրամ Փափազյանի և Արշավիր Շահխաթունին հիանալի կերպարներ ստեղծեց ռուսական  «Կովկասի նվաճումը» (Շամիլի դերը), «Խաս-բուլաթ», «Իսմայիլ-Բեյ», «Խանդ» և այլ ֆիլմերում։ Այս կինոնկարներից շատերում Շահխաթունին հանդես եկավ որպես նշանավոր կինոդերասան Իվան Մոզժուխինը արժանի խաղընկեր, որի հետ բարեկամներ մնացին մինչև իրենց կյանքի վերջը։

Չափազանց բուռն էր Վահրամ Փափազյանի կինեմատոգրաֆիական գործունեությունը (ռուսական համր ֆիլմերում նա հանդես էր գալիս Էրնեստո Վահրամ ծածկանունով)։ Նա հետաքրքիր կերպարներ ստեղծեց ավելի քան 10 կինոնկարներում («Ֆաուստ», «Գայթակղություն», «Բանաստեղծը և փլուզված հոգին», «Ծովի աստղը» և այլն)։ Փափազյանի անվան հետ է կապված նաև Շիրվանզադեի «Նամուս»-ի էկրանացումը, որի ռեժիսոր Ի․ Պերեստիաին էր։

Կարելի է ռուսական նախահեղափոխական կինոյում հայ արտիստների մշակութային գործիչների մասնակցության բազմաթիվ ուրիշ փաստեր բերել։ Սակայն, երևի առավել նշանակային հայ սովետական կինեմատոգրաֆիայի հիմնադիր Համո Բեկնազարյանի ստեղծագործական ճակատագիրն է։ Ռուսական կինոյի երկնակամարում Համո Բեկնազարյանը հայտնվեց որպես փայլուն դերասան, որին անվանում էին ռուսական էկրանի աստղ։ Նա առաջնակարգ դերեր էր խաղում նշանավոր ռեժիսորներ Բաուերի և Գարդինի, Պրոտազանովի և Պերեստիանու ֆիլմերում, հռչակավոր Վերա Խոլոդնայայի և Իվան Մոզժուխինի հետ։ Իր կարճատև կինոդերասանական գործունեության ընթացքում Բեկնազարյանը խաղաց մոտ 100 դեր, այսինքն՝ տարեկան համարյա 15 դեր։ Դա հայկական գեղարվեստական կինեմատոգրաֆիայի ապագա հիմնադրի կյանքի ամենալարված և հագեցած շրջանն էր։

Իր «Դերասանի և ռեժիսորի հուշեր»-ում Բեկնազարյանը գրում է․ «Եթե ինձ՝ ռուսական նախահեղափոխական կինեմատոգրաֆիայի աշխատակցիս, այն ժամանակ ասեին, որ մի քանի տարի չանցած, իմ հայրենիքում, Երևանում կստեղծվի կինոարտադրություն, ես սրտանց դա ֆանտազիա կհամարեի»։ Եվ այն, ինչ մի ժամանակ Բեկնազարյանին ֆանտազիա էր թվում, իրականություն դարձավ շնորհիվ իր՝ Բեկնազարյանի անսպառ էներգիայի, ռուս կինեմատոգրաֆիայի ընդերքում ձևավորված նրա հրաշալի ստեղծագործության։

Հայ ազգային կինոարվեստի ստեղծումը ընթանում էր ռուսական սովետական կինեմատոգրաֆիայի, նրա ականավոր գործիչներ Էյզենշտեյնի և Պուդովկինի անմիջական ստեղծագործական ազդեցության տակ։

Ինչպես հայ ազգային կինեմատոգրաֆիայի ձևավորման շրջանը, այնպես էլ նրա զարգացման ամբողջ հաջորդող ուղին նշանավորվում է ռուսական սովետական կինոյի, նրա ռեալիստական ուղղվածության, նրա գեղարվեստական սկզբունքների զորեղ ստեղծագործական աջակցությամբ։ Եվ դա տեղի է ունենում ոչ միայն այն պատճառով, որ հայ կինոյի կադրերի ուսումնասիրությունն անցնում է ռուս կինեմատոգրաֆիստների մոտ, այլ հատկապես  այն պատճառով, որ ռուսական խորհրդային կինեմատոգրաֆը համաշխարհային կինեմատոգրաֆիան հարստացել է հենց հեղափոխական դարաշրջանից ծնված կայուն գեղարվեստական հայտնագործություններով։ Էյզենշտեյնի, Պուդովկինի, ռուսական առաջավոր կինոյի վարպետների կինոդպրոցը միշտ ոգևորել է եղբայրական ժողովուրդների կինեմատոգրաֆիստներին։

Սաբիր Ռիզաև

«Էկրան», 1978


    «Ավրորայի լուսաբացը» միջազգային մամուլի էջերում 

    «Ավրորայի լուսաբացի» համշխարհային պրեմիերայից և միջազգային ցուցադրություններից  հետո արտասահմանյան մամուլն ու փառատոնային կայքերը շարունակում են հանդես գալ ֆիլմի մասին հրապարկումներով՝ անդրադառնալով...

    |3 Դեկտեմբեր 2022,21:24