Սիրիացի ռեժիսոր, պրոդյուսեր Օրվա Նիրաբիան՝ «Ոսկե Ծիրանի» հիմնական ժյուրիում
2022-ին «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնի լիամետրաժ ֆիլմերի ժյուրիում է վավերագրական կինոյի աշխարհի ամենահեղինակավոր փառատոնի (IDFA) գեղարվեստական ղեկավար, պրոդյուսեր, ռեժիսոր, իրավապաշտպան Օրվա Նիրաբիան: Այս մասին հայտնում են «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնից։
Օրվա Նիրաբիան կնոջ հետ՝ Սիրիայում հիմնել են «DOX BOX» վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնը, որը դարձել է վավերագրական ֆիլմերի ամենակարևոր հարթակն արաբական աշխարհում (2008)։ Նիրաբիան մի շարք ֆիլմերի պրոդյուսեր է եղել, դրանց թվում են՝ «Տիկնիկներ. մի կին Դամասկոսից», «Արծաթաջուր. Սիրիայի ինքնանկարը», «Վերադարձ Հոմս»: Վերջինը 2014-ին Սանդենս կինոփառատոնում արժանացել է Ժյուրիի մրցանակին: 2017-ին Նիրաբիան և կինը՝ Դիանա էլ Ջերուդին, դարձել են առաջին սիրիացիները, ովքեր ընդգրկվել են Կինոարվեստի և գիտության ամերիկյան ակադեմիա, իսկ մեկ տարի անց՝ 2018-ին Նիրաբիան դարձել է Ամստերդամի վավերագրական ֆիլմերի ամենահեղինակավոր միջազգային կինոփառատոնի տնօրեն:
Սիրիայի իշխանությունները ձերբակալել էին Նիրաբիային Դամասկոսի օդանավակայանում, իսկ հետո ազատ արձակել, երբ համաշխարհային ճանաչում ունեցող բազում կինոգործիչներ սկսել էին արշավ՝ հանուն նրա ազատության: Նրանց թվում էին Ռոբերտ դե Նիրոն, Քեվին Սփեյսին, Ժյուլիետ Բինոշը:Նիրաբիան 2011-ին կազմել էր սիրիացի կինոգործիչների միջազգային կոչ Սիրիայի ժողովրդավարության պահանջով, որը մասնագիտական խմբի կողմից արվող առաջին հանրային հայտարարությունն էր: Կոչին միացել էին ավելի քան 1000 կինոաստղեր, որոնց թվում էին Ժյուլիետ Բինոշը, Մոհսեն Մախմալբաֆը և Մայք Լին:
Հիշեցնենք, որ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն է իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերի Ջորջը։ Իսկ երևանյան «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։