«Մոսկվա» կինոթատրոնում` հունիսի 18-ին,  տեղի կունենա Արտավազդ Փելեշյանի՝ «Բնություն» ֆիլմի երկար սպասված պրեմիերան հայրենիքում։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Փարիզում, Ֆրանսիական Cartier ժամանակակից արվեստի  հիմնադրամի նախաձեռնությամբ: «ԿԻՆՈԱՇԽԱՐՀԸ» հրապարակումներով անդրադարձել է վերջին տարիների այս կարևորագույն կինոիրադարձությանը: Եվրոպա, Միացյալ Նահանգներ, Հարավային Կորեա. այսպես, ցուցադրվելով տարբեր աշխարհամասերում` վերջապես, Վարպետի առայժմ վերջին աշխատանքը կդիտի և հայաստանյան հանդիսատեսը: Դա հնարավոր է դարձել հովանավորների աջակցությամբ` «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի և «ArLeAM» ընկերության շնորհիվ: Ցուցադրության կազմակերպիչն է «ԹԻ ԷՄ Փրոդաքշն» ընկերությունը:

Այդուհանդերձ, հարկ է խոստովանել, որ մենք մի հատված արդեն տեսել ենք այս ֆիլմից` 2018 թ. փետրվարին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում, Արտավազդ Փելեշյանի 80-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ: Դա բացառիկ դեպք էր, երբ Մաեստրոն ցուցադրելու համար տրամադրել էր հատված դեռևս անավարտ ֆիլմից: Եվ ի՞նչ հիշապահվեց, դաջվեց մեր մտապատկերում` անհունի մեջ, ուր մարդու համար տեղ և հենարան չկա, հավերժ ապրող երկնաքեր լեռներ, ձյունաթագ գագաթներ, որոնց հետ մարդկային հայացքի տեսանկյունից անհայտ օրենքներով էր հարաբերվում նկարահանող խցիկը: Այն պտտվում, շարժվում էր անկանխատեսելի հետագծով և, ինչպես միշտ, դասական երաժշտության հնչյունների ներքո, որ փելեշյանական կինոկտավներում մշտապես «մտնում են պատկերի տարածք», և հակառակը, պատկերն էլ, իր հերթին, «մտնում է երաժշտության տարածք», ինչպես ասում է ինքը` ռեժիսորը: Անշուշտ, այս փոխադարձ «ներխուժումը» տեղի է ունենում նրա կինոարվեստի հայտնություն դարձած «դիստանցիոն» մոնտաժի շնորհիվ, որ ընկած է Փելեշյանի կինոտեքստի շարահյուսության հիմքում: Նրա խոսքով` ոչ թե պատկերն է երաժշտության հետ մոնտաժում, այլ երաժշտության զգացմունքը` պատկերի զգացմունքի հետ: Ըստ Փելեշյանի, ֆիլմը «տեսքով պատկեր է, բայց բջիջներով կազմված է երաժշտությունից, կառուցվում է երաժշտության օրենքներով: Այն, ինչ տեսնում ենք` լսում ենք, այն, ինչ լսում ենք` տեսնում ենք»:

Նաև նրա մոնտաժն է երևակում այն «բացակա իրականությունը», որի մասին առաջին անգամ լսեցինք 1996 թ. երևանյան Կինոյի տանը կայացած ստեղծագործական երեկոյի ընթացքում, երբ Փելեշյանն ասաց. «Կգա ժամանակ, և կինոյի տեխնիկական հնարավորությունները թույլ կտան էկրան բերել բնության հիշողության մեջ գրանցված անցյալի դրվագները` բացակա իրականությունը: Կինոն բացակայի ներկայությունն է»: Այնուհետև նա ավելացրեց, որ արդեն սկսել է օգտվել «բնության այն արխիվից, որտեղ հիշապահված են գոյության բոլոր մանրամասները…»:

Ճիշտն ասած, հանճարի հանդարտ վստահությամբ արտաբերված այս խոսքերն այն ժամանակ (երբ դեռ անցյալ դարում էինք և անցյալ հազարամյակում) հնչում էին իբրև գիտաֆանտաստիկ ժանրի արտահայտություն: Սակայն քառորդ դար անց, դիտելով «Բնություն» ֆիլմի վերոհիշյալ հատվածը, կարելի էր համոզվել, որ ֆանտաստիկ թվացող հայտարարության հեղինակը հետևողականորեն գնում է այն ակնհայտ իրողություն դարձնելու ուղիով: Մյուս կողմից, տիեզերական տեսանկյունը Փելեշյանի կինեմատոգրաֆում մշտապես ներկա է եղել: Վերհիշենք նրա խոշորակերպ «Մենք»-ը և մյուս ֆիլմերը: Ինչպես պոեզիան է ազատագրում բառերն իրենց առօրեական իմաստներից (ըստ Դյուֆրենի), այդպես այս տեսակ կինոն և, հատկապես, փելեշյանականը, ազատագրում է իրերը իրենց կոնկրետությունից` բացահայտելով դրանց ներքին էությունը: Բնանկարը Փելեշյանի կինոաշխարհում պարզապես ֆոն` խորապատկեր չէ, այլ գործող անձ է: Այդ անձնավորման մեջ, ռեժիսորի կամքին ենթարկված, անընդհատ հարաբերվում են մարդը և բնապատկերը, մարդու մտադրությունները, գործողությունները և բնապատկերը, մարդու տագնապները, հույսերը և անխռով, բայց ապահով բնապատկերը: Սովորական մարդիկ ու բնությունը դառնում են միաձույլ, մեկը մյուսի ոգեղեն արտացոլումն ու շարունակությունը: Հատկապես, լեռները, որ հայի համար նույնքան «ներքին բնանկար» են, որքան` արտաքին, Փելեշյանի կինեմատոգրաֆում անկաշկանդ պատկերվում են տիեզերական տեսանկյունից` բանաստեղծական աշխարհազգացողությամբ:

Առաջին հայացքից ոմանց կարող էր թվալ, թե մեր օրերի տեխնիկան, ռեժիսորական պուլտից ղեկավարվող «դրոններն» էին ձևավորում էկրանային տարածությունը: Սակայն դա շատ միամիտ կարծիք կլիներ: Ժամանակակից սարքերով ու եղանակներով նկարահանված որքա՜ն վավերագրական ֆիլմեր ենք տեսել տարբեր հեռուստաալիքներով` National Geographic, Discovery և այլն, որտեղ ներկայացվել են բնության ապշեցուցիչ տեսարաններ, սակայն դրանց թողած տպավորությունն անգամ հեռավոր համեմատության մեջ չի կարող դրվել այն դրամատիկ զգայական, մետաֆիզիկ բովանդակության հետ, որ փոխանցում էին Փելեշյանի «վրձնած» բնապատկերները: Նա վավերագրող չէ, այլ կինոխցիկով գեղարվեստագրում է վավերագրական իրականությունը, այսինքն` ստեղծագործում է իրականության հետ համահեղինակ դարձած: Ավելին, նրա ֆիլմերում կարծես հավասարության նշան է դրվում արդի վավերագրական նյութի, հատուկ բեմադրվածի և քրոնիկայի միջև: Ժամանակին, երբ Փելեշյանն իր որոշ ֆիլմերում («Սկիզբ», «Մենք», «Մեր դարը», «Բնիկներ») ընդգրկում էր քրոնիկալ, արխիվային կադրեր, որոնք կարող էին հանդիպել և ուրիշների գործերում, մոնտաժային իր համադրումների համատեքստում դրանք ոչ միայն ձեռք էին բերում ուրիշ` նոր նշանակություն կամ բովանդակություն, այլ ասես փոխում էին իրենց բնույթն ու բաղադրությունը: Պատահական չէ, որ ռեժիսորների և կինոհետազոտողների շրջանում Փելեշյանին բնութագրել են իբրև «կինոյի փիլիսոփա և ալքիմիկոս»:

Իսկ Նյու Յորքի կինոփառատոնը (New York Film Festival), որտեղ 2021 թ. սեպտեմբերին տեղի ունեցավ «Բնություն» ֆիլմի փառատոնային համաշխարհային պրեմիերան, ռեժիսորին անվանել է «Հայազգի լեգենդար վիզուալ էսսեիստ»: Դրան հաջորդեց ֆիլմի եվրոպական պրեմիերան Ամստերդամի վավերագրական կինոյի միջազգային թիվ մեկ փառատոնում՝ IDFA-ում (The International Documentary Film Festival Amsterdam), որտեղ Արտավազդ Փելեշյանը կինոյի ոլորտում ունեցած անուրանալի ավանդի համար արժանացավ «Life achievement award» («Ստեղծագործական նվաճումների համար») հատուկ, ոչ ամենամյա մրցանակին:

Ըստ մարդաբան Օլեգ Արոնսոնի` Փելեշյանն այն սակավաթիվ ռեժիսորներից է կամ գուցե միակը, որին հաջողվել է «մոնտաժի մեջ էթիկական չափում բացել»: Վերջինս հայ կինոհանճարի ֆիլմերն անվանում է

«Հուշարձան քսաներորդ դարի անհայտ մարդուն, և անգամ ավելին` անանուն մարդկությանը»:

Մոտ մեկ տասնամյակ առաջ ԵԹԿՊԻ-ում տեղի ունեցած վարպետության դասի ժամանակ ռեժիսորն ասաց, որ տարիներ առաջ է տեսել իր «Homo sapiens» կինոկտավը և ուզում է նկարահանել, որպեսզի մենք էլ տեսնենք: Ասում էր, որ եթե կարողանա դա իրականացնել, իր բոլոր ֆիլմերը կդառնան էսքիզներ…

Քչերին է հայտնի, որ «Մենք»-ի սկզբնական տարբերակը լիամետրաժ է եղել: Եվ այն տեսքով, որ մեզ հայտնի է 27 րոպե տևողությամբ այս կինոկտավը, ուր հարաբերվում են ներկան ու անցյալը, և ամբողջանում է մեր ազգի դիմապատկերը բոլոր ժամանակների միջով, եթե անգամ մի օր այն էսքիզ դառնա, ապա ինչպես և նրա մյուս երկերը, դա կլինի մոնումենտալ էսքիզ: Այդպիսի մի էսքիզ էր և «Բնություն» ֆիլմի ներկայացված դրվագը: Օրերս այն ամբողջական տեսնելու և վերաիմաստավորելու բացառիկ հնարավորություն կունենանք:

Տա՛ Աստված, որ դրան հաջորդի Վարպետի վաղեմի մտահղացումը`«Homo sapiens»-ը: Դա կլինի կոթողային մի գործ, որն ընդգրկելով մարդկային մտքի և հոգու անցած բազմադարյա ճանապարհը, ստեղծագործական թռիչքուղիով, ամենայն հավանականությամբ, կդրդի իր իրական առաքելությունն ու էությունը մոռացած մարդուն կարոտով նայել անցած ճանապարհին և վերջապես «բանական մարդ» դառնալ:

Սիրանույշ Գալստյան


    ԱՍՏՂԱՅԻՆ ԱԿՆԹԱՐԹ

    Արմեն Գուլակյանի ստեղծագործական կենսագրության ամենաարգասավոր մի փուլը պիտի համարել 1933-1934 թթ. թատերաշրջանը։ Տարվա առաջին կեսին Շեքսպիրի հետ անդրանիկ ռեժիսորական հանդիպումը՝ «Մակբեթը»,...

    , |3 Հոկտեմբեր 2022,16:31