Իրաքցի գրող, եզդի իրավապաշտպան Միրզա Դինային՝ «Ոսկե ծիրանի» ժյուրիում
«Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի Տարածաշրջանային մրցութային ծրագրի ժյուրիի կազմում է իրաքցի գրող, եզդի իրավապաշտպան և ակտիվիստ Միրզա Դինային։ Եզդի ակտիվիստ և իրավապաշտպան, «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր և տնօրեն Միրզա Դինային իր ամբողջ կյանքը նվիրել է իրաքյան պատերազմից տուժած մարդկանց փրկելու գործին՝ տեղափոխելով կանանց և երեխաներին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքներից:
Սադդամ Հուսեյնի իշխանությունից հետո Դինային աշխատել է որպես Իրաքի նախագահ Ջալյալ Թալաբանիի խորհրդատու և Իրաքում փոքրամասնությունների և իրավունքների հարցերով կառավարության ներկայացուցիչ:
2007 թվականի օգոստոսի 14-ին երկու մահապարտ ահաբեկիչներ պայթեցրել էին ականապատ մեքենաները Մոսուլի մերձակայքում գտնվող երկու եզդիական քաղաքներում: Միրզա Դինային նախաձեռնել էր դրամահավաք և հիմնել կազմակերպություն, որն օգնել է հարյուրավոր երեխաների և կանանց Գերմանիայում ստանալ ապաստան և բժշկական օգնություն, նրանց թվում էր՝ ապագա ակտիվիստ և Սախարովի մրցանակակիր դափնեկիր Լամիյա Հաջի Բաշարը:
2014 թվականի օգոստոսին ԴԱԻՇ-ի զինվորները գրավել էին Սինջարը, եզդիները փախել էին Սինջարի լեռներ, իսկ Միրզա Դինային համոզել էր Իրաքի վարչապետին ուղղաթիռներով տարհանել խաղաղ բնակիչներին, ուղղորդելով տեղանքից անտեղյակ օդաչուներին: 2014 թվականի օգոստոսի 12-ին Մի-7 ուղղաթիռը, որում գտնվում էր Դինային, վթարի էր ենթարկվել վերելքից մի քանի րոպե անց։ Կոտրված ոտքով և կողոսկրերով Միրզա Դինային ողջ է մնացել և տեղափոխվել Գերմանիա։ Կարճ ժամանակ անց, անվասայլակով, նա վերադարձել է Իրաք՝ այցելելու Խանքեի փրկարարական ճամբար:
2019 թ. հոկտեմբերի 19-ին Երևանում Միրզա Դինային դարձել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր: