Ավրորայի լուսաբացը․Պրեմիերա՝ Annecy-ում
Bars Media ընկերության` «Ավրորայի լուսաբացը», վավերագրական-անիմացիոն ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ (հունիսի 16) անիմացիոն աշխարհի ամենահայտնի փառատոնում՝ ANNECY–ում։ Կինոնկարը ընտրվել էր փառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում:
Ֆիլմն ստեղծվել է Զորյան ինստիտուտի ակադեմիական ներդրման շնորհիվ, որի հիմքում ինստիտուտի «Բանավոր պատմության» արխիվն է։ Այն հայ-գերմանական համատեղ արտադրության կինոնախագիծ է (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Ֆիլմի ռեժիսորը և սցենարի հեղինակն է Իննա Սահակյանը, պրոդյուսերներն են Վարդան Հովհաննիսյանը, Քրիստիան Բիցը, Յուստե Միխայլինայտեն:
Ֆիլմի մասին ՝ «Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի ուշագրավ կյանքը վերածվել է հուզիչ անիմացիայի» վերնագրով հոդված է հրապարակել Screen Daily ամսագիրը:
Արշալույս (Ավրորա) Մարդիգանյանը եղեռնը վերապրած այն եզակի հայուհիներից է, որ իրենից հետո փաստավավերագրություն է թողել, որից մեզ են հասել արժեքավոր ապացույց-պատառիկներ։ Հենց դրանք էլ դարձել են Ավրորայի մասին պատմող «Արշալույսի լուսաբացը» խաղարկային-անիմացիոն-վավերագրական ֆիլմի հիմքն ու առիթը։ Հայաստանյան իրականության մեջ «Արշալույսի լուսաբացը» խաղարկային-անիմացիոն-վավերագրական ժանրերի համադրմամբ նկարահանված առաջին ու առայժմ միակ լիամետրաժ ֆիլմն է։
Հ․Գ․ «Արշալույսի Լուսաբացի» հերոսուհին ցեղասպանությունը վերապրած Արշալույս Մարտիկյանն է, որը 14 տարեկանից ենթարկվում է աներևակայելի խոշտանգումների ու փորձությունների։ Ամերիկյան միսիոներների օգնությամբ Արշալույս Մարտիկյանը հասնում է ԱՄՆ ու դառնում Ավրորա Մարդիգանյան ։ ԱՄՆ-ում լույս է տեսնում Ավրորա Մարդիգանյանի հուշագրությունների վրա հիմնված «Հոշոտված Հայաստան» (Ravished Armenia) գիրքը: Մարդիգանյանի հուշերը դարձան գիրք («Հոշոտված Հայաստան»), իսկ գիրքը՝ ֆիլմ («Հոգիների աճուրդ»), որտեղ Ավրորան խաղաց գլխավոր հերոսուհու դերում՝ մարմնավորելով ինքն իրեն։
Մեծ եղեռնի մասին պատմող առաջին ֆիլմը՝ «Հոգիների աճուրդը» նկարահանվել է 1918- ին։ Առաջին անգամ ցուցադրվել 1919 թ․փետրվարի16-ին՝ Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում։