Shtigen Group-ի տրամադրած 12 արևային ջրատաքացուցիչների տեղադրումն Արցախում ավարտվեց։ Ծրագիրը կյանքի կոչվեց «Արևածագ Արցախում» նախագծի շրջանակում, որը նախաձեռնել է նորագույն էներգետիկայի ոլորտում մասնագիտացած Shtigen Group ընկերությունների խումբը։ 

«Արևածագ Արցախում» նախագծի նպատակն է, արևային էներգիան օգտագործելով, Արցախում հաստատել էներգետիկ անկախություն։

«Մեր նպատակն է հասնել այն հանգրվանին, որ Արցախում յուրաքանչյուր տուն ունենա իր արևային կայանն ու ջրատաքացուցիչը։ Այդպես մենք կապահովենք Արցախի էներգետիկ անկախությունն ու անվտանգությունը, այսինքն՝ թշնամու ոտնձգությունների պատճառով տեղի ունեցող գազամատակարարման խափանումների դեպքում Արցախի բնակչությունը ոչ միայն կշարունակի տաք ջուր ու էլեկտրաէներգիա ունենալ, այլև չի ծանրաբեռնի էլեկտրացանցը, և չեն լինի հոսանքազրկումներ»,- ասում է Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը։

«Արևածագ Արցախում» նախագծի մեկնարկը տրվեց այս տարվա ապրիլին՝ կոչ անելով մեր հայրենակիցներին և առհասարակ աշխարհին միանալ նախաձեռնությանը՝ նպաստելու ոչ միայն հետպատերազմյան բնակավայրի վերականգնմանը, այլև արևային տեխնոլոգիաների միջոցով շրջակա միջավայրի պահպանմանն ու մոլորակի ռեսուրսների խնայմանը։

Shtigen Group-ն արևային ջրատաքացուցիչները տրամադրել և տեղադրել է անվճար՝ Արցախ գործուղելով իր մասնագետներին։ Շահառուների ցուցակը կազմվել է՝ այս փուլում առաջնահերթություն տալով արցախյան պատերազմներում զոհված, հաշմանդամություն ձեռք բերած անձանց ու բազմազավակ ընտանիքներին։ Նրանք առաջիկա 20 տարում անվճար տաք ջուր կունենան։

«Մենք գիտակցում ենք, որ ֆինանսական խոշոր ներդրում, ահռելի ջանքեր և աննահանջ հետևողականություն պահանջող ծրագիր ենք նախաձեռնել։ Բայցև վստահ ենք, որ ռազմավարական նշանակության այս նախագիծն իրագործելի է, և իրագործումն սկսում ենք մեր վճռական քայլով»,- նշում է Հայկ Շեկյանը։

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են միանալ նախաձեռնությանը, կարող են կապ հաստատել sunrise@shtigen.com էլ․ հասցեով։

Հ․Գ․ Shtigen Group-ը հիմնադրվել է 2011 թ՝ նպատակ ունենալով խնայող և անվտանգ էներգետիկ համակարգերն ու տեխնոլոգիական լուծումները հասանելի դարձնել աշխարհի յուրաքանչյուր բնակչի։  Shtigen Group-ը ՀՀ արևային էներգետիկայի շուկայի առաջատարներից է, ՀՀ առաջին 500 խոշոր հարկատուներից։ 


    Հայտարարվել են Մոսկվայի փառատոնի ծրագրերն ու ժյուրիի կազմը

    Մոսկվայի 44-րդ միջազգային կինոփառատոնի պատասխանատուները հայտարարել են կինոստուգատեսի ծրագրերի և ժյուրիի կազմի մասին։ Մոկովյան փառատոնը կմեկնարկի Անտոն Մեգերդիչևի «Պարմայի սիրտը»...

    |10 Օգոստոս 2022,19:55