Երևանյան «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը ներկայացնելու է  «ԱՐՑԱԽ. Չտեսնված հանրապետություն» խորագրով հատուկ ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում է, փառատոնի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ փառատոնի օրերին ծրագրի շրջանակում կներկայացվեն Էսամ Նագիի «Մոռացված հայրենիք» (Եգիպտոս), Ֆեդերիկո Լեմոսի «Մենք ենք մեր սարերը» (Ուրուգվայ), Թոմաս Սիդերիսի «Լեռնային Ղարաբաղի նռները» (Հունաստան), Արման Երիցյանի «Դիմակայություն» (Հայաստան) ֆիլմերը։ Ինչպես նաև Cannes L’ACID Special ծրագրի շրջանակում կցուցադրվի ռեժիսոր  Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» (Հայաստան, Ֆրանսիա, Բելգիա) ֆիլմը։

«Փառատոնի 19-րդ թողարկմանը լինելու է հատուկ առանձին ընդգծված ծրագիր՝ բաղկացած ֆիլմերից, որոնք անդրադառնում են 44-օրյա պատերազմին: Ֆիլմերից մեկը Արցախյան պատերազմի մասին է նկարահանված հույների կողմից, մյուսը՝ արգենտինացիների, մյուսը՝ եգիպտացիների և վերջապես՝ մեկ հայաստանյան և մեկ հենց բուն արցախյան կինոանդրադարձ:  Ավելին՝ 19-րդ «Ոսկե ծիրանի» փակման ֆիլմը հայկական անդրադարձ է 44-օրյա պատերազմին»,-նշում է փառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։