Գրիգոր Գուրզադյան․Արամ Խաչատրյանը տարերք է ու երևույթ
«Նա կոչված էր ժամանակակիցների տագնապն ու երազանքներն արտահայտելու, նա երջանիկ կոմպոզիտոր էր, մեր մոլորակի մթնոլորտը հագեցած է նաև նրա երաժշտությամբ»․․․
Այս զգացողություններով էլ ներշնչված կինոռեժիսոր, սցենարիստ, գեղանկարիչ Լաերտ Վաղարշյանը ստեղծել է աշխարհահռչակ կոմպոզիտորին՝ Արամ Խաչատրյանին նվիրված իր մասշտաբային, չորս մասից բաղկացած վավերագրությունը։ kinoashkharh.am-ը ընթերցողներին է ներկայացնում Լաերտ Վաղարշյանի՝ ԳԱԹ-ի արխիվում պահպանվող մի փաստաթուղթ, որի հեղինակը հայտնի ֆիզիկոս-աստղագետ Գրիգոր Գուրզադյանն է: Մեծատաղանդ արվեստագետների միմյանցով հիանալու, անթաքույց գնահատանքի ու արժևորման փայլուն օրինակ:
Մեր այս քաղաքակիրթ դարում, վաթսունյոթ տարի առաջ հայ ժողովուրդը ապրեց ամենամեծ արհավիրքը՝ գենոցիդը: թուրքիայի այն ժամանակվա խավարամիտ տիրակալները ձեռնամուխ եղան մի ամբողջ ժողովրդի ոչնչացման գործին: Նրանք խնդիր էին դրել վերացնել հայ ժողովուրդը. մի ժողովուրդ, որը մարդկության կուլտուրայի գանձարանը մտցրեց մնայուն և անկրկնելի արժեքներ դեռևս այն ժամանակ, երբ չկար ինքը՝ թուրքիան՝ հետամնացության ու վայրագության այդ ապշեցուցիչ երևույթը: Տեղահան արվեցին հազարավոր գյուղեր ու շեներ, կրակի ճարագ դարձավ այն ամենը, ինչ դարերի ընթացքում ստեղծել էր հայի պրպտուն միտքն ու աշխատող ձեռքը, ամայացան, ցաք ու ցրիվ արվեցին մշակույթի օջախները՝ վանքերը, տաճարները, ճեմարանները: Ոչնչացվեց, սրախոխող արվեց երկու միլիոն Հայ… Ոչնչացվեց հայ մտավորականությունը՝ նրանց գանգերը փշրեցին կիզիչ անապատներում՝ թուրքիայի մայրաքաղաքից հեռու, քաղաքակիրթ երկրների հյուպատոսարանների աչքից հեռու: Խելագարվեց Կոմիտասը…
Փրկվեցին քչերը. նրանք ցրվեցին աշխարհով մեկ, հանգրվան գտան օտարության մեջ՝ հայրենիքից հեռու: Մայր հողից հեռու: Փրկվեց պատմական Հայաստանի տեղանքի մեկ-տասներորդը և ստեղծվեց նոր հայրենիք, որը մագնիսի պես իրեն սկսեց ձգել իր տարաբախտ զավակներին՝ աշխարհի բոլոր ծայրերից:
Հայ ժողովուրդը սկսեց ապրել իր վերածնունդը հանգիստ ու վստահ ապագայի հանդեպ: Նոր իմաստ, նոր որակ ստացավ մշակույթը․ աշխարհը սկսեց խոսել Հայաստանի գիտության մասին: Բայց սերունդները չմոռացան անցյալը․ դա մոռանալու բան չէր: Նրանց հոգում ապրում էր մորմոքը՝ կորցրած հայրենիքի և անմար վիշտը՝ խոշտանգված նահատակների: Այդ մորմոքը պետք է որ պոռթկար, իր արտահայտությունը գտներ, նա պետք է դառնար ճիչ համայն աշխարհի առաջ: Այդքան տառապանքներ ու արհավիքներ տեսած ժողովուրդը պետք է որ ծներ իր շեփորահարին. և աշխարհ եկավ Արամ Խաչատրյանը: Եկավ որպես խտացում մի ամբողջ ժողովրդի հոգեկան հարստության, որպես արտահայտիչը նրա իղձերի ու զգացմունքների, որպես թարգմանիչը նրա տառապանքների: Այո, դարերի ընթացքում մեր ժողովրդի կուտակված երաժշտական հարստությունը անհայտությունից դուրս բերելը մեկընդմիշտ կապված կլինի հանճարեղ Կոմիտասի անվան հետ: Բայց այդ ամենը աշխարհի երաժշտական գիտակցությանը հասցնել էր պետք նաև: Եվ եթե այսօր աշխարհը գիտե, թե ինչ է հայկական երաժշտությունը և թե ինչ հարուստ ու ինքնատիպ երաժշտական տրադիցիաների տեր է եղել մեր այս չարչարված ժողովուրդը, ապա այդ բանի համար և՛ հայ ժողովուրդը, և՛ աշխարհը պարտական են ամենից առաջ Արամ Խաչատրյանին:
Արամ Խաչատրյանի երաժշտությունը մի սլացք է տառապած, բայց և վերածնունդ՝ ապրող ժողովրդի, այդ երաժշտության զարմանահրաշ հնչյուների տակ սկսեցին բոցկլտալ մոխրացող կայծերը, մարվող հույսերը, թուլացող հույզերը: Արամ Խաչատրյանի երաժշտությունը դա ինքը՝ մեր ժողովուրդն է՝ դարեր ու փոթորիկներ ապրած, դա հայ մարդն է՝ խոհուն ու գլխիկոր, օջախի ծխին կարոտ, հայացքը անհունությանն ուղղված, դա մեր անապական բնությունն է՝ զմրուխտ լեռները, քչքչան աղբյուրները, կապուտակ երկինքը: Արամ Խաչատրյանի երաժշտությունը ապրեցնում է մարդուն, հարստացնում նրան հոգեպես, լայնացնում երևակայության սահմանները, մեծացնում վստահությունը ապագայի նկատմամբ, մղում մարդուն ողջամտության: Նրա երածշտությունը դա խորքերից եկող զգացմունքների ու մտքերի գունեղ ու վառ արտահայտություն է, անսպառ հույզերի մի ամբողջ աշխարհ: Նա ցնցեց մարդուն, բաց արեց այն գեղեցկությունը, այն հրաշքը, որը մինչև այդ չէին տեսնում:
Արամ Խաչատրյանը տարերք է ու երևույթ, ինչպես տարերք է ու երևույթ հենց ինքը՝ իրեն ծնող հայ ժողովուրդը:
Ավետիք Իսահակյանը ցույց տվեց, որ հայ մարդն ավելի է պոետ ու երազկոտ, քան կարծում էինք: Մարտիրոս Սարյանը բաց արեց մեր աչքերը այն գեղեցկության առաջ, որ կար, բայց չէինք տեսնում: Արամ Խաչատրյանը մեզ նետեց հնչյունների մի կախարդական աշխարհ, մի հորձանուտ, որի գոյության մասին չգիտեինք, կամ համարյա չգիտեինք:
Ահա այսպես է ստեղծվում մի ամբողջ ժողովրդի փառքը, նրա ճանաչումն ու հարատևությունը:
Պատրաստեց Նարա Դանիելյանը