20 տարեկան «Մեկ կադր»
«Մեկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային 20-րդ հոբելյանական փառատոնի բացման ու փակման արարողություններն այս տարի տեղի ունեցան Կինոյի տանը։ Տրամադրող միջավայր, կինոմթնոլորտ, օրգանական, բնական կապ, կինոծրագրերի բազմազանություն։ Փառատոնն անց կացվեց հունիսի 4-11-ը, ֆիլմերի ցուցադրության, քննարկումների, հանդիպումների, հատուկ ծրագրերի համար օգտագործվեց նաև մի նոր միջավայր՝ «Արվեստի բաց հարթակը»՝ նոր, դեռևս ոչ շատ հայտնի վայր՝ Քաջազնունի 1 հասցեում։ Քանի որ «Մեկ կադրը» 20 տարեկան դարձավ, ինչը փառատոնի անցած ճանապարհը գնահատելու համար փոքր տարիք չէ, Գագիկ Ղազարէն՝ որպես հիմնադիր-ղեկավար, նաև ամփոփեց 20-ամյա արդյունքը։ Այսպես ասած՝ բերքահավաք արեց, փառատոնի յուրաքանչյուր տարվա լավագույն, առանձնահատուկ ձեռքբերումները դասդասեց ու հանրագումարի բերեց։ Kinoashkharh-ը մեկտեղել է «Մեկ կադրի» անցած 20 տարիները։
Ի վերջո, կորոնավիրուսային երկու տարվա վախերից ու զգուշավորությունից հետո վերջապես կամաց-կամաց վերականգնվում են կինոսրահներ ու կինոդահլիճներ այցելելու մշակույթը, փառատոնային կյանքը, միջանձնային շփումները, արվեստագիտական քննարկումները։
«Մեկ կադրը»՝ Գագիկ Ղազարէի աչքերով
– «Մեկ կադրը» միշտ կրում է ներհայաստանյան և համաշխարհային իրադարձությունների դրոշմը, բացի այդ, այս տարի ավելի ծանրաբեռնված էինք, որովհետև 20 ամյակն էր։ 20-ը մեզ ստիպեց հետադարձ հայացքով չափել անցյալը։ Լավ, ի՞նչ ենք արել, ինչի՞ ենք հասել։ Ու տեսանք, որ մենք ամբարել ենք հայկական ու համաշխարհային կինոյի բազմաթիվ նմուշներ՝ կարևոր ֆիլմեր։ Համոզվեցինք, որ մասնակցել ենք հայկական կինոյի զարգացմանը, երկու տասնամյակ եղել ենք այն հարթակը, որտեղ շատերն իրենց առաջին քայլերն են արել, առաջին անգամ փորձել են կարճ կինոյում փորձել իրենց ուժերը և արդյունքը ներկայացնել մեր փառատոնին, հետո այդ նույն ստեղծագործողի մտքի, որակների զարգացումն ենք ցույց տվել նրա հաջորդ ֆիլմերով։
20 տարի առաջ երբ ստեղծվեց փառատոնը, հայկական կինոյի համար մեկնարկային իրավիճակ էր, չկար կինոթատրոնների ցանց, մի սերունդ կար, որ կինոն էկրանի վրա երբեք չէր տեսել։ Այս բոլորը փառատոնին զուգահեռ է անցել, փառատոնը հենց դրա մեջ է ստեղծվել, կայացել, զարգացել։
Արդեն 2-րդ տարին է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը մեզ աջակցում է։ Այս տարի միացավ նաև ԿԳՄՍ նախարարությունը։
Ավանդական և ոչ ավանդական ծրագրեր
Մենք հիմա հաստատուն մրցութային 3 անվանակարգ ունենք՝ «Մեկ կադր՝ մեկ րոպե», «Կարճ ֆիլմեր», «Կինո՝ առանց սահմանի»։ Ամենախոցելին «Կինո՝ առանց սահմանի» անվանակարգն է, որը մի քիչ անհասկանալի է թվում հանրությանը, բայց ստեղծագործական ազատ միտք ունեցող մարդու համար ինքնադրսևորվելու հրաշալի հարթակ է։
Քանի որ 20 ամյակն էր, հատուկ ծրագրերն այս տարի ավելի բազմազան էին։ Դրանցից մեկը «Խոշոր պլանն» էր։ Յուրաքանչյուր տարվա համար ընտրեցինք մեկ արվեստագետի, որը ինչ-որ ժամանակ մեր փառատոնին իր կարճամետրաժ ֆիլմն էր ներկայացրել։ Էական չէր՝ նա տվյալ տարում մրցանակ ստացել էր, թե ոչ։
Ունենք արդեն ավանդական դարձած «Չտեսնված հայկական կինո» ծրագիրը, որի ընթացքում ցուցադրում ենք հանրությանը ոչ այնքան հայտնի հայկական ֆիլմեր։ Կինեմատոգրաֆիկ սերնդափոխության արդյունքում շատ ու շատ ֆիլմեր են նկարահանվել, բայց մենք միշտ սովոր ենք տեսնել խորհրդային ժամանակներում նկարահանված կինո ու հենց այդ կինոն ենք անվանում հայկական։ Մինչդեռ հետխորհրդային ժամանակներում, մեր օրերում էլ են հայկական որակյալ ֆիլմեր նկարվել, որոնք անհայտ են, այդ առումով՝ չտեսնված։
«Չտեսնված հայկական կնոյում» ցուցադրեցինք Միքայել Վաթինյանի «Ժաննան և ձայները» և Վարդան Դանիելյանի «Իմպուլս» ֆիլմերը։ «Կարճ անուններ» ծրագրում ներկայացրինք ռեժիսորներ Դիանա Կարդումյանին և Հովհաննես Իշխանյանին՝ կինեմատոգրաֆիկ կարճ ու հստակ անուններով արվեստագետների, որոնք հավատարմորեն մնացին կինոյում, համբերատար կրում են կինո նկարելու դժվարությունները ու չեն նահանջում։ Նրանք ձևավորված, կայուն ձեռագիր ունեն։ Մեր երկու հատուկ՝ «Մեկ կադր. շարժվել առաջ», «Մեկ կադր. տեղափոխվել այլ տեղ» միգրացիոն ծրագրերը նախատեսված էին պատերազմի հետևանքով հայրենիքից արտագաղթած ռուս, ուկրաինացի, ինչպես նաև բոլոռուս արվեստագետների համար։ Նրանց հետ հանդիպումներ, քննարկումներ ենք անց կացրել։
Կինոաշխատարաններ՝ Սյունիքում
Ավանդական մրցութային ծրագրերին 80-ից ավելի ֆիլմ է ներկայացվել՝ 27 երկրից։ Հայկական ֆիլմերը բավականին ներկայանալի մասնակցություն են ունեցել։ Երևանում կազմակերպեցինք կինոաշխատարան, որը բաց էր բոլորի համար. եթե մարդն ուզում է ֆիլմ նկարել, բայց ինչ-ինչ խնդիրների առաջ է կանգնած, մենք օգնում ենք նրան տարբեր հարցերով։
Այսօր հեռախոսով էլ են մարդիկ ինչ-որ բան նկարում, tik-tok-ում հրապարակում։ Մտածում ես՝ երևի քո կարիքը չունեն էլ, բայց այս տարվա փորձը ցույց տվեց, որ ոչ, չնայած անսահմանափակ հնարավորություններին՝ մարդը կարիք ունի իր միտքը, գաղափարը մեկ ուրիշի հետ փոխանակելու, վստահություն ձեռք բերելու։ Կինոաշխատարանում մենք հանդիպեցինք տարբեր մարդկանց հետ, նրանց մտապատկերները թարգմանեցինք կինոյի լեզվով, որպեսզի կարողանան պատկերացնել, թե էկրանին ինչ կինո է ստացվելու։
Այս տարի կինոաշխատարաններ ենք նախաձեռնել Սյունիքի մարզի 5 համայնքներում։ Առաջինն արդեն արել ենք Մեղրիում։ Մեղրիից 7 ռեժիսոր հենց տեղի աշխատարաններում ֆիլմեր են նկարել, որոնք մասնակցեցին «Մեկ կադր» փառատոնին։ Սա հրաշալի մեկնարկ է։ Գնացինք Մեղրի, 4 օր մեղրեցի երիտասարդների հետ աշխատեցինք, նրանց կինոգաղափարների զարգացմանն աջակցեցինք և ունեցանք 7 ֆիլմ՝ Մեղրիից, 2 վավերագրական, 5 խաղարկային։
«Մեկ կադրը» Կարճամետրաժ ֆիլերի ժյուրիի ներկայացուցիչ, «Կարճ անուններ» ծրագրի մասնակից Դիանա Կարդումյանի աչքերով
– Որպես ռեժիսոր՝ իմ «Տոմբե» ֆիլմն էր ներկայացված «Կարճ անուններ» ծրագրում, իսկ որպես ժյուրիի անդամ՝ ասեմ, որ այս տարի ավելի շատ հանդիսատես ունեցանք։ Չգիտեմ՝ կորոնավիրուսի վախն է հաղթահարվել, թե մեր քաղաքում շատ բան չկա անելու… Այս տարվա հայկական ծրագիրը, նախորդ տարիների հետ համեմատած, թույլ էր։ Ընտրության ժամանակ ինչ-որ տարաձայնություններ ժյուրիի անդամների միջև չառաջացան. ամեն ինչ պարզ էր։
Ֆրանսիական 6 րոպեանոց շատ հետաքրքիր մի ֆիլմ ինձ դուր եկավ, որի վերնագիրն է «Սկսեցինք»։ Մեկ կադրով նկարահանված ֆիլմ էր՝ կինոպրոցեսի մասին։ 6 րոպեում հումորով ու բավականին թեթեևությամբ փոխանցվել էին կինոարտադրության պրոցեսի դժվարությունները։ Դրանք սովորաբար մնում են կադրից դուրս։ Քչերը գիտեն, թե կինո նկարելիս ինչ դժվարություններ են առաջանում։ Այս դեպքում կադրի չերևացող մասն էր հանրայնացվել, էկրան բարձրացվել։
Մի ռուսական անիմացիա կար, որը Բեռլինի փառատոնի մրցութային ծրագրում էր ընդգրկված, բայց այդ ֆիլմը մեր փառատոնի տրամաբանության մեջ այնքան էլ չէր տեղավորվում, բայց հրաշալի աշխատանք էր։ Թե՛ հայկական, թե՛ օտարերկրյա վավերագրական ֆիլմերը թույլ էին։ Համեմատաբար ուժեղ էին ֆրանսիականները։ Դե, ֆրանսիացիները կարողում են կիոն նկարել. դա անվիճելի է։
«Մեկ կադրը»՝ «Կարճ ֆիլմեր» անվանակարգի և «Զրո բյուջե» հարթակի ժյուրիի ներկայացուցիչ Զավեն Բոյաջյանի աչքերով
-«Զրո բյուջեն» նախատեսված է հայկական ֆիլմերին 500.000 դրամ աջակցություն ցույց տալու համար։ Ներկայացվում են կինոնախագծեր. լավագույնն ստանում է կես միլիոն դրամ։ Իհարկե, այդ գումարով հնարավոր չէ ֆիլմ նկարել, բայց գոնե որոշակի աջակցություն է, որպեսզի նախագծի հեղինակը կարողանա ֆինանսական այլ աղբյուրներ էլ գտնել։ Ինչ վերաբերում է «Կարճ ֆիլմերին», այն «Մեկ կադր» փառատոնի մրցութային հիմնական ծրագրերից է, որին մասնակցում էր 20 ֆիլմ՝ տարբեր երկրներից, ինչպիսիք են Ֆրանսիան, Բրազիլիան, Իրանը։ Ներկայացված էր նաև 5 հայ ռեժիսորի աշխատանք։ Ցավոք, այս տարի ևս հայկական ֆիլմերն ավելի թույլ էին։ Դրսից ներկայացված ծրագիրն էլ շատ ուժեղ չէր, բայց հետաքրքիր ու պրոֆեսիոնալ նկարահանված ֆիլմեր, այնուամենայնիվ, կային։
Հայկական 5 ֆիլմերը շատ տարբեր էին՝ Կինոյի և թատրոնի ինստիտուտի դիպլոմային աշխատանքներ, մեկ այլ ֆիլմի հեղինակը 2-րդ կուրսի ուսանողուհի էր։ Գրող Համբարձում Համբարձումյանի՝ սեփական պատմվածքի հիման վրա նկարահանված «Կորեական դելիկատես» ֆիլմն էլ էր ներկայացված, կամ, օրինակ՝ «Ժամանում» ֆիլմը, որը կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանի դեբյուտային աշխատանքն է։
Տարբեր մակարդակի, որակի, թեմատիկ տարբեր ընդգրկումներով ու արտահայտչամիջոցներով գործեր էին ներկայացված։ Փորձել ենք կողմնորոշվել, ընտրել լավագույնին։ «Մեկ կադրի» և «Կարճ ֆիլմերի» մրցույթի մասնակից հայ ռեժիսորներին նաև դրամական խորհրդանշական պարգև է հատկացվում։ Փորձել ենք ընտրել ամենաարժանավորներին։
Պատրաստեց Նաիրա Փայտյանը