Կաննի կինոփառատոնի 75-րդ հոբելյանական տարեդարձին ընդառաջ առաջարկում ենք  վերհիշել փառատոնի պատմության ամենից հայտնի տասնհինգ մրցանակակիրներին:

1.«Կարճ հանդիպում» (Դեյվիդ Լին, 1945թ.)

Ֆիլմ՝ մթնոլորտի այնպիսի միասնությամբ, որ նրանում նշանակություն չունի առանձին անհատների ներդրումը: Ֆիլմի մտահղացման պոեզիան իր մեջ ներառում է պատկերներ, առանց որոնց պոետը չի կարող ստեղծագործել: Պոետիկ պատկերներն այստեղ  գնացքներն են, միջանցքներն ու հարթակները, կրքի պոռթկումն ու մռնչյունը, կիսամութ կառամատույցների մենությունը, քարե խոնավ անցումների թաքցրած ապօրինի գաղտնիքը: Տեղական գնացքների սրընթաց դանդաղությունը համեմատությունն է երկար տարիներ չարթնացած կրքի կենցաղում ապրելու: Սա պոետին բնորոշ ֆիլմ է՝ դաժան, խստաշունչ ու հիասքանչ։ Բրիտանիայում քիչ են եղել ավելի լավ ֆիլմեր, քան «Կարճ հանդիպումը», անգամ այն պարագայում, երբ մեր ստուդիաներն իրենց տեղն են գրավում ժամանակակից այս մեծ արվեստի՝ ավանգարդի առաջնագծում:

R.M. (Monthly Film Bulletin, 1945թ. դեկտեմբեր)

2.«Երրորդ մարդը» (Քերոլ Ռիդ, 1949թ.)

Նրա ֆիլմերում սյուժեի և միջավայրի բուն էությունը երբեմն-երբեմն հիշեցնում են Հիչքոքի կամ Լանգի մասին, սակայն ոչինչ ընդօրինակված կամ յուրացված չէ: Ոճական առումով «Երրորդ մարդը» Ռիդի ամենատպավորիչ ֆիլմն է: Եթե չեք սիրում անողոք օբյեկտիվություն, եթե պնդում եք, որ ֆիլմերը պետք է ավելի շատ անձնական հայտարարություններ անեն, ապա դուք դժգոհ կմնաք և ձեզ կմնա միայն հիանալ նրա «վերահսկող» տեխնիկայի կատարելությամբ: Բայց որպես տրամադրության և իրավիճակի վերլուծաբան՝ Ռիդն այսօր գործնականում չունի իրեն հավասարը, և  կարծում եմ, անարդար է նրան պիտակավորել որպես տեխնիկ՝ առանց զգացմունքների, քանի որ Ռիդի ոճը կատարելապես հարմարեցված է ծառայելու նրա  սուր, դիտավորյալ անհաղորդ դիրքորոշմանը:

G.L. (Monthly Film Bulletin, 1949թ. սեպտեմբեր)

3.«Սարսափի գինը» (Անրի Ժորժ Կլուզո, 1953թ.)

Դա մեծ և հավակնոտ նախաձեռնություն է՝ բայց այն ի՞նչ ուղղություն ունի, բացի պարզապես մեծ լինելու ձգտումից: ըստ էության դա մելոդրամա է, որի կենտրոնական և ամենաերկարատև դրվագը պատմում է ամայի տեղանքով երկու բեռնատարների սուիցիդալ երթի մասին, բեռնված ծանր պայթուցիկ նյութերով՝ առանց դրանք տեղափոխելու համար պատշաճ հարմարանքներ ունենալու: Դատելով Կլուզոյի ցավագին կենտրոնացումից՝ կարելի է ենթադրել, որ նա ցանկանում էր այս ճանապարհորդությանը էպիկական կամ գոնե խորհրդանշական իմաստ հաղորդել (չնայած նա ծույլ համառությամբ խաղարկում է ամեն մի շունչը պահել ստիպող հնարք): Բայց նրա ռիթմը դատարկ է հնչում։ Չկա հերոսի հետ նույնականացման զգացողություն, չկա կարեկցանք, մյուս կողմից, ոչ էլ հերոսների խաղն է այնքան սուր կամ տպավորիչ, որ կարողանա հետաքրքրությունն ինքնուրույն պահել: Տպավորություն է ստեղծվում, որ աշխատանքը չափազանց միջակ է՝ սկզբից  մինչև վերջ։

Լինդսի Անդերսոն (Sight and Sound, 1953թ. հուլիս-սեպտեմբեր)

4.«Քաղցր կյանք» (Ֆեդերիկո Ֆելլինի, 1960թ.)

Ֆելլինիի երեկոյին դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսատեսով, որոնք սպասում էին     սկանդալի: Բայց, ցավոք, մոտ կես ժամ անց պարզ դարձավ, որ «Դոլչե վիտան» խոստացված գլուխգործոցը չի լինելու: «Քաղցր կյանքը» զայրացկոտ և տխուր ֆիլմ է, և միայն երբեմն ակնարկում է այն կոռուպցիայի աղբյուրների մասին, որոնք նա ցուցադրում է այնքան մանրամասնորեն: Փոխկապակցված դրվագների հաջորդական օգտագործումը կարող է մասամբ բացատրել թե ինչու է տպավորություն ստեղծվում, որ ֆիլմում նույն բանը կրկնվում է  նորից ու նորից: Եվ սցենարին չի հաջողվում կենտրոնանալ իր գլխավոր հերոսի՝ էժանագին հռոմեական լրագրողի բարոյական խնդրի վրա, ում դերն աներևակայելի մռայլությամբ կերտել է փայլուն Մարչելո Մաստրոյանին:

Ջոն Ջիլետտ (Sight and Sound, 1960թ. ամառ)

5.«Շերբուրյան հովանոցներ»  (Ժակ Դեմի, 1964թ.)

Հմայք, տակտ, զգացմունքայնություն. նոր ֆրանսիական կինոն կարծես մոտենում է հին ֆրանսիական կինոյի ավանդական արժանիքներին: Ժակ Դեմիի «Շերբուրյան  հովանոցները»՝ Գրան պրիի հաղթող ֆիլմն ունի թվարկված բոլոր հատկանիշները, գումարած երբևէ էկրաններ բարձրացած ամենաէլեգանտ գունային ձևավորումը: Նույնիսկ Էսսոյի կանգառի բենզալցակայանները փայլուն կերպով ներառված են ֆիլմի դեկորում, որն ամեն ինչ վերածում է գեղեցկության: Եվ այնուամենայնիվ, այս ֆիլմի նրբագեղ ֆրանսիական օրկեստրում կան պահեր, երբ ամերիկյան մյուզիքլի տարփալի ուրվականը փորձում է դուրս սողոսկել, պահեր՝  երբ շատ բան կարելի էր տալ տեսնելու համար Ջուդի Գարլենդին փողոցով քայլելիս կամ Ջին Քելլիին Շերբուրգում՝ անձրևի տակ պարելիս:

– Պենելոպե Հյուսթոն (Sight and Sound, 1964թ. ամառ)

6.«Տաքսիստը»  (Մարտին Սկորսեզե, 1976թ.)

«Տաքսիստը», անշուշտ, խռովահույզ ֆիլմ է՝ իր ճակատագրապաշտական հայացքով դեպի թափառող միտքը ուղղվածությամբ (մեզ մոտ այնպիսի զգացողություն է, որ մենք նայում ենք Դե Նիրոյին, և որ նա նույնպես մեզ է նայում), իր առանձնահատուկ արյունոտ  հանգուցալուծմամբ և տարօրինակ եզրափակիչ տեսարանով, որն իրենից ներկայացնում է բռնության հետ յուրատեսակ համաձայնություն: Բայց ֆիլմն իրականում այնքան էլ նախախնամություն չէ, որքան կարող էր թվալ կամ կանխատեսում էին նախկինում: Վստահ չեմ, որ Սկորսեզեն այնքան է զուրկ կենսասիրությունից, որպեսզի հարատևորեն համակերպվի ինտրովերտության մոլուցքի հետ, որքան էլ որ բրեսոնյան լինեն նրա, ինչպես նաև նրա սցենարիստ Փոլ Շրյոդերի մտադրությունները: Ֆիլմում փոքր ինչ այն թեզի զգացումը կա, կարծես թե իրադարձությունները տեղի են ունենում սցենարիստի կամքով, և հակաթեզեր են մտածված, թե ինչպես կարելի է դրանցից ցնցող բաներ սարքել։

– Պենելոպե Հյուսթոն (Sight and Sound, 1976թ. ամառ)

7.«Ապոկալիպսիսը հիմա»  (Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա, 1979թ.)

Ֆիլմի առաջին կեսն ավելի դիտարժան է, ձայնեղ է ու պայծառ, ավելի շատ կինոէֆեկտներով։ Ֆիլմում շատ զվարճալի կատակներ կան Վիետնամում գտնվող ամերիկացի զինվորականների մասին, բայց փորձ անգամ չի արվում պարզելու, թե ընդհանրապես ինչ էին անում ամերիկացիներն այնտեղ։ Կոպպոլան ճիշտ է, երբ պնդում է, որ սա միայն Վիետնամի մասին ֆիլմ չէ։ Բայց եթե Վիետնամի մասին չէ, ապա ինչի՞ մասին է։ Չեմ կարծում, որ Կոպպոլան է այն մարդը, ումից կարելի է հարցնել, քանի որ նա դեռ չի կողնորոշվել, թե ինչպես ավարտի իր ֆիլմը: Նա մի տարբերակ ցույց տվեց «Palais»-ում, բայց հաջորդ օրը «Rue d’Antibes»-ում հանդիսատեսը մեկ այլ վերջին տեսարան ստացավ:

– Ռիչարդ Ռուդ (Sight and Sound, 1979թ. ամառ)

8.«Փարիզ, Թեքսաս»  (Վիմ Վենդերս, 1984թ.)

Ինձ համար, ինչպես և շատ ուրիշների համար, Վիմ Վենդերսի «Փարիզ, Թեքսասը» մրցույթի լավագույն ֆիլմն էր: Դա «Road movie/Ճանապարհային ֆիլմ» է (Վենդերսի պրոդյուսերական ընկերության անվանումը), բայց դա շատ ավելին է, քան պարզապես ֆիլմ: Վերջին կես ժամը, որը հանցագործություն կլիներ նկարագրելը, ստիպեց ինձ այնքան մոտ լինել արցունքներին, որքան երբևէ կարող էի: (Եվ դրանք հենց այնպիսի արցունքներ էին, որոնցից հետո չես ամաչի:) Վենդերսն այս ֆիլմն անվանեց  «Ամերիկային հրաժեշտ տալու» իր ձևը: Եվ եթե դա իսկապես այդպես է, ապա դա երբևէ գրված ամենամեծ նամակն է, և հատկապես ուրախալի է, որ այս մրցույթի իսկապես լավագույն ֆիլմն արժանացավ «Ոսկե արմավենու» ճյուղին:

– Ռիչարդ Ռուդ (Sight and Sound, 1984թ. ամառ)

9.«Սրտով վայրիները»  (Դեյվիդ Լինչ, 1990թ.)

Ֆիլմը գործնականում ինքն իրեն բնութագրում է գլխավոր հերոսներից մեկի բերանով որպես «սրտով վայրի և վերևում (գլխով) շատ տարօրինակ»։ Սա իսկապես շատ տարօրինակ ֆիլմ է, կես կատակ, կես լուրջ՝ ամերիկյան բռնության ծագման մասին: Մեզ չի հաջողվում ոչնչից խուսափել՝ պայթած գլուխներից մինչև վիրավորների կտրած ձեռքերով փախչող շները։ Առաջին ժամը զարմանալի է, եթե դուք ընդհանրապես ընդունակ լինեք այն ընկալելու: Բայց երկրորդում կարելի է նկատել մեծ երկմտանք, կարծես թե զառիվայր իջնելուց բացի այլ տեղ չկա գնալու։ Իսկ վերջին պտույտը այնքան զվարճալի է, որ թվում է, թե Լինչը շոյում է մեր գլուխը՝ գանգին մի շարք մուրճի հարվածներ հասցնելուց հետո, որոնք նա իրականում մտադիր չէր տալ՝ ուղեղի ցնցում առաջացնելու համար:

– Դերեք Մալքոլմ (Sight and Sound, 1990թ. ամառ)

10.«Դաշնամուրը»  (Ջեյն Քեմփիոն, 1993թ.)

Որոշ ժամանակ ես չէի կարողանում առանց ցնցվելու մտածել, էլ չեմ խոսում գրել «Դաշնամուրը» ֆիլմի մասին: Զգացմունքների հեղեղ առաջացնելով՝ «Դաշնամուրը» պահանջում է նույնքան ֆիզիկական և էմոցիոնալ արձագանք, որքան որինտելեկտուալ: Կինոյի ստեղծման առաջին օրերից, երբ հանդիսատեսները ոտատակ էին գցում իրար՝ հրելով դեպի ելքը, որպեսզի խուսափեն էկրանից դուրս եկող գնացքից, ես չէի կարող պատկերացնել, որ ֆիլմը կարող է նմանատիպ ազդեցիկ տպավորություն գործել: Ինչպես Ադայի դաշնամուրային երաժշտությունը, որը նկարագրվում է որպես «տրամադրություն, որն անցնում է քո միջով… ձայն, որը հոսում է քո մեջ», սա կինոն է, որը լիցք է հաղորդում բոլոր զգացումներին:

Լիզզի  Ֆրենք (Sight and Sound, 1993թ. նոյեմբեր)

11.«Ռոզետտա»  (Ժան-Պիեռ և Ժան Լյուկ Դարդեն եղբայրներ, 1999թ.)

Դարդեն եղբայրները Լիեժից տարիներ շարունակ վավերագրական ֆիլմեր են նկարահանում, հիմնականում՝ ոչ հանրահայտ, և երբ մրցույթի վերջում հայտնվեց նրանց նոր ֆիլմը, ոչ ոք դրանից շատ բան չէր սպասում, առավել ևս՝ «Ոսկե արմավենու ճյուղ»: Բայց այն տարում, երբ նա սայթաքեց սեփական ինքնասիրության վրա,  «Ռոզետտայի» հաղթանակը վստահության քվե դարձավ Ալան Քլարկի  կոշտ ռեալիզմի դպրոցի համար: Սա երիտասարդ աղջկա դիմանկար է, որն ապրում է թրեյլերում իր հարբեցող մոր հետ, փորձում է արժանապատիվ աշխատանք գտնել և պայքարում է իր ներքին հակասությունների դեմ: Դարդենները ստիպում են մեզ հիանալ Ռոզետտայի աննկուն ոգով, այնուհետև քաշում են գորգը մեր ոտքերի տակից՝  ցույց տալով, որ նա դավաճանել է իր միակ ընկերոջը: Ֆիլմն առանձնացավ փայլուն բացահայտումով՝ երիտասարդ Էմիլի Դեքենի հիանալի խաղով  (միաժամանակ՝  հում և ոչ ցուցադրական), ով ստացավ փառատոնի լավագույն դերասանուհու մրցանակը:

– Ջոնաթան Ռոմնի (Sight and Sound, 1999թ. հուլիս)

12.«4 ամիս, 3 շաբաթ և 2 օր»  ( Քրիստիան Մունջիու, 2007թ.)

«4 ամիս, 3 շաբաթ և 2 օր» ֆիլմը հաղթող է ճանաչվել և արժանացել քննադատների բուռն ծափահարություններին։ 1980-ականների սկզբին կոմունիստական ​​Ռումինիայում երկու ուսանողուհիներ կիսում են մռայլ տեսք ունեցող սենյակը՝  կանանց հանրակացարանում: Պարզվում է, որ Գաբիտան հղի է և պայմանավորվել է տղամարդու հետ անօրինական աբորտ անելու համար, բայց երբ նրա հարևանուհի Օտիլիան ստուգում է մանրամասները, նա պարզում է, որ հյուրանոցը պատշաճ կերպով ամրագրված չէ, Գաբիտան ստել է, թե որքան ժամանակ է հղի, և նրանց հավաքած գումարն անբավարար է։  Այսպիսով սկսվում է սակարկությունների և հոգնեցուցիչ անձնազոհության երկար գիշերը թե՛ Օտիլիայի, թե՛ Գաբիտայի համար: Քննադատների տիպիկ ընտրությունը՝ «4 ամիսը» պատկերում է դժոխքը երկրի վրա՝ ճակատագրի հեգնական շրջադարձերի, պոետիկ-ռեալիստական տեսախցիկի ոճի, դետալների նկատմամբ անսովոր ուշադրության և  փառատոնի բազմաթիվ կին աստղերից մեկի՝ Աննամարիա Մարինկայի Օտիլիայի դերում հուզիչ կատարման միջոցով:

– Նիք Ջեյմս (Sight and Sound,  2007թ. հուլիս)

13.«Քեռի Բունմին, ով հիշում է իր անցյալ կյանքերը»  (Ապիչատպոնգ Վեյրասեթաքուլ, 2010թ.)

«Որոշ շրջանակներում տարակուսանք կար, որ Ապիչատպոնգ Վեյրասեթաքուլը շահեց «Ոսկե արմավենու ճյուղը», բայց ինձ համար նրա նուրբ և ապշեցուցիչ այլաշխարհիկ քեռի Բունմին, ով կարող է հիշել իր անցյալ կյանքերը, լիովին արժանի ընտրություն էր: Ֆիլմն ապշեցուցիչ պատկերումն է արքայադստեր մասին հեքիաթի, ով այցելում է կախարդական լողավազան, որտեղ նա դեն է նետում իր զարդերը և սեր է ստանում կատվաձկից: Այս հմայիչ աբսուրդային տեսիլքը նկարահանվել է մասամբ որպես հարգանքի տուրք համր կինոյի մոգությանը, որը լուսավորված է այնքան գունատ, գրեթե թափանցիկ երանգներով, որ անհանգստանում եք դրա փխրուն ճակատագրի  համար՝ անփույթ կինոմեխանիկների ձեռքերում:

-Նիք Ջեյմս (Sight and Sound, 2010թ. հուլիս)

14.«Պարազիտ»  (Բոն Ջուն-Հո, 2019թ.)

Կորեացի ռեժիսոր Բոն Ջուն-Հոյի «Պարազիտը» իմ գրեթե բոլոր կոլեգաների սիրելի ֆիլմն էր (Կաննում), և դա փորձված մարդու ընտրություն է, բազմաշերտ անարխիստական ​​«սև» կատակերգություն՝ քաղաքական թիրախավորումով. բրավուրա-հյուրասիրություն, որն ընդունակ է ստիպել հանդիսատեսին հրճվանք զգալ: Ինչպես անցյալ տարվա «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր Հիրոկազու Կորեեդայի «Խանութների գողերը», ֆիլմը մեզ ծանոթացնում է դժվարին պայմաններում ապրող ընտանիքի հետ, բայց այստեղ ավարտվում է ճապոնական ֆիլմի հետ «Պարազիտի» նմանությունը: Այն մարմնավորում է 2019 թվականի Կաննի կինոփառատոնի ժանրերից հավաքական լավագույնը:

– Նիք Ջեյմս (Sight and Sound, 2019թ. հուլիս)

    15.«Տիտան»  (Ջուլիա Դյուկուրնո, 2021թ.)

Դյուկուրնոյի քրոնենբերգյան հեքիաթը հետևում է սերիական մարդասպանին (տխուր աչքերով Ագաթե Ռուսսելին), որը բեղմնավորվում է մեքենայից, ապա փախուստի դիմում, քողարկում է իր հղիությունը և սեռը՝ որպես միայնակ հրշեջի վաղուց կորած որդու կերպարանք (զարմանալիորեն խոցելի Վինսենթ Լինդոն): Բոդի-հորրորի և աղմկահարույց կինեմատոգրաֆիայի ֆոնին Դյուկուրնոն ավելացրեց նաև հումոր, սեքսուալություն և պարային տեսարաններ, և թեև դա միանգամայն հաճելի վայրի ատրակցիոն էր, որն անհրաժեշտ է դիտել մեծ էկրանին, բայց ո՞վ կհամաձայնվի միայնակ մնալ, տեսնելու համար, թե ինչպես է հերոսուհին հանրային զուգարանի լվացարանի եզրն օգտագործում՝ քթի կերպարանափոխող պլաստիկ վիրահատություն անելու համար: – Հետաքրքիր է, թե որքան բան է կատարվում մետաղական փայլի տակ:

Իզաբել Սթիվենս (Sight and Sound, 2021 սեպտեմբեր)

Աղբյուր

Թարգմանությունը՝  Էլեն Դանիելյանի