«Փոթորիկ» երկը Շեքսպիրի ստեղծագործության մեջ բացառիկ է. ամենայն հավանականությամբ, այն Շեքսպիրի գրած վերջին պիեսն է եղել: Մեծ ողբերգակի համար սա կարծես եզրափակիչ մի արար է, որով մարդկային դրաման միստիցիզմի ու թաքնագիտության «ալքիմիայով» լուծվում  ու հանգում է բնական պարզության:

Հիմա վերջ է տրված իմ դյութանքին.

Ապավինում եմ ես լոկ իմ նվազ ուժին…

Ինչպես որ ձեզ է հաճո զանցանքներից ձեր ազատվել,

Նույնպես և ինձ` ներողամտությամբ ձեր ազատ արձակվել:

Ֆրանսիացի մտածող և փիլիսոփա Միշել Մոնտենն իր  «Փորձեր»  երկի «Վասն  մարդակերների» գլխում գրում է.

«Ես Պլատոնին կասեի. ահա մի ժողովուրդ, որ չունի ոչ առևտուր, ոչ գիր, ոչ հաշիվ. իշխանության, կամ  մնացածների նկատմամբ  գերազանցության ոչ մի նշան, ստրկության ոչ մի հետք: Ոչ ունևորություն և ոչ աղքատություն,  ոչ ժառանգություն,  ոչ գույքաբաժանում. պարապությունից բացի ոչ մի զբաղմունք …»

Շեքսպիրը բառացիորեն փոխ առնելով այս խոսքերը` իր պիեսի հերոս Գոնզալոյի բերանով շարունակում է.

«Բնության մեջ հարկ է, որ ամեն ինչ առանց ջանք ու քրտինքի ստեղծվի. ես դավ ու հանցանքի, դանակ ու զենքի, հրազենի կամ մեքենայի կարիք պիտի չունենամ: Իսկ բնությունն իր բարիքներն առատորեն կպարգևի  իմ անմեղ ժողովրդին կերակրելու համար: »

 Ուտոպիական այդ հասարակությունը հիշեցնում է Վերածննդի ոսկեդարը: Ահա թե ինչու է ժամանակակից կինոարվեստի ամենահամարձակ վարպետներից մեկը` Փիթեր Գրինուեյը, որի ֆիլմերին բնորոշ են Վերածննդի շրջանի ու բարոկկո նկարչության մոտիվները, «Փոթորիկը» պիեսի հիման վրա  նկարահանած  «Պրոսպերոյի գրքերը» (1991) ֆիլմում այդքան մերկ մարմիններ ցուցադրում. մի բան, որ դիտողների ու կինոքննադատների կողմից ընկալվել է որպես չափազանցություն, մինչդեռ կինոքննադատ Ռոջեր Իբերտի կարծիքով` «ֆիլմի գրախոսականները մեծամասամբ վրիպել են»*:

Գրինուեյն իր  մեծակտավ այս ֆիլմում Վերածննդի դարաշրջանի ոգին է փորձել փոխանցել` գրոտեսկային իդեալական հասարակության պատկերումով: Դրան մեծապես նպաստում է նաև Գրինուեյի մշտական գործընկեր Մայքլ Նայմանի  նորագույն դասական –օպերային  բուրլեսկային երաժշտական ձևավորումը:

Գլխավոր հերոս Պրոսպերոն ինքն էլ հոգու խորքում  հենց այդ նույն ուտոպիական իդեալիզմի կրողն է: Նա բնության գաղտնիքների մեջ թափանցելու և նրբին ուժերին տիրապետելու արվեստն ուսանելիս այնքան է տարվել թաքնագիտությամբ, որ հեռացել է մարդկային սովորական կյանքից, և ի վերջո` եղբոր դավադրության զոհը դարձել: Միլանի գահընկեց դուքս Պրոսպերոն ի զորու է սեփական կամքը թելադրել ոգիներին, և հենց բնության տարերքի միջոցով էլ լուծելու է իր վրեժը:

Լույսի, պատկերի, ձայնի, մերկ մարմինների, շարժման ու գույնի  այս ֆանտասմագորիայում երազայինն ու անիրականը կենդանություն են առնում՝ ասես Վերածննդի շրջանի կտավներից  դուրս եկած  բազմաթիվ մարդկանցով:

Գրինուեյի  ֆիլմերին առհասարակ բնորոշ են կյանքի թաքուն կողմը խորհրդանշող երևույթները` ծնունդն ու մահը, պտղաբերումն ու քայքայումը,   մարդու  մարմնավոր գոյության զավեշտ-ողբերգը…

«Մենք երազից ենք հյուսված, և մեր կարճատև կյանքը քնով է լցված»:

 Պրոսպերոյի արտասանած հենց այս տողերով է ավարտվում շեքսպիրյան պիեսի հիման վրա նկարահանված մեկ այլ ֆիլմ` Դերեք Ջարմենի «Փոթորիկը» (1979): Կադրում  հայտնվում է Պրոսպերոն, որն ինչպես և ֆիլմի սկզբում` քնած է. կարծես ողջ պատմությունը գլխավոր հերոսի կամ դիտողի գլխում է լոկ տեղի ունեցել: Գրինուեյը ֆիլմի ավարտի հարցում առավել հարազատ է մնում շեքսպիրյան բնագրին, բայցևայնպես, թե՛ «Պրոսպերոյի գրքերը », թե՛ Ջարմենի լավագույն ֆիլմերից մեկը համարվող «Փոթորիկը» Շեքսպիրի պիեսի ազատ փոխադրություններ են: Ջարմենն իր հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ պիեսի կախարդանքը մշտապես իր հետ է եղել, և նա դիտավորյալ խուսափել է դիտել  թատերական ներկայացումները, որպեսզի իր ներսում դեռ պատանեկության տարիներից մնացած այդ տպավորությունը չվերանա:

Եթե Գրինուեյը զուգահեռներ ունի բարոկկոյի ու Վերածննդի շրջանի հետ, ապա Ջարմենն ուղղակի զուգահեռներ ունի «Կախարդական սրնգի» հետ` Պրոսպերոյի դուստր Միրանդայի ու արքայազն Ֆերդինանդի հեքիաթային կերպարներից մինչև Գեորգե Զամֆիրի մոգական սրնգով երաժշտական ձևավորումը:

Ի՞նչ է սա. վհուկ Սիկորաքսը դարձել է «Կախարդական սրնգի» գիշերվա թագուհի՞ն… Սևամորթ էլիզաբեթ Ուելչը եզրափակում է ֆանտաստիկ այդ շոուն երգելով «Փոթորկուն եղանակ» հանրահայտ երգը՝ գիշերվա թագուհու կերպարից ներշնչված իր զգեստով.

Եթե անորսալի հնչյուններով լի երազային աշխարհը Դերեք Ջարմենի ֆիլմում պատկերանում է ամբողջովին կապույտ կադրերով (հիշենք արտասովոր այս ռեժիսորի  վերջին ֆիլմը`«Կապույտը», 1993), ապա Գրինուեյը շեքսպիրյան դյութանքի բացարձակ նոր մի  շերտ է վեր հանել՝գրքե՛րը, որոնց շնորհիվ նկարիչ-կինոռեժիսորը հանդիսատեսին պարգևում է նաև անիմացիոն  հրաշքի  ու վայելչագրության էսթետիկ հաճույքը:

Ֆիլմը նորարարություն է ոչ միայն օպերայի, մնջախաղի, պարի ու կինոարվեստի միաձուլման տեսանկյունից, այլ նաև՝ անիմացիոն տեխնիկայի: Բազմաթիվ շարժվող և անշարժ պատկերների  շերտ առ շերտ համադրումն ու թվային մշակումն իրականացվել է Ճապոնիայում: Ֆիլմում առկա գրքերը Շեքսպիրի պիեսի հետ անմիջական առնչություն չունեն, այդուամենայնիվ, այնպես են ձուլվում սյուժեին, որ թվում է, թե դրանք ևս առկա են  հանելուկային այս պիեսում: Եվ հենց գրքերի շնորհիվ է առավել շեշտվում շեքսպիրյան շունչն ու «Փոթորիկ» պիեսին բնորոշ էզոթերիզմը:

«Գիրք շարժմանց», «Գիրք համայնական տիեզերագիտության», «Գիրք սիրո», և այլն… Քսանչորս գրքեր, որոնք աղերսվում են Էպիկուրուսի կորուսյալ գրքերի հետ: Վերջին գիրքը  հնարամիտ լուծումով՝ հենց  Շեքսպիրի «Երեսունվեց պիես» հատորն է, որում, սակայն, ընդամենը երեսունհինգ պիես կա, իսկ երեսունվեցերորդի համար գրքում ազատ էջեր են թողնված:

Ֆիլմի ստեղծման գաղափարն անմիջականորեն կապված է գլխավոր դերակատարի՝ անգլիական բեմարվեստի լեգենդար դերասան և թատրոնի ռեժիսոր Ջոն Գիլգուդի հետ: Թատրոնի բեմում նա լավագույն Պրոսպերոն է եղել` «մետաքսով խլացված արծաթահունչ շեփորի» նմանվող  իր անկրկնելի ձայնով** : Սըր Ջոն Արթուր Գիլգուդը Պրոսպերոյի կերպարը  կինոյում մարմնավորելը համարում էր իր կյանքի գործը: Այդ դերը խաղալու համար նա բազմիցս դիմել էր ռեժիսորներ Կուրոսավային, Բերգմանին, Ալեն Ռենեին, Օրսոն Ուելլսին, սակայն համագործակցությունը կայացավ Գրինուեյի հետ: Որպես Պրոսպերո` թատրոնում Գիլգուդն առաջին անգամ  հանդես է եկել 1930 թվականին, իսկ Գրինուեյի ֆիլմում նկարահանվելիս նա արդեն ութսունվեց տարեկան էր (Գիլգուդը վախճանվեց ֆիլմն էկրան բարձրանալուց 9 տարի անց): Ի դեպ, «Պրոսպերոյի գրքերը» ֆիլմում կա ևս մի նորարարություն. Գիլգուդը ձայնավորել է բոլոր մյուս հերոսներին, ինչն էլ ավելի է շեշտում ֆիլմի ու Շեքսպիրի պիեսի երազային, խորհրդավոր մթնոլորտը:

Հեղինակ՝ Լուսինե Հովհաննիսյան

Աղբյուր 1․

Աղբյուր 2․