Մենք ապրում ենք թվային տեխնոլոգիաների դարաշրջանում, որտեղ կինոարտադրության գրեթե ողջ գործընթացը հիմնովին տարբերվում է դասական կինոյի ստեղծման օրինաչափություններից. թանկարժեք և մանրակրկիտ աշխատանք պահանջող ժապավենային կինոնկարներին փոխարինելու են եկել անհամեմատ հասանելի և պարզ մեխանիզմ ունեցող՝ թվայնացված ֆիլմերը, իսկ մոնտաժի սեղանի առջև արվածին՝ համակարգչային մոնտաժը:

Սակայն պնդել, թե ժապավենային կինոն այլևս անցյալում է՝ չափազանց սխալ  և ցավալի կլիներ: Ինչպես շատ մելոմաններ նախընտրում են վինիլային սկավառակներ, այնպես էլ՝  կինոմանների շրջանում ևս պահպանվել են ֆիզիկական կրիչների՝ այս դեպքում ժապավենային կինոյի սիրահարներ: Բացի երևույթի նոստալգիկ բնույթ կրելուց կան նաև այլ բացատրություններ. եթե ձեզ գեթ մեկ անգամ հնարավորություն է վիճակվել կինոթատրոնի մեծ էկրանին դիտել ժապավենային ֆիլմ, ապա վստահաբար նկատել եք կինոնկարի թողած արտասովոր տպավորությունը, զգացել «կենդանությունը»,  դահլիճի օդում կախված յուրատեսակ մթնոլորտը, ժապավենի «թրթռոցը»:  Դժվար է նկարագրել ժապավենային կինոյի կախարդանքը. ի տարբերություն թվային ֆիլմերի, ժապավենային ֆիլմերն ունեն «մարմին» և յուրաքանչյուր դիտումը հետքեր է թողնում ժապավենի վրա, ինչի արդյունքում, ժամանակի ընթացքում, այն մաշվում է: Ժապավենի մեջ է ներծծված ժամանակը, որը այն պահպանում է որպես յուրատեսակ «կապսուլա»:

Հեռուստացույցով կամ համակարգչով դիտելիս հանդիսատեսը բնականաբար չի կարող տարբերել, թե արդյոք ֆիլմը նկարահանված է  թվային, թե՞ ժապավենային ֆորմատով: Իհարկե անվերջ կարելի է վիճել տարբերակներից յուրաքանչյուրի առավելությունների և թերությունների մասին, սակայն մի բան անվիճելի է՝ այսօր ժապավենային կինո նկարահանում են մեկ տասնյակից քիչ ավելի ռեժիսորներ, որոնց շարքում են Վուդի Ալլենը, Մարտին Սկորսեզեն, Սթիվեն Սփիլբերգը, Քվենտին Տարանտինոն, Քրիստոֆեր Նոլանը, Լուկա Գուադանյինոն, Ուես Անդերսոնը, Անդրեյ Զվյագինցևը, Դարրեն Արոնոֆսկին և Ռոբերտ Էգգերսը: Ամերիկացի այս ռեժիսորի՝ Ռոբերտ Էգգերսի անունը համեմատաբար ոչ վաղ անցյալում է հայտնի դարձել «մեծ կինոյում», սակայն  բավական է մեկ անգամ տեսնել նրա ռեժիսորական ձեռագիրը՝ դրանում համոզվելու համար: Էգգերսին իրավամբ կարելի է անվանել մեր ժամանակների Ալֆրեդ Հիչքոք. ի տարբերություն սարսափի ժանրի ռեժիսորների մեծամասնության, Էգգերսն ինչպես և «Սասպենսի Վարպետը» իր ֆիլմերում վախի և տագնապի  մթնոլորտ է ստեղծում ոչ թե «արյան հեղեղի», այլ՝ աճող հոգեբանական լարվածության միջոցով: Էգգերսն իր կինոնկարներում մշտապես խաղարկում է միֆը՝ ֆիլմի տիրույթում ստեղծելով զգայական-ինտելեկտուալ պատկերային տեքստ, ժանրային նախապատվությունը տալով՝ արտ-հաուս սարսափ ֆիլմերին:

Ռոբերտ Էգգերսի ռեժիսորական դեբյուտը Անյա Թեյլոր-Ջոյի մասնակցությամբ «Վհուկը/The Witch» (2015թ.) ֆիլմն է, որի պրեմիերան կայացավ ամերիկյան անկախ կինոյի խոշորագույն «Սանդենս» կինոփառատոնի շրջանակներում: Ֆիլմն արժանացավ և՛ կինոքննադատների, և՛ հանդիսատեսի հավանությանը՝ հաղթելով փառատոնի «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում: Էգգերսի ռեժիսորական դեբյուտի հաղթարշավին հաջորդեց նրա ոչ պակաս հաղթական «Փարոսը/The Lighthouse» (2019թ.) ֆիլմը, որն առաջադրվել է աշխարհի տարբեր կինոփառատոններում, շուրջ 139 անվանակարգերում (Լավագույն ֆիլմ, Լավագույն ռեժիսոր, Լավագույն դերասան, Երկրորդ պլանի լավագույն դերասան, Լավագույն օպերատորական աշխատանք, Լավագույն մոնտաժ)՝ ներառյալ «Օսկար», BAFTA՝  հաղթելով դրանցից 34-ում, այդ թվում` արժանանացել է Կաննի կինոփառատոնի  FIPRESCI մրցանակին:

«Փարոսը» ֆիլմը նկարահանվել է 35մմ ժապավենի վրա, սև ու սպիտակ նեգատիվով, օգտագործելով  1930թ. ոսպնյակներ և տեսախցիկին հարմարեցված վինտաժ ֆիլտրեր, ինչի շնորհիվ օպերատորին հաջողվել է տասնիններորդ դարին բնորոշ կոլորիտը արտահայտել անցյալ դարի 30-ականների կինոարտահայտչամիջոցներով:

Ֆիլմի առաջին կադրերը մեզ տեղափոխում են 1890-ական թվականներ, դեպի Նոր Անգլիայի ժայռապատ կղզիներից մեկի փարոսը: Պատմությունը սկվսվում է երիտասարդ տղամարդու կղզի ժամանումով, որը ներկայանալով իբրև Եփրայիմ Ուինսլոու (Ռոբերտ Փեթինսոն) պարտավորվում է չորս շաբաթ ժամկետով կատարել փարոսի պահապանի պարտականությունները: Փարոսի կաղ ծերունի պահապանը՝  Թոմաս Ուեյքը (Ուիլյեմ Դեֆո), հանձնարարում է Ուինսլոուին կատարել կղզու ողջ տաժանակիր աշխատանքը, սակայն արգելում է բարձրանալ աշտարակ և մոտենալ փարոսի լապտերին (լույսի աղբյուրին): Ինքնամփոփ և լրջադեմ տղամարդուն չափազանց զարմացնում է ծերունու այս հրամանը, բայց նա լուռ ենթարկվում է: Ուինսլոուն ներքնակի միջից գտնում է ջրահարսի արձանիկ և խնամքով թաքցնում է գրպանում: Ուշ երեկոյան,  օրվա աշխատանքն ավարտին հասցնելուց հետո, փարոսի պահապանները միասին ճաշում են, և Ուեյքը ստիպում է Ուինսլուին  իր հետ խմել, սակայն վերջինս հրաժարվում է, պատճառաբանելով, որ ծառայության ընթացքում ըստ կանոնակարգի արգելվում է ալկոհոլ օգտագործելը: Ծերունին փրփրում է, սակայն գիտակցելով, որ երիտասարդն իրենից անհամեմատ ամրակազմ և ուժեղ է, հանդարտվում է, որոշելով՝ հարցուփորձ անել քչախոս Ուինլսուին իր նախկին կյանքի մասին: Ուինսլոուն պատմում է, որ նախկինում փայտահատ է եղել, սակայն որոշ ժամանակ առաջ որոշել է թողնել կանադական անտառները և հաստատվել նահանգներում: Հետևելով Ուեյքին՝ Ուինսլոուն նկատում է, որ ծերունին ամեն գիշեր գաղտնի բարձրանում է փարոսի աշտարակը և մերկանում լույսի առաջ: Աշտարակի կողպված աստիճանավանդակների արանքից Ուինլսոուն սարսափով տեսնում  է հսկայական շարժվող շոշափուկներ: Այսքանով տարօրինակ դեպքերը չեն ավարտվում. ամեն անգամ խմելու ջրի աղբյուրը մաքրելիս Ուինսլուի վրա է հարձակվում միաչքանի ճայ, որին նա քշում է: Ավելի ուշ ծերունի Ուեյքը Ուինսլուին զգուշացնում է, որ ճայ սպանելը վատ նշան է, քանի որ մահվանից հետո ճայերի մեջ են ապրում ծովայինների հոգիները, ինչին Ուինսլոուն քմծիծաղով է վերաբերվում՝ ծերունու խոսքերն անվանելով դատարկ սնահավատություն:

Երիտասարդ տղամարդուն սկսում են տեսիլքներ հետապնդել. նա տեսնում  խեղդված մարդու մարմին և լողացող ջրահարս, որն իրեն ծովի հատակն է կանչում: Լարվածության մեծանալուն զուգընթաց՝ Ուինսլոուն սկսում է չհրաժարվել խմիչքից՝ ամեն երեկո լսելով ծերունու պատմություններն ու ծովայինի երգերը և հարբած ձայնակցելով նրան: Երբ երիտասարդը հետաքրքրվում է փարոսի պահապանի նախորդ օգնականի ճակատագրով՝ Ուեյքը պատասխանում է, որ իր միաչքանի օգնականը մահացել է, սակայն մինչ այդ ցնորվել է, զառանցել ջրահարսերի մասին, զգայապատրանքներ ունեցել: Հերթական անգամ խմելու ջրի աղբյուրը մաքրելիս Ուինսլոուի նյարդերը չեն դիմանում ճնշմանը և նա պատեպատ տալով սպանում է ճային: Կղզում հավաքվում  է ճայերի հսկայական երամ, ամենուրեք լսվում է նրանց չարագույժ ձայնը: Ծառայության ժամկետի լրանալուն մնում են հաշված օրեր և Ուինսլոուն անհամբերությամբ սպասում է նավի ժամանմանը: Ծառայության վերջին օրը Ուինսլոուն տեսնում է ծովի ափ նետված, ջրիմուռներով ծածկված, կնոջ մարմին: Մոտենալով նա դիպչում է անշունչ թվացող մարմնին,  փորձելով ազատել տիղմի և ջրիմուռների կապանքներից և նույն պահին էլ  սարսափահար հեռու է նետվում՝ լսելով գիտակցության եկած ջրահարսի ճիչը: Վախից կաթվածահար Ուինսլոուն, փարոս վերադառնալով, չի համարձակվում պատմել ծերունուն իր տեսածի մասին: Երբ Ուեյքը քնած է լինում, Ուինսլոուն դանակով կռանում է վերջինիս անկողնու վրա, ցանկանալով սպանել ծերուկին՝ փարոսի աշտարակի բանալիների կապոցին տիրանալու համար, սակայն վերջինս արթնանում է: Սկսվում է մոլեգին փոթորիկ. գիշերային հարբեցողության ժամանակ բռնկված հերթական վեճի ժամանակ Ուեյքը Նեպտունի (Պոսեյդոնի հռոմեական անվանումը)  անեծքն է ուղղում երիտասարդի վրա: Հարբած և սարսափահար Ուինսլոուն որոշում է խիղճը թեթևացնել՝  ծերունուն պատմելով հոգու վրա ծանրացած մեղքի մասին՝ խոստովանելով, որ իր անունը Թոմաս Հովարդ է, իսկ ներկայիս անունն ինքը սեփականացրել է, երբ իր աչքի առաջ խեղդվել է Եփրայիմ Ուինսլոուն՝ նախկին գործատուն: Երիտասարդը խոստովանում է, որ տանջվում է այն մտքից, որ ոչ միայն չի փրկել իրական Ուինսլուին, այլ՝ իրեն է վերցրել վերջինիս անունը և փաստաթղթերը: Ամայացած թվացող փարոսի խորքերից լսվում է ծերունու չարագուշակ ձայնը, որն ասում  է թե Թոմմին զուր է իր առջև բացել գաղտնիքը:  Կինոխցիկը հետևում է դուրս վազող Թոմմիին, որը շրջում է դեմքով գետնին պառկած կապկպված տղամարդուն և տեսնում՝ ինքն իր դեմքը: Հաջորդ ստոպ կադրում տեսնում ենք մերկ Թոմաս Ուեյքին՝ Թոմմիի բազուկից բռնած: Ծերունու աչքերից լույսի կուրացնող ճառագայթներ են հորդում՝ կերպարի կադրային կոմպոզիցիան նույնացնելով գիշերային փարոսի լուսարձակման հետ: Այս տեսարանում ռեժիսորը կրկնել է դասական գեղանկարչության, գերմանական սիմվոլիզմի հայտնի ներկայացուցիչ՝ Սաշա Շնայդերի «Հիպնոս» (1904թ.) նկարը:

Ուինսլոուի բորբոքված գիտակցության շերտերում խառնվում են պատրանքն ու իրականությունը, նրան սկսում է թվալ, որ նախկին պահապանի մահվան պատճառը ծերունի Ուեյքն է, ով հիմա էլ իրեն է ուզում սպանել: Իր հոգում առաջացած անորոշության, տագնապի, զգայական ցնորքների, միֆոլոգիական սիմվոլների, խմիչքից բթացած գիտակցության և ենթագիտակցական վախերի պատճառով Թոմմին կորցնում է ժամանակի ընկալման զգացողությունը.  նա դադարում է հասկանալ,  թե որքան ժամանակ է անցել փոթորկի սկսվելուց ի վեր: Սկզբում նա փորձում է կղզու վրա եղած միակ նավակով փախչել անիծյալ փարոսից, սակայն ծերունին կացնահարում է նավակը, դրանով իսկ անհնար դարձնելով փախուստը: Հերոսի համբերության վերջին կաթիլն է դառնում իր ծառայության և վարքագծի մասին ծերունու  կողմից արված նշումների բացահայտումը, որտեղ իր կատարած քրտնաջան աշխատանքը գնահատելու փոխարեն՝ ծերունին առաջարկում է ղեկավարությանը զրկել իրեն աշխատավարձից, որպես շարքային անբանի: Հուսահատության և մոլեգնության պոռթկումի պահին Թոմմիի բերանից դուրս են ժայթքում Ուեյքի մասին շաբաթներ շարունակ կուտակված մեղադրանքներն ու լուտանքները: Ի պատասխան ծերունի Ուեյքն ասում է, որ Թոմմին խելագարվել է և մեղադրում է նրան կացնով իր վրա հարձակվելու և նավակը մասնատելու մեջ: Ծեծկռտուքի ժամանակ Թոմմին Ուեյքի փոխարեն մերթ տեսնում է տենչալի ջրահարսի մարմինը, մերթ՝ հանգուցյալ Եփրայիմ Ուինսլոուին, մերթ Ուեյքին՝ հսկայական շոշափուկներով ծովային հրեշի տեսքով, մերթ էլ ծերունու՝ մարդկային կերպարանքով: Թոմմին ստորացնում է ծերունուն՝ վզից պարանով  կապելով, ստիպում է նրան շան նման չորեքթաթ քայլել և հաչալ, ապա տանում է փարոսի աշտարակի կողքի թմբի մոտ և ողջ-ողջ թաղում հողի մեջ:

Մինչ Թոմմին բահով հող է լցնում Ուեյքի վրա, ծերունին մարգարեական խոսքեր է հնչեցնում, որոնք սակայն Թոմմիին չեն կանգնեցնում: Միայն հաստատված ծանր լռությունից հետո է նա գիտակցում իր արարքի լրջությունը, ապարդյուն փորձելով՝ անշնչացած ծերունուն հանել հողի տակից: Հասկանալով, որ այլևս հնարավոր չէ նրան օգնել, Թոմմին Ուեյքի գոտուց պոկում է բանալիների կապոցը և բարձրանում է փարոսի աշտարակի աստիճանավանդակներով: Անսպասելիորեն թիկունքից նրա ուսին կացնի հարված է հասնում, Թոմմին ցավից և վախից այլայլված դեմքով շրջվում է, տեսնելով՝ Ուեյքին:  Ծերունին, անգամ մահվան հոգևարքի մեջ լարելով վերջին ուժերը, փորձում է կանգնեցնել երիտասարդին փարոսի լապտերին մոտենալուց, գոռալով՝  «Լույսը միայն  իմն  է»: Վիրավոր Թոմմին Ուեյքի ձեռքից խլում է կացինը և սպանում նրան, ապա դժվարությամբ ոտքերը քարշ տալով բարձրանում է փարոս: Մոտենալով փարոսի հայելային լապտերին Թոմմին կանգ է առնում: Կինոխցիկը որսում է երիտասարդի հայացքը, որի բանական, գիտակցված արտահայտությունը վայրկյաններ անց փոխվում է, դառնալով՝ էքստատիկ և խելագար. Թոմմին սկսում է գոռալ և փարոսի ատիճաններից ցած է գլորվում: Այս կադրերին հաջորդում է ֆիլմի եզրափակիչ տեսարանը, որտեղ կիսամեռ Ուինսլոուն ընկած է փարոսի դիմաց, ծովի ափին, իսկ ճայերը կտցահարում են նրա գալարվող մարմինը:  Տեսարանը կրկնում է բելգիացի սիմվոլիստ նկարիչ Ժան Դելվիլի «Պրոմեթևսը» (1888թ.) նկարը:

Ֆիլմի սյուժեն չափազանց հագեցած է ու բազմաշերտ, ֆիլմի գաղափարը և ռեժիսորական մտահղացումը լիարժեք հասկանալու համար անհրաժեշտ է այն վերլուծել տարբեր համատեքստերում: Պարզագույն սյուժետային վերլուծության ենթարկելիս կարող է թվալ, թե սա պատմություն է վախից և ալկոհոլի ազդեցությունից իրականության օբյեկտիվ ընկալումը կորցրած փարոսի պահապանի մասին, ում բորբոքված երևակայությունը շարունակ տեսիլքներ է առաջացնում: Այս տեսանկյունից վերլուծելիս՝ Ուեյքը ոչնչում մեղավոր չէ, նրա միակ մեղքը ծերունական համառ քմահաճությունն է, որով նա արգելում է Թոմմիին բարձրանալ «իր» փարոսը: Սակայն միամտություն կլինի ֆիլմի հարուստ միֆոլոգիական ենթատեքստը հաշվի չառնելը: «Vox»-ին տված հարցազրույցում Ռոբերտ Էգգերսը, խոսելով ֆիլմի մտահղացման առաջացման և ստեղծագործական պրոցեսի մասին, տվել է նաև կինոնկարի ընկալման բանալին. «Անշուշտ, մեր մտահղացման հիմքում ընկած է առասպելը: Սկսենք մթնոլորտից. եղբայրս (Մաքս Էգգերսը) մի գաղափար ուներ՝ փարոսն աշխատացնող ուրվականի մասին, որն էլ հենց իմ գլխում ստեղծեց (ֆիլմի) աշխարհի պատկերն ու զգացողությունը: Այնուհետև մենք ստացանք իրական դեպքերի վրա հիմնված այս պատմության հիմնական նրբերանգները փարոսի երկու պահապանների մասին, երկուսն էլ՝ Թոմաս անունով, որոնք մեկուսացած են փարոսում և որոնցից մեկը մահանում է:  Այն, որ նման դեպք իսկապես տեղի է ունեցել Ուելսում, 19-րդ դարի սկզբին, թե ինչպես է պատմությունը սկսվում ու ավարտվում, նման է ֆոլկլորի, ուստի որքան ճշմարտություն կա այս «իրական» պատմության մեջ, ո՞վ գիտե: Այդ պատմությունից շատ քիչ բան է տեղ գտել ֆիլմում, բացի այն փաստից, որ նրանք երկուսն էլ կրում են նույն անունը: Սկսեցինք ամեն ինչ ուսումնասիրել ժամանակաշրջանի փարոսների և ծովայինների մասին. ի՞նչ են ուտում այս մարդիկ,  ի՞նչ են հագնում, ո՞րտեղ և ինչպե՞ս են ապրում։ Կարդում էինք (Հերման) Մելվիլ և (Ռոբերտ Լուիս) Սթիվենսոն և այլ բաներ. հիմնականում, անկեղծ ասած, սովորելու համար, թե ինչպես են այդ ժամանակաշրջանի մարդիկ խոսում: Այս ընթացքում մեր առջև սկսվեց ուրվագծվել ողջ պատմությունը, մնում էր միայն հասկանալ, թե ո՞ր առասպելին և բանահյուսական տարրերին է  այն առնչվում: Դե, Պրոմեթևսն ու Պրոթևսը նախկինում երբեք չէին հանդիպել հունական առասպելներում, բայց թվում էր, թե դա այն է, ինչ տեղի է ունենում այստեղ և Պրոմեթևսը կարող է ձեռք բերել որոշ հատկանիշներ, որոնք նա նախկինում չի ունեցել: Բայց գիտե՞ք ինչ. դասական հեղինակները այդ հնարքին դիմում էին անընդհատ։

Ես հիացմունքով եմ ուսումնասիրում արվեստի պատմությունը, հատկապես՝ սիմվոլիստական արվեստը: Հասկանալի է որ, Ռոբերտ Փեթինսոնի և Ուիլյեմ Դեֆոյի հերոսները տեղյակ չէին սիմվոլիստական շարժման մասին, որը տեղի էր ունենում հենց այն ժամանակ, երբ նրանք ապրում էին այս անհայտ փարոսում, սակայն (սիմվոլիստ նկարիչներ) Ժան Դելվիլի և Սաշա Շնայդերի, Առնոլդ Բյոկլինի և այլոց աշխատանքները ազդեցին ջրահարսի տեսքի վրա (ֆիլմում) և այն բանի, թե ինչպիսի վերջնական կերպարային լուծում տվեցինք ֆիլմին»:

Այսպիսով,  դիտարկենք ֆիլմը՝ որպես բարդ միֆոլոգիական հյուսվածք,  որի սյուժետային գլխավոր հանգույցը հին հունական առասպելաբանությունն է՝ ալեգորիկ պատկերմամբ: Ֆիլմի հերոսների նույնացումը միֆոլոգիական արքետիպերի հետ, թափառող սյուժեների միավորումը, ֆիլմում իրար  հաջորդող զառանցանքի նմանվող մտապատկերները, զգայական տենչանքը կազմում են ֆրեսկայատիպ կոմպոզիցիա, որի յուրաքանչյուր դետալ ունի իր թաքնված իմաստն ու նշանակությունը, ինչպես՝ առանձին, այնպես էլ՝ իբրև մեկ ամբողջություն:

Կինոյում պոստմոդեռնիզմին բնորոշ տարրերից և հնարքներից են հղումները. Ռոբերտ Էգգերսը ֆիլմի տիրույթում կերպարավորել է պոստմոդեռնիստական Պրոմեթևսին:  Թոմաս Ուեյքի կերպարը ֆիլմում մարմնավորումն է Պրոթևսի (հին հուն.՝ Πρωτεύς), հին հունական դիցաբանության մեջ ծովային աստվածության, որը Պոսեյդոնի որդին էր, ծերունի՝ օժտված ցանկացած կերպարանք ստանալու և ապագան կանխատեսելու կարողություններով։ Ըստ ավանդության Պրոթևսը ապրում էր Փարոս (հին հուն.՝ Φάρος)  կղզում:  Համաձայն Պրոմեթևսի (հին հուն.՝ Προμηθεύ) մասին առասպելի, վերջինս՝ կարեկցանքից դրդված, որոշում է Օլիմպոսի բարձունքից գողանալ աստվածային կրակը և այն փոխանցել մարդկանց: Բայց միայն աստվածները կարող էին կրակին տիրել: Պրոմեթևսը գիտեր, որ նրանք երբեք չեն կիսի այն մահկանացուների հետ, և եթե ինչ-որ մեկին հաջողվի գողանալ կրակը, ապա նրան չեն ների։ Այնուամենայնիվ, Պրոմեթևսը ոչ միայն մարդկանց է փոխանցում կրակը, այլ նաև օժտում է բանականությամբ, սովորեցնում՝ գրել և կարդալ: Աստվածային օրենքները խախտելու համար Զևսը խստորեն պատժում է Պրոմեթևսին՝ շղթայելով նրան լեռան լանջին, որտեղ արծիվը ամեն օր կտցահարում է նրա լյարդը: Ֆիլմում Թոմաս Հովարդը՝ Թոմմին, ձգտում է բարձրանալ փարոսի աշտարակը, իսկ ծերունի Թոմաս Ուեյքը շարունակ արգելում է նրան այդ անել, այլաբանորեն՝  Թոմմի-Պրոմեթևսը  ձգտում է դեպի Լույսը, Հավերժական Իմաստությունը, իսկ Ուեյք-Պրոթևսը ցանկանում է միայն իրեն հասանելի թողնել մտքի կրակը՝ Ատվածային Գիտելիքը: Ֆիլմի վերջում, բարձրանալով փարոսի աշտարակը, Թոմմի-Պրոմեթևսը հասնում է արգելված Լույսին, տիրանալով դրա Գաղտնիքին՝ միայն աստվածներին հասու Տիեզերական գիտելիքին, «դիպչելով» իր գիտակցությունից վեր մատերիային, սակայն, անմիջապես էլ, պատժվում է՝ ցած նետվելով և արժանանալով դաժանագույն մահվան. նրա մարմինը դեռևս ողջ-ողջ կտցահարում են ճայերը: Ֆիլմի ողջ ընթացքում հանդիսատեսը, ինչպես և հերոսը, անհամբերությամբ սպասում են տեսնելու, թե ինչ է թաքնված փարոսի աշտարակում: Ի հիասթափություն բոլորի՝ Ռոբերտ Էգգերսը ֆիլմում այդպես էլ չի բացահայտում փարոսի գաղտնիքը: «Vox»-ին տրված հարցազրույցում նա կատակում է.

-Անցած գիշեր ցուցադրության ժամանակ ինչ-որ մեկն ինձ հարցրեց. «Ինչո՞ւ չես նկարել այն, ինչը Ռոբը (Փեթինսոնը) տեսնում է ֆիլմի վերջում»։ Իսկ ես ասացի՝ «Որովհետև եթե տեսնեիք՝ նույն ճակատագրին կարժանանայիք»։

 Ֆիլմի ամենից տպավորիչ տեսարանը Ուեյքի գրեթե շեքսպիրյան անգլերենով մոնոլոգն է, երբ Ուեյք-Պրոթևսը դիմում է օվկիանոսների տիրակալ Նեպտունին (Պոսեյդոնին)՝  վերջինիս անեծքն ու ցասումը ուղղելով Թոմմի-Պրոմեթևսի վրա: Այս տեսարանում թե՛ Ուիլյեմ Դեֆոյի, թե՛ Ռոբերտ Փեթինսոնի դերասանական վարպետությունը հասնում է իր գագաթնակետին:

Ռոբերտ Էգգերսը ֆիլմում օգտագործելով չափազանց սուղ ռեսուրսներ, հրաժարվելով համակարգչային գրաֆիկայից կամ հատուկ էֆեկտներից, ֆիլմի տիրույթում ունենալով  ընդամենը երկու գործող անձ, կարողացել է հասնել այնպիսի արդյունքի, ինչպիսի արդյունքի չեն կարողանում հասնել անգամ մասսայական տեսարանների միջոցով: Իհարկե այստեղ հսկայական դեր է ունեցել  դերասանների ընտրությունը:

Իր երկարամյա կինոկարիերայի ընթացքում Ուիլյեմ Դեֆոն վաղուց է ապացուցել իր դերասանական տաղանդի մասշտաբը, ստեղծելով՝ իրարից խիստ տարբերվող կերպարներ, ինչի համար բազմիցս նոմինացվել է «Օսկար», «Ոսկե գլոբուս», BAFTA  մրցանակների, բազմաթիվ հեղինակավոր կինոփառատոնների դափնեկիր է: Սակայն անգամ նրա չափազանց հարուստ խաղացանկից առանձնանում է «Փարոսը» ֆիլմում նրա մարմնավորած Թոմաս Ուեյքը: Ֆիլմի առանձին հատվածներ կարծես դասական անգլիական գրականության կենդանացած պատկերներ լինեն՝ իրենց շքեղ լեզվով և հնչողությամբ: Ֆիլմում Դեֆոյի խաղը հիանալիորեն համահունչ է Ռոբերտ Փեթինսոնի խաղին: Վերջինս այս ֆիլմում ունեցած դերակատարմամբ կոտրել է իր մասին եղած կարծրատիպը. վաղուց ժամանակն է մոռանալ Ռոբերտ Փեթինսոնի դեբյուտային «Մթնշաղ» ֆիլմի գլխավոր հերոսի՝ Էդվարդ Քալլենի կերպարը, որը նրան ճանաչում բերեց, սակայն միևնույն ժամանակ երկար տարիներ ստվեր էր գցում նրա դերասանի հեղինակության վրա, խանգարելով՝ վերջինիս կարիերայի վերելքին: Փեթինսոնը տարիներ շարունակ նկարահանվելով անկախ կինոյում, հղկեց մասնագիտական կարողությունները, իր դերասանական այցեքարտը դարձնելով լեզվական ակցենտները. իր հարազատ բրիտանական ակցենտից բացի դերասանի արսենալում տեղ են գտել նաև ամերիկյան ակցենտի գրեթե բոլոր տարատեսակները, ինչպես նաև հարավային դիալեկտն ու ֆրանսիական արտասանությունը: Իր աշխատասիրության և համառության շնորհիվ Փեթինսոնը կարողացավ կինոքննադատներին հիացնել իր պրոֆեսիոնալիզմով և փայլուն դերասանական կարողություններով:

«Փարոսը» ֆիլմում հերոսները խոսում են տասնիններորդ դարի անգլերենով,  Ուիլյեմ Դեֆոն ծերուկ Թոմաս Վեյքի կերպարում խոսում է ծովայինի ժարգոնով, միևնույն ժամանակ գրեթե չափածո հանգավորմամբ: Ֆիլմում Դեֆո-Փեթինսոն դերասանական զույգի էմոցիոնալ դիապազոնը ապշեցնում է իր բազմազանությամբ, սրությամբ և դրամատիզմով: «Փարոսը» ֆիլմը վերլուծելիս հնարավոր չէ չանդրադառնալ ֆիլմի ձայնային և երաժշտական ձևավորմանը: Ֆիլմի կոմպոզիտորը Մարկ Կորվենն է: Փարոսի շչակի, փոթորկվող ծովի ալիքների ձայնը, ճայերի և ջրահարսի ճիչերը, բոլոր ֆոնային, ներկադրային և  արտակադրային աղմուկները միասին ստեղծում են ֆիլմի աղմկային լեյտմոտիվը՝ առավելագույն կերպով ընդգծելով ֆիլմում առկա լարվածությունը:

Ծովը և նրա բնակիչները մշտապես բորբոքել են մարդկային երևակայությունը: Դրա վկայությունն են բազմաթիվ ժողովուրդների բանահյուսության մեջ հանդիպող լեգենդները՝ ջրահարսերի, սիրենների,  ծովագնացների, ծովային հրեշների ու փոխակերպուկների մասին: Ծերունի Թոմաս Ուեյքին՝ ութոտնուկի շոշափուկներով տեսնելը հիշեցնում է լավքրաֆթյան առասպելական հրեշի՝ Քթուլհուի կերպարը, որը նույնպես օժտված էր  ազդել մարդու մտքի վրա՝ առաջացնելով մղձավանջներ։  Ֆիլմում փոթորկվող ծովը հանդիսանում է կինեմատոգրաֆիկ արտահայտչամիջոց, որը հերոսների հոգեվիճակին համընթաց փոփոխվում է՝ հանդարտվելով և ալեկոծվելով:

Ռոբերտ Էգգերսն այս ֆիլմով  իր հարգանքի տուրքն է մատուցել դասական արվեստին՝ սիմվոլիկ հղումներ կատարելով հին հունական դիցաբանությունից մինչև գոթական գրականություն՝ Մերի Շելլիի («Ֆրանկենշթեյն կամ ժամանակակից Պրոմեթևս» 1818թ.),  Էդգար Ալլան Պոյի («Ագռավը» 1845թ. ), Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆթի («Քթուլհուի կանչը» 1928թ.), Հերման Մելվիլի («Մոբի Դիք կամ ճերմակ կետաձուկը» 1851թ.), Դաֆնա Դյումորիեյի («Թռչուններ» 1952թ.) ստեղծագործություններից դրվագներ:

Ֆիլմի անթերի օպերատորական աշխատանքը, կադրային կոմպոզիցիան, ռակուրսների ընտրությունը, սևի ու սպիտակի կոնտրաստային խաղն ավելի են ընդգծում ռեժիսորի մտահղացման միստիկ էսթետիկան: Ֆիլմի օպերատորը՝ Յարին Բլաշկեն, ֆիլմի վրա աշխատելիս, իր խոսքերով հատկապես տպավորվել է գերմանական էքսպրեսիոնիզմի մեծագույն վարպետներից մեկի՝ Ֆրից Լանգի «M/Էմ» ֆիլմի օպերատորական աշխատանքից: Ֆիլմում որոշակի պատկերային ազդեցություն կարելի է նկատել նաև Սերգեյ Էյզենշտեյնի, Ալեքսանդր Դովժենկոյի, Ռոբերտ Ֆլայերտիի, Ժան Էբշտեյնի, Ակիրա Կուրոսավայի, Ինգմար Բերգմանի ֆիլմերին բնորոշ  վիզուալ տարրերից:

Առանձին գնահատանքի է արժանի ֆիլմում դիալոգների կառուցվածքը, ինչպես  խոստովանել են կինոյի պատմության մեծագույն գործիչները ամենից բարդն է ստեղծել բնական և ֆիլմի սյուժեին ներդաշնակ երկխոսություն, ինչն Էգգերսին իսկապես հաջողվել է:

[1] https://m.imdb.com/title/tt7984734/awards/?ref_=tt_awd

[1] https://www.vox.com/culture/2019/10/15/20914097/robert-eggers-lighthouse-interview-witch

[1] https://musicbed.com/blog/filmmaking/cinematography/breaking-down-the-cinematography-of-the-lighthouse

Պատրաստեց Էլեն Դանիելյանը