Ժաննա Մորո․ֆրանսիական կինոյի անթագակիր թագուհին
60-ական թվականներին նա համարվում էր ֆրանսիական կինոյի անթագակիր թագուհին, «առաջին տիկինը»։ Նրան համեմատում էին էկրանի ամենահանելուկային հերոսուհու՝ Գրետա Գարբոյի հետ։ «Նրա մեջ հենց սկզբից ապրում էին այն կանայք, որոնց նա մարմնավորել է և կամ պետք է մարմնավորի։ Նրա մեջ ապրում են դերեր, որոնց մասին նա դեռ չգիտի, թե երբ են իրականանալու։ Նա քնում և արթնանում է որպես թափառական, թագուհի, կուրտիզանուհի, Կլեոպատրա, աղախին, կախարդուհի»,- նման բանաստեղծական ձնով է բնութագրել ժաննա Մորոյին (Jeanne Moreau) գրող Մարգերիտ Դուրան։
Չի կարելի ասել, թե դերասանուհին «ստեղծում է սոսկ կերպարներ»։ Նրա խաղացած դերերը լիարլուն կանայք են, օժտված հարուստ զգացմունքներով, սուր մտքով, անսպասելի ելևէջներով։ Մորոն չի վախենում լինել անհրապույր և նույնիսկ՝ վանող։ Կարևորը հանդիսատեսին ստիպելն է, որպեսզի նա հասկանա հերոսուհուն, թեկուզ հետո դատապարտելու համար։
Մորոյի դերասանական ուղին սկսվեց 1947 թվականից։ Տակավին կոնսերվատորիայի ուսանողուհի, նա իրավունք նվաճեց մասնակցելու դրամատիկական արվեստի փառատոնին, իսկ շուտով հրավիրվեց «Կոմեդի Ֆրանսեզ» թատրոն։ Սկզբում կատարեց Վերոչկայի դերը Տուրգենևի «Մեկ ամիս գյուղում» պիեսում։
Մորոն չորս տարի աշխատեց Մոլիերի փառաբանված Տանը, իսկ հետո տեղափոխվեց Ազգային ժողովրդական թատրոն, որպեսզի խաղար Ժերար Ֆիլիպի հետ։ Այդ համագործակցությունից մնացին, ակտիվորեն գործող հերոսների հետ կապվածությունը, ձևի բացարձակ զգացումը։ Այդ ժամանակվանից դերասանուհին նկարահանվել է մի շարք, այդ թվում «Սպիտակազգեստ մարդիկ» և «Ժյուլիետ» առևտրային ֆիլմերում։ Ինքը՝ դերասանուհին բարձր կարծիքի չէ այն բոլոր դերերի մասին, ինչ խաղացել է մինչև 1957 թվականը։ «Ես ուղղակի փող էի աշխատում, ճիշտ է, ոչ այնքան շատ, բայց անընդմեջ»- ասում է Մորոն։
Ժաննա Մորոյին հարկավոր էր ռեժիսոր, որը կարողանար ազատություն տալ նրա երևակայությանը, պատկերացումներին, ապրումներին, հոգեկան վիճակներին, զգացմունքների քմահաճ խաղին։ Այդ ռեժիսորը Լուի Մալն էր։ «Վերելակ դեպի կախաղան» և «Սիրեկաններ» ֆիլմերի դերակատարումները Մորոյին առաջ մղեցին ֆրանսիական կինոյի հանրահայտ դերասանների շարքը։ Իսկ 1960 թ. Կաննի միջազգային 13-րդ կինոփառատոնում նա արժանացավ կանացի լավագույն դերի կատարման համար մրցանակին։
Այն հիմնական ֆիլմերը, որոնցում նկարահանվել է Մորոն, ստեղծվել են 60-ական թվականներին։ Ենթարկվելով ռեալիստական զգացմունքին, նա մարմնավորում էր իր ժամանակի անսանձ դստերը։ Դերասանուհու հերոսուհին միշտ էլ եռանդուն է, գործունյա։ Իր ֆիլմերում Մորոն կազմակերպում է գործողությունը, ստեղծում իրադարձություն, առանց դրանց նա չի կարող հանդես գալ որպես անհատականություն։ Եթե իրադարձություն չկա, ապա Մորոյի հերոսուհիները խուճապի են մատնվում։
«Վտանգավոր կապ»-ում նրա հերոսուհին հյուսում է խարդավանքի ցանց և հենց ինքն էլ խճճվում նրա մեջ։ «Օրիորդներ»-ում հերոսուհին սպանում է նրանց, ովքեր չեն կիսում իրենց զգացմունքները։ «Հրեշտակների նեղուցը» ֆիլմում նա իր կռքերը մարելու համար տրվում է թղթախաղի, իսկ «Եվա»-֊ում գլխավոր դերը հյուսված է ամբողջովին կեղծ գործողությունների հիման վրա։
Վերջին ժամանակներս դերասանուհին քիչ է նկարահանվում։ Նա իր ուժերը փորձում է ռեժիսորական աշխատանքում։ Բոլորովին նորերս ցուցադրվեց նրա առաջին ֆիլմը, որը կոչվում է «Լույս» և որն արժանացավ քննադատության բարյացակամ վերաբերմունքին։ Ֆիլմում Մորոն ներկայացնում է չորս հերոսներից մեկին։ Իր հաջորդ «Պատանեկություն» ժապավենը ժաննա Մորոն որոշել է նվիրել իր մորը։ Մեր հանդիսատեսները տաղանդավոր դերասանուհուն կրկին տեսան Ֆիլիպ դը Բրոկի «Թանկագին Լուիզա» ֆիլմում։ Այն պատմում է քառասնամյա միայնակ կնոջ մասին, որը սիրում է իտալացի գործազուրկ պատանուն։ Եվ կրկին Մորոն հավատարիմ է արվեստագետի իր սկզբունքներին։
Էկրան, 1978թ․