Հայկական առաջին կինոտաղավարները
Հայկական կինեմատոգրաֆիան արդեն մեկ տարվա կյանք ուներ, ռեսպուբլիկայում ծավալվել էր կինոֆիկացման աշխատանքը, գործում էին կինոթատրոնները Երևանում, Լենինականում, Կիրովականում, ուր ցուցադրվում էին ռուսական, ուկրաինական, վրացական արտադրության կինոֆիլմեր, բնականորեն առաջացավ հայկական ֆիլմեր արտադրելու հարցը:
Էկրանի վրա պետք է երևար հայ ժողովրդի անցյալն ու ներկան, նրա դասակարգային պայքարը և առօրյա շինարարական աշխատանքները: , Հայաստանում գոյություն ունեին բոլոր կլիմայական, բնական և արտադրական պայմանները արվեստի այդ ճյուղի ստեղծման և հետագա զարգացման համար: Սակայն կինո-արդյունաբերություն ստեղծելու համար բավական չեն լոկ կլիմայական և բնական պայմանները․ դրանք միայն նախապայմաններ են: Անհրաժեշտ էր ունենալ նաև արտադրման բազա, համապատասխան տեխնիկա, ստեղծագործական և տեխնիկական կադրեր: Իսկ այդ ամենը Հայաստանում իսպառ բացակայում էր: Թվում էր, թե նախ պետք է ստեղծվեր արտադրական բազան, պատրաստվեին կինոկադրերը, ձեռք բերվեր տեխնիկական սարքավորում և նոր միայն կարելի էր սկսել սեփական կինոֆիլմերի արտադրության բարդ գործը:
Սակայն կար և այլ ուղի․ չսպասել այդ բոլորի ստեղծմանը, այլ ձեռնամուխ լինել կինոարտադրությանը, և վերջինիս զարգացմանը զուգահեռ աստիճանաբար բավարարել նաև արտադրական բազայի պահանջները: Այս ուղին գուցե այնքան էլ «հեշտ ու հանգիստ» չէր և դժվարություններով հղի: Բայց հանրահայտ է սովետական մարդկանց սերն այնպիսի աշխատանքի նկատմամբ, որը պահանջում է հաղթահարել դժվարությունները, կատարել այնպիսի մի գործ, որն այլ պայմաններում կարող էր անհնար թվալ:
Որքան էլ հնարավոր համարվեր առանց արտադրական բազայի կինոարտադրություն ստեղծելը, այնուամենայնիվ կա մի ինչ որ մինիմում, առանց որի անհնար է այդ անել: Թեկուզ մի փոքր լաբորատորիա նկարահանված ժապավենը մշակելու համար, նկարահանման ապարատուրա, նկարահանող-օպերատոր և այլն: Եվ «Պետլուսկինո»-ի փոքրաթիվ կոլեկտիվի առաջ անխուսափելիորեն ծառացան այս հարցերը, որոնց շուտափույտ լուծումից կախված էր հայկական կինոարվեստի սկզբնավորումը:
Այդ տարիներին Երևանում չկար քիչ թե շատ հարմարություններ ունեցող որևէ շենք, որը կարելի է լիներ օգտագործել կինոարտադրության կարիքների համար: Երկար որոնումներից հետո կանգ առան Սպանդարյան և Տերյան փողոցների անկյունում գտնվող հողե կտուրով միհարկանի այն շենքի վրա, ուր Լուսժողկոմատի արհեստանոցներում տեղավորված մանկատան սաները պատրաստում էին զամբյուղներ, ճամպրուկներ, կաշվե իրեր: Լուսժողկոմ Ասքանազ Մռավյանը առանց տատանվելու համաձայնվեց արհեստանոցները տեղափոխել այլ տեղ, և շենքը տրամադրել «Պետլուսկինո»-ին՝ «կինոֆաբրիկայի» կարիքների համար: Լուսժողկոմի այդ քայլը մեծ ոգևորություն առաջացրեց փոքրաքանակ հայ կինոմատոգրաֆիստների շրջանում, որոնք հաջորդ իսկ օրը ձեռնամուխ եղան զամբյուղների արհեստանոցը կինոֆաբրիկայի վերածելու աշխատանքներին: Վաղ առավոտյան վարպետները միջնորմներ էին կառուցում ընդարձակ արհեստանոցում և այն վերածում մի քանի սենյակների (պարզաջրման, պատճենավորման, չորացման, լվացման և այլ սենյակների, գրասենյակ, առանձնասենյակ և այլն), ատաղձագործները պատրաստում էին չորացման «թմբուկը», պարզաջրման «ավազանները», դուռ-պատուհան, ներկարարները ներկում էին փողոցի պատը, ուր ցուցանակի փոխարեն գրվեց «Պետլուսկինո» բառը և ապա հանճարեղ Լենինի լոզունգը՝ «Արվեստի բոլոր տեսակներից ամենակարևորը մեզ համար
կինոն է»:
Քաղաքացիները հետաքրքրությամբ դիտում էին «արհեստանոցի» շուրջը կատարվող անցադարձը, զարմանալով որ այդ ցածր տանիքով շենքում մի նոր կինո-թատրոն է բացվելու: Կինոաշխատողների բացատրություներն այն մասին, որ այստեղ կինո-գործարան է լինելու և հայկական ֆիլմեր են արտադրվելու, անհասկանալի էին մնում շատերի համար: 10-15 օրից ավարտվեցին «վերակառուցողական» աշխատանքները և 1924 թվի մարտին բացվեց կինոլաբորատորիան, որը և հիմք դարձավ ապագա կինոստուդիայի և որոշ փոփոխությունների ենթարկվելով մինչև օրս էլ ծառայում է ստուդիայի համար որպես մոնտաժի և պատճենավորման ցեխ:
Շենքի հարցը լուծվել էր, մնում էր մտածել նկարահանման ապարատուրայի և օպերատորի մասին: Թբիլիսիից հրավիրվեց մի լուսանկարիչ-օպերատոր, որն ուներ իր սեփական կինո-նկարահանման ապարատը որոշ քանակությամբ կինոժապավեն քիմիկալներ: Ծանոթանալով կառուցված լաբորատորիային, նա գտավ, որ ընդհանրապես աշխատանքները ճիշտ են տարվել, պահանջեց մի քանի աննշան փոփոխություններ կատարել, ծանոթացրեց տեղի կինոաշխատողներին իր հետ բերած ապարատի և «կինո-տեխնոլոգիայի» հետ, որից հետո հայտարարեց, որ հաջորդ օրվանից կարող է սկսել ֆիլմի նկարահանման աշխատանքները․ «Տվեք ինձ սցենարը, և երկու ամսից դուք կունենաք առաջին հայկական ֆիլմը»:
Հ․Գ․Առաջին փակ կինոտաղավարները կառուցվել են 1928-1929 թթ․՝ Տերյան 2 և Տերյան 3ա հասցեներում։ Այդ տաղավարները գործել են մինչև 1970-ականների վերջերը (Անկախությունից հետո դրանք քանադվել են շինարարական նպատակներով։ Վերջերս, Հայաստանի ազգային կինոկենտրոնը տեղափոխվեց Տերյան 3ա հասցեի՝ իր սեփական տարածքը)։ Տերյան 3ա-ն համարվել է Խորհրդային միության երրորդ՝ ամենախոշոր փակ տաղավարը, որտեղ նկարահանվել են Հենրիկ Մալյանի «Եռանկյունի» ֆիլմի Մկոյի և Լյուբայի զագսի, Արման Մանարյանի «Մորգանի խնամին» կինոնկարի ռեստորանի տեսարանները և այլն։
Դանիել Դզնունի