Կոնստանտին Յուդինի «Չորսի սրտերը»  ռոմանտիկ կատակերգությունը, որի մոնտաժը ավարտվեց պատերազմի վերջին տարում, էկրաններ դուրս եկավ նախատեսվածից չորս տարի անց միայն։  Պրեմիերան հետաձգվեց, քանի որ համարվեց, որ Կարմիր բանակի հրամանատարի կերպարի չի համապատասխանում երկրի համար այդ դժվարին պահին։ Պրեմիրան տեղի ունեցավ 1945 թվականի հունիսին միայն, երբ արդեն պարզ էր, որ հաղթանակը շատ մոտ է։ Ամառ, սեր, ամառանոց․․․կինոթատրոններում ֆիլմը դիտելու համար գնում էին օրը մի քանի անգամ։

Դերասանական աշխատանքը ֆիլմը իր ժամանակի շեդևրը դարձրեց։  Վալենտինա Սերովան խաղաց մաթեմատիկայի դոցենտ, լուրջ աղջիկ Գալինայի դերը, նրա քույրը՝ Շուրոչկան (Լյուդմիլա Ցելիկովսկայա) Գալինայի հակապատկերն էր՝ ուրախ, սեթևեթ ու սրտաբաց։ Տղամարդկային դերերը ոչ պակաս վառ էին։ Պյոտր Նիկիտիչ Կոլչին-Եվգենի Սամոյլով, Գլեբ Զավարցեւ-Պավել Շպիրինգֆելդ։ Իրադարձությունները տեղի են ունենում նախապատերազմյան Մոսկվայում և քաղաքամերձ հատվածում։ Ֆիլմում հնարավոր է տեսնել նորակառույցները՝ Մեծ Կալուժ փողոցում (նախկին՝ Լենինգրադյան պողոտա), Հեղափոխության հրապարակը, Մարքսի պողոտան (այժմ՝ Թատերական փողոց):  Կոլչինի ծաղիկներ գնելու պահին բացվում է Կրեմլի հրաշալի տեսարանը։

Կինոն Էվակուացիայի ժամանակ

Պատերազմի տարիներին Ալմա-Աթան դարձավ ԽՍՀՄ-ի կինոմայրաքաղաքը։ Մինչ «Մոսֆիլմը» և «Լենֆիլմը» ենթարկվել էին էվակուացիայի, ЦОКС-ը նկարահանեց պատերազմի տարիներին արտադրված  ֆիլմերի շուրջ  80 տոկոսը։ Կինոստուդիայի առաջին տնօրենը դարձավ Միխայիլ Տիխոնովը։  ЦОКС-ը շատ արագ գործի անցավ, սկսեցին նկարահանվել եւ ավարտվել դեռեւս կիսատ մնացած շատ ֆիլմեր։  ЦОКС-ում նկարահանվեց Ալեքսանդր Ֆայնցիմերի «Կոտովսկի» կենսագրական ֆիլմը։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ լեգենդար Գրիգորի Կոտովսկու մասին պատմող ժապավենը լի է անհավանական իրադարձություններով՝ ինչպես իրականում եղել է նրա կյանքը։  Հենց այսպիսի ոգեշնչող հերոսի կերպար էր պետք այդ դժվար ժամանակներում, և կինոնկարը նկարահանվեց շատ կարճ ժամանակահատվածում։ Գլխավոր դերում հանդես եկավ  Նիկոլայ Մորդվինովը։

Բացի այդ  ЦОКС-ում նկարահանված առաջին ֆիլմերից մեկը դարձավ Յուլիա Ռայզմանի  «Մաշինկա» ֆիլմը։ Մելոդրամա համեստ և հաճելի հեռագրատան աշխատակցուհի Մաշինկայի մասին (Վալենտինա Կարավաեւա), որը անփոխադարձ սիրով սիրահարվում է, դարձավ խորհրդային շրջանի գլխավոր ֆիլմերից մեկը։

Էվակուացիայի տարիներին ավարտին հասցվեց նաեւ  Իվան Պիրևի հրաշալի կատակերգությունը՝ «Խոզագոմը եւ խոզարածը» (Մարինա Լադինայի եւ Վլադիմիր Զելեդինի մասնակցությամբ):  Նկարահանող անձնակազմը ստիպված էր պարբերաբար թաքնվել ռմբակոծությունից։ Թեթեւ կատակերգությունը, որում հերոսները երգում ու պարում են, պատերազմական տարիներին դարձավ օդի պես կարեւոր։ Հանդիսատեսը խանդավառությամբ ընդունեց այս ֆիլմը։

Պատերազմի տարիներին նկարահանված ֆիլմերի մեծամասնությունը իհարկե ռուս ժողովրդի հերոսության եւ ֆաշիզմի դեմ պայքարի  մասին էր։ Այս թեմայով էին «Զոյա», «Ռայկոմի քարտուղարը», «Հանուն հայրենիքի», «Անպարտելիները», «Սպասիր ինձ» ֆիլմերը։ Ընդանուր առմամբ  ЦОКС-թողարկեց 23 լիամետրաժ, 10 կարճամետրաժ ֆիլմեր։

Պատերազմական տարիների կինոպատումը

ЦОКС-ում նկարահանեց իր վերջին ֆիլմը Սերգեյ էյզեյնշտեյնը։  Իվան Գրոզնիի մասին մեծ կինոպատումը բաղկացած էր երկու մասից։ Առաջին մասը էկրաններ դուրս եկավ 1945 թվականին, իսկ երկրորդը՝ միայն 1958-ին։ Ստալինն անձամբ էր հետեւում ֆիլմի աշխատանքներին, եթե առաջին մասը ընդունվեց եւ ցուցադրվեց, ապա՝ երկրորդ մասը ենթարկվեց շատ խիստ քննադատության եւ արգելվեց ցուցադրությունը։ Ֆիլմի համար առասպելական գումարներ ծախսվեցին, բայց Ստալինը համարում էր, որ այն անհրաժեշտ է հաղթանակին հավատալու համար։ Իշխանությունը քննադատեց ռեժիսորին, որ Գրոզնիի զինվորներին երկրորդ մասում ներկայացրել է իբրեւ  դեգեներատների խումբ։ Ստալինն անձամբ հանդիպեց Էյզենշտեյնին և գլխավոր դերակատար Նիկոլայ Չերկասովին։ Քննարկվում էր երկրորդ մասի վերանկարահանման միտքը, սակայն էյզեյնշտեյնը չհասցրեց, նա շուտով մահացավ ինֆարկտից։

Իսկ ֆիլմը իր երկու մասերով դարձավ համաշխարհային գլուխգործոց․ «Սա երբեւէ ստեղծված ամենամեծ պատմական ֆիլմն է։ Մթնոլորտը հրաշալի է, իսկ գեղեցկությունը գերազանցում է այն ամենին, ինչը ես դեռեւս տեսել եմ կինոյում»,-ֆիլմը դիտելուց հետո գրել է Չարլի Չապլինը։

Մոսկվան իբրեւ հույսի սիմվոլ

Հաղթանակի գլխավոր սիմվոլը կյանքում եւ կինոյում Մոսկվան էր։  Չկարողանալով աշխատել մայրաքաղաքում ռեժիսորները  ЦОКС-ի տաղավարներում մոսկովյան հայտնի վայրեր էին վերաստեղծում։ «Պատերազմից վեց ժամ հետո», ինչպես նաեւ  «Խոզագոմը եւ խոզարածը» ֆիլմերում սիրահարված զույգերը պայմանավորվում են հանդիպել Մոսկվայում։ «Պատերազմից վեց ժամ հետո» ֆիլմի հերոսները պայմանավորվում են հանդիպել պատերազմի ավարտից անմիջապես հետո,  սպասել միմյանց Քարե կամրջի վրա։  Ֆիլմը ցուցադրվեց 1944  թվականին։ Միլիոնավոր դիտողներ էկրանից տեսան իրենց երազանքը՝ պատերազմը ուր որ է կավարտվի, հաղթանակը մոտ է և վերջապես հնարավոր է ապրել կյանքի բնականոն հունով։

Վերջին տեսարանը շատ լարված ստացվեց։ Աղջիկը երկար ժամանակ չի գալիս, տղան գրեթե հույսը կորցնում է։  Ի վերջո,  համընդանուր ուրախության և հրավառության պայթունների ներքո հերոսները նկատում են միմյանց։ Սցենարի հեղինակի մտահղացմամբ Վերան պետք է մահանար հերթական ռմբակոծություններից մեկի պահին, սակայն ռեժիսոր Պիրևը չկարողացավ հանդիսատեսից խլել պոետական հույսը։ Ֆիլմիարտադրողները նաև չկարողացան գումար խնայել, վերջին հրավառության տեսարանի համար տաղավարում Կրեմլի դեկորատիվ կառույց շինեցին։

Կոնստանտին Սիդորովը, որը զինվորական թղթակից էր, նույնպես որոշ ժամանակ աշխատեց  ЦОКС-ում, որտեղ էլ 1943 թվականին նա գրեց «Սպասիր ինձ» ֆիլմի սցենարը իր համանուն պիեսի հիման վրա։ Այս ֆիլմում նույնպես, ինչպես Պիրևի ֆիլմում գլխավոր մոտիվացիան սիրահար զույգի հանդիպումն է Մոսկվայում։ Երեք ընկեր պայմանավորվածություն են ձեռք բերում ։ Նրանցից մեկին սպասում է կինը, սպասում է նույնիսկ այն ժամանակ, երբ բոլորը համոզված էին, որ ամուսինը զոհվել է։ Մինչեւ ֆիլմի ավարտը հանդիսատեսը ապրումակցում է կնոջ հետ՝ կվերադառնա՞ արդյոք, զոհվե՞լ է, թե՞ ողջ է։  Կնոջ դերում խաղացել է Սեռովան։ Ֆիլմի ավարտին, նրա բացականչած պարզ խոսքերը դարձան թեւավոր խոսք․ «Որքա՜ն, երկար եմ ես քեզ սպասել»։ Թվում է այս խոսքերը ասում է Մոսկվան, հայրենիքը իր հաղթանակով վերադարձած զինվորին։

Պատրաստեց Աշխեն Քեշիշյանը