Ֆրունզե Դովլաթյանի հոբելյանն է՝ ծննդյան 95-ամյակը, բայց սա հանգիստ կարելի էր և չհիշատակել, որովհետև Դովլաթյանի պես մարդիկ տարիք չունեն. անմահին ի՞նչ տարիք, անհեթեթ է:

Դովլաթյանը դեռ այս աշխարհից հեռանալուց առաջ էր խարսխվել մեր գիտակցության մեջ, որովհետև ի՞նչ հայկական կինո առանց «Բարև, ես եմ»-ի, առանց «Երևանյան օրերի խրոնիկա»-ի, առանց «Երկունք»-ի, առանց «Սարոյան եղբայրներ»-ում Դովլաթյանի խաղացած դերի. Ֆրունզե Դովլաթյանն ու հայկական կինոն վաղուց են նույնականացել:

Աշխարհափոխ լինելու հետ Դովլաթյանն ուղղակի հայտնվեց ժամանակի և տարածության երկրային չափանիշներից դուրս, առասպելացավ՝ գեղեցիկ մարդուց վերջնականապես վերածվելով գեղեցիկ աստծու: Իսկ աստվածներին մնում է երկրպագել: Եվ ես Դովլաթյանի երկրպագուն եմ, նրա գործերն արմատակալել են իմ ինքնության, մշակութաբանական հիշողության, իմ ամենահամառ ու աննահանջ կինեմատոգրաֆիկ տպավորությունների, իմ մարսած կինոժառանգության շերտերում:

Ուզում եմ ասել՝ դեռ շատ տարիներ կգան ու կանցնեն, Աստված գիտի ինչքան ջրեր կհոսեն, իսկ Ֆրունզե Դովլաթյանը, վաղուց այդ տարիների երկրային հաշվարկից ձերբազատված, միշտ կապրի մեր մեջ, ինչքան որ կլինենք:

Զավեն Բոյաջյան


    «Ֆրունզիկ Մկրտչյան.Հնդկաստանը հիշում է ինձ» ֆիլմի ցուցադրություն՝ «Մոսկվա» կինոթատրոնում

    Հայաստանի և Վրաստանի,  Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանների շրջանակներում հուլիսի 4-ին՝  «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի «Ֆրունզիկ Մկրտչյան.Հնդկաստանը...

    |1 Հուլիս 2022,13:32