Համաշխարհային կինեմատոգրաֆի բնագավառում ներդրած ավանդի համար՝ Վենետիկի կինոփառատոնի «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ» պատվավոր մրցանակին Է արժանացել Ֆրանսիացի նշանավոր դերասանուհի Կատրին Դընյովը : Այս մասին հաղորդել է աշխարհի հնագույն կինոփառատոնի տնօրինությունը (օգոստոսի 31-ից մինչեւ սեպտեմբերի 10-ը): Պարգեւատրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փառատոնի ժամանակ։ 

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Ալբերտո Բարբերան նշել Է, որ Դընյովը խաղացել Է բազմաթիվ ֆիլմերում, որոնք դարձել են միջազգային հիթեր եւ նշվել աշխարհի առաջատար փառատոների պարգեւներով․«Անվիճելի դերասանական տաղանդը՝ արտասովոր եւ նրբագեղ գեղեցկության զուգորդմամբ դերասանուհուն դարձրել են ֆրանսիական կինոյի դեմքը, ժամանակից դուրս ատիստուհի, մեծ Էկրանի իսկական կուռք»:

Բարբերան նաեւ նշել Է, որ Դընյովը ֆրանսիական կինեմատոգրաֆի «Նոր ալիքի» ակնառու ներկայացուցիչներից մեկն է, որն աշխատել Է այնպիսի մեծանուն եւ ճանաչված ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ռոժե Վադիմը, Ժակ Դեմին, Լուիս Բունյուելը, Ֆրանսուա Տրյուֆոն, Ռոման Պոլանսկին: Դերասանուհու խաղընկերներ են եղել Ժերար Դեպարդիեն եւ Մարչելո Մաստրոյանին, որից դերասանուհին ունի դուստր՝ Կյարան, որն այժմ նույնպես դերասանուհի Է: Բունյուելի «Ցերեկային գեղեցկուհին» (Belle de Jour, 1967) կինոնկարը նրա գլխավոր դերակատարմամբ ստացել Է Վենետիկի «Ոսկե առյուծի» գլխավոր մրցանակը: Դընյովը Վենետիկի Վոլպիի գավաթի դափնեկիր Է՝ որպես լավագույն դերասանուհի Նիկոլ Գարսիայի «Վանդոմի հրապարակը» (Place Vend me, 1998) ֆիլմում կատարած աշխատանքի համար: Բացի դրանից, ֆրանսիացի դերասանուհին 2006 թվականին գլխավորել Է Վենետիկի կինիոփառատոնի ժյուրին։