Bars Media ընկերության «Ավրորայի լուսաբացը» վավերագրական անիմացիոն ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունենալու անիմացիոն աշխարհի ամենահայտնի փառատոնում՝ ANNECY-ում։ Ֆիլմի ռեժիսորը և սցենարի հեղինակն է Իննա Սահակյանը։

Մտահղացումից մինչև ֆիլմի ավարտուն վիճակ՝ 7-8 տարի է անցել։ Թեման պատմական է՝ Հայոց ցեղասպանություն, եղեռն ապրած հայուհու դրամատիկ կյանքի պատմություն։ Արշալույս (Ավրորա) Մարդիգանյանը եղեռնը վերապրած այն եզակի հայուհիներից է, որ իրենից հետո փաստավավերագրություն է թողել, որից մեզ են հասել արժեքավոր ապացույց-պատառիկներ։ Հենց դրանք էլ դարձել են Ավրորայի մասին պատմող «Արշալույսի լուսաբացը» խաղարկային-անիմացիոն-վավերագրական ֆիլմի հիմքն ու առիթը։ Հայաստանյան իրականության մեջ «Արշալույսի լուսաբացը» խաղարկային-անիմացիոն-վավերագրական ժանրերի համադրմաբ նկարահանված առաջին ու առայժմ միակ լիամետրաժ ֆիլմն է։

Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի ակադեմիական ներդրման շնորհիվ։ Կինոնկարի հիմքում ինստիտուտի «Բանավոր պատմության» արխիվն է։

ՀԳ «Արշալույսի Լուսաբացի» հերոսուհին ցեղասպանությունը վերապրած Արշալույս Մարտիկյանն է, որը 14 տարեկանից ենթարկվում է աներևակայելի խոշտանգումների ու փորձությունների։ Ամերիկյան միսիոներների օգնությամբ Արշալույս Մարտիկյանը հասնում է ԱՄՆ ու դառնում Ավրորա Մարդիգանյան։ ԱՄՆ-ում լույս է տեսնում Ավրորա Մարդիգանյանի հուշագրությունների վրա հիմնված «Հոշոտված Հայաստան» (Ravished Armenia) գիրքը:  Մարդիգանյանի հուշերը դարձան գիրք («Հոշոտված Հայաստան»), իսկ գիրքը՝  ֆիլմ («Հոգիների աճուրդ»), որտեղ Ավրորան խաղաց գլխավոր հերոսուհու դերում՝ մարմնավորելով ինքն իրեն։

 Մեծ եղեռնի մասին պատմող առաջին ֆիլմը՝ «Հոգիների աճուրդը» նկարահանվել է 1918-ին։ Առաջին անգամ ցուցադրվել 1919 թփետրվարի 16-ին՝ Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում։ «Հոգիների աճուրդը» ֆիլմը կարճ ժամանակում մեծ աղմուկ բարձրացրեց՝ առաջացնելով անհավանական իրարանցում։ Միայն վարձույթում այն հավաքել է 30 միլիոն դոլար՝  համր ֆիլմի համար աներևակայելի մեծ թիվ։ Մերձավոր Արևելքի Նպաստամատույց բարեգործական կազմակերպության հայտնած տեղեկությունների  համաձայն, հասույթն անցել է հարյուր միլիոնի սահմանը։ Հայտնի է նաև, որ ֆիլմի առաջին փակ ցուցադրությունների ժամանակ տոմսի արժեքը եղել է տասը դոլար, որը համարժեք է ներկայիս 700 դոլարին։