Վերադարձ դեպի տուն․․․
Հայաստանի ազգային կինոկենտրոնի համար ապրիլի 8-ը՝ առանձնահատուկ օր էր։ Վերակառուցված և վերանորոգված պատմական շենքում (1928-1929թթ․)՝ Տերյան 3ա հասցեում, վերաբացվեց Ազգային կինոկենտրոնի գրասենյակը, որին ներկա էին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ԱԺ պատգամավորներ և մշակութային գործիչներ:
Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը իր խոսքում ուրախությամբ նշեց, որ կինոկենտրոնը տարիների դեգերումից հետո վերջապես «վերադարձել է հարազատ տուն»։ «Սա պատմական տարածք է և պատահական չէ, որ մենք այսօր այստեղ ենք, որովհետև այդ թվականներին այստեղ կառուցվել է կինոտաղավար, որն համարվում էր երրորդ ամենամեծ կինոտաղավարը Սովետական Միության տարածքում: Ուզում եմ անպայման նշել, որ տարիներ շարունակ այս տարածքում ոչ մի ներդրում չի կատարվել, և ես հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին, նախարարի տեղակալ Արա Խզմալյանին, և բոլոր նրանց, ովքեր շարունակաբար աջակցել են մեզ այս աշխատանքներում, ինչի շնորհիվ էլ մենք այսօր վերադարձել ենք մեր պատմական տարածք՝ արդեն վերանորոգված և կահավորված»,- նշեց Միրզախանյանը:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը շնորհավորեց բոլորին և նշեց, որ ենթակառուցվածք ստեղծելը շատ կարևոր պայման է, բայց ավելի կարևոր պայման է բովանդակությունը: «Մենք ամեն օր համոզվում ենք, որ այս ոլորտում գնալով ավելի լավ բովանդակություն ենք սկսել ստեղծել, իսկ լավ բովանդակության համար կարևոր ու պարտադիր պայման է ենթակառուցվածքը։ Այն կդառնա յուրօրինակ խթան էլ ավելի լավ բովանդակությամբ ծրագրեր իրականցնելու համար, մասնավորապես, միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ»,-ասաց նա:
Նախարարի տեղակալ Արա Խզմալյանն էլ համոզմունք հայտնեց, որ այս իրադարձությունը վկայությունն է ոլորտի հանդեպ ունեցած լուրջ վերաբերմունքի մասին։ Նրա խոսքերով, վերջին երկու տարիների ընթացքում աննախադեպ կապիտալ հատկացումներ են կատարվել մեր մշակութային հաստատություններին՝ թատրոններին, համերգասրահներին այսօր նաև Ազգային կինոկենտրոնին։