Ա․Փելեշյանի «Բնություն» ֆիլմի ասիական պրեմիերան՝ Հարավային Կորեայում
Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմը շարունակում է ճանապարհորդել աշխարհի չորս անկյուններում՝ ապրիլ-մայիս ամիսներին հասնելով Հարավային Կորեայի մեծագույն քաղաքներից մեկը՝ Չոնջուն։ Գնալով «Բնության» հետքերով, ներկայացնում ենք Ձեզ ասիական ամենակարևոր փառատոններից մեկը՝ անկախ և փորձարարական ֆիլմեր սատարող Չոնջու միջազգային ֆիլմերի փառատոնը՝ JEONJU IFF։
Եթե համառոտ, JEONJU IFF միջազգային կինոփառատոնը հիմնադրվել է 2000 թվականին։ Տարիներ շարունակ փառատոնը բացահայտում է երիտասարդ տաղանդների և սատարում անկախ կինոգործիչների։ Փառատոնի կարգախոսն է՝ «Կինո՝ ազատագրված և արտահայտված» քանի որ փորձարարական ֆիլմերին զուգահեռ, JEONJU IFF-ը կարևոր տեղ է հատկացնում կոռումպացված իշխանության տակ լռեցված ձայներին, քաղաքականապես ազատ ֆիլմերին։ Միջազգային կինոարդյունաբերության համար JEONJU IFF-ը հայտնի է «Jeonju Cinema Project» ծրագրով։ Պրոդյուսերական այս ծրագիրը մեծ գումարներ է ներդնում միջազգային անկախ ֆիլմերի նկարահանման մեջ: Տարիների ընթացքում փառառոնային բյուջեն կրճատվել է այս ծրագրի աջակցության համար:
Բայց վերադառնանք Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմին։ Փառատոնի գեղարվեստական ղեկավարն իր պաշտոնական հաղորդագրության մեջ մեծ ուրախությամբ և պատվով հայտարարում է հայ ռեժիսորի վերջին ֆիլմի ասիական պրեմիերան հյուրընկալելու մասին։ «Փելեշյանը վերադառնում է նոր ֆիլմով՝ պարզ վերնագրված՝ «Բնություն», որի միջոցով նա շարունակում է ուսումնասիրել մարդկային համայնքների համակեցությունը շրջակա միջավայրի հետ՝ իր ստեղծագործության կենտրոնական թեման: Տեսողական էլեգիա հանդիսացող այս ֆիլմը վճռականորեն ընդունում է բնության գերազանցությունը, որը կարող է սաստկել մարդկային ամեն փառասիրություն», ասվում է փառատոնի կայքէջում։
«Բնություն» Ֆիլմը ցուցադրվելու է JEONJU IFF փառատոնի պատվավոր «Masters» անվանակարգում։ Այս բաժնում են ընդգրկվում մեծ ռեժիսորների նոր ֆիլմերը՝ հնարավորություն տալով փառատոնի հիմնականում երիտասարդ հանդիսատեսին տեսնելու ժամանակակից աշխարհը հանրահայտ ռեժիսորների տեսանկյունից։
Այս տարի «Masters» բաժնում ներառված ֆիլմերի գերակշիռ մասը կարճամետրաժ են։ Այս փաստը բնականաբար փողկապակցված է համաճարակի հետ, որը խանգարեց ռեժիսորներին աշխատել լայնածավալ նախագծերի վրա և փոխարենը բավարարվել ստուդիաներում կամ բնության գրկում նկարահանումներով, միայնակ կամ փոքր խմբով: Փառատոնի կազմակերպիչները խոստովանում են, որ համաճարակը ծանր ազդեցություն ունեցավ իրենց աշխատանքի զարգացման վրա։ Այնուամենայնիվ «Masters» անվանակարգում այս տարի ընտրված ֆիլմերը ապացուցում են, որ գլուխգործոց կարելի է ստեղծել մինիմալ միջոցներով՝ այդպիսով ընդլայնելով պատկերի վրա հիմնված կինոյի լեզուն։
Այսպիսով, JEONJU IFF փառատոնը, շուրջ երկու տարի տևող դադարից հետո, վերսկսելու է կինոթատրոնային ցուցադրությունները։ Ապրիլի 28-ից մայիսի 7-ը Չոնջուն քաղաքում ցուցարդվելու են ընդհանուր առմամբ 217 ֆիլմ՝ 57 երկրից ։
Լիլիթ Սոխակյան
Փարիզ, 2022թ