Բառերն ու հնչյունները գալիս են ու անցնում, լռությունը մնում է: Կարողացեք լսել Ձայնը Լռության:

      Վիգեն Չալդրանյան

Ժամանակակից ֆիլմարտադրությունն ունի իր կանոնները, որոնք պահպանելու դեպքում ֆիլմի կոմերցիոն հաջողությունը, լայն մասսայականությունը և, հետևաբար, շահութաբերությունն ապահովված են, դե իսկ կանոնները չափազանց պարզ են. անհրաժեշտ է մատուցել պարզագույն դրամատուրգիական սխեմայով կառուցված սցենար և դերասանական կազմի մեջ ներառել մի քանի «աստղային» անուններ: Արդյունքում, մեկը մյուսի ետևից էկրան են բարձրանում միանման, «միանգամյա օգտագործման» ֆիլմեր: Ցավոք, այս երևույթը նկատելի է ինչպես համաշխարհային, այնպես էլ` հայ կինոյում: Պատճառները հասկանալի են՝ ժամանակակից հանդիսատեսը սովոր է տեսնել, ապա նաև սովորության ուժով պահանջել պարզ, առանց այն էլ խնդիրներով ու հոգսերով լի կյանքն է´լ ավելի չծանրաբեռնող ֆիլմեր: Պարադոքսը նրանում է, որ այն ֆիլմերը, որոնք բարձրացնում են մեր ժամանակին բնորոշ կարևորագույն հարցեր, այլ ոչ թե պարզապես ապահովում ժամանց, կարող են լրջորեն ազդել հանդիսատեսի մտածողության վրա, վերացնել նախապաշարմունքները՝ ստիպելով առերեսվել խնդիրներին, փնտրել դրանց լուծման տարբերակներ: Նմանատիպ ֆիլմերի արժեքն այն է, որ հեղինակները հասկանում են մի պարզ ճշմարտություն. մարդկային հոգեբանությունը շատ քիչ է փոխվել հարյուրամյակների, նույնիսկ հազարամյակների ընթացքում, և մարդուն, նրա ներաշխարհը, խնդիրները, հասարակության հետ բարդ ու բազմաթել փոխհարաբերությունները ցույց տալը վստահորեն կդիպչի թիրախին: Բնականաբար, այդպիսի ֆիլմերն ավելի են գնահատվում սակավաթիվ հանդիսատեսի կողմից, լայն մասսայականություն չեն վայելում, բայց,  սովորաբար, դրանք մնում են կինոյի պատմության մեջ:

Այսօրվա հայ կինոիրականությունում քչերն են համարձակվում հատել այդ սահմանը՝ ստեղծելով այնպիսի ֆիլմեր, որոնք ոչ թե մեծ պահանջարկ կունենան, այլ կշոշափեն հասարակության մեջ առկա խնդիրները՝ չկորցնելով արվեստագետի սեփական տեսակն ու դիմագիծը: Նման սակավաթիվ ռեժիսորներից մեկն է Վիգեն Չալդրանյանը: Այս ռեժիսորի ողջ ստեղծագործական ուղու միջով կարմիր թելի պես անցնում են ժամանակակից մտավորականին հուզող հարցեր՝ հայրենասիրությունը, կարոտը, մարդկային մենությունը, ինքնաբացահայտումը, անհատի և հասարակության փոխհարաբերությունները, ճշմարտության և «կորսված դրախտի»  որոնումները: Չալդրանյանի ֆիլմերում անցյալը և ներկան իրար են ներհյուսված անտեսանելի թելերով. հմտորեն արված մոնտաժի միջոցով հանդիսատեսին են պատմվում տարբեր տարածաժամանակային իրողություններում կատարվող իրադարձություններ՝ ֆիլմի տիրույթում շղթայելով անցյալի և ներկայի դրվագները:

Վիգեն Չալդրանյանի ֆիլմացանկում առանցքային է լռության թեման: Ռեժիսորը հեղինակել է եռահատոր լռություն՝ «Լռության սիմֆոնիա» (2001թ.), «Ձայն լռության» (2012թ.) և «Վարդապետի լռությունը» (2015թ.) ֆիլմերը: Ֆիլմերից յուրաքանչյուրն առանձին պատմություն է, իրարից տարբեր հերոսներով, դեպքերով և ժամանակագրությամբ, սակայն երեքում էլ իրադարձությունների կենտրոնում ժամանակակից հայ մարդն է:

«Լռության սիմֆոնիա» (2001թ.)

Ֆիլմի առաջին կադրերը նկարահանված են Նյու Յորքում. սուբյեկտիվ կինոխցիկը որսում է մեգապոլիսի փողոցները, մեքենայի պատուհանից սահելով երկնաքերերի վրայով՝ ուղևորվելով դեպի օդանավակայան: Ինքնաթիռում հանդիսատեսն առաջին անգամ տեսնում է ֆիլմի գլխավոր հերոսին՝ քառասունն անց մի տղամարդու, որն Ամերիկայից ուղևորվում է Հայաստան՝ ներկայանալով որպես Մել (Միքայել Պողոսյան): Ֆիլմի սցենարի զարգացումից պարզ է դառնում, որ վերջինս հիվանդ է թոքերի քաղցկեղով և, կանխազգալով մոտալուտ մահը, որոշել է կյանքի վերջին օրերն անցկացնել հայրենիքում՝ վերջին անգամ գնալով մանկության հիշողությունների հետքերով: Մելը Երևանում ծնված ու մեծացած նախկին հանցագործ է՝ Կոնդի Գժո մականունով, խելացի, բայց կռվարար ու անկառավարելի բնավորությամբ, որ տարիներ առաջ խարդախության միջոցով կարողացել է ադամանդների հավաքածուի տիրանալ և տեղափոխվել նահանգներ՝ դառնալով պատկառելի հարստության և կարգավիճակի տեր: Վերադառնալով ծննդավայր՝ Մելը տեղեկություն է ստանում, որ երևանյան հոգեբուժարաններից մեկի շենքը հանվել է աճուրդի և, հանդիսատեսի համար դեռևս չպատճառաբանված քմահաճույքով, որոշում է գնել այն՝ հաստատության հարկի տակ պահպանելով հիվանդներին և բուժաշխատողներին: Մելը որոշում է բնակություն հաստատել հոգեբուժարանի շենքում, ծանոթանալ հիվանդների հետ, նրանց համար ստեղծել հնարավորինս լավ կենսապայմաններ և անձամբ հետևել կարգուկանոնին: Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 2000-ականների սկզբին. զրկանքներով լի 90-ականներին հաջորդած այս տարիներին կյանքը դեռևս լի էր դժվարություններով, և արտերկրից ժամանած, փողը անխնա «աջ ու ձախ» ծախսող, մտախոհ, «առանց անցյալի» այս պարոնը, ում հոգեբուժարանի գլխավոր բժիշկը (Ժան Պիեռ-Նշանյան) քծնաբար «շեֆ» է անվանում, բնականաբար մեծ հետաքրքրություն է առաջացնում իր անձի շուրջ: Գլխավոր բժիշկը ստրկամիտ հոգածության դիմակի տակ նպատակ է հետապնդում բացահայտել Մելի ով լինելը: Հետագայում պարզ է դառնում, որ կողոպուտից հետո, բանտից խուսափելու համար վերջինս խելագար է ձևացել և տեղափոխվել այդ նույն հոգեբուժարան՝ որտեղից էլ նրան հաջողվել է փախուստի դիմել:

Ֆիլմում հոգեբուժարանի կենվորներից յուրաքանչյուրի հիվանդության հետևում կարելի է տեսնել հետաքրքիր նախապատմություն: Հոգեբուժարանի հիվանդներից է երիտասարդ մի կին (Նինո Կասրաձե), որը Մելին սկզբում ընկալում է իբրև իր որդի, քիչ ավելի ուշ՝ «լույսի մարդ», ապա՝ իր հայր, վերջում՝ ամուսին: Պարզ է դառնում, որ կինը խելագարվել է «մութ ու ցուրտ» տարիներին, երբ ծանր սոցիալական պայմանների պատճառով շենքի էլեկտրիկը հոսանքազրկել է բնակարանը, և նրա որդին մահացել է հիվանդությունից: Հոգեբուժարանում է նաև մի երիտասարդ տղամարդ, որը շարունակ լուցկու տուփեր է հավաքում և դրանցով  շենքեր «կառուցում»: Նրա արտահայտիչ գյումրվա բարբառից հասկանալի է դառնում, որ խելագարության պատճառը 1988թ. ավերիչ երկրաշարժն է: Հիվանդների թվում է նաև մի տաղանդավոր ծերունի նկարիչ (Կարեն Ջանիբեկյան), ում սենյակի պատերը նկարազարդված են տպավորիչ նկարներով, իսկ վերջինս երազում է ունենալ բնորդուհի: Հետաքրքիր է նաև այն տղամարդու կերպարը, ով երազում է դառնալ նախագահ և ներկայացնում է իր քաղաքական հայացքները (Վաչագան Գրիգորյան): Երբ այն հարցին, թե նա իսկապե՞ս հավատում է արդարացի հասարակության ստեղծմանը, մարդու կատարելությանը, «նախագահի թեկնածուն» դրական պատասխան է հնչեցնում, Մելը հեգնում է, ասելով. «Հիմա հասկանում եմ, թե ինչու եք այստեղ…»:

Հիվանդներից մեկի` «մաեստրոյի» (Վլադիմիր Մսրյան) շուրթերով, որ անընդհատ չափ է տալիս և նվագում «լռության սիմֆոնիան», հնչում է ֆիլմի առանցքային գաղափարներից մեկը. «Բառերն ու հնչյունները գալիս են ու անցնում, լռությունը մնում է: Կարողացեք լսել Ձայնը Լռության»:

Չալդրանյանի ֆիլմերում («Լռության սիմֆոնիա», «Ձայն լռության», «Վարդապետի լռությունը» և այլն) հաճախ է ցուցադրվում հոգեբուժարանը՝ որպես հասարակության հիվանդ լինելու յուրատեսակ սիմվոլ:

Մելը հանգում է եզրակացության, որ այս մարդկանցից յուրաքանչյուրի անձնական ողբերգության պատճառը հիվանդ հասարակությունն է, որում նրանք ապրել են: Չնայած իր գործած բազմաթիվ սխալներին և ծնողներին հասցրած հիասթափությանը՝  Մելը, կյանքի մայրամուտին, իր մարդկային վերաբերմունքով, փորձում է «բուժել» հիվանդներից յուրաքանչյուրին՝ տալով այն, ինչին նրանք այդքան ձգտում են: Հերոսի նպատակն է հոգեբուժարանի պատերից ներս ստեղծել փակ համակարգ, յուրատեսակ ուտոպիա, որտեղ այս մարդկանցից յուրաքանչյուրը կդառնա երջանիկ:

Ռեժիսորը ֆիլմի դերասանական կազմում ընդգրկել է հեղինակավոր արտիստների: Ֆիլմի նկարահանումներին մասնակցելու համար Հայաստան է հրավիրվել լեհ ճանաչված դերասանուհի Բարբարա Բրիլսկան: Ֆիլմի դերասանական անսամբլը կարողացել է չափազանց հավաստի կառուցել կերպարներից յուրաքանչյուրը:

«Ձայն լռության» (2012թ.)

Ֆիլմի հերոսն ամերիկաբնակ հայ կինոռեժիսոր է, որը հայրենիքից հեռու՝ Հոլիվուդում հասել է հաջողության: Նախկին երևանցի Հովհաննեսը, ներկայումս՝ Ջոնը, նահանգներից վերադարձել է իր հրեա կնոջ հետ, որը նաև ամուսնու պրոդյուսերն է: Ջոնը կնոջ թելադրանքով մտադիր է կոմերցիոն ֆիլմ նկարահանել Հայաստանում: Արդեն պատրաստ է ֆիլմի սցենարը, ընտրված են դերակատարները, և ռեժիսորը ֆիլմի համար նկարահանման տեղանք (location) է փնտրում: Հերթական անգամ մեքենայով կոլորիտային տեղանքներ փնտրելիս Ջոնը կանգ է առնում լքված աղբանոցում: Արտաքին աշխարհից մեկուսացած այս վայրում ռեժիսորը հայտնաբերում է չափազանց տարօրինակ և «քաղաքակիրթ» աշխարհի ստանդարտներից դուրս մի կնոջ: Ջիջին՝ աղբանոցի «թագուհին», ռեժիսորին շփոթության մեջ է գցում իր ստոիցիզմով և ապշեցնում անմիջական պահվածքով ու վայրի էությամբ: Ջիջիին հանդիպելուց հետո Ջոնը ակամա սթափվում է իր «փափուկ» կյանքից, ստիպված է լինում վերաիմաստավորել սեփական կյանքն ու վերանայել արժեքները: Երկար տարիներ հեռու լինելով հայրենիքից և ապրելով օտարության մեջ` Ջոնը սկսել է կորցնել ինքն իրեն և այն ամենն, ինչը մի ժամանակ կարևոր էր իր համար: Ջիջին՝  անսանձ խառնվածքով այս կինը, նման չէ ոչ ոքի, և, ի հակադրություն Ջոնի կնոջ, նրան չեն հետաքրքրում ո՛չ փողը, ո՛չ հասարակական դիրքը, ո՛չ էլ մյուսների հեղինակավոր կարծիքը: Բազմաթիվ դժվարությունները, որոնց միջով ստիպված է եղել անցնել Ջիջին վաղ տարիքից, ոչ միայն չեն չարացրել նրան, այլև թույլ են տվել աշխարհին նայել մի տեսակ թախծոտ-հեգնական ժպիտով: Ջիջիի մեջ Ջոնը տեսնում է այն, ինչ երկար տարիներ փնտրել է, բայց չի գտել. երիտասարդ կինը կարծես ռեժիսորի ներքին ձայնը լինի, որը չի վախենում արտահայտել իր՝ աշխարհից ու ինքն իրենից խնամքով թաքցրած մտքերն ու զգացմունքները: Ջիջիի և Ջոնի զրույցները կարծես վերջինիս երկխոսությունը լինեն սեփական խղճի հետ:

-Ջո՛ն, փորձիր մոռանալ քո բոլոր ֆիլմերը, աշխարհի բոլոր փշալարերը, փորձիր բարձրանալ վեր` անսահմանություն: Էնտեղ չկա դավաճանություն, ստորություն, ատելություն. կա միայն սեր ու մի ձայն միայն` ձայն լռության:

Հարկ է նշել, որ Ջոնը, իր հերթին, մեծ ազդեցություն է թողնում Ջիջիի կյանքի վրա` օգնելով վերգտնել հավատը մարդկության հանդեպ: Իրարից այդքան տարբեր սոցիալական դիրքի և աշխարհայացքի տեր այս մարդկանց կյանքը միավորել է անտեսանելի թելերով, սակայն  ֆիլմի դրամատուրգիան բացառում է «հեփփի էնդը», իսկ վերջնամասում տեղի ունեցող իրադարձությունները բավականին անսպասելի են և դրամատիկ: Ֆիլմի հեղինակը կարողացել է իրատեսական, ինչու չէ, ապտակ հասցնելու չափ ճշգրիտ կերպով ցույց տալ ժամանակակից հայ հասարակության թերությունները, արժեքներից զուրկ լինելը, գռեհիկ բարքերը` ստիպելով ապրումակցել հերոսներին: Ֆիլմի կոմպոզիտորը  հայտնի հայ ջազմեն Գարի Քյոսայանն է, ու այս ֆիլմում ևս հնչում է հանդիսատեսին «Լռության սիմֆոնիա» ֆիլմից ծանոթ երաժշտական լեյտմոտիվը:

Պատահական չէ, որ Չալդրանյանը ֆիլմը նվիրել է Ֆեդերիկո Ֆելինիին և Ջուլիետա Մազինային, այդպիսով հղում կատարելով մեծ ռեժիսորի և իր հավերժական մուսայի յուրատեսակ հոգևոր կապին և համեմատելով այն հերոսների միջև ծնված զգացմունքների հետ:

Ֆիլմի սցենարի հեղինակը և ռեժիսորը Վիգեն Չալդրանյանն է: Ֆիլմը նկարահանվել է Վիգեն Չալդրանյանի և Գուրգեն Խանջյանի «Ձայն լռության կամ Վեցերորդ պատվիրանը» պիեսի մոտիվներով: Ֆիլմում ռեժիսորի կերպարը մարմնավորել է ինքը Չալդրանյանը, Ջիջիին մարմնավորել է Մարիամ Դավթյանը, որ այս ֆիլմում իր փայլուն դերասանական խաղի համար 2013 թվականին արժանացել է «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության «Լավագույն դերասանուհի» մրցանակին:

«Վարդապետի լռությունը» (2015թ.)

Ֆիլմի առաջին տեսարանը հանդիսատեսին տեղափոխում է 1915 թվականի Մեծ եղեռնի օրեր, Չանղըրի անապատ, որը արևմտահայ մտավորականության սերուցքի վերջին հանգրվանն էր՝ աքսորի ճանապարհին։ Մահապարտները, կարմիր ֆեսավոր թուրք ժանդարմների զենքի սպառնալիքի տակ, դանդաղ առաջ են շարժվում։ Կադրերին զուգահեռաբար լսվում է աքսորի ճանապարհի՝ արձակ ժանրի, բայց պոետիկ բնույթի նկարագրություն։ Գետնին զարկվող դույլից թափվում է ջուրը, որն անապատի ճաքճքած հողն ագահորեն կուլ է տալիս։ Ճաքճքած գետնի այս կադրը մոնտաժի օգնությամբ վերափոխվում է ծխացող խնկամանի, իսկ հանդիսատեսը` վերադառնում մեր օրերի Երևան։

Սցենարը Չալդրանյանը գրել է Ռուբեն Հովսեփյանի մասնակցությամբ: Երկխոսություններից, կարճատև դրվագներից աստիճանաբար սկսվում է ուրվագծվել ֆիլմի գլխավոր հերոսի էությունը։ Վերջինս հին երևանցի մտավորականների տոհմի շառավիղ, գրող Էդգար Նովենցն է, որի հեղինակած պատմավեպերը ներկայացնում են հայոց պատմության` շատերին անհայտ, բայց իրավամբ փառավոր դրվագները, շեշտված ազգային երանգով։ Նովենցի երազում և արթմնի ստեղծագործական մտորումների առարկան Կոմիտասի կյանքն է։ Ֆիլմի տիրույթում գրողն աշխատում է իր կյանքի կարևորագույն գեղարվեստական վեպի վրա, որը վերնագրել է «Վարդապետի լռությունը»։ Տարագիրների լուռ ճանապարհը մահվան անապատով, Կոմիտասի աշակերտ Արմենակ Շահմուրադյանի այցը Փարիզի Վիլ–Ժուիֆ հոգեբուժարան, «Հայր մեր» մանկական աղոթքը, Կոմիտասի բազմամյա ուսումնասիրությունների առարկա հայկական հին նոտագրությունը՝ խազերը, նրա տեսիլքում սպիտակազգեստ մանուկների երգած «Առավոտ լուսո» շարականը, անապատում Վարդապետի ձեռքից թուրք ժանդարմի դեն նետած դույլով ջուրը, Կոմիտասի մահադիմակի ճշգրիտ վերարտադրությունը՝ մահվան մահճում, այս և այլ դրվագներ խմորվում են Էդգար Նովենցի բորբոքված գիտակցության շերտերում։ Բացի գրական գործունեություն ծավալելուց, Նովենցը նաև լրագրություն է դասավանդում Մայր բուհում` իր ուսանողների հետ ձևավորելով փոխադարձ հարգանքի և վստահության յուրատեսակ կապ։ Նովենցի մտքում տեղի ունեցող, երևակայական պատկերները միահյուսված են իրական, առօրյա կյանքում տեղի ունեցող իրադարձություններին։ Հերոսը գրեթե ողջ ֆիլմի ընթացքում ապրում է իր իսկ մտքում վերստեղծած կոմիտասյան ժամանակում և միայն երբեմն ստիպված է «արթնանալ»՝ առերեսվելով սառը, սթափեցնող մերօրյա իրականությանը։ Կոմիտասագետ պապից ժառանգած լինելով Վարդապետի մասին ծավալուն գրադարան, նրան պատկերող դիմանկարներ և կանադահայ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի ստեղծած կոմիտասներից մեկը, Նովենցն ամենուրեք որոնում է Կոմիտասին` փորձելով թափանցել նրա կյանքի առեղծվածային էջերից ներս։ Չբավարարվելով Վարդապետի մասին հայերեն և օտարալեզու բազմահատոր գրականությունով, վերջինիս ընկերների և ժամանակակիցների հուշերից, մերօրյա առաջատար գիտնականների և հոգեվերլուծաբանների  աշխատություններից և ուսումնասիրություններից ստացված տեղեկություններով` Նովենցը հանդիպում է հայաստանյան հոգեբուժարաններից մեկի գլխավոր բժշկի հետ։ Վերջինս  Նովենցին պատմում է հոգեբուժարանի պացիենտներից մեկի հիվանդության պատմության մասին, քանի որ այն որոշակիորեն նման է Վարդապետի կյանքի վերջին տարիներին դրսևորած վարքագծին։ Զրո պապը, այս անունով է հայտնի պացիենտը հոգեբույժների շրջանում, ավելի քան քսան տարի գտնվելով հոգեբուժարանում, չի դրսևորում հոգեկան հիվանդին բնորոշ վարք, պարզապես լռում է։ Նովենցը պապի համար միացնում է Կոմիտասի կատարմամբ «Մոկաց Միրզա» երգը և հետևում է նրա արձագանքին։ Այս հանդիպումից հետո Նովենցը համոզվում է, որ Կոմիտասի կերպարը ավելի խորը հասկանալու համար պետք է մեկնի Փարիզ՝ այցելելու Վիլ–Ժուիֆ հոգեբուժարան, որի պատերի ներքո իր կյանքի վերջին տարիներն է անցկացրել Կոմիտասը։ Նովենցը գլխավոր բժշկին խնդրում է իրեն թույլատրել երբեմն այցելել Զրո պապին, իսկ բժիշկն էլ սիրալիրությամբ նրան առաջարկում է Փարիզից վերադառնալուց հետո, որոշ ժամանակով «ներքին կարգով» տեղափոխվել իրենց հաստատություն՝ բուժարանի միջավայրը «ներսից» ուսումնասիրելու համար։ Նովենցը Զրո պապին է նվիրում կոմիտասյան «Մոկաց Միրզայի» ձայնագրությամբ դիկտաֆոն։ Կոմիտասի կատարմամբ այս ձայնագրությունը խորհդանշական դեր ունի ֆիլմի գեղարվեստական կոմպոզիցիայի մեջ:

Ֆիլմի ստեղծման օրերին՝ 2014-2015 թվականներին, Հայաստանում սկսել էին ի հայտ գալ հասարակական դժգոհության առաջին խոշոր ալիքները, որոնք ավելի մեծ թափ էին հավաքելու 2016 թվականի Քառօրյա պատերազմից հետո և ապա հանգեցնելու էին 2018 թվականի, այսպես կոչված` «թավշյա» հեղափոխությանը: Ցավոք, այն ժամանակ անհնար էր կանխատեսել իրադարձությունների չարաբաստիկ ընթացքն ու հանգուցալուծումը, որոնք դավադիր պատերազմի զոհ դարձրեցին ավելի քան հինգ հազար  հայորդիների, իսկ մեր երկիրը քսանմեկերորդ դարում՝ կանգնեցրին  պետականության կորստի վտանգի առջև։  Նշենք, որ Չալդրանյանն իր բազմաթիվ ֆիլմերում քննադատաբար է մոտեցել քաղաքական գործընթացներին` չվախենալով և չխուսափելով խոսել մեր երկրում տիրող իրականության մասին:

Նովենցի մարդ–տեսակի և ազգային դիմանկարի մասին ամբողջական պատկերացում են տալիս նրա և ուսանողների զրույցները, հայրենասիրության մասին սենտիմենտալիզմից և պաթետիզմից զուրկ խորքային պատկերացումները։ Ֆիլմի դրվագներից մեկում Նովենցը մտնում է լսարան և տեսնում, որ բոլոր ուսանողները բացակա են, բացի մեկից, որը դիտավորյալ է համալսարանում մնացել, որպեսզի տարփալից հայացքներով և գռեհիկ հագուստով գայթակղի իրեն։

–Ո՞ւր են։

–Ցույցի են գնացել։

–Ցույցի՞։ Բա դո՞ւ ինչու չես գնացել։

–Ո՞նց։ Որ Ձեզանից բացակա չստանամ։

–Բայց էնտե՛ղ բացակա կստանաս, ո՞րն է քեզ համար ավելի կարևոր։

Նովենցը սաստում է ուսանողուհուն և  արժանանում վերջինիս ցասմանը, հետագայում՝ վրիժառու զրպարտանքին: Ֆիլմի դրվագներից մեկում Նովենցի ուսանողներից մեկը, որին նույն  ցույցի ժամանակ բերման էին ենթարկել, ոստիկանական բաժանմունքից զանգահարում է իրեն։ Վերջինս շտապում է ուսանողի ետևից։ Ոստիկանությունից վերադառնալիս Նովենցը, որպես էքսպրոմտ, ուսանողին (Արեգ Գևորգյան) առաջարկում է քննությունը տեղում հանձնել` հարցազրույց վերցնելով ազատության երգիչ Միքայել Նալբանդյանի արձանից, որը զարմանալիորեն գտնվում է ՊԱԿ-ի շենքի դիմաց։ Հարցազրույցի տեսարանը ուսանողների հետ տեսարաններից ամենատպավորիչն է։ Այս և մի քանի այլ դրվագներ պատճառ են հանդիսանում, որ Նովենցի հանդեպ «վերևից» հսկողություն սահմանվի և նրա յուրաքանչյուր քայլը զեկուցվի վերադասին։ Նրա պահանջատիրությունը, քաղաքացիական բարձր գիտակցությունը պիտակավորվում են որպես «այլախոհական» գործունեություն և Նովենցը հեռացվում է դասախոսի իր պաշտոնից։

–Ի՞նչ եք կարծում, ո՞վ է այսօրվա հերոսը։

–Այսօրվա հերոսը չպետք է լռի։

–Չկա լռություն։ Կա միայն խլություն։ Չենք լսում ծղրիդին, ու մեզ թվում է, լռություն է։

-Ինչի՞ մասին էր լռում Կոմիտասը։

–Չգիտեմ, դրա համար էլ գրում եմ, հենց դա եմ ուզում պարզել։

Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչ է պատահում մտածող մարդու հետ, երբ նա դուրս է գալիս սիստեմի դեմ: Նովենցի ազնվությունը, հայրենասիրությունը, արժեքները անհամապատասխան են մերօրյա իրականությանն ու իդեալներին, այդ պատճառով նրան փորձում են «լռեցնել»` փակելով հոգեբուժարանում, ներկայացնելով իբրև խելագար: Ֆիլմի վերջում Նովենցի գրչից այնպիսի թափով է սկսում հորդել վեպը, ինչպես Զրո պապի շուրթերից` Կոմիտասի «Մոկաց Միրզան»: Ֆիլմի ավարտը բաց է, ռեժիսորը հանդիսատեսին առաջարկում է հետևություններ անել ինքնուրույն:

Ֆիլմում հետաքրքիր  է կառուցված նաև սիրային սյուժետային գիծը, երիտասարդ մտավորականի սիրո առարկան ևս հետաքրքիր նախապատմություն ունի: Ռեժիսորը այս ուղղությամբ հետաքրքիր մոտեցում է ցուցաբերել` կոմիտասյան «Սոնա-յար» խմբերգի անվանումը խաղարկելով իբրև բառախաղ՝ հերոսի սիրած կնոջ (Անի Ղազարյան) անվան փոխարեն: Ֆիլմում օգտագործվել է բանաստեղծուհի Սոնա Վանի պոեզիան, որը ներդաշնակորեն տարրալուծվում է պատումի մեջ` ֆիլմի կոմպոզիցիան դարձնելով առավել ամբողջական։

Մտածելու տեղիք է տալիս նաև «Վարդապետի լռությունը» ֆիլմի “Alter Ego” միջազգային անվանման ընտրությունը, որը հղում է Նովենցի «ալտեր էգոյին»՝ Կոմիտաս վարդապետի կերպարին: Չալդրանյանի ֆիլմում Նովենցին մարմնավորել է  դերասան Վարդան Մկրտչյանը, իսկ Վարդապետի  կերպարները մարմնավորել են օպերատոր  Արտո Խաչատուրյանն ու  կոմպոզիտոր Վաչէ Շարաֆյանը։  Չալդրանյան-էսթետը շեշտադրումը կատարել է ոչ միայն արտաքին նմանության, այլև խորքային կերպարային լուծման վրա: Ֆիլմում տեսնում ենք նաև Չալդրանյանի կամեոն՝ ռեժիսորը ֆիլմի տիրույթում հանդիպում է հերոսին և նրա հետ մտքեր փոխանակում: Չալդրանյանի ռեժիսորական ձեռագրին բնորոշ տարրերից է ճաղատ կնոջ էսթետիկ ֆետիշիզացիան, այս երևույթը նկատելի է ռեժիսորի բազմաթիվ ֆիլմերում («Քրմուհին», «Լռության սիֆոնիա», «Վարդապետի լռությունը»):

Օպերատորի (Արթուր Ուստյան) և բեմադրող-նկարչի (Վիգեն Չալդրանյան) կատարած մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ ֆիլմն աչքի է ընկնում մռայլ գունապնակով: Թաթախված լինելով կոմիտասյան աուրայի մեջ` ֆիլմն ունի յուրատեսակ մթնոլորտ՝ հարստացած Կոմիտասի, Կլոդ Դեբյուսիի, Ավետ Տերտերյանի երաժշտությամբ: Ֆիլմի կարևորագույն արժանիքներից է նաև այն, որ ֆիլմում բարձրաձայնվում են Կոմիտաս վարդապետի խելագարության մասին կարծրատիպի գիտական հերքման ցուցադրումը, որը թյուրիմացաբար տարածում է գտել Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» գեղարվեստական պոեմի հայտնի հատվածի պատճառով: Ֆիլմում հնչեցվում են Կոմիտասի կյանքի և նրա վարքագծի մասին ամենաթարմ գիտական հետազոտություններն ու տեսակետները:

Խոսելով ֆիլմի առանձնահատկություններից անհրաժեշտ է գնահատել ոչ միայն ֆիլմի էսթետիկ, այլ նաև գաղափարական արժեքը. նկարահանված լինելով հայ ժողովրդի համար խորհրդանշական իրադարձության՝ Մեծ եղեռնի հարյուրամյա տարելիցի կապակցությամբ, ֆիլմը յուրատեսակ կոչ է աշխարհին և հայությանը:

Էլեն Դանիելյան