Ապրիլի 16-ը պաշտոնապես Հայ կինոյի օր է հաայտարարված․ 2019 թ․ ՀՀ ազգային ժողովը  հունիսի 19-ի հերթական նիստում ընդունեց ապրիլի 16-ը՝  Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենքի նախագիծը և  ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքը լրացվեց նոր՝ 4․1-րդ հոդվածով․« Հայ կինոյի օր` նշվում է ապրիլի 16-ին»:

Խորհրդային Հայաստանի կառավարության 1923թ․ ապրիլի 16-ի «Պետկինոյի կազմակերպման մասին» դեկրետով ստեղծվեց «Պետկինոն»։

 

Ահա թե ինչ է գրում այս մասին  Դանիել Դզնունին իր հուշերում

«Սարգիս Լուկաշինը կանչում է իր մոտ տողերիս հեղինակին՝ Գլխքաղլուսվարի նախագահին և հարցնում, թե ինչ գումար է պետք կինոգործը սկսելու համար։ Իմանալով, որ այդ գումարը պետք է կազմի առնվազն 3000 ռ․, Լուկաշինը մի երկտող է գրում և ավելացնում«Կտաք սա Լուսժողկոմ Մռավյանին և կստանաք նրանից 100 ռուբլի։ Ներկայումս ավելի գումար չենք կարող տրամադրել»։ Սակայն, Ասքանազ Մռավյանն իր հերթին, նախապես հեռախոսով առարկելով Լուկաշինին, ի վերջո բաց է թողնում․․․60 ռուբլի՝ 6 չերվոնեց, ասելով«Մենք պետք է հոգանք 30 հազար որբերի մասինառայժմ մտածեք Երևանում մի նոր կինոթատրոն բանալու մասին, գուցե հետագայում կարողանանք  ավելի շատ միջոցներ տրամադրել հայկական կինոարվեստի ստեղծման համար»։

Այդ 60 ռուբլին  դարձավ կազմակերպության մտից բալանսը ՝ Հայկինոյի հիմնադրամը։

«1923 թապրիլի 20-ին ՀԽՍՀ Ժողկոմխորհը որոշում է ընդունում Լուսժողկոմատի սիստեմում հատուկ կինոկազմակերպություն ստեղծելու մասին, որը և անվանվում է «Պետկինո»։ Այդ օրվանց էլ պետք է համարել հայկական պետական կենեմատոգրաֆիայի սկզբնավորումը»,-գրում է  Դ․Դզնունին։

«Կինոգործի մի քանի էնտուզիաստներ ոչ միայն չեն հուսահատվում կինոգործի ստեղծման համար տրամադրված հիմնադրամի քչությունից, այլ նոր թափով են լծվում վերը նված նախաձեռնությանը՝  նյութական միջոցների պակասը լրացնելով իրենց եռանդով ու նվիրվածությամբ։ Եվ քանի որ կինոարդյունաբերության ստեղծման  մասին մտածելը դեռևս վաղաժամ ու անիրագործելի էր, նրանք բավականանում են «Պետկինո»-ի ստեղծումով և ձեռնամուխ են լինում ռեսպուբլիկայի կինոֆիկացման աշխատանքներին։

Այդ օրերին Երևանում արդեն գործում էին ՀԱՄԽ-ի «Պրոլետար» և Հայկական դիվիզիայի Քաղբաժնի  «Աստղ» կինոթատրոնները։Սակայն, պետական կինոթատրոն դեռ չկար։ Առաջ քաշվեց «Պետկինո»-ի գծով ևս կինոթատրոն բանալու հարցը։ Եվ քանի որ գարնան ամիսներն էին, նպատակահարմար համարվեց, որ դա լինի ամառային բացօթյա կինոթատրոն։ Որոնումներից հետո կանգ են առնում Աբովյան փողոցում գտնվող մի փոքր այգու վրա։ Երկու շաբաթվա ընթացքում այգին վեր է ածվում «կինոսրահի»․ կտրվում են եղած փոքրաթիվ ծառերը, կառուցվում են երկար նստարաններ, կինոբուտկա, անգամ օթյակներ, որոնցից մեկի մեջ պահպանվում է հաստաբուն մի ծառ, իսկ դիմացի շենքի բարձր պատը սվաղվում է սպիտակեցվում է որպես էկրան։ Նույն այդ շենքի պատշգամբի  տակով անցնող կիսաբաց միջանցքը լուսավորվում է  բազմաթիվ մանր էլեկտրալամպերով մինչև Աբովյան փողոցի վրա ֆաներայից կառուցված դրամարկղը, որի ճակատին կախվում է «Պետկինո» ցուցանակը։

Այս բոլոր աշխատանքները, պարզ է, ծախսեր էին պահանջում և ավելի մեծ չափերի, քան Լուսժողկոմատից ստացված 60 ռուբլին, այդ պատճառով էլ ամեն ինչ կատարվեց ապառիկ՝ պայմանով, որ այդ պարտքը մարվի կինոյի եկաամտից։ Իսկ Լուսժողկոմատից  ստացված գումարով Երո Խարազյանը գործուղվեց Թիֆլիս՝ ձեռք բերելու կինոցուցադրման ապարատ և ֆիմ՝ դարձյալ ապառիկ։ Թիֆլիսում Խարազյանը մի մասնավոր վարձակալական գրասենակից ապառիկ ձեռք է բերում ցուցադրման ապարատ և «Նիկտո» բազմասերիալ ֆիլմը։

Եվ  ահա 1923 թ․ հունիսի 8-ին բացվում է «Պետկինո»-ի անդրանիկ կինոթատրոնը, որն առաջին իսկ օրից մեծ թվով հանդիսականներ է գրավում։ Դրան որոշ չափով նպաստում է  այն հանգամանքը, որ դրամարկղի մոտ ամեն երեկո նվագում էր փողային նվագախումբը, իսկ որպես տոմսավաճառ դրամարկղում նստած էր երևանցիների կողմից սիրված դերասան Համբարձում Խաչանյանը, որը հետագայում դառնում է  հայ կինոյի արտադրած  ֆիլմերի հիմնական դերակատարներից մեկը։

Շատ կարճ ժամանակամիջոցում Պետկինոն կարողանում է  կինոթատրոնի եկամուտներով հոգալ ոչ միայն իր առօրյա ծախսերը , այլև մարել իր բոլոր պարտքերը։ Շուտով նույնիսկ դրամական կուտակում է ստեղծվում, որը «Պետկինո»-ին հնարավորություն է տալիս մտահոգվելու ձմեռային կինոթատրոնի շենքի հարցով։ Մինչ այդ «Պետկինո»-ին է հանձնվում Ալեքսանդրապոլի «Շիրակ» կինոթատրոնը։ Այդ նույն ամիսներին շարունակվում են կինոցուցադրումները Նոր Բայազետում,Ղարաքիլիսայում և Ստեփանավանում»։

ՀԳՀետաքրքրական է այն փաստը, որ ԴԴզնունին Հայ կինոյի օրը իր հուշերում  (գրքում) համարում է 1923 թ․ ապրիլի 20-ը, այն դեպքում, երբ  հիշատակվում է հենց ապրիլի 16-ը։  Ո՞րն է գաղտնիքը։ Արդյո՞ք կա այլ բացատրություն։ Թերևս, այս հարցի պատասխանը հարկավոր է փնտրել Հայ կինոյի պատմության խորքերում՝ հասկանալու համար, թե ինչու է Դզնունին ապրիլի 20-ը համարում Հայ կինոյի սկիզբը։ 

 Դանիել Դզնունի 

Ուրվագիծ Հայաստանի կինեմատոգրաֆիայի պատմության 

(1961, Երևան)