«Գարուն ա․․․» ֆիլմը շարունակում է իր հաղթարշավն ԱՄՆ-ում։ Ապրիլի 22-ից ֆիլմը կցուցադրվի Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքի Maya Cinema կինոթատրոնում: Այնուհետև, կցուցադրվի նաև Սիեթլում, Բոստոնում, Լաս Վեգասում և այլ քաղաքներում։ 

«Վերջերս ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Directors Guild of America (Ամերիկայի ռեժիսորների գիլդիա) դահլիճում՝ արժանանալով ոչ միայն հայերի, այլև արտերկրի հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։ Բացի այդ, ապրիլի 8-ից սկսած ֆիլմը ներկայացվում է Գլենդելի Laemmle կինոթատրոնների ցանցում։ Ուրախ ենք, որ ֆիլմի հաղթարշավն օտար ափերում շարունակվում է, և մարդիկ ծանոթանում են մեր երկրին ու պատմությանը «Գարուն ա․․․»-ի միջոցով»,-նշում են ֆիլմի հեղինակները: «Գարուն ա․․․»-ն ֆիլմ է պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին՝ երեք սերունդների աչքերով։

Ֆիլմի ռեժիսորը Ռոման Մուշեղյանն է, գլխավոր պրոդյուսերը՝ Ալեքսանդր Խաչատրյանը, պրոդյուսերը՝ Դիանա Ավետիսյանը։ Սցենարը հեղինակել է Հարություն Ղուկասյանը, օպերատորն է Սուրեն Թադևոսյանը, իսկ կոպոզիտորը՝ Արման Էլբերտը։

Ֆիլմը Aratta Production-ի, Vision Studio-ի, Phoenix Art Foundation-ի համատեղ արտադրությունն է։ Այն նկարահանվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ArLeAM-ի աջակցությամբ։