1987 թվականին Թբիլիսի ժամանած հանրապետությունների պատվիրակություններից ամեն մեկը յուրովի էր նախապատրաստվում կինոփառատոնի բացմանը: Մեր պատվիրակությունը, ասենք ոչ միայն մեր, սպասում էինք բանտից նոր ազատված Սերգեյ Փարաջանովին: Կինոփառատոնի բացումից մի քանի ժամ առաջ լուր է տարածվում, որ Փարաջանովը ներկա չի գտնվելու, որովհետև հրավիրված չէ:

Վիկտոր Բալայանը և Ֆրունզե Դովլաթյանը հայկական պատվիրակության նախագահությանը հատկացված երկու հրավիրատոմսից մեկը հանձնելով ինձ`ասում են հասցրու Փարաջանովին: Հրավերի համար նա շնորհակալ էր, բայց հրաժարվեց մասնակցել: Նույնիսկ կրկնեցի Վիկտոր Բալայանի խնդրանքը, որ այս տոմսատեղը բեմում է, ոչ թե սովորական հանդիսականների շարքում: Ասաց, որ փառատոնի տեր ու տիրականը իր վրացի բարեկամներն են, նրանք պիտի հրավիրեն, նույնիսկ շեշտեց փառատոնի գլխավոր տնօրենի ազգանունը` Ձիձիգուրի:

Հետագայում, ինչպես խոստովանեց ԽՍՀՄ պետկինոյի նախագահը, եթե Փարաջանովը մասնակցեր, ապա նրա շուրջ ծավալված իրարանցումը կլիներ այնպիսին, որ կինոփառատոնը կկոչվեր ոչ թե Թբիլիսյան, այլ` Փարաջանովյան…

Վերջապես Սերգեյ Փարաջանովին մենք հանդիպում ենք Ֆրունզե Դովլաթյանի «Մենավոր ընկուզենին» երկսերիանոց ֆիլմի ցուցադրման ժամանակ: Փարաջանովը հայկական պատվիրակությանը և փառատոնի մի խումբ մասնակիցների հրավիրեց իր տուն` Ֆրունզե Դովլաթյանի 60 ամյակը նշելու:

Ընդունելությունը սկսվում էր Կոտե Մեսխի փողոցից… Նատյուրմորտե առատ սեղաններ` բակում, բացօթյա պատշգամբում. նեղլիկ սենյակում… Առանց չափազանցության, պետք է ասել, որ կինոփառատոնի և՛ հրավիրված, և՛ առանց հրավերի ներկա գտնվող բազմաթիվ կինոգործիչներ ու լրագրողներ էին լցվել այնտեղ (Միության տարբեր ծայրերից, արտասահմանյան երկրներից)… Կինոփառատոնը պաշտոնական վայրից տեղափոխվել էր Փարաջանովի տուն: Անկեղծ ասած` այդ փառահեղ «իրարանցումը», որ Բաբելոնյան աշտարակաշինության էր նմանվում, նկարագրելը գրեթե անհնար է: Բաժակաճառեր, արտասահմանցիներից շատերն առանց թարգմանիչների էին… Եվ հանկարծ Փարաջանովը դիմում է Ֆրունզե Դովլաթյանին, բարձր գնահատում նրա ստեղծած ֆիլմերը և սենյակի մի անկյունի սնդուկից հանում է մի հրաշալի թիկնոց:

– Այս թիկնոցը ես կարել եմ բանտում` Ֆելինիի համար,- ասում է նա:- Հույս ունեմ, որ օրերից մի օր ինձ թույլ կտան հանդիպել նրան և նվերը հանձնել: Թիկնոցը առաջինը կրելու պատիվը տալիս եմ Ֆրունզե Դովլաթյանին, շնորհավոր ծնունդդ,- և մոտենում է Դովլաթյանին, իր ձեռքերով հագցնում թիկնոցն ու համբուրում…

Այդ օրվանից անցել են տասնամյակներ: Մինչև հիմա էլ ինձ թվում է, թե Ֆրունզե Դովլաթյանը ոչ մի կինոփառատոնում դրանից մեծ պարգևի չի արժանացել…

Ռ.Մաթոսյան