Այսօր Հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի մահվան օրն է։ Այդ առիթով, «Կինոաշխարհը» ներկայացնում է ԳԱԹ-ի արխիվային նյութերից՝ Դանիել Դզնունու հուշերը մեծ ռեժիսորի մասին։

 Համո Բեկնազարյան

Ահա մի ստեղծագործող, որի անունը սերտորեն կապված է հայկական կինոարվեստի ստեղծման և զարգացման հետ մի ամբողջ քառորդ դարի ընթացքում: Հ. Բեկնազարյանը Հայ կինոյի հիմնադիրներից մեկն է: Նրա ստեղծագործական տաղանդի արդյունք են հայկական շուրջ 15 ֆիլմեր, որոնցից առաջատար դեր են կատարել «Նամուս», «Զարե», «Շոր և Շորշոր», «Խասփուշ», «Տունը հրաբխի վրա», «Պեպո», «Զանգեզուր», «Դավիթ Բեկ», «Երկիր Նաիրի» և այլ ֆիլմեր: Այդ է պատճառը, որ 1965 թ., երբ նշվում էր հայկական առաջին գեղարվեստական ֆիլմի թողարկման 40-ամյակը, կառավարության որոշումով «Հայֆիլմի» ստուդիան կոչվեց Համո Բեկնազարյանի անունով:

Տեղեկանալով այն մասին, որ Վրաստանի «Գոսկինպրոմ»-ում աշխատում է նախկին կինոդերասան, ներկայումս ռեժիսոր Համո Բեկնազարյանը, ես մեկնեցի Թբիլիսի հրավիրելու նրան Երևան, որպես Հայկինոյի անդրանիկ ֆիլմի՝ «Նամուսի» բեմադրող ռեժիսորի:

Թբիլիսիում մեզ հայտնի դարձավ, որ նա գտնվում է Մանգլիսում և զբաղված է «Նաթելա» ֆիլմի նկարահանման աշխատանքներով: Հայկինոյի Թիֆլիսի ներկայացուցիչ Ի. Մ. Կրասլավսկին հաջողեցնում է մեր երկուսիս թռիչքը Մանգլիս ինքնաթիռով: Դա մի չորս տեղանի «Դուգլաս» ֆիրմայի ինքնաթիռ էր: Մեզանից ստորագրություն վերցրին, որ պատասխանատու չեն դժբախտ պատահարի դեպքում, ապա կապեցին մեզ փոկերով բազկաթոռներին և 20 րոպեից մենք վայրէջք կատարեցինք Մանգլիսում:

Իմ առաջին իսկ հանդիպումը Հ. Բեկնազարյանի հետ կրել է զուտ գործնական բնույթ: Նրա սկզբունքային համաձայնությունը ստանալուց հետո, մենք պետք է պայմանավորվեինք նրա աշխատանքի պայմանների մասին Հայկինոյում և առաջին հերթին՝ աշխատավարձի չափի մասին: Նա ինձ հայտնեց, որ Երևան տեղափոխվելուց հետո նրա պայմանները բնականաբար չպետք է վատանան, իսկ Թիֆլիսում նա ստանում է ամսական 1300 ռ. և տանտիեմա ձեռնարկության օգուտից: Ճիշտն ասած, այդ գումարը ինձ պարզապես սարսափեցրեց. չէ որ այդ տարիներին «պարտմաքսիմումը» 210 ռ. էր: Ինչպե՞ս անել: Իմանալով, որ մի 2-3 օրից նա ավարտելու է նկարահանումները և գալու է Թիֆլիս, ես հայտնեցի, որ կսպասեմ նրա վերադարձին և կաշխատեմ տեսակցություն տալ նրան ՀՍՍՀ Ժողկոմխորհի նախագահ Սարգիս Լուկաշինի հետ:

Ահա մենք երկուսով Լուկաշինի Թիֆլիսի բնակարանում ենք: Թեյի պարզ սեղան է, սպասարկում է Սերգեյ Լուկյանիչի կինը: Լուկաշինը հետաքրքրվում է ռեժիսորի մտահղացումներով «Նամուս»-ի նկատմամբ, իր դիտողություններն է անում և ինձ սանկցիա է տալիս պահպանել Բեկնազարյանի բարձր աշխատավարձը Հայկինոյում և անցնել «Նամուս» ֆիլմի նկարահանման աշխատանքներին:

 

Դեռևս իր «Նաթելա» ֆիլմի արտադրությունը չավարտած, Բեկնազարյանը գալիս է Երևան և զբաղվում նախապատրաստական աշխատանքներով՝ նկարահանման խմբի ստեղծում, դերաբաշխում, նախահաշիվ և այլն:

Հ. Բեկնազարյանը հաճելի տպավորություն է թողնում կինոաշխատողների վրա: Բոլորը նրա մեջ տեսնում են գործին քաջ տեղյակ մարդը, որը սկզբունքային է արվեստի հարցերում և ոչ մի զիջում չի անի դերաբաշխման և այլ խնդիրներում: Երբ փորձարկվող դերասաններից և ոչ մեկը հարմար չտեսավ Սեյրանի և Սուսանի դերերի համար, նա պնդեց իր մտադրության վրա՝ այդ դերերի համար հրավիրել ոչ պրոֆեսիոնալ դերասանների և կանգ չառավ այն դժվարությունների առաջ, որ իրեն սպասում էին անփորձ Սամվել Մկրտչյանի և Մարիամ Շահուբատյանի (Տաթինա-Մարիա) հետ աշխատելիս, որոնք և հրավիրվեցին վերոհիշյալ դերերի համար:

Ֆիլմի նկարահանման աշխատանքները նա սկսեց ամենադժվար կադրերից՝ Շեմախի քաղաքի երկրաշարժից: Անհրաժեշտ էր Բեկնազարյանի կազմակերպական հմտությունը, որպեսզի ամենապրիմիտիվ տեխնիկայի պայմաններում առանց որևէ լուսարձակի, մի քանի օգնականների օժանդակությամբ՝ արհեստականորեն ստեղծված կիսավեր շենքերի փլման, ինքնաթիռի պրոպելլերի քմահաճ պտույտներով ստեղծված հողմի և նրա առաջացրած փոշու ցրման միջոցով ստեղծվի երկրաշարժի լրիվ պատրանք: Իսկ երբ մի քանի օրից կատարվում էին «բաշիքյարթմայի» տեսարանի նկարահանումները «Դալմայի» այգիներից մեկում, ռեժիսորը ցուցաբերեց իր ակնառու հմտությունը աշխատելու դերասանի հետ: Հ. Աբելյանը, Հասմիկը, Օ. Մայսուրյանը, Հ. Ներսիսյանը, Ա. Ավետիսյանը, Ն. Մանուչարյանը, Հ. Խաչանյանը առաջին անգամ լինելով կամերայի առաջ Բեկնազարյանի ղեկավարությամբ մարմնավորեցին դրամատուրգի հյութալի կերպարները:

Ֆիլմի նկարահանումների ավարտից հետո ռեժիսորը ցույց տվեց նաև իր խոշոր վարպետությունը ֆիլմի մոնտաժի շրջանում: Ռուստամի և Սեյրանի Դաղստանից Շեմախի արշավելը, իր սենյակում տխուր վիճակում նստած Սուսանը, նորից ձիերը սրարշավ – այս ամբողջ մոնտաժը կատարված է էմոցիոնալ ներգործման մեծ թափով:

Ֆիլմի ցուցադրումը Մոսկվայում և նրա ունեցած աննախընթաց հաջողությունը համոզեցին մեզ նաև նրանում, որ Բեկնազարյանը կարողանում է հաշվի առնել դիտողի պահանջները և ապահովել ֆիլմի ցուցադրումը անհրաժեշտ ռեկլամով:

Հաջորդ տարիներին նրա նկարահանած ֆիլմերը՝ «Զարե» և «Շոր և Շորշոր», ավելի ևս հռչակեցին նրան որպես հմուտ և շնորհալի ստեղծագործողի: Այդ ֆիլմերի նկարահանման չտեսնված կարճ ժամկետները ցույց տվին մի կողմից նրա աշխատասիրությունն ու նվիրվածությունը, որով նա վարակում էր իր խմբի անդամներին՝ ստեղծելով հայ կինեմատոգրաֆիստների առաջին ջոկատը մեզանում: Հաջորդ ֆիլմերում՝ «Խասփուշ» և «Տունը հրաբխի վրա», Բեկնազարյանը հանդես եկավ որպես մեծ կտավի վարպետ, որպես մասսայական տեսարանների հմուտ կազմակերպիչ:

Հայկական համր ֆիլմերի շտեմարանում Բեկնազարյանի անվան հետ են կապված նրանցից լավագույնները, որոնցում նա ոչ միայն բեմադրող-ռեժիսոր է, այլև սցենարի հեղինակ:

Երբ տարիներ անց Հայաստանում ևս ստեղծվեցին հնչուն ֆիլմերի արտադրության հնարավորությունները, Բեկնազարյանը նորից հանդես եկավ որպես հայկական առաջին հնչուն ֆիլմի՝ «Պեպո»-ի սցենարի հեղինակ և բեմադրող: Հանրահայտ է, որ «Պեպո»-ն հայկական կինոարվեստի գագաթն է: Նրա բեմադրությունով Բեկնազարյանը ցույց տվեց մեր կլասիկների էկրանավորման իր օրինակելի ունակությունները՝ իր այդ ֆիլմով օրինակ հանդիսանալով այս բնագավառում հետագայում տարվող աշխատանքների համար («Դավիթ Բեկ», «Պատվի համար», «Լալվարի որսը» և այլն): «Պեպո»-ն ունեցավ աննախընթաց հաջողություն և ահա 30 տարի է, որ չի իջնում մեր էկրաններից և իր արժանի տեղն է գրավել սովետական ֆիլմերի ոսկե ֆոնդում: «Պեպո»-ի նկարահանման գործում Բեկնազարյանը հանդիպեց բազում և բազմապիսի խոչընդոտների, որոնք նա հաղթահարեց շնորհիվ իր տոկունության և համառ հետևողականության: Սկսած դերաբաշխումից, ապա արտաքին ձևավորման դժվարությունները, հնչյունային բազայի թերությունները, Թբիլիսիի և Մոսկվայի ստուդիաների օգտագործումը և վերջապես իր տևական հիվանդությունը, երբ նրան բազկաթոռով փոխադրում էին նկարահանման վայրը – դժվարություններ, որոնք նա համառորեն հաղթահարում էր, և կարճ ժամանակամիջոցում կարողացավ ֆիլմի երկու վարիանտներն էլ՝ սինխրոն կերպով հայերեն և ռուսերեն լեզուներով արտադրված, թողարկել էկրանի վրա: Հավատարիմ մնալով իրեն, նա անձամբ զբաղվեց ֆիլմի թողարկումով Մոսկվայում, ամբողջ քաղաքը ողողելով բարձրորակ ռեկլամով: Մոտ երեք ամիս մայրաքաղաքի 13 կինոթատրոնները զբաղված էին հայկական առաջին հնչուն ֆիլմի ցուցադրումով:

«Պեպո»-ի հաջողությունը ոգևորեց Բեկնազարյանին և նա հաջորդ տարիներին թողարկեց երկու մեծ պատմա-հեղափոխական և պատմական ֆիլմեր՝ «Զանգեզուր» և «Դավիթ Բեկ»: Այս երկու ֆիլմերում դարձյալ դրսևորվեցին ռեժիսորի խոշոր ունակությունները նկարահանելու մեծ մասսայական տեսարաններ և հարազատորեն պատկերելու տվյալ պատմական ժամանակաշրջանի ողջ կոլորիտը:

Երբ 1948 թվականին կենտրոնի կողմից կասեցվեց «Երկրորդ քարավան» ֆիլմի նկարահանումը, որով Բեկնազարյանը նպատակ էր դրել գեղարվեստորեն իմաստավորելու հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցող պատմական կարևոր շրջադարձը՝ վերադարձը դեպի իր միակ հայրենիքը՝ Սովետական Հայաստանը, նա վերադարձավ Մոսկվա և մի երկու տարի «Տաջիկֆիլմ» ստուդիայւմ աշխատելուց հետո, թողեց ստեղծագործական աշխատանքը և դարձավ «Կինոյի վետերանների» կազմակերպության անդամ: Նրա առողջությունն աստիճանաբար վատանում էր: Վերջին անգամ տեսա ես նրան Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, 1963 թվականին: Տխուր էր մեր հանդիպումը և առավել տխուր՝ անջատումը: Համոն ափսոսանքով էր խոսում այն մասին, որ ինքը միայն 30 ֆիլմ է բեմադրել և որ այլևս հավանական է, որ ոչնչով չի կարող հավելել այդ թիվը:

Բեկնազարյանը վախճանվեց 1965 թվականի ապրիլի 28-ին: Հետմահու լույս տեսավ նրա գրած միակ գիրքը՝ «Կինոռեժիսորի և արտիստի հուշերը», որտեղ ամենայն հավաստիությամբ նա շարադրել է իր ավելի քան 50 տարվա ստեղծագործական կյանքը և թողել շատ ուսանելի էջեր նոր սերունդների համար: Սակայն և ոչ մի գիրք կամ հուշեր չեն կարող փոխարինել մեր սիրելի և անմահ Համոյին:

Դ․Դզնունի


    Հայկական առաջին կինոտաղավարները

    Հայկական կինեմատոգրաֆիան արդեն մեկ տարվա կյանք ուներ,  ռեսպուբլիկայում ծավալվել էր  կինոֆիկացման աշխատանքը, գործում էին կինոթատրոնները Երևանում, Լենինականում, Կիրովականում, ուր ցուցադրվում...

    |16 Մայիս 2022,18:07