Փոքրամարմին, արագաշարժ, ժպտուն աչքերով Արմինեի հեռուստահեքիաթները վայելած փոքրիկները հիմա արդեն 18-ն անց են։ Այդպես հեքիաթներով էլ շարունակում է  ապրել Արմինեն, բայց արդեն՝ կինոյի ոլորտում։ Հեքիաթից այդպես էլ չհրաժարվեց։

Զրույցը դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Արմինե Անդայի հետ է՝ նրա անիմացիոն նոր՝ «Երբ ես տխուր եմ»  ֆիլմի պրեմիերային ընդառաջ,  բայցև փորձելով ի մի բերել նրա վերջին տարիների ստեղծագործությունը։

Համավարակը «կանաչ լույս» վառեց 2007-2011 թվականներին նկարած 3 ֆիլմերիս համար

Ռեժիսոր Միքայել Վաթինյանի հետ միասին, ես՝ որպես պրոդյուսեր, համասցենարիստ և գլխավոր դերակատար, ստեղծեցինք «Ժաննան և ձայները» լիամետրաժ ֆիլմը, այնուհետև՝ կարճամետրաժ անիմացիա «Բոժոն»։  Դրանից հետո «Ոսկե ծիրան» կինոփառատոնում, Աբբաս Քիառոստամիի աշխատարանում որպես ռեժիսոր և սցենարիստ՝ նկարահանեցի կարճամետրաժ խաղարկային  «Քամին փչում է» ֆիլմը։ Նաև գլխավոր դերակատարն էի։ «Ժաննան և ձայները» փառատոնային մեծ ճանապարհ անցավ. Պուսանի միջազգային կինոփառատոնում տեղի ունեցավ ֆիլմի համաշխարհային պրեմիերան, 15 երկրում ցուցադրվեց։ Մեծ փառատոնային ճանապարհ է անցել նաև «Բոժոն» և ստացել երկու մրցանակ։

Համավարակն իր հետ նոր ձևաչափ բերեց, նոր կանոններ պարտադրեց,  աշխարհում սկսեցին անցկացվել բազմաթիվ  առցանց փառատոներ։ Սա շատ հետաքրքրիր, անսովոր երևույթ էր՝ փակ աշխարհում ֆիլմեր էին ցուցադրվում։ Տարօրինակ ձևով սկսվեց «Ժաննան և ձայների» վիրտուալ ճանապարհորդությունը՝  պրեմիերայից մի տասնամյակ անց։ Առցանց փառատոներում 20-ից ավելի մրցանակ ենք ստացել՝ տարբեր անվանակարգերում, այդ թվում՝ «Լավագույն դեբյուտային լիամետրաժ», «Լավագույն դեբյուտային լիամետրաժի ռեժիսոր», «Լավագույն սցենարիստ», «Լավագույն պրոդյուսեր», «Լավագույն դերասանուհի»։

«Ժաննան և ձայները»՝  ռեժիսոր Միքայել Վաթինյան

Նոր ֆիլմերս չգիտեին, որ առջևում քովիդն է ու պատերազմը

Իմ նոր՝ 3 ֆիլմերն էլ միջազգային նախագծեր են, համատեղ արտադրություններ։ Բայց հենց սկսեցի երեքի վրա էլ աշխատել, համավարակն սկսվեց, հետո՝ պատերազմը, ու ես սարսափելի դժվարությունների առաջ հայտնվեցի։

«Երբ ես տխուր եմ», կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը, որի ռեժիսորն է Լիլիթ Ալթունյանը,  Հայաստանի «Ռեանիմանիա» փառատոնում  ստացավ «Աշխարհի անիմացիաներ» մրցանակը, հետո Ֆրանիսայի «Անսիի» միջազգային կինոփառատոնում ստացավ համատեղ արտադրության մրցանակ։ Ֆիլմն անիմացիայի ոլորտում առաջին համարտադրությունն է հայկական «Հոշկի ֆիլմ»  կինոընկերության և ֆրանսիական «Ֆոլիմաժ»   կինոընկերությունների միջև։ «Անսիում» ֆիլմը նախագծային փուլում է  ստացել  մրցանակ, հետևաբար, մինչև Ազգային կինոկենտրոնին դիմելն,  արդեն ունեինք ֆրանսիական ֆինանսավորման հաստատումը, անիմացիան պետք է այնտեղ արվեր։ Լիլիթը  անիմացիան անելու համար 44-օրյա պատերազմի ժամանակ մեկնեց Ֆրանսիա. ես նրան մի կերպ եմ ինքնաթիռ նստեցրել։ Երկուսիս  համար էլ  հոգեբանորեն շատ դժվար էր։ «Երբ ես տխուր եմ» ֆիլմը Լիլիթի գրած բանաստեղծության հիման վրա է նկարվել, նկարիչն էլ է ինքը։ Ես համասցենարիստն եմ, պրոդյուսերը և հնչյունավորող դերասանը։ Կոմպոզիտորը Միքայել Ոսկանյանն է։ Այս ֆիլմը մեր երեքի ստեղծագործական ներդաշնակ միության արդյունքն է։

«Երբ ես տխուր եմ». անիմացիա՝ ժպտալու մասին

«Երբ ես տխուր եմ» 7 րոպեանոց ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է հոկտեմբերի 15-ին, Ռումինիայի «Անիմեսթ» անիմացիոն ֆիլմերի միջազգային կինոփառատոնում, որից հետո այն արդեն ընտրվել է  19 կինոփառատոնի կողմից։

Ֆրանսիական Կլերմոն Ֆերանի փառատոնում ընդգրկվելը մեծ պատիվ էր. այնտեղ մեր ֆիլմը դրվել է 3+ տարիքային խմբի ծրագրում։ Աբստրակտ ճանապարհորդության, ալեգորիաների միջոցով ֆիլմը պատմում է տխրության մասին։ Երբ մենք հետաքրքրվեցինք, թե ինչու էին ֆիլմը  3+ ծրագրում ցուցադրում, ֆրանսիացիները պատասխանեցին, որ հույզերի մասին երեխային ամենավաղ տարիքից պատմելը կարևոր է։ 1000 հոգանոց դահլիճում  «Երբ ես տխուր եմ»  ֆիլմը 3 անգամ ցուցադրվեց։ Մեզ համար շատ կարևոր է, որ  ֆիլմն ընդգրկվեց աշխարհում կարճամետրաժ ֆիլմերի ամենահեղինակավոր փառատոնի համբավ ունեցող  Օբերհաուզենի  միջազգային կինոփառատոնի մանկապատանեկան ֆիլմերի մրցույթում։  Այնտեղ այն ցուցադրվելու է ապրիլի վերջերին։

«Երբ ես տխուր եմ»՝  ռեժիսոր և բեմադրող նկարիչ  Լիլիթ Ալթունյան

Հայերեն հնչյունավորումը ես եմ արել, ֆրանսերենը՝ Նաիրի Խաչատուրյանը, անգլերենը՝ Վիկտորյա Ալեքսանյանը։ Ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կուեննա ապրիլի 12-ին, «Կինոպարկում», հետո այն կներկայացնենք հայկական կինոփառատոներին։

«Թռչող տերևների երգը». հերթական մի նոր աշխարհ

Ռեժիսոր Ռոման Բալայանը մի օր  ինձ տվեց կարճամետրաժ խաղարկային ֆիլմի սցենար ու ասաց՝ ուզո՞ւմ ես սրա հիման վրա կինո նկարել։ Պատասխանեցի՝ իհարկե։ Չգիտեմ, թե ինչու տվեց, չգիտեմ, թե ինչու պատասխանեցի՝ իհարկե, քանի որ չգիտեի էլ, թե ինչպես եմ դա անելու։ Մի տարի այդ սցենարը պահեցի, բայց երբ սկսեցի աշխատել «Երբ ես տխուր եմ» անիմացիայի վրա, միտք հղացա՝ իսկ ինչո՞ւ Ռոման Բալայի սցենարն էլ անիմացիայի չվերածեմ։ Նրան հարցրեցի՝ դեմ չե՞ք լինի, որ Ձեր սցանարն անիմացիա դարձնեմ։ Մի բառով պատասխանեց՝ կարելի է։

Սկսեցի ստեղծել «Թռչող տերևների երգը», որը դարձավ իմ առաջին ռեժիսորական անիմացիան։ Սա ևս համարտադրություն է՝ Իրանի հետ։ Իրանի «Հուրախշ Ստուդիոզը» նախագիծն այնքան հավանեց, որ ինձ հետ մեմորանդում ստորագրեց՝ դեռ հայկական ֆինասավորում չստացած։ Դրանից հետո ֆիլմին աջակցեց նաև Ազգային կինոկենտրոնը։ Անիմացիան Իրանում ենք արել։ Նկարիչը Աննա  Հակոբյանն է, կոմպոզիտորը՝ դարձյալ Միքայել Ոսկանյանը, երկու շատ տաղանդավոր, և որ ոչ պակաս կարևոր է, կարգին մարդիկ, որոնց հետ համագործակցելը մեծագույն հաճույք ու երջանկություն է։

«Թռչող տերևների երգը» 12 րոպեանոց անիմացիա է։ Երկու կերպար կա. աղջկա հնչյունավորումը ես եմ արել, ծերունունը՝ Գագիկ Ղազարէն։ Ֆիլմը դեռ  ոչ մի տեղ չի ցուցադրվել, չի ներկայացվել, այն նոր-նոր եմ ավարտում, և սրտի տրոփյուն ունեմ  նրա մասին, նույնիսկ, մտածելիս։

Կինոն նույն աշխարհը միասին, միասնաբար ստեղծելու արվեստ է։ Իմ նպատակը միշտ նոր աշխարհ ստեղծելն է, այդ աշխարհի մասին պատմություն պատմելն է։ Ու շատ կարևոր է,  որ ստեղծագործական թիմում այդ աշխարհը մեկը մյուսի հետ կիսելով, այդ աշխարհը միասնաբար,  իրար շարունակելով  ստեղծեն։

Իմ առաջին ֆիլմից սկսած՝ հրաշք մարդկանց հետ եմ համագործակցել՝ Միքայել Վաթինյանի, Իվանա Կրչադինացի, Թամամ Համզայի, Արթուր Մանուկյանի, Լիլիթ Ալթունյանի, Միքայել Ոսկանյանի, Աննա Հակոբյանի, Վիկտորիա Ալեքսանյանի, Բաղինյան եղբայրների, Էդ Մեսրոպյանի, Տիգրան Կուզիկյանի, Գագիկ Ղազարէի, իհարկե, Ռոման Բալայանի և շատ ուրիշների։ Որպես դերասան՝ Ատոմ Էգոյանի, Էդգար Բաղդասարյանի, որպես ռեժիսոր՝ Աբաս Քիառոստամիի։ Ամեն ինչից բացի՝ կյանքն արժեքավոր է այս հանդիպումներով, հաճախ՝ ընկերությամբ։

«Թռչող տերևների երգը»՝  ռեժիսոր Արմինե Անդա

«Կապույտի միջով». հույսի, լույսի ու երազանքի մասին

Վիկտորյա Ալեքսանյանի հետ կարճամետրաժ նոր ֆիլմ ենք նկարել՝ «Կապույտի միջով», և նույնպես՝ նոր-նոր ենք ավարտում։ Դրամատիկ սյուժե ունի։ Տխուր պատմություն է մեր մասին, Հայաստանը լքելու և դրա հետևանքով ճակատագրի խաղերին ենթարկվելու մասին։ Մենք հայրենիքից գնալն ենք ընտրում, որովհետև կարծում ենք՝ դա ամենահեշտ ճանապարհն է։ Բայց ինչքա՜ն պատմություններ են հետո ի հայտ գալիս՝ մարդկային ողբերգություններ։ Չեմ ուզում խոսել ֆիլմի զարգացումների մասին, հուսով եմ հայ հանդիսատեսը տեսնելու է այն։

Ֆիլմի համասցենարիստը, պրոդյուսերը ու գլխավոր դերակատարն եմ, Վիկտորյան՝ ռեժիսորը, համասցենարիստը, համարտադրողը։ Վիկտորյան եզակի պրոֆեսիոնալ է և նույնքան եզակի անձնավորություն։ Նա իրեն անմնացորդ նվիրում է իր ֆիլմին։ Ես անկեղծորեն կցանկանայի, որ Վիկտորյան մի օր իր լիամետրաժը նկարեր։

Մյուս դերասաններն ավստրիացի Ալեքսանդր Ստրոբելեն ու Արմեն Միքայելյանն են։ Օպերատորը  Լի Լիսբաո Անդերվուդն է՝  Գերմանիայից։ Այս ֆիլմն էլ է համատեղ արտադրություն՝  Նիդեռլանդների  և ԱՄՆ-ի հետ։ Գլխավոր հերուսուհին,  որին մարմնավորում եմ, հայուհի է՝ Անուշը։ Ֆիլմը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն։ Ի դեպ, այս ֆիլմից էլ սկսվեց իմ և Վիկտորյայի ընկերությունը։ Հրաշալի են այսպիսի համագործակցությունները։

Քովիդի «փորձությունները»

2019-ից սկսած՝ իմ 3 ֆիլմերն էլ  անցել են պատերազմի, կորոնավիրուսի միջով։ «Թռչող տերևների երգի» անիմացիան երևի իմ կյանքի ամենամեծ մարտահրավերն է եղել։ Ի սկզբանե էր որոշված, որ անիմացիան պետք է Իրանում արվեր, ու ես պետք է այնտեղ գնայի, բայց սկսվեց համավարակը, իսկ Իրանում քովիդային իրավիճակը միշտ  ավելի վատ է եղել, քան Հայաստանում։

Ամբողջ անիմացիան Երևանից Թեհրան եմ արել՝ առցանց։  Սարսափելի դժվար էր։Թե ինչ մեխանիզմներ եմ մոգոնել, որպեսզի անիմացիան առցանց արդյունավետ արվեր, միայն Աստծուն է հայտնի։ Շնորհակալ եմ իրանցիներին, որ այդ դժվարությունն ինձ հետ անցան։

Իմ ընտանիքն էլ հեքիաթ էր. ես մեծացել եմ այդ հեքիաթի գրկում

Ես հրաշալի ծնողներ եմ ունեցել. Մայրիկս հեքիաթի փերի  էր, հայրիկս՝ սպիտակ կախարդ։ Հայրս  գիտնական-մաթեմատիկոս էր, որ 50 տարի դասավանդել է։ Աշխարհն էլ շուռ գար, նրա համար 3 կարևոր բան կար՝ գրասեղանի առջև գրել, դաս տալ ու այգի մշակել։ Իմ վերջին մուլտֆիլմի ծերունու կերպարում նաև  հայրս կա։ Այդ ֆիլմը հայրիկիս եմ նվիրել։ Ես նկարազարդ երկու գիրք ունեմ՝ «Փերիների գաղտնիքը» և «Բարի գիշեր, ամպ-արջ»։ Երկուսն էլ նվիրել եմ  մայրիկիս։ Հուսով եմ, որ շուտով այդ գրքերը կտպագրեմ։

Հայրիկս շատ էր ուզում, որ ես էլ իր նման դասախոս լինեմ, չէր ուզում, որ դերասանուհի դառնամ։ Բայց ուրախ եմ, որ հայրս հասցրեց տեսնել, որ նաև դասավանդում եմ։ Մի օր տուն եկա ու նրան ասացի, որ Հայաստանի Ամերիկյան համալսարանում եմ դասավանդում։ Կարողացա միանգամից երկու երազանք իրականացնել, և՛ իմը, և՛ ծնողներինս, ինչի համար,  իսկապես,  երջանկություն եմ զգում հիմա, երբ նրանք երկնքում են։

Հեքիաթն էլ, մուլտֆիլմն  էլ երեխայի համար այնքա՜ն կարևոր են, որովհետև երկուսն էլ նրա  համար երկնքում՝ նրա ենթագիտակցության մեջ,  աստղեր են վառում։

Հիմա մարկետինգային նոր ժանրեր են ստեղծվել, որոնք փորձում են ամեն ինչ պարզ բացատրական մակարդակի վրա դնել, բայց հեքիաթի ամբողջ հմայքն այն է, որ ոչ թե գիտակցական, այլ ենթագիտակցական մակարդակով է շփվում երեխայի հետ։ Դա շատ կարևոր է. վաղը դժվար  է լինելու  արդեն մեծահասակ դարձած երեկվա երեխային մանիպուլացնել, որովհետև նա ենթագիտակցական մակարդակում արդեն այնքան ուժեղ է, որ չի մանիպուլացվի։

«Բոժոն»՝  ռեժիսոր Միքայել Վաթինյան

Պիտի ապրել՝ երազանքին կյանք պարգևելով

Եթե ուզում ես հեքիաթ գրել ու մուլտֆիլմ նկարել, ուրեմն պիտի մի քիչ երեխա լինես։ Պիտի զգաս, թե երեխայի լեզուն, մտածողությունը որն է, ի՞նչ կուզեր, ի՞նչ կմտածեր, ի՞նչ կերազեր նա։ Իմ բոլոր ստեղծագործություններում կա երազանքի թեման։

Ես չեմ հավատում, որ կա ճշմարտություն՝ առանց երազանքի։ Հիմա իմ սիրտը դրա համար է ցավում, որովհետև ապրում ենք սարսափելի իրականության մեջ՝ կարծելով, թե դա է ճշմարտությունը։ Ճշմարտությունը երազանքի մեջ է։ Երազանքն Աստված է տվել, իսկ եթե Նա տվել է, ուրեմն տվել է նաև այդ երազանքն իրականացնելու ներուժը։ Հիմա մենք Հայաստանում մեր երազանքն ենք կորցրել, երազելու մեր ունակությունն ենք կորցրել։

Ինձ համար հիմա ամենասարսափելին ոչ թե զենք չունենալն է, այլ երազա՛նք չունենալն է, որովհետև եթե երազանք ունես, զենք էլ կունենաս։ Երազանքն իրականություն դառնալու ուժ ունի։ Մենք պիտի ունենանք երազանք, որն էլ կստեղծի իրեն հասնելու ճանապարհները։ Ես իմ բոլոր ֆիլմերը, գրքերը ստեղծում եմ՝ դեպի երազանք տանող ճանապարհը կառուցելով, որովհետև հավատում եմ երազանքի ուժին։ Երազանքի՝ իրական լինելու մեջ մեկ անգամ չէ, որ համոզվել եմ։

Իմ գրքերն էլ, «Թռչող տերևների երգն» էլ երազանքի թեմային  են առնչվում։ Իզուր չէ, որ մարդկության սկիզբը եղել է առասպելապատում։ Առասպելներն  ու լեգենդներն են  առաջինը եղել, չէ՞։ Ինչի՞ մասին է «Հայկ և Բելը».  երազանքի, ինչի՞ մասին է «Սասունցի Դավիթը». երազանքի, ինչի՞ մասին են հեքիաթները. երազանքի։

Բոլոր հեքիաթները, առասպելները, լեգենդները նույն բանն են ասում՝  քաջությունն ու ազնվությունն ուժ են ծնում, ոգի, որն անպարտելի է, ու այդ ոգով  կհասնես երազանքի իրագործմանը։

Չկորցնե՛ք ձեր երազանքն ու երազելու ունակությունը

Կյանքը չափից դուրս թանկարժեք է, որպեսզի  որևէ բան անեմ՝  զուտ որպես աշխատանք։ Եթե ինձ ինչ-որ առաջարկ են անում, որը  վաղն  ուղղակի աշխատանք է դառնալու, հրաժարվում եմ դրանից։ Ու շատ բաներից եմ այդպես հրաժարվել։ Դերասանուհի լինելն իմ երազանքներից մեկն էր, բայց ես հազվադեպ եմ համաձայնում ինչ-որ դեր խաղալ, ինչի պատճառով էլ առաջարկներ քիչ եմ ստանում։ Դերասան լինելն ինձ համար միայն հայտնի լինել կամ ուղղակի աշխատանք չի։ Դերասան լինելը նոր մարդ ծնելն է, նոր կերպար ստեղծելն է, որն իմ ու այդ կերպարի մյուս հեղինակների՝ սցենարիստի, ռեժիսորի միասնական ջանքերի ծնունդն է։ Նա ծնվում է որոշակի էներգիայով ու ապրում է այդ էներգիայով, դրա համար էլ  դերեր ընտրելու հարցում շատ բծախնդիր եմ։

Ի դեպ, վերջին մուլտֆիլմում, որտեղ Սունա անունով հերոսուհուն եմ հնչյունավորում, էլի երազանք է։  Փոքր ժամանակվանից երազել եմ, ուզել եմ հնչյունավորել հենց այդպիսի՛ ձայն։ Ուրիշ մուլտֆիլմերում էլ եմ հնչյունավորել, բայց այս մեկը հենց իմ երազած ձայնն էր։ Ու այս մուլտֆիլմում ես խոսում եմ իմ երազած ծիծաղելի, հուզիչ, զարմանալի հերոսի փոխարեն, որն ապրում է, խոսում իր լեզվով, իր ճշմարտացիությամբ ուրիշ  աշխարհ է տանում, ի՛ր աշխարհը, ինպես ես եմ իմ ֆիլմերով ու գրքերով ձգտում տանել իմ հերոսների ու իմ աշխարհը՝ երազանքի աշխարհը։

Զրույցը՝ Նաիրա Փայտյանի


    Կարեն Շահնազարով. «Պետք է փոխել կինոյի համակարգը կամ վերադառնալ խորհրդայինին»

    Պատժամիջոցները կարող են խթանել հայրենական կինոյի զարգացումը՝ չէ՞ որ նախկինում շուկան զավթված էր հոլիվուդյան մեյջորներով (շուկայում տիրապետող խոշոր կինոընկերություններով), –...

    |10 Օգոստոս 2022,20:29