Կանն․հմայիչ ու գերող
Կաննի պաշտոնական պատմությունը սկսվում է 1946 թվականին, սակայն Երկնագույն ափին կինոստուգատես անցկացնելու անհաջող փորձեր արվել են դեռևս 1939 թվականին: Մի քանի տարի անց փառատոնը սկսեց ձեռք բերել իր դիմագիծը և ժողովրդականություն վայելել ինչպես պրոֆեսիոնալների, այնպես էլ կինոսիրողների շրջանում:
Կաննի անկախ կինոփառատոնի ստեղծման գաղափարը ծագել է Վենետիկի փառատոնում 1938 թ.: Առաջին անգամ փառատոնը պետք է կայանար 1939 թ. սեպտեմբերին: Նախաձեռնողը Ֆրանսիայի կրթության նախարար Ժան Զեյն էր: Ժյուրիի նախագահ էր նշանակվել Լուի Լյումերը: Սակայն փառատոնի բացումը տապալվեց Եվրոպայում սկսված Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով: Առաջին անգամ փառատոնն անցկացվեց 1946 թ. (սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 5-ը): 1948 և 1950 թթ. կինոփառատոնը չի կայացել ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով:
1952 թ. սկսած` այն անցկացվում է ամեն տարվա մայիսին (փառատոնն ընդհատվել է միայն 1968 թ. ուսանողական ընդվզումների պատճառով): Այսօր փառատոնի պաշտոնական բյուջեն կազմում է 7 մլն դոլար: Երբ պարզ դարձավ, որ կինոյի տոնը լայն միջազգային թափ է ստանում, 1948 թ. ներկայիս JW Marriot Cannes-ի տեղում բացվեց Կաննի փառատոների պալատը: Բայց սկզբում էլ ակնհայտ էր, որ այն փոքր է։ 1980-ականների շեմին, երբ փառատոնը ճանաչվեց ամենահեղինակավորն աշխարհում, բացվեց նոր ժամանակակից Փառատոների պալատը:
Փառատոնի ժամանակ Կրուազետի առափնյակում հավաքվում են երկրպագուները՝ տեսնելու կարմիր սանդուղքով բարձրացող կինոաստղերին և ռեժիսորներին: Պալատի կողքին գտնվում է Աստղերի ծառուղին, որտեղ բազմաթիվ ականավոր կինոգործիչներ են թողել իրենց ձեռքի հետքը:
Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակը «Ոսկե արմավենու ճյուղն» է (ֆր. Palme d՚Or): Իր անվանումն այն ստացել է 1955 թ.: 1939-1954 և 1964-1974 թթ. փառատոնի բարձրագույն պարգևը կոչվում էր Գրան-պրի:
Փառատոնի հեղինակությունը դժվարին է դարձնում հիմնական ծրագրում հայտնվելու հնարավորությունը (գլխավոր մրցութային, «Հատուկ հայացք», հատուկ ցուցադրություններ, արտամրցութային սեկցիա), որտեղ ընտրվում են՝
* ֆիլմեր, որ նկարվել են մինչև փառատոնը մեկ տարվա ընթացքում,
* մինչ այդ չեն մասնակցել ուրիշ փառատոների մրցութային ծրագրերին:
Բայց և երիտասարդ ռեժիսորների համար կան մի կարգ ցածր ծրագրեր, օրինակ՝ Սինեֆոնդասիոնը, որին մասնակցում են բացառապես տարբեր կինոդպրոցների կարճամետրաժ և միջնամետրաժ ֆիլմեր, ինչպես նաև կարճ մետրի առանձին մրցույթը՝ Short film corner:
1969 թվականին գործի դրվեց ոչ պակաս կարևոր և հետաքրքրական զուգահեռ ծրագիր՝ «Ռեժիսորների երկշաբաթը», որ աչքի է ընկնում փորձարարական կինոյի հանդեպ լոյալությամբ: Պրեմիերայնության պահանջը այստեղ բացակայում է բացառությամբ նրա, որ ֆիլմը չպետք է դուրս գա Կոմերցիոն վարձույթ Ֆրանսիայում:
Փառատոնի ամբողջ պատմության ընթացքում որևէ կինոռեժիսորի չի հաջողվել մրցանակը նվաճել երեք անգամ: Փառատոնի գլխավոր պարգևի կրկնակի մրցանակակիրների թվում են Ալֆ Շյոբերգը (1946, 1951), Ֆրենսիս Ֆորդ Կոպոլլան (1974, 1979), Բիլլե Աուգուստը (1988, 1992), Էմիր Կուստուրիցան (1985, 1995), Սյոհեյ Իմամուրան (1983, 1997), Դարդեն եղբայրները (1999, 2005), Միխայել Հանեկեն (2009, 2012):
Ամեն բանից զատ, Կաննում գործում է խոշորագույն կինոշուկան, որի շրջանակում ևս անցկացվում են պրիեմիերաներ, կազմակերպվում հանդիպումներ պրոդյուսերների հետ փորձի փոխանակման և առաջխաղացման հարցերի շուրջ: Աշխարհի առաջատար և ամենահին ֆիլմ–շուկան՝ Marché du Film-ը 2019 թ․նշեց հիմնադրման 60-ամյակը։ Marché du Film- ի գործունեության սկիզբը 1959 թվականն է։ Այն այսօր հանդիսանում է ֆիլմերի, հեռուստատեսությունների, փառատոներում կամ ինտերնետային հարթակներում գոյություն ունեցող արտադրանքի վաճառքի, տարածման, բանակցությունների իրականացման անբաժանելի վայրը։
60-ամյակի նախօրեին Marché du Film-ն արդեն հաստատել էր իր առաջատար դիրքը և 2018-ի համեմատ արձանագրել բարձր ցուցանիշներ․ այսպես՝ գրանցվել էր 7,600 մասնակից, որը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել էր (6,158 մասնակից) 23% -ով:
Marché du Film-ը՝ 1959-ին սկսեց իր ոչ ֆորմալ գործունեությունը․ Կրուազետի Հին պալատի տանիքում՝ մի քանի տասնյակ մասնակիցներով, պրոյեկտորով մեկ սենյակ՝ պատրաստված փայտից ու կտավից։ Սակայն, շատ չանցած այն դարձավ ամուր բազա կինոշուկայի հարթակի ձևավորման ու զարգացման համար։ 1950-ականների վերջին ֆրանսիական թերթերից մեկը գրեց․«Կաննի միջազգային կինոփառատոնի ընթացքում տեղի ունեցավ այնքան բիզնես գործունեություն, որքան 6 ամսվա ընթացքում՝ Փարիզում»։
1961 թ.՝ մայիսի 10-ին, Marché du Film-ը պաշտոնապես ինտեգրվեց Կաննի փառատոնին։ Այս իրադարձությունը անհանգստացնում էր այն մարդկանց, ովքեր ցանկանում էին պահպանել կարմիր գորգի հմայքը. «Կանն ինքնասպանություն է գործում: Այս ձևաչափը դատապարտված է »,- ասում էին նրանք: Սակայն, այս տնտեսական մոտեցումը բացեց փառատոնի զարգացման նոր հորիզոններ։
Պատրաստեց Ռուզան Բագրատունյանը