«Արշալույսի լուսաբացը»․փաստավավերագրություն՝ ապացույց-պատառիկներ
«Բարս մեդիան» ավարտել է «Արշալույսի լուսաբացը» ֆիլմը և ինչպես համասցենարիստ, ռեժիսոր և համապրոդյուսեր Իննա Սահակյանն է նկատում, քանի որ այն հիբրիդ ժանրի է, հետևաբար, կարող է մասնակցել և՛ անիմացիոն, և՛ խաղարկային, և՛ վավերագրական ֆիլմերի փառատոների։ «Արշալույսի լուսաբացը» ֆիլմի միջազգային պրեմիերան դեռ չի եղել։ Տարբեր փառատոներից հրավերներ կան, բայց ֆիլմի հեղինակները պետք է ընտրեն ամենաարդյունավետ ու շահեկան տարբերակը։
Մտահղացումից մինչև ֆիլմի ավարտուն վիճակ՝ 7-8 տարի է անցել։ Թեման պատմական է՝ Հայոց ցեղասպանություն, եղեռն ապրած հայուհու դրամատիկ կյանքի պատմություն։ Արշալույս (Ավրորա) Մարդիգանյանը եղեռնը վերապրած այն եզակի հայուհիներից է, որ իրենից հետո փաստավավերագրություն է թողել, որից մեզ են հասել արժեքավոր ապացույց-պատառիկներ։ Հենց դրանք էլ դարձել են իր մասին պատմող «Արշալույսի լուսաբացը» խաղարկային-անիմացիոն-վավերագրական ֆիլմի հիմքն ու առիթը։ Ֆիլմն ավարտելու առիթով հանդիպել և ցրուցել ենք Իննա Սահակյանի հետ։ Հայաստանյան իրականության մեջ «Արշալույսի լուսաբացը» խաղարկային-անիմացիոն-վավերագրական ժանրերի համադրմաբ նկարահանված առաջին ու առայժմ միակ լիամետրաժ ֆիլմն է։
Երեք ժանրերի համադրություն
Ֆիլմի բուն արտադարական պրոցեսն սկսվել է 2019-ին։ Համավարակն ու պատերազմը, բնականաբար, խանգարել են աշխատանքներին, բայց 90 րոպե տևողությամբ լիամետրաժ ֆիլմն արդեն պատրաստ է։ Ի սկզբանե ինչպես որոշվել էր՝ արխիվային նյութերի օգտագործում, անիմացիա, վավերագրություն, պահպանվել են, բայց սցենարն ընթացքում որոշակի փոփոխություններ կրել է։
Անիմացիան սահմանափակ շարժումներով է։ Որպեսզի այն բնական ստացվի, «Արշալույսի լուսաբացը» սկզբում նկարվել է կանաչ ֆոնի վրա՝ դերասանական խաղով, որի հիման վրա էլ ստեղծվել է անիմացիան։ Խաղարկային հատվածներում Ավրորային մարմնավորել է Անժելիկա Հակոբյանը։ Մինչ դերակատարներին ընտրելը՝ քասթինգ է անցկացվել, որպեսզի կերպարները նման լինեն պատմական անձանց։ Ահա այդ խաղարկային կտորների հիման վրա էլ նկարահանվել է անիմացիան։ 90 րոպեանոց ֆիլմի 60-65 րոպեն անիմացիա է։ Նախապես որոշված է եղել, որ Թուրքիայում էլ նկարահանումներ արվեին՝ այն վայրերում, որտեղ ապրել է, որտեղով անցել է Ավրորան։ Բայց համավարակի և այլ խնդիրների պատճառով Թուրքիայում նկարահանումները չեն ստացվել։ Սակայն ֆիլմը դրանից չի տուժել։
«Արշալույսի լուսաբացը»՝ համատեղ արտադրություն
Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի ակադեմիական ներդրման շնորհիվ։ Կինոնկարի հիմքում ինստիտուտի «Բանավոր պատմության» արխիվն է։ Սկզբում համագործակցությունը եղել է Գերմանիայի հետ՝ ստանալով АRТЕ հեռուստաընկերության ամենաբարձր 90 րոպեանոց ֆիլմի սլոթը։ Հետո «Բարս մեդիան» դիմել է «Եվրիմաժին»։ «Արշալույսի լուսաբացն» առայժմ միակ հայկական ֆիլմն է «Եվրիմաժում», որտեղ Հայաստանը մեծամասնական համարտադրող է, Գերմանիան՝ փոքրամասնական։ Հետո երկու համարտադրողներին միացել է լիտվական գործընկերը, և ֆիլմը դարձել է եռակողմ համարտադրություն։ Կինոնկարը ֆինանսական աջակցություն է ստացել նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից։ Անիմացիան հիմնականում արել է լիտվական կողմը։ «Բարս մեդիայի» հայաստանյան գործընկերներից է «On-Оff» ստուդիան. Տիգրան Առաքելյանը ֆիլմի գեղարվեստական լուծումների հեղինակն ու գլխավոր նկարիչն է։ Գլխավոր պրոդյուսերը Վարդան Հովհաննիսյանն է։
Ինչպես է ստեղծվել ֆիլմը
Նախկինում արված անիմացիայից ֆիլմում ոչինչ չի օգտագործվել, անիմացիան նորից սկսել են զրոյից, և ներգրավվել են թե՛ հայ, թե՛ լիտվացի մասնագետները։
Ի դեպ, կանաչ ֆոնի վրա նկարահանված խաղարկային հատվածներն ինքնին ամբողջական ֆիլմի տպավարություն են թողնում։ Ֆիլմի մոնտաժի և գեղարվեստական մասի ռեժիսորը Ռուբեն Ղազարյանն է։ Նա նաև աշխատել է դերասանների հետ։ Ֆիլմում օգտագործվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում պահվող, 1918 թվականին ԱՄՆ-ում նկարահանված «Հոգիների աճուրդ» համր ֆիլմի առանցքային հատվածները։ «Բարս մեդիան» Հ1-ի հետ վերականգնել է ֆիլմը։ 104 տարի առաջ նկարահանված «Հոգիների աճուրդի» հատվածները մեծ էկրանին ցուցադրելու համար պետք էր տեխնիկական որակ ապահովել։
«Արշալույսի լուսաբացը» հիբրիդային ֆիլմ է, որտեղ կա և՛ անիմացիա, և՛ փաստավավերագրություն. միայն այն, որ 1918 թվականին նկարահանված համր ֆիլմից հատվածներ են ներառված, արդեն իսկ հետաքրքրիր ու յուրօրինակ է։ Բացի այդ, համր ֆիլմի կտորներում հերոսուհին ինքն իրեն է մարմնավորել, իր իսկ կյանքն է ներկայացնում՝ վերապրելով Հայոց ցեղասպանությունն ու այն տառապալից ճանապարհը, որն անցել է։ Արշալույսը նաև հարցազրույց է տվել. այդ հատվածները «Բարս մեդիայի» գործընկեր «Զորյան» ինստիտուտն է տրամադրել։ Կանադայի «Զորյան» ինստիտուտը վերապրողների հետ դեռ նախորդ դարի 80-ականներին արված հարցազրույցների մեծ արխիվ ունի։ Հարցազրույցների շարք ունի նաև ԱՄՆ-ի Armenian film foundation-ը։ Երկու կառույցների հետ էլ «Բարս մեդիա» ընկերությունը համագործակցել է և ձեռք բերել անհրաժեշտ արխիվային հարցազրույցների տեսագրությունները։
Մտավախություններ
«Թուրքիայի դիրքերն այսօր ավելի ուժեղ են։ Անշուշտ, մի փոքր մտավախություն ունենք, որ միջազգային փառատոներում «Արշալույսի լուսաբացը» ֆիլմն ընդգրկելու համար միգուցե պատասխանատուները մտածեն, որ Թուրքիային վնասելու են։ Նախկինում էլ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ թուրք դեսպանները բողոքել են հայկական այս կամ այն ֆիլմի դեմ, բայց միջազգային հեղինակավոր փառատոների պատասխանատուները հիմնավորել են, որ արվեստը վեր է ամեն ինչից, նաև ազգամիջյան հակամարտություններից։ Հույս ունեմ, որ մեր ֆիլմի ցուցադրությունների դեպքում էլ այդպես կլինի։ Մենք խոսում ենք արվեստի լեզվով, ինչը կկարևորեն նաև միջազգային փառատոների ղեկավարները։ Արվեստի միջոցով ասելիքը տեղ հասցնելն ինքնին դիվանագիտական քայլ է։ Մեր ֆիլմում չկա ատելության խոսք, չկա բռնության կոչ։ Հույս ունեմ, որ որևէ փառատոն չի մերժի մեզ միայն այն պատճառով, որ «Արշալույսի լուսաբացում» արծարծվում է Հայոց ցեղասպանության թեման, հերոսուհին Մեծ եղեռնը վերապրած, սարասփներով լի ճանապարհ անցած հայուհի է»,- ասաց Իննա Սահակյանը։
Միջազգային փառատոներից հրավերներ կան արդեն, ֆիլմի հեղինակներն առայժմ չեն կարող անուններ նշել, դեռ պետք է քննարկեն, հետո պատասխանեն, թե որ փառատոնին են նախապատվությունը տալիս։ Ֆիլմի միջազգային պրեմիերայից է նաև կախված, թե հետո այն ինչ ճանապարհ կանցնի, փառատոնային ինչ հաջողություններ կունենա:
Ավրորան
«Ավրորան շատ հետաքրքիր կերպար է, հարցազրույցներում նա արտահայտում է իր զգացողությունները, որոնք էական նշանակություն ունեն ֆիլմի համար։ Միայն անիմացիայով այդ ամենը փոխանցել հնարավոր չէր լինի, այնպես որ, ֆիլմը նաև Ավրորայի իրական կերպարով է շահել։ Միայն անիմացիայով Ավրորայի կյանքի պատմությունը, նրա զգացածն ու ապրածը բնական, համոզիչ ներկայացնելը չէր ստացվի այնպես, ինչպես Ավրորան ինքն է իրեն ներկայացնում։ Ու գիտես, որ նա իրական անձ է, ոչ թե դերասանուհի։ Հարցազրույց, հետո անիմացիա, համր ֆիլմից անցում նորից անիմացիային. միահյուսված, ընդելուզված են ու մեկ ամբողջություն են կազմում՝ դառնալով երեք բաղադրիչներից բաղկացած ֆիլմ։ Օգտագործվել են նաև հին լուսանկարներ, արխիվային կադրեր Առաջին աշխարհամարտից։
«Արշալույսի Լուսաբացը» ֆիլմի լեզուն արևմատահայերենն է, քանի որ հերոսուհին՝ Արշալույսը, Արևմտյան Հայաստանից է։ Նրան հնչյունավորել է սփյուռքահայ Արփի Պետրոսյանը։ Ֆիլմում տեղ-տեղ հնչում են նաև թուրքերեն, գերմաներեն։ Ֆիլմը ցուցադրվելու է անգլերեն ենթագրերով։
Հիշեցնենք, որ «Արշալույսի Լուսաբացի» հերոսուհին ցեղասպանությունը վերապրած Արշալույս Մարտիկյանն է, որը 14 տարեկանից ենթարկվում է աներևակայելի խոշտանգումների ու փորձությունների։ Ամերիկյան միսիոներների օգնությամբ Արշալույս Մարտիկյանը հասնում է ԱՄՆ ու դառնում Ավրորա Մարդիգանյան։ ԱՄՆ-ում լույս է տեսնում Ավրորա Մարդիգանյանի հուշագրությունների վրա հիմնված «Հոշոտված Հայաստան» (Ravished Armenia) գիրքը: Մարդիգանյանի հուշերը դարձան գիրք («Հոշոտված Հայաստան»), իսկ գիրքը՝ ֆիլմ («Հոգիների աճուրդ»), որտեղ Ավրորան խաղաց գլխավոր հերոսուհու դերում՝ մարմնավորելով ինքն իրեն։
Մեծ եղեռնի մասին պատմող առաջին ֆիլմը՝ «Հոգիների աճուրդը» նկարահանվել է 1918-ին։ Առաջին անգամ ցուցադրվել 1919 թ․փետրվարի 16-ին՝ Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում։ «Հոգիների աճուրդը» ֆիլմը կարճ ժամանակում մեծ աղմուկ բարձրացրեց՝ առաջացնելով անհավանական իրարանցում։ Միայն վարձույթում այն հավաքել է 30 միլիոն դոլար՝ համր ֆիլմի համար աներևակայելի մեծ թիվ։ Մերձավոր Արևելքի Նպաստամատույց բարեգործական կազմակերպության հայտնած տեղեկությունների համաձայն, հասույթն անցել է հարյուր միլիոնի սահմանը։ Հայտնի է նաև, որ ֆիլմի առաջին փակ ցուցադրությունների ժամանակ տոմսի արժեքը եղել է տասը դոլար, որը համարժեք է ներկայիս 700 դոլարին։
Պատրաստեց Նաիրա ՓԱՅՏՅԱՆԸ
Լուսանկարները տրամադրել է Իննա Սահակյանը