«Հույսի շող արթնացնող ֆիլմ է»,- ռեժիսոր Արման Գևորգյանի գնահատականն է իր ֆիլմի մասին։ «Մսկվա» կինոթատրոնում՝ մարտի 7-ին, կայացավ  հայ-կիպրական համատեղ արտադրության «Վերադարձ» լիամետրաժ ֆիլմի պրեմիերան։ 

Հատկապես պատերազմից հետո մենք փխրուն ու պահանջկոտ ենք դարձել, եթե խոսքը վերաբերում է հայրենիքին, հայրենիքի պաշտպանին, մեր ինքնությանն առնչվող թեմաներին։ «Վերադարձը» ֆիլմում 44-օրյա պատերազմ չկա։ Սցենարի հեղինակ Հարություն Ղուկասյանը սցենարը գրել է շատ ավելի վաղ.  պատերազմն ու համավարակը խոչընդոտել են նկարահանումներին, բայց, ի վերջո, մեկ տարի ֆիլմի վրա աշխատելով՝ այն ավարտին է  հասցվել։

Իսլամական ահաբեկիչները գերեվարում են սիրիահայ ընտանիքից մորն ու երկու զավակներին, իսկ հայրն ու մյուս դուստրը չգիտեն՝ ինչ է կատարավել նրանց հետ։ Այդ ժամանակահատվածում էլ կիպրական բանակում զինծառայություն անցնող ազգությամբ հայ մի երիտասարդ՝ Յուրի Մելիքովը, զինվորական առաջադրանքի ժամանակ պարզում է, որ իսլամական ահաբեկիչների մոտ հայտնված պատանդները ոչ թե կիպրոսցիներ, այլ հայեր են։ Արյան կանչը նրան ստիպում է կյանքը վտանգելով՝ փրկել գերեվարված իր  հայրենակիցներին։ Մարտական առաջադրանքի ժամանակ Յուրին վիրավորում է ստանում,  բայց, բարեբախտաբար, ոչ մահացու։ Մարտական առաջադրանքը լիարժեք կատարվում է, բոլոր պատանդներն ազատվում են։

Յուրի Մելիքովը, որը դերասան չէ և ֆիլմում ինքն իր կերպարը իր անուն-ազգանունուվ  էլ հենց ներկայացնում է՝ որպես կիպրահայ երգիչ, հասել է հունական «Ձայնը» նախագծի եզրափակիչ, մասնակցել նաև ռուսական նույնանուն մրցույթին՝ մինչև կիսաեզրափակիչ փուլ։ Ֆիլմում այդ ամենը՝ որպես վավերագրություն, ներկայացված է, բայց շեշտը դրված է երիտասարդի  զինվորական կյանքի վրա։

«2016 թվականին, երբ Արցախում տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմը, ես զինվոր էի և ծառայում էի  թուրք-կիպրական սահմանին։ Հետաքրքիրն այն է, որ թե՛ Արցախում հայ զինվորները, թե՛ ես՝ Կիպրոսում, նույն թշնամու առաջ էինք կանգնած»,- պատմում է գլխավոր դերակատար Յուրի Մելիքովը։ Յուրին գալիս է Հայաստան ու սիրահարվում հայ աղջկա, որն էլ նրա մեջ ավելի է խորացնում հայ ինքնությունը, հայ տեսակը պահպանելու հաստատակամությունը։

Եվ հեփիենդ. իսլամիստ ահաբեկիչների գերությունից սիրիահայ ընտանիքն ազատվում, վերադառնում է Հայաստան՝ մշտական բնակության, Կիպրոսում ապրող Յուրին էլ վճռում է սիրած աղջկա հետևից գալ Հայաստան, այստեղ ամուսնանալ ու ապրել։ Ոչ պետական ֆինանասվորմաբ, բացառապես մասնավոր անձանց ներդրումներով նկարահանաված «Վերադարձ» լիամետրաժ խաղարկային ֆիլմից գեղագիտական, գեղարվեստական, խոհափիլիսոփայական, ինտելեկտուալ- հոգեհուզական  սպասումներ պետք չէ ունենալ։

Խորքային խնդիրներ ֆիլմն իր առաջ չի դրել, հետևաբար, էկրանների առաջ խորքային լուծումների, դրամատիկ բախումների, սուր, անսպասելի  իրավիճակների  ականատեսը  չենք լինում։

Նաիրա Փայտյան