Օրերս Հայաստանում ավարտվեցին «Մետաղե բառերի պոետը» ֆիլմի նկարահանման աշխատանքները:  Ֆիլմը վավերագրական դիմանկար է ծնունդով Իրանից հայ արվեստագետ Էդիկ Պողոսյանի մասին, որը ապրում և ստեղծագործում է Հայաստանում: 

Ֆիլմի նկարահանման աշխատանքները տեղի են ունեցել Երևանում, Արմավիրում և Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում։ Ֆիլմի ռեժիսորը Համիդռեզա Զեյնալին է, որ նմանատիպ ֆիլմեր է նկարահանել Իրաքում, Գերմանիայում, Թուրքիայում և այլուր:

«Ես 2006 թվականից սկսեցի նկարել ֆիլմեր արվեստի, արվեստագետների և արտագաղթի մասին: Այս նախագծի առաջին ֆիլմը Գերմանիայում ապրող Վիկտոր անունով ռուս միգրանտ գեղանկարչի մասին էր: 2010 թվականին Թուրքիայում նկարեցի ԱՄՆ-ից Թուրքիա գաղթած երաժիշտի մասին: Այս երկու աշխատանքից հետո հետազոտական ֆիլմ սկսեցի աշխարհահռչակ հայ արվեստագետ Մարկոս Գրիգորյանի մասին, որի ընթացքը տևեց 4 տարի և էկրանավորվեց 2019 թվականին»,- պատմում է Զեյնալին:

Ըստ նրա՝ միգրանտ արվեստագետների և միգրացիա-արվեստ փոխազդեցության վերաբերյալ հետաքրքրությունն է միավորել  ֆիլմաշարի ստեղծագործական թիմին՝ իրեն, Ալիռեզա Աթաոլլահ Թաբրիզին ու Ալի Վադադին։ Մարդկանց, որոնց հուզում էին նույն թեմաները և մարդիկ՝  Իրանից տարբեր երկրներ արտագաղթած արվեստագետները։ «Տարբեր ոլորտների արվեստագետների ուսումնասիրեցինք, և ի վերջո Թեհրանի Հայ համալսարանականների ընդհանուր միության միջոցով և պարոն Շապին Աբրահամյանի հետ խորհրդակցելով, որոշեցինք Հայաստանում նկարել Էդիկ Պողոսյանի մասին ֆիլմը: Էդիկ Պողոսյանը ոչ միայն Իրանից արտագաղտած արվեստագետ է, այլև իր կյանքի ուղով և աշխատանքի բնույթով ու բնագավառներով ամենաշատն էր հետաքրքրում մեզ»,- ասում է Զեյնալին:

Էդիկ Պողոսյանը պատմում է, որ նկարահանման առաջարկը եղել է իրանցի ֆիլմարտադրողների կողմից: Համիդռեզա Զեյնալիի հետ ծանոթացել են Շապինի միջոցով ու երկար քննարկումներից ու միմյանց աշխատանքի հետ ծանոթանալուց հետո միայն ընդհանուր հայտարարի եկել՝ ֆիլմի նախնական նյութի շուրջ: Նկարահանումները նախատեսված էին դեկտեմբերին, եղանակային պայմանների, ապա նաև համաճարակի պատճառով դրանք հետաձգվել են, իսկ նկարահանումների համար նախատեսված ժամկետները՝ սեղմվել: Թիմը Հայաստան ժամանել է փետրվարին:

Էդիկ Պողոսյանի մանկությունն ու պատանեկությունն անցել են Իրան-իրաքյան պատերազմի տարիներին: Տեղափոխվելով Հայաստան՝ կրկին տեսել է ընթացող պատերազմները, որոնք իրենց հետքն ու ազդեցությունն են թողել նրա ստեղծագործական ընթացքի վրա: Արվեստ-միգրացիա-պատերազմ եռանկյունին դարձել է «Մետաղե բառերի պոետը» ֆիլմի նկարահանման հիմնական առանցքը:

«Պատերազմի ահ ու սարսափի ընթացքում ձևավորված ինքնությունը թեև կուռ է ու հասուն, այնուամենայնիվ, իր մեջ կրում է նաև կորսված ինքության մասնիկ: Այս դարում պաշտպանված լինելու, ավելի ապահով տեղ գաղթելու պատրանքն ավելի շեշտակի է զգացվում: Ստեղծագործությանս ուղու հիմնական խնդրո առարկան նման խզումներից առաջացած կիսատությունն է»,-ասում է Էդիկ Պողոսյանը։

Ֆիլմի պրոդյուսերներն են Ալիռեզա Աթաոլլահ Թաբրիզին և Ալի Վադադը, մոնտաժային աշխատանքները կատարելու է ռեժիսորը՝ Համիդռեզա Զեյնալին: Ստեղծագործական խումբը նախատեսում է, որ  ֆիլմի պրեմիերան կկայանա 2022 թվականին՝ Հայաստանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ընթացքում:

 

Պատրաստեց Սոնա Մարտիրոսյանը

Լուսանկարները ստեղծագործական խմբի արխիվից

Լուսանկարիչ՝ Վահան Հակոբյան