Կինը՝ կինոյում
Ասում են՝ կին ռեժիսորի աչքն ուրիշ է. 7-րդ զգայարանն է աշխատում։ Սակայն մի չգրված օրենքով կինոն միշտ համարվել է տղամարդու արվեստ։ Անգամ 21-րդ դարում, երբ կինը մեքենա է վարում, երկիր ղեկավարում, ռեժիսուրայում կանանց չեն ընդունում, նախընտրում են տղամարդ ռեժիսորների։ Ինչևէ, այս ճակատում էլ են կանայք ստիպված լինում պայքարել, որպեսզի նկարահանման հրապարակում կանգնեն՝ ոչ թե որպես դերասան կամ դիմահարդար, այլ ռեժիսոր։
Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Մոսկվա» կինոթատրոնի հետ համատեղ նախագիծ իրականացրեց՝ մարտի 8-ին ցուցադրելով 4 կին ռեժիսորների դեբյուտային ֆիլմեր։ Ծրագրում ընդգրկված էին ռեժիսորներ Օվսաննա Շեկոյանի «Գլխիվար» (12 րոպե), Լուսինե Պապոյանի «2 անհայտով հավասարում» (15 րոպե, անգլերեն ենթագրեր), Էվելինա Բարսեղյանի «Ժառանգը», (28 րոպե, անգլերեն ենթագրեր), Նաիրի Հախվերդի «Ավլելով Երևանը» (53 րոպե, անգլերեն ենթագրեր) ֆիլմերը։
Լուսինեն այնքնա էլ չի կարևորում՝ մեծ էկրան բարձրանալու համար կանանց տոն է, թե սովորական օր։ Կարևորը՝ ֆիլմեր ցուցադրվեն։ «Ողջունելի է, որ Ազգային կինոկենտրոնը երիտասարդներին ֆիլմեր նկարելու հնարավորություն ավելի շատ է ընձեռում։ Սա ռեժիսորների համար ինքնարտահայտվելու միակ ճանապարհն է։ Ես ուսանողական տարիներին երկու ֆիլմ եմ նկարել, որոնք մասնակցել են կինոփառատոների։ «2 անհայտով հավասարումն» իմ 3-րդ աշխատանքն է։ Պատանեկության թեման շատերին է հետաքրքրում, որովհետև մարդն իր կյանքի ընթացքում մի քանի փուլ է անցնում՝ մանկություն, պատանեկություն… Իմ հերոսը գիտակցում է, որ աշխարհն այլ դիտանկյունից նայելու ժամանակը եկել է։ Կուզեի կարճամետրաժ նոր ֆիլմ նկարել։ Արդեն մտածում եմ դրա մասին»,- ասաց ռեժիսոր Լուսինե Պապոյանը։
«Ժառանգ» ֆիլմն Էվելեինա Բարսեղյանի 4-րդ կարճամետրաժ ֆիլմն է։ Նա չի կարևորում՝ ֆիլմ նկարողը կին է, թե տղամարդ։ Ռեժիսուրայում կարևորը մարդն է ու նրա անհատականությունը։ «Միգուցե Հայաստանում կին ռեժիսոր լինելը մի քիչ դժվար է, բայց առհասարակ սեռը կարևոր չէ։ «Ժառանգը» ֆիլմը Դդմաշենում եմ նկարահանել։ Մասնակցել է տարբեր փառատոների ու 6 մրցանակ է ստացել, այդ թվում՝ Ռուսաստանի, Հոնկոնգի փառատոներում։ Շուտով Իտալիայում՝ Միլանում, կանանց ֆիլմերի փառատոնին ևս կներկայացվի։ Կարևորը, որ կանանց ինքնադրսևորվելու հնարավորություն տրվի։ Համաշխարհային փառատոներում կանանց մասնակցությունը չէի ասի, թե փոքր է։ Ես կարծում եմ, որ ամեն ինչի համար պետք է պայքարել, գլուխը չթաղել ավազների մեջ, ամեն ինչ տեսնել ու լիարժեք ապրել կյանքը։ Եթե ուզում ես, ապրիր, մի՛ վախեցիր։
Պատրաստվում եմ լիամետրաժ ֆիլմ նկարահանել՝ դրամա պատերազմում որդուն կորցրած կնոջ մասին։ Սցենարը ես եմ գրում։ Իհարկե, լավ կլիներ, որ սցենարիստին միտքը տայի, նա զարգացներ ու սցենար գրեր։ Բայց մեր օրերում նախ պետք է սցենարիստ գտնել, հետո՝ վճարելու հնարավորություն ունենալ»,-պատմեց ռեժիսոր Էվելինա Բարսեղյանը։
Կանայք նկարում են կանանց մասին։ Ռեժիսոր Նաիրի Հախվերդի դեպքում ճիշտ այդպես է։ «Ավլելով Երևանը» ֆիլմում նա պատմում է ամեն օր՝ աղջամուղջին, ավելի ճիշտ՝ գիշերով Երևանն ավլող կնոջ մասին։ Նաիրին մի օր մոտեցել է ավլող կնոջն ու հարցրել՝ մասնագիտություն չունե՞ք, որ ավելն եք վերցրել։ Այդտեղից էլ սկսվել է երկու կանանց ծանոթությունը։ «Մարինան իր ընտանիքն է պահում՝ Երևանն ավլելով։ Միգուցե սա ֆիլմի համար ամենալավ վերնագիրը չէր, բայց սա է Մարինայի կյանքը՝ Երևանն ավլելը»,- նկատեց Նաիրի Հախվերդին։
Իսկ Մարինան, որ ներկա էր ֆիլմի ցուցադրությանը, պատմեց. «Ես փողոցն ավլում էի։ Նաիրին ինձ մոտեցավ, խոսեցիք, հարցրեց՝ ինչու եմ Երևանն ավլելով զբաղվում, ոչ թե մեկ այլ գործով։ Ես էլ ասացի՝ մի օր կհանդիպենք, կխոսենք։ Նաիրին զանգեց, ասաց, որ ուզում է ինձ տեսնել։ Նա հանդիպեց իմ ընտանիքի հետ։ Միառժամանակ հետո առաջարկեց ֆիլմ նկարել իմ մասին։
Երևանն ավլելով՝ ես իմ երեխաներին եմ պահել-մեծացրել, անքուն եմ մնացել, որովհետեև պետք էր փողոցները գիշերով մաքրել։ Իմ բալիկներն այս ընթացքում մեծացել են, փառք Աստծո, առողջ են։ Ես ինքս ինձ կողքից չէի տեսել։ Այսօր տեսա։ Այսքան անքուն ու հոգնած եմ եղել փաստորեն։ Տեսա, հիշեցի, մի քիչ հուզվեցի, լարվեցի…Հայ կինն ամեն ինչ կարող է հաղթահարել»,- կանանց ու նաև իրե՛ն նվիրված ֆիլմերի ցուցադրությանը հանդիսատեսի առաջ իր փոքրիկ ելույթն այսպես ավարտեց Երևանն ավլող Մարինան։
Կինոգետ Րաֆֆի Մովսիսյանի համոզմամբ՝ ցանկացած դեպքում, երբ ֆիլմն էկրան է բարձրանում, հրաշալի է, իսկ այս դեպքում կրկնակի հրաշալի է, որովհետև կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը ցուցադրվում են կին ռեժիսորների դեբյուտային ֆիլմերը։
«Այսօրվա պետական քաղաքականությունը նպաստում է, որպեսզի դեբյուտային ֆիլմեր նկարվեն, նոր անուններ ի հայտ գան։ Տեսնում ենք, թե ինչքան նոր ռեժիսորներ են ասպարեզ մտել։ Փաստ է, որ անկախության առաջին տասնամյակում մենք կին ռեժիսորներ չենք ունեցել։ Գիտենք, որ կանայք ավելի հաճախ կինոյում այլ աշխատանքով են զբաղվել՝ սցենարով, ադմինիստրատիվ գործերով, բայց ոչ բուն ռեժիսուրայով։ Շատ կարևոր է, որ մենք այսօր ունենք նման հնարավորություն՝ տեսնելու, թե ինչ թեմաներ են արծարծում կին ռեժիսորների ֆիլմերը, ինչպես են կանայք աշխատում, մտածում, աշխարհը տեսնում»,- ֆիլմերի ցուցադրության առնչությամբ ասաց Րաֆֆի Մովսիսյանը։
Նաիրա Փայտյան