Հայ կինոյում աշխատած օտարազգի ռեժիսորները
Հայ կինոյի ստեղծման գործընթացին, մեր ազգի երախտավորներից բացի, մասնակից են եղել նաև խորհրդային երկրի տարբեր մասերից եկած օպերատորներ` Համո Բեկնազարյանի առաջին ֆիլմերը նկարահանած Զաբոզլաևը, Յալովոյը, Անոշչենկոն, Գալպերինը, Ֆելդմանը, նկարիչներ Սիդոմոն-Էրիստովը, Սուրգունովը և ուրիշներ: Հասկանալի է, որ ժամանակ էր պետք, որպեսզի ձևավորվեին կինոոլորտի մեր կադրերը, թեև դա էլ շատ չուշացավ: Բեկնազարյանն իր հերթին, սկզբում փորձառություն ձեռքբերելով ռուսական նախահեղափոխական կինոյում` իբրև դերասան, այնուհետև` դարձել է վրաց կինոստուդիայի առաջին` հիմնադիր-տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը, նաև` իր առաջին երեք կինոբեմադրություններն է իրականացրել Վրաստանում:
Հայ կինոյի նահապետը, կինոյի իսկական աշխարհակալի նման, շարունակ նոր մշակութային տարածքներ է նվաճել` ահռելի ներդրում ունենալով Խորհրդային Միության մի շարք հանրապետությունների ազգային կինեմատոգրաֆների ստեղծման կամ կայացման գործում: Մենք ավանդաբար վարժված ենք եղել այն մտքին, թե ինչպես են դրսում աշխատել ու կայացել բազմաթիվ մեր հայրենակիցներ, այդ թվում` մի շարք հայտնի ռեժիսորներ: Սակայն քիչ է խոսվել օտարազգի ռեժիսորների մասին, որոնք ֆիլմեր են նկարել մեր կինոստուդիայում:
Իվան Պերեստիանի
Ծագումով` իտալացի, որոշ աղբյուրներում նշվել է նաև հունական ծագում, Տագանռոգում ծնված այս անվանի, տաղանդավոր ռեժիսորի մի շարք գործեր, հատկապես` «Սատանի կարմիր ճտեր» (1923) և «Երեք կյանք» (1925) համր կինոնկարները ժամանակին ունեցել են աննախադեպ հաջողություն: Նշենք ի դեպ, որ առաջին ֆիլմի հանրահայտ և փայլուն ռիմեյքը` «Անորսալի վրիժառուները», տարիներ անց նկարել է Էդմոն Քեոսայանը:
Հետաքրքիր է նաև այն փաստը, որ Պերեստիանին դեռևս 1913 թվականին իբրև ռեժիսոր առնչվել է հայկական թեմայի հետ: Խոսքը հայ բեմի մեծագույն արտիստ Վահրամ Փափազյանի սցենարով և գլխավոր դերակատարմամբ Խանժոնկովի ստուդիայում ըստ Շիրվանզադեի «Նամուս» վիպակի նկարահանված «Երդումով կապվածները» ֆիլմի մասին է:
Արդեն խորհրդային շրջանում Պերեստիանին, Թիֆլիսից հրավիրված լինելով, 1929-1933թթ. աշխատել է «Հայկինո»-ում (ստուդիան «Հայֆիլմ» է վերանվանվել 1957թ.): Այստեղ նա նկարահանել է «Զամալու», «Անուշ», «Անբանը» «Լույս և ստվերներ» խաղարկային ֆիլմերը և «Տուրիստական Հայաստան» վավերագրությունը: Ինչպես վերը նշեցինք, Բեկնազարյանի նման, Պերեստիանին նույնպես իր ուղին սկսել էր ռուս նախահեղափոխական կինոյում: Ահա թե ինչ է նրա մասին գրում հայ կինոյի հիմնադիրը «Դերասանի և կինոռեժիսորի նոթեր» ինքնակենսագրական գրքում.
«… Պերեստիանին կինո եկավ ինձնից երկու տարի հետո: Իր հուշերում Իվան Նիկոլաևիչը չի նշել, որ առաջին մարդը, ում նա հանդիպել էր Խանժոնկովի կինոֆաբրիկայում, ես էի: Նման մոռացկոտությունը լրիվ հասկանալի է. նոր տեղում, որտեղ մարդու շուրջն այդքան անծանոթ դեմքեր կան, դժվար է հիշել, թե ով էր առաջինը, որ խոսեց քեզ հետ…» (Տե՛ս «Записки актера и кинорежиссера», էջ 74-75):
Բեկնազարյանը ճիշտ խորհուրդ էր տվել ապագա ռեժիսորին. եթե ցանկանում է նկարահանվել, ապա նախընտրելի է դիմել ոչ թե ֆիրման գլխավորող անձին, այլ նրա կնոջը` Անտոնինա Խանժոնկովային և այդ պահին նրա աշխատասենյակում գտնվող ռեժիսոր Եվգենի Բաուերին: Այս մեծատաղանդ ռեժիսորը, որ սկզբում ծաղրանկարիչ էր, այնուհետև` նկարիչ-ձևավորող, ռուս կինոյի պատմության առաջին էսթետ-բեմադրիչներից մեկն է, եթե ոչ առաջինը: Հատկապես նրա ֆիլմերում նկարահանվելով է Համո Բեկնազարյանը սովորել կինոարվեստի գաղտնիքները: Նույնը կարելի է ասել և Պերեստիանիի մասին, որն իր առաջին քայլերը կինոյում արել է` խաղալով Բաուերի ֆիլմերում:
Այստեղ հարկ է նշել ևս մի կարևոր բան` Բեկնազարյանն է եղել այն ժամանակաշրջանի միակ կինոանհատականությունը, որ իր հուշերում երախտագիտությամբ, նաև` հիացական գրել է Բաուերի (և ոչ միայն նրա) մասին` բազմաթիվ էջերում վերջինիս տալով արժանի գնահատական: Ի դեպ, այս մասին խոսվեց մի քանի տարի առաջ ռուսական «Կուլտուրա» ալիքով ցուցադրված մի վավերագրական ֆիլմում, որ նվիրված էր վաղամեռիկ Բաուերին: Ֆիլմում միտումնավոր, կովկասյան առոգանությամբ հնչեցին հատվածներ Բեկնազարյանի գրքից:
Ինչ վերաբերում է Պերեստիանիին, ապա Բեկնազարյանն այսպես է շարունակում նրա մասին իր հուշերը. «Պերեստիանիի դեբյուտը կինոյում շատ հաջող անցավ: Շուտով նա անցավ սցենարիստի աշխատանքի, իսկ հետագայում սկսեց հանդես գալ որպես ռեժիսոր: Խանժոնկովի մոտից տեղափոխվելով «Բիոֆիլմ»` ես տնօրեն Սարկիսովին, ի շահ գործի, համոզեցի հրավիրել Պերեստիանիին: Համատեղ աշխատանքը նույն ստուդիաներում մեզ կապեց իսկական ստեղծագործական բարեկամությամբ»:
Հետագայում այդ բարեկամությունը շարունակվեց և Թիֆլիսում, որտեղ Պերեստիանին ֆիլմեր էր բեմադրում, իսկ Վրաստանի «Գոսկինպրոմ» ստուդիայի տնօրեն Բեկնազարյանը, որ ժամանակին խաղացել էր այդ ռեժիսորի ռուսական շրջանի որոշ ֆիլմերում, իր վերջին դերով հանդես եկավ նրա «Սուրամի ամրոցը» կինոնկարում` Դուրմիշխանի դերում: Նախախնամությանը հարկավոր զուգադիպությամբ, տարիներ անց նույն այդ առասպելի իր հեղինակային տարբերակը կստեղծի Թիֆլիսում ծնված Սերգեյ Փարաջանովը` «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» (1985) ֆիլմում…
Պերեստիանիի այս համր կինոնկարի վերջին տեսարաններից մեկի նկարահանման ժամանակ զավեշտական միջադեպ է տեղի ունենում: Դուրմիշխան-Բեկ-Նազարովին գալիս ասում են, որ իր հրամանով, իբրև զոհաբերություն ամրոցի անառիկության համար, պատի մեջ որմնաշարել են մի պատանու, որն իր որդին է: Բայց այդ դրվագը Բեկնազարյանի մոտ ակամա ծիծաղ է առաջացնում, և մի քանի անգամ են ստիպված լինում նկարել: Պերեստիանին նույնիսկ համբերությունից դուրս է գալիս, զայրացած ասելով. «Համո՛ Իվանովիչ, դուք պետք է աղիողորմ լաց լինեք, այլ ոչ թե ծիծաղեք: Հասկացե՛ք, ձեր որդուն են կենդանի որմնաշարել… Դուք կինոարտադրության տնօրենն եք, բայց դա չի նշանակում, որ կարող եք անել ինչ որ խելքներիդ փչի: Ծիծաղելի բան չկա: Ինչ է, ուզում եք, որ ձեր բոլոր տեսարաններում ուրիշ դերասանի՞ նկարեմ»: Մի կերպ զսպելով ծիծաղը` Բեկնազարյանը նկարահանվում է այդ տեսարանում: Թերևս դա ազդանշան է դառնում, որ կինոխցիկի առջև խաղալու փոխարեն եկել է կինոխցիկի մյուս կողմում կանգնելու, այսինքն` ֆիլմեր բեմադրելու ժամանակը:
Իսկ Պերեստիանիի Հայաստանում նկարահանած ֆիլմերից թերևս պարտավոր ենք անդրադառնալ վերջինիս թումանյանական կինոէկրանավորմանը, որն ստեղծվել է` մեղմ ասած, հավատարիմ չմնալով գրական հենքին: Խոսքն Իվան Պերեստիանիի «Անուշ» (1930) կինոնկարի մասին է: Ֆիլմը նկարվել է` «հարմարեցվելով» խորհրդային գաղափարախոսությանը և այդ տարիներին իրականացվող «կոլեկտիվացման» ոգուն: Այդպես, Սարոյի և Մոսիի բախումը ներկայացվել է իբրև «բատրակի և կուլակի» կոնֆլիկտ: Նշենք, որ Մոսիի դերում հանդես է եկել Լևոն Իսահակյանը (1908-2010), որ հետագայում նկարել է վավերագրական և խաղարկային մի շարք ֆիլմեր:
Ըստ ֆիլմի, Անուշի հարուստ հայրը դեմ է լինում վարձու աշխատող հասարակ տղայի հանդեպ դստեր տածած սիրուն, ինչը և հանգեցնում է ողբերգական վախճանի: Ֆիլմի վերջին տեսարանում տարեց կանայք թանգարան այցելած դպրոցականներին պատմում են իրենց գյուղի գեղեցկուհու պատմությունը` իբրև անցյալի մի տխուր հուշ: Նրանք երիտասարդ սերնդին մաղթում են` «ապրել, բայց իրենց պես չապրել»: Հասկանալի է, որ Պերեստիանիի համար Թումանյանը չէր կարող ունենալ այնպիսի նշանակություն, որն ուներ հայ արվեստագետների համար: Հայ ժողովրդի մշակույթին օտար այս ռեժիսորի համար մեր արժեհամակարգի ընկալումը, ավանդույթների խորհուրդը, դրանց մասին պատկերացումները խիստ մոտավոր էին, այդ իսկ պատճառով նա իրեն թույլ էր տվել այդպես «ազատ վարվել» հայ դասականի ստեղծագործության հետ` աղավաղելով ողջ էությունը: Այդուհանդերձ, կինոժապավենը, այն տարիներին «Հայկինո»-ում արտադրված շատ այլ ֆիլմերի նման, ցուցադրվել է ԱՄՆ-ում: 1932-ին «Նյու Յորք Թայմսը» գրել է այս համր, սև-սպիտակ կինոնկարի մասին` նշելով «հազվագյուտ գեղեցկությամբ լեռնային տեսարանները» և այն անվանելով «գրավիչ ու ռոմանտիկ պատմություն, որն ուրվագծում է նախորդ դարի հայկական ավանդույթները»:
Վերադառնալով Վրաստան` Իվան Պերեստիանին այլևս ֆիլմեր չի բեմադրել, այլ շարունակել է հանդես գալ իբրև դերասան և դասավանդել է Թիֆլիսի թատերական ինստիտուտում: Նշենք նաև, որ 1943թ. նա նկարահանվել է Բեկնազարյանի «Դավիթ-Բեկ» էպիկական ֆիլմում` Հռոմի պապի բանագնացի դերում:
Բորիս Բառնետ
Այս ռեժիսորը խորհրդային կինոյի ամենաինքնատիպ, տաղանդավոր դեմքերից մեկն է: Նրա պապը Ռուսական կայսրություն էր եկել Մեծ Բրիտանիայից և տպագրատուն հիմնել, որը 1917-ին ազգայնացվել էր: Բառնետը սովորել է Մոսկվայի կերպարվեստի դպրոցում, այնուհետև` ռազմական կրթություն ստացել և աշխատանքի անցել դպրոցում որպես բռնցքամարտի ուսուցիչ: Երկար որոնումների մեջ էր ապագա ռեժիսորը, մինչև հենց իր` բռնցքամարտիկի շարժումների յուրօրինակ պլաստիկայի շնորհիվ հետաքրքրեց կինոյի հայրերից մեկին` Լև Կուլեշովին և հայտնվեց նրա «Միստեր Վեսթի արտասովոր արկածները բոլշևիկների երկրում» (1924) կինոնկարում: Այսպես, Բառնետը կինոյի իր առաջին դասերը ստացավ Կուլեշովի արվեստանոցում: Սակայն կարճ ժամանակ հետո արդեն նա ոչ միայն նկարվում, այլև ֆիլմեր էր բեմադրում: Նա կարճ ժամանակ անց իր ուրույն և հաստատուն տեղը զբաղեցրեց խորհրդային կինոյի ամենանշանակալից ռեժիսորների կողքին: Բառնետի ֆիլմերից մի քանիսը մտան կինոյի պատմության մեջ, որոնցից հատկապես հարկ է առանձնացնել «Արկղիկով աղջիկը» (1927), Վենետիկի երկրորդ կինոփառատոնի մրցանակին արժանացած «Ծայրամասերը» (1933), Ժան-Լյուկ Գոդարի հիացմունքին արժանացած «Ըմբիշն ու ծաղրածուն» (1957):
Բառնետը ֆիլմեր է նկարահանել Խորհրդային Միության տարբեր ստուդիաներում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, 1944-ին նա Մոսկվայից գործուղվել էր «Գեղարվեստական ֆիլմերի երևանյան ստուդիա», որտեղ նաև հայ կինոգործիչների մասնակցությամբ ստեղծեց «Մի անգամ գիշերով» պատերազմական դրաման (սցենարի հեղ.` Ֆյոդոր Կնորրե, օպեր.` Սերգեյ Գևորգյան): Ներկայացնենք հակիրճ սյուժեն. գերմանական զավթիչների հրետանու հարվածից ընկել է խորհրդային ինքնաթիռը: Անձնակազմին հաջողվում է չհայտնվել գերության մեջ մի խիզախ երիտասարդ ուսուցչուհու շնորհիվ, որն իրենց թաքցնում է դպրոցի կիսավեր շենքում: Ի դեպ, ֆիլմում ֆաշիստական գնդապետի դերում հանդես է եկել ինքը` Բառնետը:
Ահա թե ինչ է գրել այն ժամանակ դեռևս սկսնակ` ֆիլմի աշխատանքներում որպես ռեժիսորի ասիստենտ ընդգրկված Լաերտ Վաղարշյանն իր հուշերում. «Բառնետը պահում էր սոսկ սցենարի ֆաբուլան, իսկ դրվագների հաջորդականությունը և բուն դրվագները հաճախ փոխում էր: Դավանում էր իմպրովիզացիայի սկզբունքը: Նկարահանելուց առաջ սցենարի տվյալ դրվագն անպայմանորեն դերասանների և մեզ` իր օգնականների հետ (մի բան, որ ինձ շատ էր դուր գալիս) ճշտում էր, ուղղում, վերամշակում: Ֆիլմը բեմադրական իմաստով բարդ չէր, և նկարահանման ժամերի մեծ մասը գնում էր նման որոնումների վրա, որից հետո միայն դրվագը նկարահանվում էր» (Լ. Վաղարշյան, «Ուզում եմ պատմել քեզ», Եր., 1993, էջ 31): Վաղարշյանը նշում է նաև, որ ֆիլմի հասարակական արձագանքը մեծ չեղավ:
Կարծում եմ, պարտավոր ենք հիշատակել խորհրդային շրջանի անվանի հայ կինոգետ Գրիգոր Չախիրյանի կարծիքը. «Ժամանակին ոչ բավարար գնահատված այս լիամետրաժ ժապավենը լույս է սփռում ռազմաճակատին կից կյանքի մի դրվագի վրա: … Խորհրդային խոշոր ռեժիսորի տաղանդավոր աշխատանքի շնորհիվ էկրանին կենդանացել են իսկական հերոսները, որոնց անօրինակ սխրանքը փրկեց մարդկությանը շագանակագույն ժանտախտից: Հասարակ մարդկանց ճշգրիտ կերտված կերպարները համոզիչ են Բառնետի ֆիլմում: «Մի անգամ գիշերով»-ը մեկն է այն սակավաթիվ նկարներից, որտեղ կենտրոնական հերոսները շարքային մարտիկներ են: Կինոնկարում ոչ ստանդարտ են և զավթիչների կերպարները: Ֆիլմը գերազանց է նկարահանված Ս. Գևորգյանի և` ձևավորված նկարիչներ Ս. Առուտչյանի ու Ս. Սաֆարյանի կողմից» (Гр. Чахирьян, «Большой экран Армении», М., 1971, стр. 55):
Հայկական ստուդիայի արտադրած պատերազմական այս կինոնկարն այսօր հասանելի է համացանցում: Այն դիտելիս միանգամայն հասկանում ենք, որ բեմադրված լինելով պատերազմի օրերին, դեռևս չէր կարող ունենալ խորհրդային կինոյում հետագա տարիներին ստեղծված ֆիլմերի կերպարային խորքը, պատերազմի` իբրև արհավիրքի կինեմատոգրաֆիկ վերաիմաստավորման այն մակարդակը, որն ապշեցնելու էր համաշխարհային հանդիսատեսին և ապահովելու բարձրագույն գնահատականներ հեղինակավոր միջազգային կինոփառատոներում: Այս շրջանում, երբ տակավին պատերազմի հորձանուտում էր կյանքը, ֆիլմերին ավելի հատուկ էր ինչ-որ տեղ ռեպորտաժային նատուրալիստական բնույթը, և դերասանական խոսքն էլ դեռ չէր ազատագրվել թատերայնությունից, ինչին նույնպես պիտի ըմբռնումով մոտենալ ներկայումս:
Ալեքսանդր Ռոու
Քսաներորդ դարասկզբին Ռուսաստան պայմանագրով աշխատելու եկած իռլանդացի հոր և հույն մոր զավակը տարիներ անց դարձավ խորհրդային կինոյի դասական հեքիաթասաց: Մուտք գործելով ֆիլմարվեստի աշխարհ` Ալեքսանդր Ռոուն գիտեր, թե ինչ է անելու: Վստահաբար, պիտի հեքիաթներ նկարեր. ընդ որում, իր իսկ խոսքով` «նպատակ ուներ հրաշքը մարդուց վեր չդասել»: Ռուսական ժողովրդական հեքիաթներն էկրանավորելիս Ռոուն առատորեն և հմտորեն օգտվում էր արդեն հայտնի արտահայտչամիջոցներից և հնարքներից: Սերունդներ են մեծացել Ռոուի սև-սպիտակ և գունեղ ֆիլմ-հեքիաթները դիտելով: Հիշեցնենք դրանցից մի քանիսը. «Վասիլիսա Հրաշագեղը» (1939), «Անմահ Կաշչեյը» (1945), «Ծուռ հայելիների թագավորությունը» (1963), «Մորոզկո» (1964) և այլն: Ի դեպ, այս վերջինն արժանացել է Վենետիկի մանկապատանեկան ֆիլմերի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին:
1954 թվականին Ալեքսանդր Ռոուն հրավիրվեց Երևանի կինոստուդիա, որտեղ պիտի էկրանավորվեր արդեն մեծ ճանաչում ունեցող, ռուսերեն և մի շարք այլ լեզուներով թարգմանված բնագետ-արձակագիր Վախթանգ Անանյանի «Սևանի ափին» վիպակը: Ֆիլմը նկարահանվեց ռուսերեն` «Լեռնային լճի գաղտնիքը» վերնագրով: Սցենարի հեղինակներն են Մարո Երզնկյանը և Արշա Օվանեսովան, բեմադրող ռեժիսորն է Ալեքսանդր Ռոուն, ռեժիսորներն են Յուրի Երզնկյանը և Յակով Քոչարյանը, բեմադրող օպերատորներն են Իվան Դիլդարյանը և Դմիտրի Ֆելդմանը, իսկ կոմբինացված նկարահանումներն իրականացրել է Նիկոլայ Ռենկովը: Երաժշտության հեղինակը Աշոտ Սաթյանն է: Մանկական այս ֆիլմում նկարահանվել են այնպիսի դերասաններ, ինչպես Գուրգեն Գաբրիելյանը, Արուս Ասրյանը, Թաթուլ Դիլաքյանը և ուրիշներ: Դպրոցականներից մեկի` Կամոյի դերը խաղացել է ապագա ռեժիսոր և դերասան Ներսես Հովհաննիսյանը: Իսկ Կարինեի դերում հանդես եկած Լիլյա Հովհաննիսյանի (այս դերասանուհին նկարահանվել է 1950-ականների մի շարք հայտնի հայկական ֆիլմերում) երգը հնչում է «ամենայն հայոց սոխակ» Գոհար Գասպարյանի կատարմամբ:
Ընդգծենք, որ սա հայկական ստուդիայի արտադրած առաջին գունավոր կինոնկարն է: Եվ այստեղ նաև իր հեքիաթային շքեղությամբ պատկերված է մեր հարուստ բնաշխարհը: Հետաքրքրական է, որ մեր մայրաքաղաք Երևանում 1954թ. մարտի 18-ին առաջին ցուցադրությունից հետո այդ նույն տարվա նոյեմբերի 19-ին ֆիլմը ներկայացվել է ԳԴՀ-ում (Գերմանիայի դեմոկրատական հանրապետություն) և ապա նոր` դեկտեմբերի 30-ին, Մոսկվայում: Հավանաբար, դրանով է պայմանավորված ֆիլմի գերմանալեզու ազդագիրը: Ի դեպ, ԳԴՀ-ում ժամանակին մեծ հաջողություն է ունեցել նաև Վախթանգ Անանյանի «Հովազաձորի գերիները» վիպակի էկրանավորումը` Յուրի Երզնկյանի բեմադրությամբ (1956): Պատահական չէ, որ համացանցում կարելի է գտնել այս ֆիլմը գերմաներեն կրկնօրինակմամբ:
Առհասարակ, այսպես կոչված «սոցիալիստական լագերում» մեծ տեղ էր հատկացվում մանկապատանեկան կինոյին: Հարկ է նշել, որ հայկական առաջին մանկական ֆիլմը` «Հերթապահ Կիմը», դեռևս 1930թ. նկարել է Ամասի Մարտիրոսյանը, ընդ որում դա նրա ռեժիսորական դեբյուտն էր:
Վերադառնալով Ալեքսանդր Ռոուի բեմադրած հայկական ֆիլմին` կարող ենք ասել, որ այստեղ այն ժամանակի տեխնիկական միջոցների հմուտ կիրառմամբ համադրվել են ջրերը հափշտակող դևի մասին հին առասպելը և ժամանակակից իրականությունը: Կինոնկարը հասանելի է համացանցում, ու լավ կլինի, եթե մեր երեխաները, համակարգչային գրաֆիկայի, տեխնոլոգիական այլ գերժամանակակից միջոցների և հատուկ էֆեկտների օգնությամբ ստեղծված ահռելի բյուջե ունեցող հոլիվուդյան արդի հեքիաթներից զատ, դիտեն նաև տասնամյակներ առաջ նկարված այս գունեղ մանկական կինոնկարը, որ մեր անցյալի մասին է:
Սիրանույշ Գալստյան