ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆԻ 130-ամյակի առթիվ

ԵԹԿՊԻ  «ԱՆՐԻ ՎԵՐՆՈՅ» կինոսրահում վերջերս բացառիկ դասախոսությամբ հանդես եկավ կինոգիտության մագիստրոս Անրի Վարտանովը (Քոլամբիա համալսարան, ԱՄՆ): 2021թ. հոկտեմբերին նա մասնակցել էր Անրի Վերնոյի 100-ամյակի կապակցությամբ Երևանում կազմակերպված գիտաժողովին, որտեղ ներկայացրեց «Ընդհատված քարավան, վերակառուցված ֆիլմ. բացահայտելով Համո Բեկնազարյանի «Երկրորդ քարավանի» առեղծվածները» զեկույցը: Թիֆլիսում ծնված, նյույորքաբնակ մեր հայրենակիցը վաղուց հետաքրքրվում էր կովկասյան կինեմատոգրաֆով: Սկզբում ավելի տարված էր վրացական կինոյով, իսկ հայ ֆիլմարվեստից գիտեր միայն Փարաջանովին: Բայց երբ իր համար հայտնագործեց Համո Բեկնազարյանին, հայ կինոն ավելի սրտամոտ դարձավ:

Եվ այսպես, «Ֆուլբրայթ» դրամաշնորհի միջոցով հնարավոր դարձած ուսումնասիրությունը երիտասարդ հետազոտողին բերեց հայ կինոյի հիմնադիր Բեկնազարյանի ամենաառեղծվածային ֆիլմի հետքի վրա, որը երկար տարիներ, մոտ յոթ տասնամյակ կորսված էր համարվում: Այն առհասարակ ոչ ոք չի տեսել: Եվ ահա ՌԴ գլխավոր կինոարխիվում` Госфильмофонд-ում, գտնվել է այդ կինոժապավենի միակ օրինակը. պահպանվել է ֆիլմի 8 մաս (66 րոպե), գրական սցենարը, ֆիլմի սցենարի հեղինակ Կոնստանտին Սիմոնովի նամակագրությունը Բեկնազարյանի հետ, գեղարվեստական խորհրդի քննարկումների սղագրությունը: Հիրավի, շատ անսպասելի է, և ինչպես խոստովանեց Վարտանովը, դժվար է բացատրել, թե ինչպես է պատահել, որ անավարտ ֆիլմի ժապավեններն առհասարակ պահպանվել են: Գրաքննությունն անցնում էր մի քանի փուլով: Իրենց կարծիքը բոլորը պիտի հայտնեին, և կան նաև հոդվածներ մամուլից: Նույնիսկ նախատեսվում էր բեմադրություն Գ. Սունդուկյանի անվան թատրոնում, բայց դա էլ, ֆիլմի նման, չի իրականացել: Շատ հետաքրքիր նյութեր կան Եղ. Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանում (ԳԱԹ), Հայաստանի ազգային արխիվում, նաև` Արամ Խաչատրյանի թանգարանում: Մեծ կոմպոզիտորը պիտի գրեր ֆիլմի երաժշտությունը, սակայն հասցրել է միայն մի երգ գրել ֆիլմի համար, որն ունկնդրելու հնարավորություն կունենանք առաջիկայում: Ներկայումս մեր Ազգային կինոկենտրոնում տարվում են Համո Բեկնազարյանի կորսված-գտնված ֆիլմի վերականգնման աշխատանքները: Բարեբախտաբար, նաև ձայնաշարը կա, և որոշ ժամանակ անց հնարավորություն կունենանք տեսնելու հրաշքով պահպանված ու անցյալից մեզ հասած «Երկրորդ քարավանը»: Հիրավի, բոլոր առումներով արտառոց ժամանակներում ենք ապրում: Եվ գոնե այս դեպքում առնչվում ենք այդ երևույթի բարեհաճ կողմի հետ:

Իսկ ի՞նչ էր մեզ հայտնի ֆիլմի մասին մինչ այդ:

1950թ. Բեկնազարյանը վերջապես սկսում է իր համար փափագելի` «Երկրորդ քարավանը» ֆիլմի նկարահանումները:  Սցենարը գրել էր ռուս հայտնի գրող Կոնստանտին Սիմոնովը: Այս կինոնկարը 1915թ. թուրքերի կողմից իրագործված Մեծ եղեռնը վերապրած, հայրենազրկված և աշխարհով մեկ սփռված այն հայերի մասին էր, որոնք 1946-48թթ. խորհրդային իշխանությունների կազմակերպմամբ հայրենադարձվեցին` եկան Խորհրդային Հայաստան, իրենց կյանքը մայր հայրենիքում վերսկսելու համար: Ավաղ, ինչպես հայտնի է, ոչ բոլորին հաջողվեց կայանալ հայրենիքում, և նրանցից ոմանք դառը ճակատագիր ունեցան, հակառակ իրենց սպասումների:

Ֆիլմում նկարահանվել էին խորհրդային ականավոր դերասան և ռեժիսոր, Վախթանգովի թատերական արվեստի լավագույն մեկնաբան, ազգությամբ` հայ Ռուբեն Սիմոնովը, մեր մեծանուն արտիստներ Դավիթ Մալյանը, Հրաչյա Ներսիսյանը, Վաղարշ Վաղարշյանը, վրաց հայտնի դերասանուհի Վերիկո Անջափարիձեն և ուրիշներ: Ըստ Բեկնազարյանի, երբ մնացել էր նկարահանել վերջին տեսարանը, հանկարծ Մոսկվայից հրաման է գալիս, որ ֆիլմը հայտնվել է մոտ երկու տասնյակ արգելված կինոնկարների ցուցակում: Ստալինին «դուր չէր եկել» վերնագիրը… Եվ նրա հրամանով ֆիլմի բոլոր նեգատիվները ոչնչացվում են: Կորսված միլիոնավոր ռուբլիներ, մի ողջ ստեղծագործական խմբի զուր վատնված ահռելի ջանքեր: Ռեժիսորն իր հուշերում գրում է, որ իմանալով այդ հրամանի մասին, նա կյանքում առաջին անգամ հասուն տարիքում լաց է եղել (А.Бек-Назаров, Записки актера и кинорежиссера, М., 1965, стр. 241-242):

«Երկրորդ քարավանը» եղավ հայ կինոյի նահապետի վերջին հայկական ֆիլմը: Այդ հարվածից հետո ռեժիսորն առաջարկություն ստացավ մեկնել Կենտրոնական Ասիա, իր վերջին ֆիլմերը նկարեց Տաշքենդում և Դուշանբեում` մի նոր մակարդակի բարձրացնելով տեղի կինեմատոգրաֆները…

Եվ ահա, այսքան տարի հետո, երբ հանկարծ գտնված է զարմանալի ճակատագիր ունեցող այս ֆիլմը և դրան առնչվող ծավալուն նյութերը, Անրի Վարտանովը համոզմունք հայտնեց, որ հավանաբար, իր հետազոտական աշխատանքն ավելի երկար կտևի, քան Բեկնազարյանն աշխատել է իր ֆիլմի վրա: Կինոգետը դասախոսությունն սկսեց խաղի ձևով` որոշ կադրերի ցուցադրումով, որից հետո հարց ուղղեց ԵԹԿՊԻ ուսանողներին. «Ի՞նչ եք կարծում, ի՞նչ ֆիլմի կադրեր են, որտե՞ղ կարող էին դրանք նկարված լինել և ո՞վ է նկարել»: Մեր ուսանողները շատ դիպուկ նկատեցին, որ էկրանին տեսնում են մաֆիայի մասին ֆիլմի պատկերներ, հնչեց նաև կարծիք, որ տեսածը հիշեցնում է Սկորսեզեի «Տաքսու վարորդը» ֆիլմը: Հիրավի, ցնցող տեսարան. անհավատալի էր թվում, որ դա ոչ թե հոլիվուդյան, այլ խորհրդային ֆիլմի կադրեր են:

Իհարկե, վերհիշելով Բեկնազարյանի վառ, բազմաբևեռ տաղանդի կնիքը կրող ֆիլմերը, որոնցում նա ներկայացել է իբրև այն ժամանակի գրեթե բոլոր ժանրերի վարպետ, կարելի էր նաև ենթադրել, որ այս ռեժիսորն ընդունակ է ամեն տեսակ ստիլիզացիայի` ոճավորման, լինի դա գանգստերական կինո, թե` ֆիլմ-նուար, առանձնահատուկ մութ, թաց փողոցներով, որոշակի ոճի գլխարկներով, հագուկապով ու մեքենաներով և այլն: Սակայն ենթադրելը մի բան է, իսկ սեփական աչքերով տեսնելը` բոլորովին այլ բան: Եվ «Երկրորդ քարավանի» ներկայացված կադրերը դրա վկայությունն էին: Ընդ որում, կարծում եմ, միանգամայն հասկանալի է, որ ոճավորումն ինքնանպատակ չի եղել, այլ պայմանավորված է եղել նրանով, որ ֆիլմի գործողությունը հիմնականում տեղի է ունենում Ամերիկայում:

Ֆիլմի առնչությամբ կինոգետ Արտյոմ Սոպինը համարում է, որ այսպիսի կինո կնկարեր Բաուերը, եթե ապրեր մինչև 1951 թվականը: Սակայն Վարտանովն այլ կարծիքի է, և դժվար է նրա հետ չհամաձայնել: Նշելով ոճական պատկերային նմանությունը օրինակ, Ուիլյամ Ուայլերի «Փակուղի» (1937), Ֆրենկ Կապրայի «Միսթեր Դիդսը գնում է քաղաք» (1936) ֆիլմերի հետ (մենք կավելացնեինք նաև այս կինոնկարներից առաջ` 1931թ. նկարված Ռուբեն Մամուլյանի «Քաղաքի փողոցները» – Ս. Գ.)   և համեմատականներ տանելով դրանց և «Երկրորդ քարավանի» որոշ կադրերի միջև` Վարտանովը համարում է, որ պարտադիր չէ, որ այդտեղ նմանակում լինի, ավելի շուտ ենթագիտակցաբար են այդպես նկարել (օպերատոր` Դմիտրի Ֆելդման): Ըստ նրա, դա կապված է նաև երկրորդ աշխարհամարտից հետո, իբրև ավար, խորհրդային երկիր բերված մոտ 2000 ֆիլմերի հետ, որոնց մեջ քիչ չէին և հոլիվուդյան կինոժապավենները, որոնք իրենց հերթին, ազդել են «Երկրորդ քարավանի» նկարահանման ոճի վրա, մանավանդ, որ ֆիլմի սյուժեում առկա էր նաև քրեական տարրը:

Ամեն դեպքում, նրանց համար, ովքեր դիտել են Բեկնազարյանի մնացած ֆիլմերը, ենթադրություն չէ, այլ ակնհայտ փաստ, որ նա ի զորու էր նկարել դրամա, կատակերգություն, պատմական էպիկ ֆիլմ, զանգվածային տեսարաններ, նաև վավերագրական, ազգագրական և ավանգարդ կինո: Եվ նրա ֆիլմերում ռեալիզմը բնակազմ համադրվում էր գրոտեսկի հետ, պոեզիան` կյանքի պրոզայի: Նշենք, որ Բեկնազարյանը ժամանակին ցանկություն ուներ նկարել ֆիլմ Տիգրան Մեծի մասին, հետո խորհում էր «Վարդանանքի» մասին, սակայն դրանք չիրագործվեցին: Դե, իսկ «Երկրորդ քարավանը», ինչպես վերը նշել ենք արդեն, նրա համար խիստ ցանկալի ու կարևոր ֆիլմ էր: Թեպետ թեման հայ ժողովրդի պատմության ամենացավալի էջին էր վերաբերվում, բայց մյուս կողմից, ֆիլմը պիտի պատմեր ցեղասպանությունը վերապրածների ու նրանց սերունդների, այսինքն` կյանքի շարունակության մասին, ընդ որում` արդեն հայրենիքում:

Անրի Վարտանովը նշեց ֆիլմի պատմական համատեքստի կարևորությունը: Հայտնի է, որ 1946-48թթ. հայրենիք վերադառնալու ցանկություն ունեցող 400 000 հոգի էր գրանցվել, սակայն միայն 90 000-ը կարողացան հայրենադարձվել, քանի որ գործընթացն ընդհատվեց` չեղարկվեց: Եվ վերադարձածներից միայն 313-ն էին ԱՄՆ-ից: «Երկրորդ քարավանը» հենց այս վերջին խմբի մասին էր: Ժամանման առաջին կետը Բաթումի նավահանգիստն էր, ուր նավով հասնելուց հետո ուղևորվում էին Հայաստան: Այդ ժամանակը համընկել էր խորհրդային կինոյի պատմության մի տխուր շրջանի հետ, որ հայտնի է որպես «սակավաֆիլմություն», որը ստալինյան դարաշրջանի վերջին փուլն էր: «Հայֆիլմի» շատ սցենարներ քննադատվում էին երկխոսությունների պարզունակության, թույլ դրամատուրգիայի առումով և մերժվում էին: Անգամ Հայաստանի մշակույթի նախարարությունն էր դժգոհում սցենարների մակարդակից: Սակայն այն հանգամանքը, որ «Երկրորդ քարավանի» սցենարը գրել են տալիս հայերի ու Հայաստանի հետ ոչ մի կապ չունեցող Կոնստանտին Սիմոնովին, Վարտանովն իրավամբ բացատրում է այն հանգամանքով, որ խորհրդային իշխանությունների կողմից վստահություն չկար, որ այդչափ կարևոր քաղաքական նշանակություն ունեցող թեմայով սցենարը հայ հեղինակ գրեր, որը բոլոր առումներով շատ ավելի մոտ կլիներ այդ խնդրին և թեման ավելի լավ կիմանար, ավելի լավ կզգար:

Ինչ վերաբերում է Սիմոնովին, ապա վերջինս ռազմական թղթակից էր, սցենարիստ, «Սպասիր ինձ» հայտնի բանաստեղծության հեղինակը և վեց անգամ արժանացել էր Ստալինյան մրցանակի, այն դեպքում, երբ Բեկնազարյանը, լինելով տաղանդաշատ ռեժիսոր, ընդամենը մեկ անգամ է արժանացել: Այսինքն` այս ֆիլմի սցենարը հանձնարարվել է պետության կողմից խիստ վստահելի մի հեղինակի, որը նաև քարոզչական հմտություններ ուներ: Հայրենադարձության թեմային զուգահեռ, ֆիլմում պետք է ընդգծվեր, թե որքան վատ է ազդում կապիտալիզմը հասարակության բարոյական նկարագրի վրա: Ընդ որում, Սիմոնովի հետ պայմանագիր է կնքել մոսկովյան ստուդիաներից մեկը, համաձայն որի, նա պիտի այն ժամանակի համար բավական մեծ հոնորար ստանար` 80 000 ռուբլի: Վարտանովը պարզել է նաև, որ սցենարը գրելուց առաջ Սիմոնովը երկու ամիս ճամփորդել է Հայաստանում, հարցազրույցներ վերցրել արդեն հայրենադարձվածներից և այդ «դոսյեն» պարունակում է 121 էջ: Ֆիլմում շատ կերպարներ այդպես են ստեղծվել, այսինքն` վերցվել են իրականությունից: Դերակատարումներում նա առանձնացրեց հատկապես Դավիթ Մալյանի խաղը: Ինչ խոսք, ցավալի է, որ ինչ-ինչ քաղաքական նկատառումներով, այս կինոնկարը, որի մեծ մասն արդեն նկարահանված էր (66 րոպե), սակայն մոտ կես ժամ տակավին պիտի նկարվեր, անսպասելի կամ գուցե ոչ անսպասելի կերպով փակել են: Փաստորեն 1951թ. ԽՍՀՄ-ում արգելվել է 16 ֆիլմ, թողարկվել` 7-ը: Վարտանովը համարում է, որ թեման կորցրել էր քաղաքական կշիռը և հրատապությունը, արդեն աշխատում էին «ոչ վտանգավոր» թեմաներով ֆիլմեր թողարկել: Հետաքրքիր է, որ Արտյոմ Կարապետյանը, որ նույնպես խաղացել է ֆիլմում, բոլորովին ուրիշ կերպ է պատմել: Բավականին իրարամերժ փաստեր, փաստաթղթեր կան: Եվ առեղծված կա: Ուստի, Վարտանովի համոզմամբ, յուրաքանչյուր արխիվի հետ յուրօրինակ մոտեցմամբ պիտի աշխատել: Իսկ ելույթի վերջում նա խորհուրդ տվեց ուսանողներին անպայման ընթերցել Բեկնազարյանի գիրքը:

Այսպիսով, համոզվում ենք, որ արխիվում պահվող նյութերը երբեմն շատ երկար, բայց համբերատար սպասում են իրենց ժամին, մինչև կգտնվեն հետազոտողներ, որոնք ժամանակի փոշու միջից կհայտնաբերեն, կմշակեն դրանք և արժանավույնս կներկայացնեն հանրությանը: Մենք էլ փոքր-ինչ անհամբեր կսպասենք այն օրվան, երբ կինոէկրանին կհառնի անցյալ դարակեսին ստեղծված, սակայն պահածոյացման դատապարտված այս կինոնկարը` գուցե իբրև մի կարևոր ուղերձ հեռավոր անցյալից:

Սիրանույշ Գալստյան