«Գարուն ա… ».սեզոնի ամենաPRված (և բավականին լավ) ու ամենաակտուալ (դե պատերազմի մասին է, որը մեր կողմերից ոչ մի կերպ չի ուզում հեռանալ, չնայած հռչակված «խաղաղության դարաշրջանին») կինոաշխատանքը։ Այս աշխատանքով նաև մեծ կինո է վերադարձել հայկական կինոյի ամենագեղեցիկ դեմքերից մեկը (բառացիորեն)՝ Ալեքսանդրը Խաչատրյանը՝ իր տենդոտ-կայծկլտուն աչքերով) ու ընտիր վինիրներով (ավելի ընտիր, քան Աշոտ Ղազարյանինը նոր «Մեր բակում»)։ Եվ սա դիտարժան վերադարձ է…

Փաստորեն, քիչ թե շատ արժանի ֆիլմում նկարվելու համար պիտի առնվազն նախ որպես պրոդյուսեր հարցը լուծես (Ալեքսանդր Խաչատրյանը ֆիլմի գլխավոր պրոդյուսերն է)։ Դեպքերը ծավալվում են Ամատունիների ընտանիքի և մեր Հայրենիքի շուրջ։ Ամատունիները այն բարեկեցիկ հայկական  ընտանիքներից են, որոնց տներում Մինաս է կախված, որոնք (կադրում) ընթրում են ընտիր վինտաժ կահույքով ինտերիերներում, գրագետ դասավորված «սերվիրովկայով» և գինիով (ոչ պարտադիր այդ գինու բաժակները ճիշտ բռնած)։ Տան մայրը դաշնակահարուհի-տնտեսուհի է, հայրը ինչ֊որ բարձր տեղադրված հետույքով պաշտոնյա (նրանցից, ովքեր այնքան թափ ունեն, որ մարդ են ազատում բանակից) և որդին՝ ջութակահար… որը Գառնու տաճարի տարածքում փակ միջոցառմանը համերգ տալու արտոնություն ունեցող երաժիշտներից է, և ուր որ է Լոնդոնի Թագավորական ակադեմիայում «մրցույթ» է շահելու ու սիրած աղջկա հետ տեղափոխվի Լոնդոն…Ընտանիքի գլուխը՝ տպավորիչ շքանշանների հավաքածուով, ամենաօրհասական պահին մոսկվաներից մեր երկիր վերադարձած ու տրաֆարետային հայրենասիրություն ցուցաբերող նախկին հետախույզ պապիկն է, չնայած, ինչպես ասում են՝ հետախույզները նախկին չեն լինում, ինչպես և տեսնում ենք սյուժեի հետագա զարգացումներում (այստեղ կարող էր լինել «սփոյլեր»)։

Ֆիլմի ասելիքը ակտուալ է, ինչպես որ միշտ դա լինում է, երբ ֆիլմը  պատերազմի թեմայով է և հասցեագրված է մեր նման՝ պատերազմից աչք չբարձրացնող հասարակությանը։ Ֆիլմ՝ պատերազմի, հայրենիքի, հայրենասիրության ընկալումների, պատասխանատվության ու դրանից բխող գործողությունների ու իհարկե խոսքերի շուրջ։ Ինչ վերաբերում է խոսքին, ֆիլմի տեքստային հատվածին, ապա ֆիլմի առաջին հատվածում երկխոսությունները, մոնոլոգները ավելի շատ սերիալային դերասանների ոճով պարզունակ֊ ճակատային են ու դրամատիկականի դերասանների պաթետիկ ֊գոռգոռոցային մակարդակում։ Այս ամենը ձգվում է մինչև ֆիլմի կեսն անց, ու հասցնում ես արդեն լուրջ մտահոգվել, որ փաստորեն նման հարցերում մեր կինոյից ևս պետք չէ սպասելիքներ ունենալ, ինպես մեր հայրենիքից այս օրերին…

Հետո արդեն մեջտեղ է գալիս մեր կինոյին բնորոշ այն մասը, որը ուղղված է արցունք կորզելուն, ու որը միջին վիճակագրական հայ հանդիսատեսի համար ցուցանիշ է (այն որ ասում են՝ «շատ լավն էր… էնքան եմ լացել» )։
Իսկ այս երկուսի արանքում ֆիլմը ստեղծողները հասցնում են թեպետ զգուշորեն, բայց մեղադրանքներ հնչեցնել (օրինակ արհավիրքից անտեղյակ հակահետախուզությանը) ու մատնանշել բուն պատասխանատուներին՝ օրվա իշխանություններին (գրեթե աննշան, բայց կարևոր ու գրեթե բացառիկ պահ՝ կինոաշխատանքի մակարդակում),և կրկին, դա արվում է շատ զգուշորեն՝ նաև սյուժետային գծի ընտրության մակարդակում, այնինչ թրեյլերից կարող է հանգիստ թվալ, որ «Գարուն ա… »-ն անդրադարձ է 44-օրյային։ Վերջինս միայն մի պահ է հիշատակվում՝ մի դրվագում՝ զինվորականներին ուղղված հանդիմանության ֆոնին, երբ «մարգարեական» նախազգուշացում է արվում 2020 թվականի աղետալի աշնան մասին։

Հանուն արդարության՝ հիշեցում, որ ֆիլմի վրա հեղինակներն աշխատանքը սկսել են դեռ 2019-ին և  առանցքը եղել է Ապրիլյանը։ Եվ կարևոր է, որ հեղինակները կարողացել են «գիծը պահել»։

Պետք է կարծել, որ հենց ազնիվ գործ թողնելու ձգտումով է, որ ֆիլմի հեղինակները իրենց աշխատանքը «ապահով դիստանցիայի» վրա են պահել՝ ասլիքը զետեղելով Քառօրյա պատերազմի ֆոնին։ Այս մոտեցումը իրականում ճիշտ է ու արդարացնում է իրեն, քանի որ արվեստագետներին թույլ է տալիս մի քիչ «հեռվից», բայց ավելի ազատ ու անկեղծ խոսել։ Կարծում եմ, ֆիլմի ստեղծողները իսկապես փորձել են անկեղծ լինել։ Եվ դա արել են այնքան համարձակ, որքան դա հնարավոր է եղել (ի տարբերություն «Իշխանություն» ֆիլմի ստեղծողների՝ չգլորվելով «ձեզ տեղն է» ոգով խրատական պրոպագանդայի ծոցը)։ Ֆիլմը ստեղծողները բավականաչափ ազնիվ են նաև, երբ բավական տեղ ու զարգացման հնարավորություն են տալիս նաև այն տեսակետին, որ միայն բանակում ծառայելով չեն ծառայում մեր հայրենիքին կամ այն մոտեցմանը, որը հրամայում է աբրահամական կույր զոհաբերականությամբ սեփական զավակներին բաշխել հայրենիքին։

Գտնված տեսարաններ ու լուծումներ են վրեժի տեսարանը կամ այն, թե ինչպես կարող է ջութակահար տղան ամենաանելանելի վիճակում գալ թշնամի հատուկջոկատայինի հախից։ Ինչպես նաև՝ բանակ գնալ-չգնալու շուրջ ընտանեկան վեճի՝ բառացիորեն  երաժշտական լուծման տեսարանը։Առհասարակ ֆիլմի ստեղծողները մեծ կարևորությամբ ու հոգածությամբ են մոտեցել դրա երաժշտական կողմին։ Միակ խնդիրն այս դեպքում այն է, որ Արման Էլբերտին իր կատարած բարձրարժեք երաժշտական ձևավորման համար նշելու կողքին կարելի էր նաև նշել Կոմիտասին, որի «Գարուն ա… »-ն նաև ֆիլմի երաժշտական ձևավորման լեյտմոտիվն է։

Ֆիլմի անխոս արժանիքներից է նաև օպերատորական աշխատանքը, որը ակնհայտորեն մեր հայրենիքի հանդեպ մեծ սիրով է արված։ Անգամ ամենածեծված ու հայտնի տեսարանները՝ լինի Մասիս սար, թե ջրամբար, մի տեսակ շատ «կինոգենիկ» են ներկայացված։ Նույնիսկ չափազանց կինոգենիկ։ Ի վերջո, պտերազմականի հավակնող ֆիլմի պատերազմական դրվագները թեպետ համեստ, բայց իսկապես որակյալ են արված (կարծես թե արտասահմանյան մասնագետների ներգրավմամբ)։ Ակտուալությունից բացի, ֆիլմը թերևս ունի այն նշված (և «սփոյլերներ» չանելու համար չնշված) կարևոր կողմերը, որոնք աշխատանքը արժեքավոր, կարևոր ու անպայման «գնալ-դիտելու» են դարձնում։ Եվ դա այն դեպքում, երբ մեր ներկայիս իրականության մեջ նման ֆիլմերի գնալը գրեթե նույնչափ համարձակություն է պահանջում, որքան Եռաբլուր գնալը՝ տրավմատիկության ու անկանխատեսելի ելքերով հոգեբանական մարտահրավերների առումով։

Հեղինակ՝ Դավիթ Պ. Վարդազարյան