Հայոց ցեղասպանության մասին պատմող «Երախտագիտության քարտեզ» կինոնախագիծը վավերագրական ֆիլմաշար է։ Այն ներառում է 3՝ «Փրկության քարտեզ», «Ամերիկացի բարի սամարացիները» եւ «Գթության ոսկե շղթա» ֆիլմերը։ Այդ կինոնկարներն  առանձին, ամբողջական միավորներ են, բայց կառուցված են նույն սկզբունքով՝ օտարազգի անկախ հետազոտողները, որպես գործող անձիք, ներկայացնում են իրենց իսկ ուսումնասիրությունները հայոց ցեղասպանության ընթացքում օտարազգի միսիոներների գործունեության մասին՝ հաստատելով դրանք ոչ միայն փաստաթղթային, այլեւ ցեղասպանությունը վերապրածների ու նրանց ժառանգների կենդանի վկայություններով։  Ֆիլմաշարին հատուկ են եւս մի քանի ընդհանրություններ՝ դրանցում համադրված են վավերագրական եւ խաղարկային դրվագներ, ներառված են մինչ այդ սակավ հանրայնացված կամ լիովին նոր նյութեր։

Նախագծի հեղինակ, պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը յուրաքանչյուր ֆիլմի համար աշխատել է առանձին ստեղծագործական կազմի հետ՝ տարբեր փուլերում ունենալով Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ սփյուռքի աջակցությունը, ինչպես նաեւ իր և ընկերների փոխլրացնող ոգևորությունը։ Եվ այսօր արդեն «Ման փիքչերս» ստուդիան ներկայացնում է ֆիլմաշարի առաջին երկու ֆիլմերը ու ամբողջացնում երրորդի նախապատրաստական աշխատանքները։

«Փրկության քարտեզ»

88 րոպեանոց այս ֆիլմը եվրոպացի հինգ մեծ հումանիստ կանանց Կարեն Եպպեի (ԴանիաՄարիա Յակոբսենի (Դանիա), Բոդիլ Բյորնի (Նորվեգիա), Ալմա Յոհանսոնի (Շվեդիա), Աննա Հեդվիգ Բյուլի (Էստոնիա) կյանքի եւ հայոց ցեղասպանության տարիներին նրանց գործունեությա մասին է։ էկրան է բարձրացել 2015 թվականի ապրիլին՝ Հայոց ցեղսպանության 100-ամյակի կապակցությամբ։ Բնօրինակն անգլերեն է, թարգմանվել է 13 լեզուներով՝ այդ թվում եւ թուրքերեն։ 9 երկրների 29 քաղաքներում նկարահանված «Փրկության քարտեզը» ցուցադրվել է 20 երկրների բազմաթիվ քաղաքներում, հայաստանյան հեռուստաալիքներով, ռուսաստանյան գնացքներում, եղել են նաեւ համացանցային ցուցադրություններ։

Ռեժիսոր` Արամ Շահբազյան, սցենարիստ՝ Աննա Սարգսյան, բեմադրող օպերատոր` Արթուր Ղարայան ։ Ֆիլմը վարում է պատմաբան, ցեղասպանագետ` Սվանտե Լունդգրենը (Ֆինլանդիա)։

«Ամերիկացի բար սամարացիները»

90 րոպե տեւողությամբ այս ֆիլմը հայոց ցեղասպանության ընթացքում ԱՄՆ ցուցաբերած հումանիտար օգնության մասին է եւ ներկայացնում է ինչպես անհատների, այնպես էլ պետական նախաձեռնությունների մասին Միացյալ Նահանգների, Հունաստանի, Լիբանանի եւ Հայաստանի տարբեր արխիվների, գրադարանների ու թանգարանների փաստագրական նյութեր: Նկարահանումներն ընթացել են ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իրանում, Թուրքիայում, Հունաստանում, Լիբանանում ու Հայաստանում: Բնօրինակը անգլերեն է, արդեն կա հայրերեն թարգմանությունը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2021 թվականի նոյեմբերի 20-ին, Լոս Անջելեսում, հայաստանյան պեմիերան կայացավ մարտի 18-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում։ «Ամերիկացի բարի սամարացիների» ստեղծմանը որպես խորհրդատուներ աջակցել են ԱՄՆ-ի, Հունաստանի, Լիբանանի, Շվեդիայի եւ Հայաստանի ցեղասպանագետներ, պատմաբաններ, գիտական կենտրոնների պատասխանատուներ ու աշխատակիցներ։ Ֆինանսապես աջակցլ են միջազգային բազմաթիվ ընկերություններ, ՀՀ կառավարությունը՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի միջոցով:  Պրոդյուսերը մտադիր է ֆիլմը ներկայացնել Netflix, Amazon եւ այլ համակարգերում ու թարգմանել տարբեր լեզուներով։

Ռեժիսոր՝ Արա Մնացականյան, սցենարիստ՝ Ամբեր Կարլինս (ԱՄՆ), բեմադրող օպերատոր՝ Աշոտ Մկրտչյան։ Ֆիլմը վարում է պատմաբան, ցեղասպանագետ` Փոլ Լևինը (ԱՄՆ)։

«Գթության ոսկե շղթա»

«Երախտագիտության քարտեզ» նախագծի երրորդ ֆիլմի սցենարը հեղինակելու է ավստրալացի պատմաբան, «Նոր Զելանդիա, Ավստրալիա, Հայաստան – ցեղասպանություն» ուսումնասիրության հեղինակ Ջեյմս Ռոբինսը։ Նրա խնդիրը հայոց ցեղասպանության ընթացքում Նոր Զելանդիայի եւ Ավստրալիայի իրականացրած մարդասիրական ծրագրերն ու դրանց համար ջանք չխնայած անձանց ներկայացնելն է։ Նախագծի երրորդ՝ «Գթության ոսկե շղթա» ֆիլմը նույնպես ստացել է պետական աջակցություն, ինչը հիմք կտա չբավարարող միջոցները այլ աղբյուրներից հայթաթելու։

Ցեղասպանության՝ համամարդկային արհավիրքի հետեւանքները գլոբալ հաղթահարման կարիք ունեն եւ հենց այս համատեքստում է ներկայացվում «Երախտագիտության քարտեզ» նախագծի յուրաքանչյուր ֆիլմի ասելիքը, որը նախ ուղղված է համաշխարհային հանրությանը եւ երախտիքի տուրք է 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուքիայում  ծրագրված ու իրագործված ցեղասպանություններից հայերին, հույներին, ասորիներին… փրկելու համար վտանգներից չվախեցած անձանց։

Նանա Պետրոսյան


    «Ավրորայի լուսաբացը» միջազգային մամուլի էջերում 

    «Ավրորայի լուսաբացի» համշխարհային պրեմիերայից և միջազգային ցուցադրություններից  հետո արտասահմանյան մամուլն ու փառատոնային կայքերը շարունակում են հանդես գալ ֆիլմի մասին հրապարկումներով՝ անդրադառնալով...

    |3 Դեկտեմբեր 2022,21:24