Մինչև Փարիզում հաստատվելը, կարծում էի, որ Վերսալ ասելով հասկանում ենք միայն պալատ, սակայն տեղափոխվելով այստեղ, հասկացա, որ Վերսալն առանձին քաղաք է, ինչպես և մնացած բոլոր արվարձանային կետերը, որոնք Փարիզը միացնում են Վերսալին։ Այդպիսի տասնյակ քաղաքներից մեկը Շավիլն է, որտեղ բնակվում են բազմաթիվ հայեր, հետևաբար կա նաև հայկական եկեղեցի։

Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեղում ժամանակին հին պահեստ է եղել, բայց 1950-ական թվականներին մի խումբ հայ երիտասարդների ջանքերով այն վերածվել է եկեղեցու։ Ժամանակին, հաճախ  էի գնում այդ եկեղեցի, ոչ այնքան պատարագները լսելու, որքան պարզապես հայերի մեջ հայտնվելու և կարոտս առնելու համար։ Նստում էի եկեղեցու խորքում և ուսումնասիրում ծերերին, անհամբեր երեխաներին, լսում հայերեն խոսքն ու երգչախմբի փափուկ ձայները՝ ինձ հետ տուն տանելով խունկի անուշ բույրը։

Ուրախությունս մեծ էր, երբ Փելեշյանի ֆիլմերի հերթական ցուցադրության ժամանակ, կինոսրահում հանդիպեցի եկեղեցու երգչախմբի երիտասարդներից մեկին։ Պարզվեց, սարկավագ Աթամ Ռաշոն նաև նկարազարդող է և անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր։ Այդ հանդիպումից անցել է վեց տարի։ Այսօր Աթամ Ռաշոն երկու գեղեցիկ անիմացիոն ֆիլմերի հեղինակ է, Գեղարվեստի ակադեմիայի պատվավոր Պիեր Դեյվիդ-Վեյլի առաջին մրցանակի հաղթող, պատրաստվում է մասնակցել Ֆրանսիայի հարավում կազմակերպվող «Մենք» ցուցահանդեսին և ունի նոր, հետաքրքիր մտքեր։  Գարնան առաջին օրը հիանալի առիթ էր խոսելու Աթամ Ռաշոյի հետ անցյալի և ապագայի մասին։

-Աթամ, առաջին ֆիլմդ՝ «Ձայն Հառաչանացը», ձոն է Գրիգոր Նարեկացուն, երկրորդը՝ «Ժաննան» նվիրվում է Ժաննա դ’Արկին։ Հայկական և ֆրանսիական մշակույթի և պատմության այս կարևորագույն կերպարների ընտրությունը ենթադրում եմ պատահական չէ։

-Այս թեմաների ընտրությունը սերտորեն կապակցված է իմ արմատներին․ ես ֆրանսահայ եմ, մայրս՝ ֆրանսուհի է, հայրս՝ սիրիահայ։ Սրտանց ցանկանում էի առաջին երկու ֆիլմերս նվիրել իմ արմատներին։

-Հետաքրքիր է, ինչպես սարկավագ Աթամը որոշեց դառնալ արվեստագետ։

-Իմ ընտանիքում հոգևոր կողմը շատ զորավոր է և գերներկա, բայց ոչ արվեստը․ այն միշտ երկրորդական տեղում է եղել։ Հայրս սարկավագ է, հորեղբայրս՝ նույնպես, ես էլ իմ հերթին դարձա սարկավագ։ Շավիլի եկեղեցի մանկուց էի գնում։ Երբ քսան տարեկան էի, որոշեցի ընդհատել այն ուսումը, որն անում էի, և զբաղվել կոմիքսներ ստեղծելով։ Մի քիչ նկարում էի և միամտաբար կարծում, որ այդքանը բավարար է։ Քիչ ժամանակ անց, հասկացա, որ ամենևին չունեմ արվեստագետի հայացք։ Մի սիրելի դասախոս ունեի, որն ինձ անընդհատ ասում էր՝ աշխատանքդ հասուն չէ։ Տարիներ պետք եղան իրականում սովորելու համար նկարել։ Նախ ավարտեցի «Atelier de Sèvres» դպրոցը, ապա ուսումս շարունակեցի Անգուլեմի Անիմացիոն կինոյի դպրոցում։

-Ամեն դեպքում այսօր տեսնելով արդյունքը, բացահայտ է, որ քո մեջ ի սկզբանե եղել է արվեստի ձիրքը։

 -Չգիտեմ, ամեն դեպքում եթե նույնիսկ եղել  է, ապա շատ խորքում էր թաքնված։ Իրոք, երբ այսօր նայում եմ քսան տարեկանում արված աշխատանքներս, հասկանում եմ, որ նկարել չգիտեի։ Երբ ինձ ասում էին, պետք է աշխատես, մտածում էի՝ դե մի քանի ամիս համառ կաշխատեմ ու կստացվի, բայց տարիներ պետք եղան։ Չէի գիտակցում, թե որքան երկար է լինելու ճանապարհը։ Ճիշտ է, կիրքը և ցանկությունը միշտ կային, դասախոսս այդպես էլ ասում էր՝ «Ձեր նկարները չունեն խորություն, բայց փոխարենը Դուք ունեք նկարելու մեծ ցանկություն, քանզի եկել եք ունենալով հարյուրավոր նկարներ ձեռքի տակ»։ Եվ եթե այսօր ֆիլմերս Ձեզ թվում են հաջողված, դա միայն տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքն է, որի հիմքում ցանկությունն էր և ոչ բնածին տաղանդը։

-Իսկ ընտանիքդ դե՞մ չէր, որ դու ընտրեցիր արվեստի ուղին։

 –Ամենևին։ Հայրս բացառիկ մարդ է։ Միգուցե սրտի խորքում կցանկանար, որ բժշկությամբ զբաղվեի, բայց երբեք դա չէր պարտադրի։ Մեր ընտանեկան տրամաբանության մեջ միշտ եղել է աշխատանքի վրա չկենտրոնանալը, թեպետ բոլորս էլ անչափ աշխատասեր ենք, բայց աշխատանքը չէ, գումար վաստակելը չէ, որ մարդուն մարդ է դարձնում։ Հորս միակ ցանկությունն էր, որ շարունակեմ սովորել։

 -Չափազանց գեղեցիկ և խորն է ստացվել առաջին ֆիլմդ՝ «Ձայն Հառաչանացը»։ Կպատմես ինչպես ընտրեցիր «Մատյան ողբերգության» թեման։

-Երրորդ կուրսում էի, աշխատում էի տարեվերջյան ծրագրիս վրա։ Հայաստանի հետ կապված թեմաներ էի փնտրում։ Հիշում եմ, մի օր ծանր հիվանդացա, մեկ շաբաթ անկողնուց դուրս չէի գալիս և թերթում էի Հայաստանի մասին գրքեր։ Հասել էի այն հատվածին, որտեղ խոսվում էր Նարեկացու մասին։ Երեխա ժամանակ բնականաբար անգիր սովորել էի Նարեկացու բանաստեղծություններից, բայց երբեք չէի փորձել դրանք իրապես հասկանալ։ Այդ օրը, հիվանդ պառկած, խորանալով վերջին հազարամյակի թերևս ամենակարևոր գրերի իմաստի մեջ, ցնցվեցի։ Այդ պահը շրջադարձային էր ինձ համար ։ Փաստորեն մանկուց գրաբարով սերտած այդ գրերը, դրանց հետ կապված հարազատներիս պատմություններն ու Նարեկացուն ուղղված բոլոր աղոթքները վերջապես ինձ բերեցին իմ առաջին անիմացիոն ֆիլմի թեմայի ընտրությանը ու ստեղծմանը։

-Քո ֆիլմերի յուրաքանչյուր պատկեր նկարված է հնդկական թանաքով և ջրաներկով՝ առանձին թղթերի վրա՝ ձգտելով հնարավորինս մոտենալ միջնադարյան մանրանկարչությանը: Կպատմես աշխատանքային ընթացքի մասին։

-Ես չեմ աշխատում դասական տարբերակով, այսինքն՝ սցենար, սթորիբորդ և այլն։ Այդ տարբերակով, ֆիլմի սևագիրը նախապես արդեն ցույց է տալիս վերջնական արդյունքը։ Ես նկարում եմ, ստեղծագործում, իսկ հետո, ստեղծածի հիման վրա անում իմ մոնտաժը։ Մոտավորապես պատկերացնում եմ՝ ինչ եմ ուզում, բայց հստակ չգիտեմ՝ ուր եմ գնում։ Նկարել «Ձայն Հառաչանացը» սցենարով, ինձ իրոք թվում էր անիմաստ։ Մտածում էի, ստեղծելով նյութը, ճիշտ ուղությունը կբացվի։

Կինոյում մեկ վայրկյանի համար անհրաժեշտ է քսանչորս լիարժեք պատկեր, անիմացիայում՝ տասներկու, այսինքն ամեն պատկեր օգտագործվում է երկու անգամ։ Ժամանակ շահելու համար ես օգտագործում եմ ութ պատկեր մեկ վայրկյանում, այսինքն ամեն պատկեր օգտագործվում է երեք անգամ։ Մոնտաժն անում եմ արդեն ստեղծած պատկերներից, որոնք օգտագործվում են երեսուն տարբեր պլաներում։ Եվ այս միտքն ինձ համար առանց անհամեստ հնչելու եկել է Փելեշյանի ֆիլմերից, իր մոնտաժային աշխատանքից, թե ինչպես է Փելեշյանը վարպետորեն օգտագործում նույն պատկերը մի քանի անգամ։

 -Նույն տարբերակով դու ստեղծեցիր նաև երկրորդ անիմացիոն ֆիլմդ՝ «Ժաննան»։

-Այո, երկուսն էլ ստեղծվել են նույն ոճով։ Աշխատելով Նարեկացու վրա, շատ էի խորացել միջնադարյան նկարչության  մեջ։ Եվ քանի որ անիմացիոն ժանրում երբևէ որևէ բան չէր նկարվել Ժաննա դ’Արկի մասին, թեման ինձ գրավեց։ Միջնադարյան պատկերագրության միջոցով փորձում էի հասկանալ այն ժամանակվա մարդկանց  ապրումները, փորձում էի գտնել օրիգինալ դիտանկյուն դ’Արկի թեման ներկայացնելու համար։ Այս ֆիլմի շուրջ սկսեցի համագործակցությունս երաժիշտ, կոմպոզիտոր, գործիքավորող և միջնադարյան երաժշտության մեծ մասնագետ Պիեր Համոնի հետ։ Առանց Համոնի, ֆիլմը չեմ կարծում լիներ այնպիսին, ինչպիսին ստացվել է։ Մենք աշխատում էինք առանց սցենարի, շատ դեպքերում Պիերն ինձ ուղարկում էր երաժշտական հատվածներ, և ես նկարում էի զգալով երաժշտությունը, և այս աշխատանքը երկկողմանի էր։ Շատ հետաքրքիր էր և հարստացնող։

-2020 թվականին դու արժանացար Գեղարվեստի ակադեմիայի Պիեր Դեյվիդ-Վեյլի գծանկարչական առաջին պատվավոր մրցանակին։

-Այո, ընկերս տեղեկացրեց մրցույթի մասին, քաջալերեց, որ ուղարկեմ երկու նկար Նարեկացուց և մեկը՝ Ժաննա դ’Արկից, որոնք էլ արժանացան առաջին մրցանակին։ Արդյունքում, աշխատանքը, որն արել էի անիմացիոն կինոյի համար, ամենամեծ մրցանակին արժանացավ նկարչության ոլորտում։ Երբեք չգիտենք, ուր են մեզ տանում կյանքի ճանապարհները։

 Ամեն դեպքում մարտին ճանապարհները Աթամ Ռաշոյին տանում են Ֆրանսիայի հարավ՝ Մոն դը Մարսան քաղաք, որտեղ մի շարք հայ և ֆրանսիացի արվեստագետների մասնակցությամբ բացվելու է «Մենք» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Դե իսկ մենք մեծ հետաքրքրությամբ կշարունակենք հետևել Աթամ Ռաշոյի ապագա հաջողություններին և կսպասենք նոր ֆիլմերին։  

Լիլիթ Սոխակյան

Փարիզ, 2022թ․