Ֆրենսիս Ֆորդ Կոպոլլան, Ալ Պաչինոն և Ռոբերտ դե Նիրոն վերամիավորվել են «Օսկարի» բեմում՝ «Կնքահայրը» ֆիլմի 50-ամյակի կապակցությամբ։ Կինոյի երեք լեգենդները արժանացան հանդիսատեսի բուռն ծափահարություններին։

Ինչպես նախատեսված էր, այս գիշեր՝ Լոս Անջելեսում տեղի ունեցած «Օսկարի» 94-րդ  մրցանակաբաշխության շրջանակներում, Ակադեմիան հարգանքի տուրք մատուցեց հիսնամյակը նշող «Կնքահայրը» ֆիլմին:

«Կարծում եմ՝ նման պահերը պետք է լինեն անկեղծ և, հետևաբար՝ կարճ», մեկնաբանեց Ֆրենսիս Ֆորդ Կոպոլլան՝ բարձրանալով բեմ եռերգության երկու գլխավոր դերասանների՝ Ալ Պաչինոյի և Ռոբերտ դե Նիրոյի հետ: Ութսուներկուամյա ռեժիսորը, որ բոլորովին վերջերս արժանացավ անվանական աստղի Հոլիվուդի  ճեմուղում, ֆիլմի մասին խոսելիս իր գործընկերներին անվանես «Լեգենդներ»։ Ռեժիսորն ակնհայտորեն հուզված էր եռերգությանը մատուցած հարգանքի տուրքով։ Մի քանի մասանոց ֆիլմ, որը 1970-ական թվականների սկզբին մեծ դժվարությամբ նկարահանվեց, բայց կարողացավ խորը հետք թողնել ամերիկյան կինոյի պատմության մեջ։ (Ի դեպ, Paramount+ ով շուտով կարելի է դիտել «Առաջարկը» վերնագիրը կրող սերիալը՝ պատմող ֆիլմի ետնաբեմի մասին):

Ֆրենսիս Ֆորդ Կոպոլլան շնորհակալություն հայտնեց հատկապես երկու մարդկանց, առանց  որոնց «Կնքահայրը» իրականություն չէր դառնա։ Ցավոք, նրանք այլևս մեզ հետ չեն և չեն կարող տեսնել այս գեղեցիկ հարգանքի երեկոն․ նրանք են ֆիլմի գրական հիմքի՝ գրքի հեղինակ Մարիո Պուցոն (մահացել է 1999 թ.) և ֆիլմի պրոդյուսեր Ռոբերտ Էվանսը (մահացել է 2019 թ.)։

Կինոյի պատմության գլուխգործոց դարձած «Կնքահայրը» իր հիսունամյակի կապակցությամբ վերաթողարկվելու է վերականգնված տարբերակով։ Իհարկե ափսոս, որ Ակադեմիայի կողմից մեծ աղմուկով հայտարարված այս տոնակատարությունը, ի վերջո, հակիրճ էր և ինչ-որ տեղ նսեմացված դրանից անմիջապես առաջ տեղի ունեցած միջադեպով․ «Օսկար» 2022-ի մրցանակաբաշխության արարողության ժամանակ Ուիլ Սմիթը բեմ  է բարձրանում և հարվածում Քրիս Ռոքին, որն իր խոսքի ժամանակ կատակ էր թույլ տվել դերասանի կնոջ՝ Ջադա Փինկետ Սմիթի հասցեին։ Այս դեպքը ցնցեց և բացահայտորեն սառեցրեց դրան հաջորդող «Կնքահոր» տոնակատարությունը։ Այնուամենայնիվ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլլան, Ալ Պաչինոն և Ռոբերտ դե Նիրոն արժանացան հանրության բուռն ծափահարություններին, իսկ Սթիվեն Սփիլբերգն իր սմարթֆոնով լուսանկարում էր բեմում կանգնած գործընկերներին։

Այս առիթով հիշեցնենք, որ 1973 թվականին Մառլոն Բրանդոն հրաժարվել էր ներկա գտնվել «Օսկար» մրցանակաբաշխությանը և ստանալ  «Կնքահայրը» ֆիլմում Դոն Կորլեոնեի դերի համար  իրեն շնորհված (լավագույն դերասան) արձանիկը։ Նա խնդրել էր հնդկացի  դերասանուհուն բեմ բարձրանալ իր փոխարեն՝ հույս ունենալով այդպիսով խուսափել հանդիսատեսի կողմից ամերիկյան հնդիկներին վերաբերող ռասայական խտրականության դատապարտմանը:

Թարգմանությունը՝ Լիլիթ Սոխակյանի

Աղբյուր