Կինոռեժիսոր Արամ Մանուկյանի  դեբյուտային «Թույլ տվեք» վավերագրական կարճամետրաժ ֆիլմը, տասնյակ մրցանակներ ստանալուց հետո,  արժանացել է Կաննի կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնի  մրցանակին։ Մրցութային ծրագրում ընդգրկված 20 երկրի 100 ֆիլմից «Թույլ տվեք»-ը (Let Me) արժանացել է գլխավոր մրցանակի՝ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում։ Մրցանակն ուղեկցվել է  գնահատանքի խոսքերով «սա իսկապես հրաշալի աշխատանք է, որը գերել է մեր ժյուրիին իր յուրահատկությամբ և իր ուղերձի ինքնատիպությամբ»:

«Թույլ տվեք» կարճամետրաժ վավերագրությունը Արամ Մանուկյանի առաջին ֆիլմն է։ Այն արդեն ցուցադրվել է մոտ 40 միջազգային տարբեր  փառատոներում և արժանացել գրեթե նույնքան  մրցանակների։ Կինոնկարը  ցուցադրության է ներկայացված նաև  2022-ի մայիսին կայանալիք Կաննի միջազգային 75-րդ կինոփառատոնի «Կարճամետրաժ ֆիլմերի անկյուն» ծրագրում։

Ա. Մանուկյանը մեկնաբանում է, որ ֆիլմի վերնագիրը պատահական ընտրություն չի, որ ինքն այդ կերպ արտոնություն է խնդրում հորից, իրենից և ողջ հանրությունից՝ այս պատմությունը պատմելու համար։ Իսկ ֆիլմը պատմում է նկարիչ և քանդակագործ Գեորգի Մանուկյանի ու ընթացքի մեջ գտնվող նրա ծավալուն աշխատանքի մասին։ Գեորգին իր ոչ մեծ արվեստանոցում այժմ կերտում է իր վրա մեծ ազդեցություն թողած հանրահայտ Տրեվիի շատրվանի արձանախումբը, մուրճի ամեն հարվածի հետ իրեն պատկերացնում այնտեղ՝ Հռոմում։ Համաշխարհային համաճարակը դառնում է այդ երազանքի միակ, սակայն պատնեշող արգելք, ինչը քանդակագործը հաղթահարում է մտքի ու կամքի միաձուլմամբ, ստեղծագործ իր ավյունը փոխանցելով նաև որդուն։ Ֆիլմին մեծ հմայք են հաղոդում նրբաճաշակորեն ընտրված երաժշտությունն ու Հայաստանի վաստակավոր դերասան Բաբկեն Չոբանյանի հավասարակշիռ, թավշյա ձայնը։

Ֆիլմի սցենարի կառուցվածքը համահունչ է Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի յուրօրինակ աղոթքին, որ ժամանակ առ ժամանակ հնչում է ֆիլմում․«Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար:  Ուղղորդիր, սովորեցրու օրերի միապաղաղության մեջ լինել հետևողական և պատրաստակամ հուզմունքի ու բացահայտումների փորձի առջև կանգնել»։  Հուզմունքի ու բացահայտումների փորձը հեղինակին բերել է հաղթանակի բերկրանք ու կանգնեցրել նոր փորձությունների առջև, որոնք բերելու են նոր ֆիլմերն ու նոր փառատոները։

Աղբյուր