Արտավազդ Փելեշյան․Առանձնահատուկ ծննդյան օր՝ Փարիզում
Փարիզում՝ Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրը՝ փետրվարի 22-ին տեղի կունենա ռեժիսորի վերջին՝ «Բնություն» ֆիլմի կինոթատրոնային պրեմիերան։ Այսպիսով, «Բնություն» ֆիլմի թանգարանային և փառատոնային ցուցադրություններին կավելանան նաև կինոթատրոնային դիտումները։
Ֆրանկոֆոն երկրներում ֆիլմի դիստրիբյուցիան այսուհետ իրականացնելու է «Les films du Camelia» դիստրիբյուտորական կազմակերպությունը։ Այն հիմնադրվել է 1988 թվականին պրոդյուսեր և ռեժիսոր Ռոնալդ Շամայի կողմից, որը նաև ֆրանսիացի հայտնի դերասանուհի Իզաբել Հյուպպերի կողակիցն է։ Ռոնալդ Շամային է պատկանում Փարիզի վեցերորդ թաղամասի, պատմական Սան Ժերմեն դե Պրե փողոցի սրտում գտնվող «Christine» կինոթատրոնը, որտեղ էլ ամսի 22-ին տեղի կունենա «Բնություն» ֆիլմի պաշտոնական պրեմիերան։
Ի դեպ, կինոթատրոնի դռները թվագրվում են Լյուդովիկոս 14-րդի ժամանակաշրջանով և բնականաբար դասվում են Ֆրանսիայի պատմական հուշարձանների շարքում։ «Christine» կինոթատրոնը հայտնի է փարիզեցիներին՝ աշխարհի մեծագույն ռեժիսորների հետ իր երկարամյա համագործակցությամբ, եզակի ֆիլմերի ցուցուցադրություններով, ժապավենային նմուշների վերականգմամբ և կոլեկցիոն DVD ների թողարկումներով։ Մարտին Սկորսեզեն հենց այս կինոթատրոնում է անցկանցնում իր ֆիլմերի փարիզյան դիտումներն ու փակ հանդիպումները։ Այստեղ է նաև, որ կարելի է տեսնել արվեստին նվիրված մեծագույն ֆիլմերը, ինչպես օրինակ ամիսներ առաջ Դևիդ Հոքնեին նվիրված ռեժիսոր Ջեք Հազանի փայլուն «A Bigger Splash» ֆիլմը։
Փելեշյանի «Բնություն» ֆիլմի հրեղեն աֆիշն արդեն կարելի է տեսնել Փարիզի մետրոյի կայարաններում։ Պրեմիերայի մասին հոդվածներ են գրվում կինոյին նվիրված բազմաթիվ թերթերում և իհարկե՝ «Cahiers du cinéma» ամսագրում։ Մեծ եռանդով նախապատրաստվող այս պրեմիերային բնականաբար մասնակցում է նաև Կարտիե ժամանակակից հիմնադրամը։ Այսպիսով, վստահաբար կարելի է ասել, որ փետրվարի 22-ը լինելու է Վարպետին նվիրված առանձնահատուկ օր, որի մանրամասների մասին կարող եք կարդալ շուտով Կինոաշխարհում։
Լիլիթ Սոխակայն
Փարիզ, 2022թ․