«Պեպո» ֆիլմի օպերատոր Դմիտրի Մոիսեևիչ Ֆելդմանի ասիստենտ՝ Թամարա Գարինայիհիշողությունները  

Ֆելդմանի մասին (մաս 4)։

Վերջապես կինոնկարը մենք փայլուն կերպով հանձնեցինք:

Մեր «Պեպոն» գնաց քայլելու անծայրածիր Խորհրդային Միությունով մեկ, ամենուր արժանանալով վաստակած հաջողության: Մեր խումբը ցրիվ եկավ նոր քաղաքներով մեկ, նոր վայրերով, տանելով իր հետ լավ հիշողություններ ամուր ընկերության և համերաշխ կոլեկտիվի մասին: Եվ անցավ ամիս ամսվա ետևից և նրանց ետևից աճապարեցին տարիները: Իսկ իմ բարեկամությունը իմ թանկագին ընկերների հետ ավելի ու ավելի էր ամրանում, և ես անասելի ուրախ էի, երբ լուր ստացա, որ ծնվել է նրանց դուստրը՝ Լիզոչկան: Նաև տեղեկություն ստացա Մոիսեիչից, որ հիմա նա փոքր-ինչ փոխել է կյանքի մասին իր կարծիքը և իր սովորական հումորով գրում էր, «որ այդ նույն կյանքն է, պարզվում է, պարգևել իրեն կին, մեկը նրանցից, որոնք ավելի շատ տալիս են, քան ստանում: Հիմա,- գրում էր ինձ Մոիսեիչը,- ես ուզում եմ արդեն հաստատված կյանքի հանգստավետություն: Իսկ առայժմ, մենք թափառում ենք քաղաքներով ու հյուրանոցներով: Բայց մի՞թե հույսերը մարդուց թույլտվություն են հարցնում այցելելու համար նրան: Մի՞թե նրանք հաշվի են նստում ինչ-որ բանի հետ: Միայն ցավ են պատճառում հիվանդ մտքերը»:

Իսկ ամիսները վազում ու վազում էին, իսկ նրանց հետևից աճապարում էին և տարիները…

Եվ իմ բարեկամների կյանքը արագ ու խաղաղ սահում էր տարիների հետ…

Մոիսեիչն այդ ժամանակ աշխատում էր Թբիլիսիում ռեժիսոր Ն.Կ. Սանովի հետ «Կռվարարը»՞ կինոնկարի վրա: Եվ ռեժիսորը, և օպերատորը՝ երկուսն էլ նվիրված աշխատում էին: Կինոնկարով հափշտակվածությունը հսկայական էր, իսկ ժամկետները՝ փոքր: Խանդավառ ստեղծագործական աշխատանքում նրանք երկուսն էլ չէին հաշվում ժամանակը: Եվ հանկարծ… հեռագիր: Մոիսեիչը տեսավ չար երախը այն նույն կյանքի, որին նա նոր-նոր էր հավատացել: Երախը սարսափազդու էր: Իր սիրելի դստրիկին, իր Լիզոչկային, հիմա արդեն այդպես հասունացած, որն իր կյանքի ողջ ուրախությունն էր, որի հետ կապված էին իր բոլոր հույսերն ու ակնկալիքները, անհրաժեշտ էր շտապ ծանր վիրահատություն անել: Հիվանդությունը անսպասելի վրա էր տվել և երկու օրում դրսևորվել:

«Դժբախտության վզից կախ զանգուլակներ չկան», ասում է ֆիննական առածը…

Եվ հաջորդ օրը մենք դիմավորում էինք Երևանի գնացքը: Տատյանա Լվովնան Լիզոչկային տանում էր Մոսկվա վիրահատության… Գնացքը, ծանր շնչելով, դանդաղ մոտեցավ: Իմ առջև պատուհանի ապակու մեջ մի պահ երևաց Մոիսեիչի գունատ, շփոթահար դեմքը, անհետանալով վագոնի միջանցքում: Եվ հանդիպումների և ողջույնների ետևում երկյուղները բոլորի մոտ ասես պահ մտան: Ուզում էինք ասել, ուզում էինք ճչալ… Ոչ, ոչ մի սարսափելի բան չկա և չի լինի: Տեսնում եք որքան ուրախ ենք մենք: Իսկ հիշում ես Լիզա, սկսեցին ծլվլալ, մեկը մյուսին հերթ չտալով,  իրար հանդիպած աղջիկները: Հիշո՞ւմ ես, ինչպես էինք մենք մորաքույր Կիսայի ամառանոցում, թաղվում խոտի դեզի մեջ, ինչպես էինք կչկչում: Իսկ դու հիշո՞ւմ ես ինչպես գետակն ընկար: Լա՞վ է, որ հավերն այն քայլելով էին անցնում: Հա-հա-հա… Հենց վերադառնաս, կմեկնենք այնտեղ ուրախանալու: Այդպես (ասես ուրախ շաղակրատելով) երիտասարդները մի կողմ էին վանում ծանր մտքերը: Շատ նեղվածք էր կուպեում և ես որոշեցի դուրս գալ, բայց միջանցք ելնել չկարողացա. ինչ-որ մեկը մտնում էր և հարկավոր էր նախ իրար կողքով անցնել: Այդ պահին ես ուժեղ հարված զգացի մեջքիս: Ետ նայեցի՝ Մոիսեիչն էր: Նա, գլուխը հակած, փութկոտ ջանում էր կուպեից դուրս գալ: Քայլը անհամաչափ էր, գլուխը ծանր ընկավ կրծքին: Ի վերջո նա դուրս եկավ կուպեից և թափով թեքվեց միջանցքով ոչ թե դեպի ելքը, այլ հակառակ ուղղությամբ՝ դեպի վագոնի ծայրը (որտեղ նստեցման ժամանակ փակում են դուռը, և հիմա դատարկ էր): Ես տեսա, թե ինչպես Մոիսեիչը մի ակնթարթում, մի տեսակ սուր շարժումով գլուխը տառացիորեն կոխեց միջանցքի անկյունը, դռան և վերջին պատուհանի միջև: Նա փակեց դեմքը երկու ձեռքերով, ասես կծկվեց ամբողջովին – կուչ եկավ: Եվ հանկարծ նրա ուսերը ջղաձգորեն ցնցվեցին անզուսպ ու անձայն հեկեկոցներից: Եվ անմիջապես էլ, հանկարծ ասես սթափելով, նա ձեռքերն արագ հեռացրեց դեմքից, շփեց աչքերը, ճակատը, մազերը, շտկվեց և ճակատը դեմ անելով ապակուն՝ անշարժացավ:

Այդպես կանգնելով ևս մի րոպե, նա ծանրաքայլ իջավ վագոնից կառամատույց, դանդաղ մի կողմ գնաց, անմիջապես էլ վերադարձավ, կրկին վագոն մտավ և արդեն այլևս դեսուդեն չնետվեց: Պարփակվեց ինքն իր մեջ: Այդպես է պետք:

Դրանք շատ կարճ և շատ երկար րոպեներ էին, խոր թաքնված վշտի…Միայն նա, ով երբևէ տեսել է այդպիսի տղամարդկային արցունքներ, նա կհասկանա դրանց խորունկ ամբողջ դառնությունը:

Բայց կյանքում (ինչպես միշտ է դա լինում) ամեն բան գալիս ու անցնում գնում է: Անցավ և այդ վիշտը: Ծովը ոչ մեկին չի գրկել և չի սուզել իր խորքերը: Ամեն ինչ կարգավորվեց: Եվ կյանքը կրկին սկսեց իր ժպիտները պարգևել Ֆելդմանի ընտանիքին: Լիզոչկան, ամուսնանալով, իր ծնողներին թոռնուհի պարգևեց և Մոիսեիչի շուրջբոլորն ամեն ինչ փթթեց ու շողշողաց: Եվ թվում էր, թե Մոիսեիչը ոչ թե ծերանում, այլ ջահելանում է: Արտաքին տեսքը առիթ չէր տալիս նկատելու ժամանակի կատարած գործը: Երևի միայն իր խիտ, սպիտակ, ձյան պես սպիտակ գանգուրները՝ ասես ջանադրաբար ոլորված վարսավիրի կողմից, ճիշտ ինչպես Եկատերինա Երկրորդի ժամանակների կեղծամ: Սակայն դրանք էլ ավելի էին ջահելացնում ու զարդարում Մոիսեիչին:

Մոիսեիչն աշխատում էր իր տեմպով, ինչպես միշտ իրեն ամբողջովին տված իր սիրած գործին, մինչև վերջին պահը, ինչպես երդմանը հավատարիմ զինվոր: Եվ մինչև մահվան վերջին կարճատև ժամերը, իր միտքը կապված էր կինոժապավենի հետ՝ ինչպես կհայտածեն:

Ոչ միայն միտքը՝ պահանջեց ժապավենը իր ձեռքը տալ:

Վերջին անգամ Մոիսեիչի հետ ես տեսնվեցի մահվանից մի տարի առաջ: Դա եղավ այն նույն «Իսկրայում», Տատյանա Լվովնայի զարմուհու ամառանոցում: Ոչ ոք և երբեք չի լսում Ճակատագրի սպառնալի թակոցը: Ես նույնպես չլսեցի, երբ հեռանում էի ամառանոցից, վերջին անգամ հրաժեշտ տալով Մոիսեիչին, այգու դռնակի մոտ, նրա վրա կախված արոսենու տակ: Սկսել էր արդեն մթնել, հեռվում սևին էր տալիս անտառը: Քամին, մի տեսակ զայրույթով, ավելի ու ավելի սաստկանում էր, իրար հրելով այս ու այն կողմ էին հածում գզգզված ամպերը… Վերջին ձեռքսեղմումը, երկու-երեք բարեմաղթանքներ, և ես արագ ուղղվեցի դեպի կայարան: Քամին ուժեղանւմ էր և ծառերի հեծեծանքում ասես ասես աղեկտուր ձայներ էին հնչում…  Երբ ես հասա նետի պես ուղղաձիգ փողոցի վերջին և անհրաժեշտ էր թեքվել դեպի անտառ, մի անգամ էլ շուռ եկա, վերջին անգամ, և տեսա այդ երկար փողոցի ծայրին, այս ու այն կողմ սլացող գզգզված ամպերով երկնքի ֆոնին, միայնակ կանգնած ֆիգուրը, նա ինձ ձեռքով արեց և անհետացավ այգու դռնակի ետևում:

Թբիլիսի. 1963 թվականի դեկտեմբեր

Ամպամած մռայլ օր…

Ես Թբիլիսիում եմ:

Ամպամած մռայլ է հոգիս…

Ցուրտ է… Մենակ նստած եմ սենյակում: Կողքիս, փայլեցրած դատարկ սեղանիկի վրա հեռախոս է դրված: Հիմա այն սառնություն ու վախ է ներշնչում: Րոպեները ձգվում են: Տագնապահույզ սպասում եմ հեռախոսազանգի:

Զանգ…

Լսում եմ ձայնը հեռու-հեռուներից, և չեմ կարողանում ընկալել այն…

…Դեկտեմբերի 13-ի գիշերը Դմիտրի Մոիսեիչը վախճանվեց…

Չայկովսկու 4-րդ սիմֆոնիան այլևս երբեք նրա համար չի հնչի:

***

Երբ մեր օպերատոր Դ. Մ. Ֆելդմանը, որ պարել չգիտեր, համենայն դեպս հրավիրեց տանտիրուհիներից մեկին և նրա ետևից գնաց լեզգինկա պարելով, հիացական ծափահարությունների, խանդավառ բացականչությունների և ճիչերի պոռթկումը լցրեց կիրճը և արձագանքը տարածվեց գետով հավանաբար շատ հեռու…

Այդպես մենք նշում էինք աշխատանքի ավարտը Թիֆլիսում, նոր ծանոթություններն ու Հավլաբարի կինտոների հետ մեր բարեկամությունը և թերևս հրաժեշտ էինք տալիս հեռացող-անհետացող հին քաղաքի վառ գունագեղ կոլորիտին:

Արդեն մարմրում էին մոմերի լույսերը… Քռի ալիքների ճողփյունը դարձել էր ավելի բարձր…  Խավարը խտանում էր… Եվ մենք սկսեցինք ցրվել: Մեր սիրելի բարեկամները, կինտոները եկան նեղ սանդուղքով վեր դեպի փողոց ուղեկցելու մեզ մոմերով՝ ասես փոքրիկ ջահերով…

Հրաժեշտի վերջին ձեռքսեղմումները… Զուռնայի հնչյունների և հրաժեշտի բացականչությունների տակ մենք մեկնեցինք՝ մեզ հետ տանելով անմոռանալի վերաբերմունքը պարզ, այդքան սրտառուչ ու ջերմ մարդկանց՝ Հավլաբար կոչվող հին քաղաքի կինտոների:

Պատրաստեց Ռ․Բագրատունյանը